Tuesday, 16 April 2024

F Free Platform

Անսկզբունքայնության եւս մեկ խոսուն օրինակ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ՄԱԿ-ի 2017թ. սեպտեմբերի 12-ի 72-րդ Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Երկու նախարարներն էլ մշակել են երկու երկրների նախագահների հանդիպման հարցը: Մինչ այդ, ՄԱԿ-ում Ալիեւի ելույթից հետո, Նալբանդյանն այս հարցը քննարկել էր Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ: Կարծես թե երկու երկրների նախագահների հանդիպման պայմանների քննարկումը դրական բնույթ է կրում, քանի որ բանակցությունների միջոցով հնարավոր է հաջողության հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղուց դուրս բերելու հարցում: Այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարների այս հանդիպմանը նախորդող իրադարձությունները մեզ ստիպում են այս հարցը քննարկել այլ տեսանկյունից:

Նախքան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովին արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հնչեցրած ելույթն արժանացավ ոչ միայն ողջ հայության, այլեւ Կովկասի եւ հատկապես Արցախյան հիմնահարցով զբաղվող համաշխարհային քաղաքական կենտրոնների ոչ միաշանակ արձագանքին: Նա հաստատեց, որ Հայաստանը շարունակում է բանակցել ԼՂՀ տարածքներն Ադրբեջանին հանձնելու շուրջ: «Տարածքների վերադարձի հետ կապված խոսքը միայն այն տարածքների մասին է, որոնք անվտանգության տեսանկյունից որեւիցե վտանգ չեն ներկայացնում Ղարաբաղին»,- ասաց Նալբանդյանը: «Ես այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, հակառակ դեպքում բանակցությունները կձախողվեն»,- բացատրեց նա: Որոշ ժամանակ անց, տեսնելով իր հայտարարության առաջացրած արձագանքը, նա հերքեց իր խոսքերը՝ ասելով, թե իր բառերը դուրս են բերվել ընդհանուր համատեքստից: Փաստացի հայ հասարակության եւ հայ ժողովրդի թիկունքում ընթանում են, նրա կարծիքով, բացարձակ նշանակություն չունեցող հողերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ առանձին բանակցություններ: Իր վերջին հարցազրույցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Արցախում կան նման տարածքներ («որոնք չեն սպառնում Ղարաբաղին») հստակ պատասխանեց, որ նման տարածքներ չկան:

Համաժողովի ընթացքում Նալբանդյանը հիշեցրեց նաեւ Հայաստանի դիրքորոշումը, համաձայն որի՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Եթե սկսվի պատերազմ, որը հնարավոր չի լինի անմիջապես դադարեցնել, ապա Հայաստանը կճանաչի ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սա կազդարարի բանակցությունների ավարտի մասին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց նախարարը: Սակայն Հայաստանի նախագահն այս նույն դիրքորոշումը հայտնել էր մինչեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի սկիզբը: Որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ այդ պատերազմի հետեւանքով Հայաստանը կորցրեց ավելի քան հարյուր մարդ եւ «800 հեկտար» տարածք: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը: Երբ ղեկավարների խոսքերը չեն համընկնում իրենց գործերի հետ, նրանց դադարում են վստահել:

Փաստն ակնհայտ է՝ Հայաստանը բանակցում է ԼՂՀ կարգավիճակի ճանաչման դիմաց տարածքներ հանձնելու շուրջ:  Բայց ո՞ւմ հետ: Ադրբեջանի՞: Բացառված է: Ադրբեջանը մշտապես հաստատում է իր դիրքորոշումը: Նա հավակնում է ամբողջ տարածքը, որը եղել է մինչեւ ԽՍՀՄ փլուզումը: Գուցե ՄԽ ներկայացուցիչների՞ հետ: Ուրեմն՝ ինչ է սա տալիս Հայաստանին: Ծագում է շատ տրամաբանական հարց. ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանն ընդհանրապես խոսել Ալիեւի հետ, երբ վերջինս Սերժ Սարգսյանին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից կոչել է «պատերազմական հանցագործ»: Որտե՞ղ է նրա ինքնասիրությունը: Այդ նույն ելույթում Ալիեւն անամոթաբար հայտարարեց, որ «անցյալ տարվա ապրիլին՝ Հայաստանը հարձակում գործելով մեր քաղաքների եւ գյուղերի վրա, շփման գծում իրականացրել է հերթական պատերազմական հանցագործությունը: Ադրբեջանը ստիպված է եղել պաշտպանել իր քաղաքացիներին: Հաջող հակահարձակման արդյունքում Ադրբեջանն ազատագրել է մի շարք տարածքներ երեք օկուպացված շրջաններում՝ Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ բարձրացրել իր դրոշը ազատագրված տարածքներում: Հայաստանի ղեկավարությանը չպետք է մոռանա այս դասը, այլապես Հայաստանի հաջորդ սադրանքների հետեւանքները նրա համար շատ ավելի ծանր կլինեն»: Եվ, որպես վերջնական ակորդ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին վերականգնվի»: Եթե Ալիեւի այս խոսքերից հետո մեր նախագահը նստում է բանակցությունների սեղանի շուրջ մի մարդու հետ, ով նրան պատերազմական հանցագործ է անվանել, ապա դա անգամ դիվանագիտական մակարդակում հրապարակային ապտակ է համարվում: Եվ, քանի որ Սարգսյանը, որպես իրավաբանական անձ, ներկայացնում է ոչ միայն ողջ Հայաստանը, այլեւ Արցախը, ապա սա կարելի է դիտարկել որպես ապտակ Հայաստանին եւ Արցախին: Արդեն որերորդ անգամ մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ նախագահների մակարդակով, միտումնավոր ելույթ ենք ունենում որպես պարտված կողմ: 

