15.11.2018

Интервью

Կարպիս Փաշոյան. «Ձեւավորվում է հայաստանցու նոր ինքնություն»

- Ինչպես գիտեք, վերջին շաբաթվա ընթացքում համացանցային տիրույթում  ամենաքննարկված թեման «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն է: Ինչո՞ւ է թեման այսօր այդքան հրատապ: Կա՞ արդյոք հանրային պահանջ, մտահոգո՞ւմ է լայն հանրությանն այս օրինագիծը:

- Նախ՝ նշենք, որ առաջարկվող օրենքի նախագիծը չի կարելի դասակարգել հանրային պահանջի առկայության դեպքում ընդունվող օրենքների խմբում: Լինի հանրային պահանջ, թե՝ ոչ, միեւնույն է, տվյալ օրենքի առկայությունը պարտադիր անհրաժեշտություն է: Վերցնենք որեւէ կամայական հանրություն, որտեղ ենթադրենք ընտանեկան բռնությունը,  որպես այդպիսին, տարածված երեւույթ չէ եւ առաջին հայացքից կարելի է կարծել, որ եթե ընտանեկան բռնությունը տարածված չէ, ապա չկա նաեւ կանխարգելող օրենքի անհրաժեշտություն: Երիցս ո՛չ: Եթե 100 ընտանիքներից բաղկացած հանրության մեջ 99 ընտանիքներում բռնություն չկա, իսկ մեկում կա, ապա հենց այդ մեկ ընտանիքի համար էլ պետք է նման օրենք ընդունել՝ անկախ նրանից, թե մնացյալ 99-ը դրա կարիքը ունի, թե ոչ: Այսինքն՝ հանրային պահանջը տվյալ օրենքի ընդունման համար վճռական չափորոշիչ լինել չի կարող:

Բացի դրանից, օրենքները միայն արձանագրված իրավիճակներին արձագանքելու համար չեն նախատեսված, դրանք ավելի շատ պետք է ունենան կանխարգելիչ գործառույթ: Չպետք է սպասել նախադեպին եւ նոր արձագանքել դրան, այլ մինչ երեւույթի դրսեւորումը համապատասխան օրենքի միջոցով կանխել հնարավոր նախադեպը: Այսինքն՝ եթե նախադեպ չկա, ապա չի նշանակում, որ չի էլ լինելու: Իսկ օրենքի առկայությամբ շատ ավելի հեշտ է կանխել այդ նախադեպը:

Գալիս ենք այն եզրահանգմանը, որ որոշակի դեպքերում պետությունը չպետք է հաշվի նստի հանրային պահանջի առկայության հետ, այլ անի այն, ինչը ներհատուկ է պետության հռչակած արժեքներին ու Սահմանադրության համապատասխան դրույթներին: Հաճախ հանրությունները կարող են չզգալ կամ էլ գլխի չընկնել այս կամ այն օրենքի անհրաժեշտության մասին, իսկ պետության գործառույթն է բացատրել եւ հիմնավորել այս կամ այն գործողության պահանջարկն ու անհրաժեշտությունը:

Ինչպես տեսնում ենք հայկական միջավայրում տիրապետող է հենց վերջին իրողությունը: Մարդիկ 26 տարի ապրել են անկախ երկրում, բայց չեն էլ պատկերացրել, որ նման օրենք կարող է լինել: Հիմա իշխանությունների, քաղաքացիական հասարակության խնդիրն է՝ մարդկանց բացատրել դրա հրատապությունն ու անհրաժեշտությունը: Երբ հասկանան խնդրի էությունը, այդ ժամանակ էլ օրենքը կսկսի բոլորին մտահոգել:

Ինչ վերաբերում է համացանցային աղմուկին, ապա գրեթե կասկած չկա, որ աղմուկն այդ արհեստական միջամտության արդյունք է, որոշ ազգայնական խմբեր արհեստականորեն սրում են իրավիճակը: Դրանք մեծամասնություն չեն, ընդամենը լուսանցքային տարրեր են, որոնք հանրության արդիականացման ամեն մի փորձ դիտարկում են որպես ազգի դեմ դավադրություն: Ի դեպ, նշեմ, որ նման մարգինալ խմբեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նույնիսկ այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Այնտեղ էլ նեոնացիստների ծայրահեղական փոքրիկ լուսանցքային խմբեր վերջերս փորձում էին ապամոնտաժել գեներալ Ռոբերտ Լիի արձանը:

