Երբ հիշում եմ իմ մանկության տարիների Ամանորը եւ համեմատում այսօրվա հետ, ոչ մի նմանություն չեմ գտնում։ Չկային սեղանները զարդարող այսօրվա ուտեստները՝ էլ խորոված գոճիներ, խոզի տոտիկներ, հազար ու մի քացրավենիք ու ցիտրուսային պտղատեսակներ, պատրաստակամորեն հյուրերի սպասող խորովածի շամփուրներ…
Չէ, այս ճոխությունը չկար, բայց կար այն, ինչը չէի փոխի հազար այսպիսի սեղանի հետ. կային տրամադրություն, անկեղծ ուրախություն, հարեւաններ ու հարազատներ, որ գալիս էին երգ ու պարով շնորհավորելու, ուրախանալու եւ ուրախացնելու։ Մի քանի երաժիշտ տղաներ գործիքները լարած շրջում էին բակից բակ, թաղից թաղ, երգ ու պար բերում մարդկանց:
Հետո տարիներ անցան։ Չքացավ այդ ամենը։ Ամենքն իր պատուհանի վարագույրի հետեւից թաքուն ծիկրակում է, որ տեսնի՝ ով է ում տուն գնում, ապա ետ է դառնում, տնեցիներին հաղորդում, որ փողոցներում շունչ-կենդանի չկա… Կյանքը կարծես կանգ է առել։ Իրականում անկայունության, ապագայի անորոշության բերումով կյանքը կանգ է առել ոչ միայն փողոցներում, այլեւ մեր ներսում՝ մտածումներում ու հոգիներում:
Հիմա էլ նախատոնական օրերին շուկաներում «ասեղ գցելու» տեղ չկար, պայուսակներ են, որ լցվում էին, քսակներ են, որ դատարկվում էին, ուսեր են, որ ճկվում էին պայուսակների ծանրությունից… Բայց մարդկանց դեմքներին ավելի շատ տխրություն էր գծագրված, քան տոնական տրամադրություն: Եվ դա հասկանալի է՝ մարդիկ շատ ցավ ու տառապանք տեսան այս վերջին տարիներին:
Պարտք է՝ կատարում են: Կատարում են, որ գալիք տարին առատության ու խաղաղության տարի լինի։ Բայց չկա այն անկեղծ ուրախությունը, այն անմիջականությունը, այն ոգին ու ոգեղենը, որ կար մարդկանց մեջ այն ժամանակներում: Դե, որովհետեւ այժմ պակասում է կենսականորեն խիստ կարեւոր մի արժեք՝ ապահովության ու անվտանգության երբեմնի զգացողությունը:
Երանի քնից արթնանայի ու տեսնեի այն օրերի, այն ժամանակների հավատը վաղվա օրվա հանդեպ եւ ուրախ սրտով պատրաստվեի Ամանոր դիմավորելու։
Սերգեյ Աբազյան