Եզրակացությունը մեկն է՝ ՀՀ-ն չի կարող բանակցություններ վարել Ադրբեջանի հետ մի պարզ պատճառով. Ադրբեջանն ուզում է, որ ամբողջությամբ իրեն հանձնեն Արցախը՝ Ստեփանակերտի հետ միասին: Այլ տարբերակ չի ընդունում: Նա առավելագույնս է սակարկում, քանի որ Հայաստանը ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը: Այս պարագայում ո՞ւմ կամքն է կատարում Հայաստանը՝ վարելով տարածքների հանձնման բանակցությունները:

Նույնիսկ Արցախի նոր Սահմանադրության ընդունմամբ հարկավոր էր  մի հասարակ նախադասությամբ ամրագրել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Սակայն հաշվի առնելով, որ հետագայում հանձնելու են տարածքները, հորինել են այնպիսի մի «խելացի» ձեւակերպում, համաձայն որի ցանկացած դեպքում ցանկացած տարածք կարող է վերադարձվել Ադրբեջանին: Ուշադիր կարդացեք Արցախի գործող Սահմանադրությունը: Կասկած չկա, որ Արցախի նախագահն ու նրա խորհրդարանը ճիշտ ժամանակին ԿՈՂՄ կքվեարկեն Արցախի խնդրի կարգավորման հարցում Հայաստանի ցանկացած պահանջին: Ցավոք, այս ամենը խոսում է մեր արտաքին քաղաքականության ամբողջական թերարժեքության եւ պարտվողականության մասին, որը հիմնված է գլխավոր կանխադրույթի վրա՝ ամեն ինչ կտանք, միայն թե մեզ ձեռք մի տվեք: Հակառակ դեպքում, դա կարող է դուր չգալ այս աշխարհի հզորներին: Ինչպե՞ս կարելի է հանձնել մեր տղաների արյամբ ազատագրած տարածքները ոչնչի դիմաց: Նույնիսկ արտասահմանյան դիտորդները կարծիք են հայտնում, որ ադրբեջանցիների ատելությունը հայերի նկատմամբ այնքան բարձր է, որ ցանկացած հարմար առիթի դեպքում նրանք մեզ պարզապես կկոտորեն այնպես, ինչպես 1915 թվականին (օրինակ՝ ադրբեջանական բանտից դուրս եկած բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերջին հայտարարությունները):

«Վտանգ չներկայացնող տարածքների» մասին խոսելիս՝ բերենք փոքրիկ մի օրինակ Չորսօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն ընդամենը մի քանի հարյուր մետր առաջացավ եւ տիրեց Թալիշի գերիշխող բարձունքներին: Այժմ ամբողջ գյուղը գտնվում է ադրբեջանական կողմի մշտական ռմբակոծության սպառնալիքի տակ: Ո՞վ է այս գյուղում ապրելու: Գուցե՝ Նալբանդյանի հարազատնե՞րը:

Ալիեւը՝ Սարգսյանին կոչելով պատերազմական հանցագործ, ակամա մեծ նվեր է մատուցել Հայաստանին եւ Արցախին: Հայաստանի նախագահը կարող էր ասել, որ այդ մարդու (Ալիեւի) հետ խոսելու ոչինչ չունի: Եվ դա հասկանալի կլիներ այս աշխարհի բոլոր հզորներին: Բայց մենք, ինչպես միշտ, հավատարիմ ենք մեր պարտվողական դիվանագիտական ​​քաղաքականությանը՝ գիտակցաբար մեզ պարտվողի դերում դնելով: Այս «բանակցություններին» համաձայնվելով, Սարգսյանը կատարում է երրորդ երկրների կամքը, որոնք տարածաշրջանում պաշտպանում են սեփական շահերը, եւ որոնց նկատմամբ այսպիսի քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրել է դիմադրողականությունը:

 

Կարապետ Կալենչյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.