Մի խոսքով՝ արհեստական աղմուկն ու մարգինալ խմբերի դավադրությունների տեսություններն արագ կմոռացվեն, իսկ օրենքի հաստատումից հետո այն աստիճանաբար  մարդկանց համար կդառնա a priori գիտակցություն: 

- Եթե հետ գնանք եւ դիտարկենք «ընտանեկան բռնություն» երեւույթը հայկական իրականության մեջ տարբեր պատմական, մշակութային շրջափուլերում, արդյո՞ք սա մշտապես բնորոշ է եղել հայկական ավանդական ընտանիքի տիպանմուշին եւ  արժեքային համակարգին:

- Ընդհանրապես՝ չի կարելի որեւէ մշակութային միջավայրի վերաբերյալ համանման բացարձակ պնդումներ անել, առաջին հերթին՝ դա հակագիտական մտայնություն է: Նույնիսկ իսլամական հասարակությունների վերաբերյալ այդպիսի ձեւակերպումներն անընդունելի են: Որեւէ մշակութային միջավայրի ընտանեկան բռնությունը բնորոշ չէ, իսկ դրա համապատասխան դրսեւորումները պետք է դիտարկել ոչ թե բռնությունն այս կամ այն միջավայրին բնորոշ լինելու համատեքստի մեջ, այլ հանրույթի պատմական զարգացման առանձնահատկությունների ծիրում: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը պնդի, թե Իսլամին բնորոշ է ընտանեկան բռնությունը: Իսկ մենք կարող ենք համանման պնդմանը հակադարձել այն իրողությամբ, որ 7-րդ դարում Մուհամմադ մարգարեն հասավ նրան, որ կանանց զանգվածային շահագործման, անառակության դրսեւորումները նվազագույն մակարդակի բերվեցին, բազմակնության անկանոն ծավալները սահմանափակվեցին, արգելվեց նորածին աղջիկներին ողջ-ողջ թաղելու սովորույթը:

Այս ամենը իսլամական նոր ձեւավորվող հասարակարգը ժառանգել էր նախամուսուլմանական հասարակարգից: Որոշակի բարեփոխումների միջոցով մարգարեն փորձեց շտկել իրավիճակը եւ հաջողություն արձանագրեց: Իհարկե, 7-րդ դարի նախամուսուլմանական Արաբիայի պայմաններում ապրող ցեղերի համար դա մեծագույն նվաճում էր: Բայց Իսլամի հիմքի վրա ի հայտ եկած արդիականացման գործընթացը շուտով հապաղեց, հարյուրամյակներ անց հանրության զարգացման բնականոն ընթացքը արգելակվեց: Ահա այսպիսի հապաղած ու զարգացման տեսանկյունից սահմանափկված տեսքով է Իսլամը հասել 21-րդ դար, բայց դրանից չի կարելի ենթադրել, որ հետագայում փոփոխություններ և զարգացման նոր միտումներ չեն կարող ի հայտ գալ: Չի բացառվում, որ 100 տարի անց իսլամական հանրույթում կինը հայտնվի բոլորովին այլ կարգավիճակում: Շարիաթը իրականում քարացած համակարգ չէ, ֆեթվայի ինստիտուտի միջոցով նույնիսկ կարելի է հասնել բազմակնության արգելմանը: Պարզապես նման գործընթացները կտրուկ կերպով չեն կարող կյանքի կոչվել: Մենք գործ ունենք հապաղած հասարակարգի հետ, որն ապրել է Օսմանյան հետադիմական տիրապետություն, այնուհետեւ գաղութացվել է՝ զրկվելով զարգանալու հնարավորությունից:

Այսինքն՝ եթե անգամ իսլամական միջավայրում ընտանեկան բռնությունը ներածին (էնդոգեն) կարգավիճակ չունի, ապա գալիս ենք այն եզրահանգման, որ բռնությունը հայկական միջավայրին ներհատուկ լինելու պնդումը պարզապես անլուրջ է: Նույն անլրջության դիրքերից նույն պիտակը կարող ենք կպցնել անգամ Եվրոպային, որն անցել է միջնադարյան խավարի միջով:

Պետք է փաստենք, որ հայ հանրությունը զարգացման տեսանկյունից նույնպես հապաղած է: Այն որեւէ կերպ չի հաղորդակցվել եվրոպական Վերածննդի, Ռեֆորմացիայի եւ Լուսավորականության հետ: Այլ խոսքով՝ երբ 16-17-րդ դարերում Եվրոպայում ծնունդ էր առնում քվանտային մեխանիկան, Հայաստանը այդ նույն ժամանակ դեռեւս պարփակված էր ձեռագործ արհեստագործության տիրույթում: Արձանագրենք նաեւ, որ ամենաքիչը վերջին 4000 տարիներին մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունն ապրել է պատրիարխալ հասարակարգերում: Սրանից կարելի է ենթադրել, որ հենց այդ հայրիշխանական հասարակարգին համապատասխան ստեղծվել են ընտանիքի ինստիտուտի տարատեսակ հիեարխիկ տիպեր: Բայց նույնիսկ այսպիսի պայմաններում Քրիստոնեությանը հաջողվել է կնոջ դերը հնարավորինս բարձրացնել: Ասվածի վառ վկայությունը Մարիամ Աստվածածնի չափազանց բարձր կարգավիճակն է: Հայրիշխանական հասարակարգում ավելին հնարավոր չէր:

Առհասարակ՝ ընտանիքը պետական համակարգում այլ դրսեւորում ունի, իսկ պետության բացակայության պայմաններում՝ այլ: Պետության բացակայության պայմաններում ընտանիքի ինստիտուտը կրկնապատկում է իր կարեւորությունը:  Հենց այդ նույն գործընթացը կատարվել է նաեւ հայկական միջավայրում: 14-րդ դարի վերջերից սկսած հայերը՝ որպես գոյության առաջնային գրավականներ, սկսում էին դիտարկել լեզուն, եկեղեցին եւ ընտանիքը: Վերոհիշյալ գիտակցությունը ավանդույթի ուժով հասել է մինչեւ մեր օրերը: Նույնիսկ հիմա կարող ենք տեսնել, որ մարդիկ անընդհատ փորձում են պաշտպանել լեզուն, ընտանիքը եւ եկեղեցին, նրանց միշտ թվում է թե այս երեք միավորներին վտանգ է սպառնում: Ասել է թե՝  այս երեք տարրերի առաջնայնության գիտակցությունը, որ ժամանակին դիտարկվում էր իբրեւ հայի գոյակարգի առանցք, անկախ պետության պայմաններում դեռեւս  ձեւափոխման չի ենթարկվել: Կարելի է ասել, որ ձեւափոխության գործընթացն անցումային փուլում է, ներդրվում են համապատասխան ադապտացիոն մեխանիզմներ, որոնք պետք է ապահովեն հասարակության անցումը արժեբանական մեկ միջավայրից դեպի մյուսը:

- Հակիրճ կպարզաբանեի՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում նահապետական-ավանդական հայ ընտանիքը՝ օտար տիրապետության պայմաններում:

- Այն հիեարխիկ, ուղղահայաց համակարգ էր, որին բնորոշ էր ֆունդամենտալիզմը, այսինքն՝ կենսահույզ հարցերի պատասխաններն անցյալում փնտրելու ու գտնելու միտումը: Տեսական իմաստով նվիրապետության ամենավերին օղակում, որպես կանոն, գտնվում է մեծ տատը: Բայց գործնական իշխանությունը պատկանում է տղամարդկանց: Փոխհարաբերման հիմնական կերպը ադաթներն ու ավանդույթներն են: Վերջիններս դիտարկվում են իբրեւ ընտանիքի պահպանման առաջնային մեխանիզմներ, այլ տարբերակ չէր կարող լինել Օսմանյան տիրապետության պայմաններում: Այլ խոսքով՝ փակ, աշխարհից կտրված հանրույթի համար առաջնային պլան են մղված ավանդույթներն ու ադաթները, իսկ օրենքները նվաճողինն են, որոնց պետք է ենթարկվել միայն հարկադրանքի պայմաններում, այն էլ՝ առերես: Այսպիսի գիտակցությունը ընտանեկան բռնությունը դարձնում է տանելի երեւույթ, այն հանդես է գալիս որպես ընտանիքի միասնության, ամրության երաշխավորներից մեկը, չէ՞ որ ընտանիքն էլ ինչպես տեսանք վերեւում, փոքրիկ իշխանապետություն էր, իսկ փակ տիրույթում իշխանության լեգիտիմությունը պետք է մշտապես հիմնավորվի: Ուժի գործադրումը դրա տարատեսակներից է:

