15.11.2018

Интервью

Սարո Սարոյան. «Ճանապարհ է հարթվում վարչապետի պաշտոնի յուրացման համար»

Վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկը ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցն է, այս թեմայով զրուցեցինք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ: 

- Պարոն Սարոյան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ նախապայմաններով կանխորոշվեց այս ընտրությունը: Արմեն Սարգսյա՞նն էր արդյոք ամենաանվտանգ թեկնածուն Սերժ Սարգսյանի համար:

- Հայաստանում բոլոր ողջախոհ մարդիկ գիտեն, որ երկրի բարձրագույն պաշտոններում (այդ թվում՝ ընտրովի) հայտնվում են ինչ-որ անձանց նեղ շրջանակում նախապես կայացված որոշումների հիման վրա։ Ընդ որում` այդ որոշումները երբեմն կայացվում են իրավիճակային որոշակի շահերից ելնելով: Տվյալ դեպքում տրամաբանական է, որ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար մրցավազքը պետք է դրան հաջորդող վարչապետի պաշտոնի համար քաղաքական գործընթացի կցորդը դառնար ու կառավարման համակարգը յուրացրած որոշակի անձանց որոշումների տիրույթում գտնվեր։ Ամիսներ շարունակ Հայաստանում մի տեսակ անլուծելի հիմնախնդիր էր դարձել, թե ով է լինելու նոր վարչապետը, որը, ըստ նորացված Սահմանադրության, խորհրդարանական հանրապետության գլուխը պետք է դառնա։ Հենց այս դիտանկյունից երբ նայում ենք, պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահի պաշտոնը վարչապետի պաշտոնի համար մրցավազքում պետք է դառնար մանեւրելու կարեւոր գործոն: Այսինքն՝ ապագա նախագահի անձի շուրջ իրավիճակային որոշում կայացնելով, ճանապարհ հարթել հիմնական՝ Հայաստանի վարչապետի պաշտոնի ուզուրպացման համար եւ վարչախմբի ներսում տեղի ունեցող մրցավազքում գերապատվելի դիրքեր ձեռք բերել: Եվ ձեր հարցին եթե կոնկրետ պատասխանեմ, ապա պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի կողմից նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելիս վերջինս դիտարկվել է որպես այն անձը, ով առավելագույնս կարող է վարչապետի պաշտոնի համար մրցավազքում արտաքին խաղացողների կողմից առաջադրվող, իսկ վարչախմբի ներսում հակընդդեմ ներկայացվող պահանջները կանխարգելել ու վտանգները հնարավորինս չեզոքացնել։ Սակայն միաժամանակ պետք է նշեմ, որ պետական կառավարման համակարգի յուրացումը լիարժեք իրականացնելու եւ առկա վտանգները չեզոքացնելու համար իրավիճակային  որոշում կայացնելն ու քաղաքական դաշտ նոր անձ մուտքագրելը բոլորովին չեն նշանակում, որ այդ անձը լինելու է ամենաանվտանգ թեկնածուն Սերժ Սարգսյանի համար։ Այդ է վկայում նաեւ Հայաստանի վերջին քառորդդարյա պատմությունը։

- Ըստ նոր Սահմանադրության, նախագահի իրավասությունների շրջանակները մեծապես սահմանափակված են, եւ նա հիմնականում խորհրդանշական դերակատարում է իրականացնում: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն այս պաշտոնից ապագայում հնարավոր վտանգ կարո՞ղ է ակնկալել, կամ, ասենք` կոնսոլիդացիա նախագահի շուրջ:

- Նախագահի պաշտոնը` որքան էլ խորհրդանշական, բայց իր մեջ որոշակի ներուժ է պարունակում, այնպես, ինչպես ԱԺ նախագահի, ոստիկանապետի եւ այլ պաշտոններն են նշանակալից պետական կառավարման համակարգի անխափան գործունեության համար։ Նման պաշտոնների դեպքում կարեւոր է, թե ով է ներկայացնում այն, ինչ ուժ է կանգնած նրա ետեւում, ինչ քաղաքական աջակցություն ունի տվյալ անձը եւ այլն: Այդ իսկ պատճառով ապագան այդքան էլ միանշանակ չէ։ Սակայն տվյալ դեպքում Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի համար սեփական ամենազորության զգացումն է շարժիչ ուժը։ Ուստի իրենց այս պահին ավելի շատ հետաքրքրում է ինչ-ինչ իրավիճակային հարցեր լուծելը, որն առավելապես պայմանավորված է կառավարման համակարգում իրենց՝ գլուխ մնալու կամ իշխանություն ունենալու ցանկություններով: Դա է իրենց խնդիրը, որը ստիպում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, նախագահի պաշտոնը գործիքակազմի վերածել եւ այլն: 

