20.09.2018

Интервью

Արմինե Ղազարյան. «Սա բնական զարգացմամբ և մեծ կամքի ուժով իրականացված հեղափոխություն է»

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը

 

- Արմինե, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես տեսակետ կա, որ կիսատ կմնա հեղափոխությունը, եթե արագ տեղի չունենան արտահերթ ընտրություններ։ Համամի՞տ եք։

- Արտահերթ ընտրությունները կարևոր են, իհարկե, բայց մինչ այդ որոշ անհրաժեշտ պայմաններ են պետք ընտրությունների անցկացման համար, պետք է մշակվեն մեխանիզմներ։ Նախ որոշակի անհրաժեշտ ժամանակ է պահանջվում։ Քաղաքագետները կնկարագրեն, թե ինչ դրական կամ բացասական կողմեր կան շուտ թե ուշ անցկացնելու արտահերթ ընտրությունները։ Սակայն պարզ է, որ մինչ ընտրությունները որոշակի օրինագծերի ընդունման պահանջ կա, այդ թվում նաև Կուսակցությունների մասին օրենքի, որ կուսակցությունները քաղաքականություն մտցնեն ԱԺ, ոչ թե ուղղակի կուսակցականներ կամ ԱԺ-ում պատսպարվելու կարիք ունեցող մարդկանց։ Կուսակցությունները կարող են ժամանակն արդյունավետ օգտագործել՝ իրենց լավագույն հնարավոր ռեսուրսները հավաքագրելով։ Օրինակ, ՔՊ-ն կարևոր քաղաքական խաղաքարտ է ձեռք բերում, ձայների կրեդիտ հավաքում, դա վատ չէ, հատկապես, որ քննաշրջանի նման մի բան է իրենց համար։ Ինչ կատարվում է այսօր, առավել քան օրինաչափ է՝ դրված ուղու սկզբունքով։ Հեղափոխությունը կիսատ չի մնա, տաֆտալոգիա գուցե հնչի, բայց ինչպես էլ այն շարունակվի՝ կլինի հեղափոխության շարունակություն։ Իսկ ընթացքը դեռևս սկզբին համապատասխան գնում է։ 

- Ի՞նչ եք կարծում, մարդկանց մտքում տեղի ունեցե՞լ է այդ հեղափոխությունը։ Սա այլևս ա՞յլ հանրություն է, որ նախկին սխալները ընտրությունների ժամանակ չի կատարի։

- Ոչինչ մեկ օրում, կամ ամսում կամ տարում չի լինում, մարդիկ հանկարծ չեն արթնանում ավելի գիտակից կամ ավելի «թշվառ»։ Տեսեք, հիմնականում մարդկանց կյանքի առաջադիմություն չեղավ տարիներով, որը զարգացման ռիթմում հավասարազոր էր դեգրադացիայի։ Բայց այս տարիների ընթացքում, քաղաքական, քաղաքացիական պայքարների ընթացքում նույնիսկ անուղղակիորեն, որոշակի աճել է հանրության քաղաքացի լինելու գիտակցությունը, գուցե շնորհիվ մեծացած սերնդի, նոր սերնդի, երիտասարդության։ Ամեն անգամվա հանրությունը նույն հանրությունը չէ, մի քայլ առաջ է, մի աստիճան ավելի իրավագիտակից և մտքի համարձակությունը բարձր է, և բարձրանում է ավելի։ Այդ զարգացումն իր դերն ունի նախկին սխալները թույլ չտալու կամ պակասելու, բայց դա չէ հարցի լուծումը գոնե այսօր, այլ ստեղծելիք համակարգն է, օրենքը, որ կյանքի որակով ու գիտակցությամբ և դրան զուգահեռաբար քաղաքական կյանքի համակարգի աշխատունակությամբ ընտրակաշառքը և խարդախությունները որպես երևույթ կվերացնեն։ Մեծ հաշվով՝ մարդիկ ուզում են պատասխանատու լինել իրենց կյանքի համար, իրենց միկրոաշխարհի և շատ մեծ ցանկություն չունեն քաղաքականության վերաբերյալ ինչ-որ անմաքուր հարցերի մեջ խառնվելու, բայց դա եղել է իրենց որպես ռեսուրս «օգտագործվելու» միակ հարթակը, որից էլ առաջնային պահանջմունք բավարարելու օգուտ են ակնկալել։ Հանրությունը կարիք ունի ազնիվ արդյունավետ կառավարման համակարգի մեջ ապրելու, որ ամեն բան մտածված լինի և ծառայեցվի մարդկանց և ոչ հակառակը. մարդիկ լավին, ազնիվին արագ են ընտելանում։