Չխորանալով պատմական երեւույթների մեջ՝ նորից կրկնենք այն միտքը, որ այսպիսի գիտակցությունը զարգացման գործընթացի հապաղման պայմաններում հասել է մինչեւ 21-րդ դար: Չմոռանանք, որ օրենքը հայերի համար թշնամական էր դիտարկվում նույնիսկ Խորհրդային տիրապետության շրջանում: Ոստիկանի նկատմամբ հակակրանքը, օրենքը շրջանցելու միտումը, հանցավոր աշխարհի կնքահայրերին համակրելու ավանդույթների արմատները թաքնված են հենց խորհրդային անցյալում:

Ներկայում մեր առջեւ՝ որպես խնդրո առարկա, դրված է 21-րդ դարի հայը, որը գիտակցաբար կամ, երբեմն, անգիտակցաբար մերժում է իր կյանքի ֆունդամենտալիստական երանգներն ու դրվագները: Նա հասկանում է, որ ապրում է նոր աշխարհում՝ մի նոր երկրում, որն այլեւս Օսմանյան կամ էլ Ռուսական կայսրությունը չէ, Հայաստանի Հանրապետությունն է: Եվ հենց այս օրենքն էլ նախատեսված է 21-րդ դարի արդիականացված ու նորացված հանրության համար:

- Ի՞նչ եք կարծում, օրինագծի ընդունումից հետո, կարո՞ղ է այն շրջադարձային նշանակություն ունենալ հայկական ընտանիքներում՝ կանանց եւ երեխաների նկատմամբ  բռնության դեպքերի նվազման իմաստով:

Ինչպես նշեցի, հանրությունը այժմ գտնվում է տրանսֆորմացիոն շղթայական գործընացի պայմաններում: Իսկ վերոհիշյալ օրենքը պետք է ադապտացիոն ինչ-որ շրջափուլ անցնի եւ, որպես վերջնական արդյունք, դառնա մարդկանց գիտակցության անբաժանելի մասնիկը: Այլընտրանք չկա, կանխատեսվող արդյունքի վրա կասկածել պետք չի, քանի որ փոփոխվող աշխարհի հետ միասին փոխվում է նաեւ հանրությունը, փոխվում է հայի ինքնությունը՝ աստիճանաբար ստանալով պետական արժեքներ դավանող համակեցության կարգավիճակ: Ձեւավորվում է հայաստանցու նոր ինքնություն, որի առանցքում լինելու են ոչ թե ավանդույթները, ադաթներն ու եկեղեցին, այլ անկախությունը, պետականությունը, սոցիալական արդարության ձգտումն ու սահմանադրականությունը: Արժեբանական այս միջավայրում ընտանեկան բռնությունն այլեւս կդիտարկվի որպես խորթ երեւույթ, իսկ օրենքը, վստահաբար, կնպաստի դրան:

Եվ վերջին հարցը. Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ աջակցում է ռուսական կողմի ներկայացրած՝ Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին: Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ այս նախագիծը շրջանառության մեջ է մտել ԵՄ-ի աջակցությամբ եւ նրա հետ ստորագրվելիք ասոցացման համաձայնագրին ընդառաջ: Կա՞ արդյոք քաղաքական  հակադրություն, ի՞նչ «մեսիջ» կարող է ունենալ Սարգսյանի այս հայտարարությունը:

- Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը պետք է դիտարկել խուսանավման համատեքստում: Նա միգուցե փորձում է դրանով խուսափել ռուսական հնարավոր ճնշումներից: Պատճառն այն չէ, որ ռուսներին մտահոգում է հայկական ընտանիքի եվրոպականացումը, Մոսկվային անհանգստացնողը նախատեսվող պայմանագիրն է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Այնպես որ, Սարգսյանի հայտարարության թիրախը ռուսական իշխանություններն են, այլ ոչ թե հայ հանրությունը: Բոլորին պարզ է, որ քաղաքակրթական իմաստով Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանրությունները չափազանց թույլ են, այսինքն՝ դրանք բոլորովին տարբեր մշակութային միջավայրեր են: Հայ ազգը քաղաքակրթական իմաստով եվրոպական տիպի հանրույթ է եւ նրան ներհատուկ է եվրոպական մշակութային փոխազդեցությունը: Սրա մասին գիտի նույնիսկ Սարգսյանը:

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

 Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am