25.09.2018

Центр в Прессе

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ՍԵՓԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ (Hraparak.am)

Թուրքիայի նախագահ Էրդողանը Սոչիում նոյեմբերի 13-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինին:

Օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ, ի թիվս այլ հարցերի, պատրաստվում է Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը: Նա մասնավորապես ասել էր, թե «Պուտինի դիրքորոշումը շատ կարեւոր է, եւ եթե նա իսկապես զբաղվի այս հարցով, ապա արդյունք ստանալն ավելի հեշտ կլինի»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն Էրդողանի այդ հայտարարությունը պայմանավորում է այն խնդիրներով, որոնք առկա են Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ, ընդհանրապես՝ Արեւմուտքի միջեւ. «Բացի այդ, Անկարան անընդհատ փորձում է Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ ստեղծել: Նշյալ երկու պետությունների միջեւ մշտապես եղել են պահեր, երբ Թուրքիան փորձել է ի հաշիվ Հայաստանի Մոսկվայի հետ համաձայնության գալ: Եվ ժամանակն ու պատմությունը ցույց են տալիս, որ դա ավանդույթ է դարձել: Ռուս շատ քաղաքագետներ նշում են՝ Մոսկվան չի գնա այս «քեմալական տրամաբանությամբ», այսինքն՝ Հայաստանի հաշվին չի լուծի հարաբերություններն Անկարայի հետ: Բայց մենք գիտենք ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ռուսաստանին, այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է»:

Քաղաքական վերլուծաբան Էլխան Շահինօղլուն, հղում անելով իր «հուսալի աղբյուրներին», նշել է, թե Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի առաջ դրել է երեք պայման՝ «Ղարաբաղի 5 շրջաններն անվերապահորեն ազատելու համար»: Դրանք են՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը:

Պրն. Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Ադրբեջանում պահանջներ է դնում եւ փորձում դրանք ինչ-որ կերպ ներկայացնել Ռուսաստանին՝ հօգուտ Բաքվի. «Թուրքիան չի կարող քայլեր անել՝ առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու: Նրանք կարողացել են ստեղծել այդ մեխանիզմը, եւ դա փայլուն է աշխատում»:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանը, հստակեցնելով իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, հաշվի չի նստում Հայաստանի շահերի հետ. «Այդ երեք կետերին պետք է ավելանար նաեւ չորրորդը, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը: Ստացվում է՝ Ռուսաստանը Հայաստանի շահերն աջ ու ձախ բաժանում է՝ չմտածելով հայկական շահերի մասին: Ռուսաստանի հույսն այն է, որ Հայաստանում կա կառավարություն, որը հանգիստ գնալու է այդ զիջողական քայլերին: Պետք է հասկանալ, թե այստեղ կա՞ արդյոք քաղաքականություն, որը կարող է հակազդել, սեփական դիրքորոշում արտահայտել: Մենք տեսնում ենք, որ չկա: Օրինակ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների դուրսմղումը: Իշխանությունները սարսափում են կրկնել, որ Հայաստանը պահանջում է դրանց իրականացումը»:

Շահինօղլուն հոդվածում նաեւ ընդգծել էր, թե Պուտինի կողմից առաջարկվող այդ պայմանները ձեռք չեն տալիս Ադրբեջանին։ Այլ կերպ ասած` դրանք խփում են Բաքվի անվտանգության անկախությանը։

EurAsia Daily-ի վերլուծաբաններից մեկը կարծում է, որ Հայաստանի դաշնակիցը (Ռուսաստանը) տարածքային զիջումների համար ճնշում է գործադրում Երեւանի վրա` միաժամանակ Բաքվին ներառելով ինտեգրացիոն միավորումներ (ՀԱՊԿ, ԵԱՏՄ)։ Բացի այդ՝ քաղաքագետները, ղարաբաղյան հարցին Էրդողանի խառնվելու ցանկությունը հաշվի առնելով, նշում են, թե տարածվող խոսակցությունների նախաձեռնողները նստած են ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում։

Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am