Ժողովուրդը գալիք ընտրությունների ժամանակ այլ մոտիվացիայով կշարժվի, քաղաքականապես հասուն ու գիտակից, որը համահունչ է կատարվածի ոգուն, բայց եթե տարիներով կրկին ճահիճ ստեղծել, զրկել ձայնից, արհամարհել, սոցիալ անապահով իրավիճակ ստեղծել, ապա կրկին հասարակական քաղաքական ապատիայի մեջ հայտնվելով՝ առաջնային կլինի պահանջմունքների ամենացածր աստիճանը և գուցե տարիներով մատնվի քաղաքական պասիվության։ Ինչ վերաբերում է հիմա, և դեռևս երկար ժամանակ մարդկանց մեջ այս ոգին և իրավունակության զգացողությունը թերևս կպահպանվեն՝ թե իներցիայի միջոցով, թե որպես ձեռք բերած նոր որակ, բնավորություն։ Դրա համար էլ, այն ինչ կատարվում է տեղական մարմիններում թե բուհերում, թե այլուր ընդվզմամբ նույնակերպ հարցերը լուծելու փորձեր՝ շատ նորմալ է և չի պարունակում հակահեղափոխական տարր կամ դեմ են իրենց իսկ կողմից վստահությունը տված իշխանությանը, վարչապետին։ Զգացել են այդ բաղձալի ազատության հասնելու ճանապարհը և էլի ազատագրելու ենթակա բաներ են տեսնում, դա շատ բնական է։ 

- Ի՞նչ եք կարծում, եթե արտահերթ ընտրություններն ուշանան, վտանգներ չկա՞ն, որ կմսխվի հանրային ռեսուրսը։

- Ինչ նկատի ունեք հանրային ռեսուրս ասելով. եթե խոսքը հանրային վստահության, ժողովրդի վստահության մասին է, ապա չեմ տեսնում այդպիսի խնդիր։ Ընդհանրապես՝ ժողովուրդը, հանրությունը ցույց տվեց, որ կողմնակից է շանս տալու նույնիսկ չընդունված, չսիրված կառավարությանը։ Այժմ առավել քան հասկանալով ու համբերությամբ հետևում է քաղաքական գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը և թավշյա հեղափոխությունը հասարակության մեջ քաղաքական տարրի նկատմամբ հետաքրքրություն մտցրեցին, ոչ թե քաղաքականության, այլ հենց քաղաքական տարրի, հասկացության։ Բացատրեմ միտքս. երբ թվում էր իշխանության գալով ուղղակի մեկ զարկով ժողովրդին հարստահարած ու հարստացած մարդկանց ուղղակի կհանի պաշտոններից ու համապատասխան մութ սենյակներ կուղարկի, պարզվեց՝ ոչ, մեկ փայտիկի հարված չէր։ Ու քանի որ հասարակության, ժողովրդի համար նախկին քաղաքական գործիչներին աշխատանքից հեռացնելը, պատժելը, անչափ կարևոր թեմա էր, սկսեցին հետևել, թե ինչպես և ինչ լծակներով պետք է դա արվի՝ ժողովրդի մեջ առաջացավ օրինականության դաշտը, օրենքով կարգավորելու մտածելակերպը հեռուստասերիալի պես սկսեց հանրությունը հետևել, թե այդ լծակները ինչպես են գտնում ու գործածում։ Այսինքն՝ երկարաժամկետ մաքրման գործընթացի թեկուզ պասիվ մասնակից է դարձած, կարծես մի մեծ թիմի անդամ։ Մյուս կողմից, դեռևս այնպիսի կոպիտ թերություն, սխալներ նոր կառավարությունը չունի արած, որ մարդկանց վստահությունը տատանվի։ Ընդհակառակը, ամեն նոր օր պետականամետ, հայաստանակենտրոն, հայանպաստ գործունեության ականատեսն են՝ թե դրսի նկատմամբ դիրքավորվածությունը, թե ներսում՝ կրթականից մինչև տնտեսական բլոկներում կատարվող անցուդարձը։ Այսինքն՝ ժանգոտ մեխանիզմից ժանգերը մաքրում են, որ շարժիչը միանա ու մեխանիզմը, էստեղ՝ համակարգը աշխատի։

Մի կարևոր հարց կա, որ միշտ թյուրիմացության մեջ է գցում այս կամ այն շրջանակներին. դա նշանակումների խնդիրն էր։ Ռեժիմի պայմաններում անձնայնացված են եղել պաշտոնները: Դրա համար, օրինակ՝ Տարոն Մարգարյան, Արամ Սիմոնյան և այլք, այնքան են իդենտիֆիկացրել իրենց կյանքը իրենց հարաբերությունների բալանսը՝ կապված պաշտոնի հետ, որ հոգեկան, հոգեբանական ձուլվածության մեջ են մտել պաշտոնի հետ ու շատ լուրջ անձնային տրավմատիկ խնդիր է առաջացել ձուլվածությունից դուրս գալը։ Դա հոգեբանական լուրջ մեխանիզմ է, խնդիր։ Դրա համար, երբ վարչապետը նշանակում է անում՝ հակազդումը, ժողովրդի, նույնիսկ քաղաքական, քաղաքացիական էլիտայի դժգոհության պատճառի իրական հիմքը այդ ենթագիտակցականում ամրացած «առհավետության» վախն է, որ բա եթե լավ չաշխատեց, ինչպես նրանից ազատվել։ Այ սա բարդույթի պես նստած է։ Մտահոգվելու իրական խնդիր չի։ Եթե ինչպես սկսվել է վարչապետի գործունեությունը, այնպես էլ շարունակվի, ապա հիմք են դնում համակարգի, որում կաշխատի այս կամ այն համապատասխան հատկանիշներով անձը. չի արդարացնի՝ համակարգի շարժիչի մեխանիզմում կնկատվի «կանգը», «դեֆորմացիան» ու կփոխարինվի։ Սա է այս ամենի ողջ փայլը, եթե միայն հետագայում պահպանվի մոտեցումը։

Ասածիս վրա բերեմ մի 2 օր առաջվա օրինակ /թեպետ դրանք այնքան շատ են հանդիպում/․արդեն սուպերմեն կոլաժ տեսա ԱԱԾ պետի մասին պատրաստած կամ վերնագրեր «ԱԱԾ պետ Արթուր Վանցյանից վախենում են շատ նախկին պաշտոնյաներ»։ Ի՞նչ եք կարծում, ենթադրենք վարչապետը այլ անձի նշանակեր և հրահանգ տար, թե ինչ սկզբունքներ ունի նոր կառավարությունը ու ինչ արդյունքների ակնկալություն, այլ կերպ էր լինելո՞ւ։ Իհարկե՝ ոչ, լինելու էր նույն սուպերմենը՝ այլ անուն ազգանունով։ Կարծում եմ համակարգը ձգվելու, աշխատելու ժամանակ «անիրական» կադրերը ուղղակի դուրս կմնան։ Օրինակ, ամերիկյան «զսպումների և հակակշիռների» /checks and balances/ համակարգը կարող է թույլ տալ Թրամփի պես նարցիս ու անհավասարակշիռ մեկին ունենալ որպես նախագահ, քանի որ պահպանում է բալանսը կառավարության մարմինների մեջ՝ թույլ չտալով իշխանության որևէ ճյուղի անհամեմատ հզորացում, փոխարենը զսպում ու վերահսկում են միմյանց։ 

- Այսօր էլ որոշակի անհնազանդության գործողություններ ենք տեսնում, որոնք երբեմն մեկնաբանվում են որպես սաբոտաժ ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության։ Այս առումով որքանո՞վ է իրական հակահեղափոխության վտանգը։

- Իհարկե սաբոտաժ չեն։ Սաբոտաժի փորձեր կլինեն, դրանք արագ կնկատվեն։ Անհնազանդության բանալին տվեց մարդկանց, սովորեցրեց իր իրավունքը պաշտպանելու համար խաղաղ պայքարի ձև, դե մարդիկ էլ սահման չեն դնում՝ խախտում է արել, սխալ է կառավարել, կաշառակեր է՝ պիտի հեռացվի։ Հիմնականում կազմակերպված՝ բնազդաբար թե գիտակցաբար «տեղական» լոկալ մաքրումների շրջան է սկսած, որն իրականում նաև օգուտ է իշխանությանը, որպեսզի ուշադրություն հրավիրեն օրինակ ինչ-որ տեղական բդեշխի վրա։ Կլինեն տեղական մարմիններ, որոնցից մարդիկ տարիներով գոհ են և չեն բարձրանա հարցեր կարծեմ թե նոր կառավարությունը պարտադիր պայման չի դրել իր առաջ փոխելու բոլոր նախկին կադրերին։ Հակահեղափոխական իրական ռեսուրս չեմ տեսնում տեսնում եմ նեղացած՝ խաղալիքը ձեռքներից խլված մակարդակի որոշ հանրապետականների, որ դեռ գիտակից չեն իրենց այժմյան դիրքի ու կատարվածի վերաբերյալ, երբեմն իրականության զգացողությունից կտրված։ Նույնիսկ իրենց՝ հին իրողությունը ադեկվատ չեն կարողանում վերագնահատել։

Սա շատ հետաքրքիր, բնական զարգացմամբ և մեծ կամքի ուժով իրականացված հեղափոխություն է, պատմություն։ Անհնարինը ոչ թե ժողովրդին հոգնության ապատիայի միջից հանելն էր, այլ անհնարինը հիմնական բաղադրիչների առկայությունը կազմակերպելն էր, հավաքագրել, ունենալ հաղթանակի գրավականի համար, որոնցից գեթ մեկը պակասելու դեպքում չէր հաջողվի, բայց դա արդեն այլ թեմա է։

 

Հարցազրույցը վարեց Սիրանույշ Պապյանը

Սկզբնաղբյուր

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am