- Ինչ եք կարծում` խորհրդարանական մյուս ուժերը նույնպես հաղորդակի՞ց են նախագահի ընտրության շուրջ տեղի ունեցող գործընթացին, թե այն ամբողջությամբ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ վերնախավի ձեռքում է: Արմեն Սարգսյանն իր խոսքում նշեց (իհարկե` հետեւելով Սերժ Սարգսյանի առաջարկությանը), որ լայն կոնսոլիդացիայի համար հանդիպումներ է ունենալու խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական մյուս ուժերի հետ:

- Խնդիրն այն է, որ խորհրդարանական, նաեւ արտախորհրդարանական կուսակցական միավորները հասկանում են, որ նախագահի կամ վարչապետի ընտրության հարցում որոշում կայացնելիս ՀՀԿ ղեկավար կազմը կոնկրետ իրենցից վտանգներ չի տեսնում, քանզի իրենք անզոր են այս երկրում որեւէ լուրջ խնդիր առաջադրել ու լուծել։ Սակայն այդ միավորները գիտեն, որ, ինչպես նախկինում, իրենք նաեւ ներկայում շատ հաջող կարող են սեւացնել կամ դանդաղեցնել քաղաքական որեւէ գործընթաց, հանրային ինչ-որ կարծիք ձեւավորել, դժգոհություններ գեներացնել եւ այլն։ Անգամ, շատերի համոզմամբ, դա է հենց քաղաքական պայքար ասվածը կամ պայքարի իմաստը։ Տվյալ միավորների այդ մտածողության կերպին շատ լավ ծանոթ է նաեւ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը։ Եվ քանի որ վարչախմբի ներսում որոշակի մրցավազք կա վարչապետի ապագա պաշտոնի համար եւ կան արտաքին շահագրգիռ ուժեր, ովքեր կարող են այդ մրցավազքի վրա ազդել, ուստի կա ցանկություն խորհրդարանական ու արտախորհրդարանական տվյալ միավորներին լայն կոնսոլիդացիայի բերել՝ թույլ չտալու համար տվյալ միավորներին այլոց փեշերից կախվել ու խանգարել իրենց առաջընթացին։ Այդ տեսանկյունից նոր նախագահի կերպարը նաեւ այդ խնդիրն է հաջողությամբ լուծում՝ շատերին ձերբազատելով վարչախմբի հետ համագործակցելու մեղադրանքից։ 

- Այս ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, այսինքն` վարչապետի ընտրությունից առաջ: Կարո՞ղ է այն վերջնական պարզություն մտցնել վարչապետի ընտրության հարցում, եւ ինչքանո՞վ կապ ունեն այս երկու պաշտոնների ընտրություններն իրար հետ: Արդյոք նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանն այս քայլով ցույց տվեց, որ չի պատրաստվում հեռանալ եւ բոլոր պաշտոններում կլինեն նրա կողմից նշանակված անձինք:

- Անշուշտ, վերջին շաբաթների ընթացքում նախագահի պաշտոնի շուրջ ստեղծված ինտրիգը այն խայծն էր, որը քաղաքական դաշտ էր նետվել, որպեսզի այդ խայծի շուրջ հավաքվեին բոլոր նրանք, ովքեր վաղը լռելյայն կամ բացահայտ, ուղղակի կամ անուղղակի կերպով կսատարեն Սերժ Սարգսյանին՝ վարչապետի հարցում որոշում ընդունելիս կամ ընտրություն կատարելիս: Այսինքն՝ այսօր նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածուն տարբեր քաղաքական, նաեւ այսպես կոչված` ընդդիմադիր միավորներին պետք է բերի համագործակցության այն դաշտը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա առավել անկաշկանդ որոշում կայացնել ապագա վարչապետի անձի ով լինելու հարցում։ Այսօր արդեն իսկ ստեղծված են բոլոր պայմանները քաղաքական միավորների՝ Հանրապետության նախագահի ՀՀԿ-ի թեկնածուի հետ լեգիտիմ հանդիպումներ ունենալու (բանակցություններ վարելու) համար։ Իսկ թե ՀՀԿ վերնախավի համար ով կլինի վարչապետի թեկնածուն` կախված կլինեն հենց այն բանակցություններից ու զորաշարժից, որոնք առաջ կբերի ՀՀ նախագահի նոր թեկնածուն մոտակա օրերին։ Իհարկե, այսքանով չեն ավարտվում Սերժ Սարգսյանի ներկայացրած` ՀՀ նախագահի թեկնածուի գործառույթները ներկա քաղաքական իրավիճակի վրա ազդելու տեսանկյունից։ Կան վարչախմբի ներսում մրցակցության եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու բազում նրբություններ։ Սակայն ներքաղաքական դաշտում արդեն իսկ ուրվագծվում է այն գործընթացը, որը կբերի Արմեն Սարգսյանի հետ անմիջական, իսկ Սերժ Սարգսյանի հետ անուղղակի կամ միջնորդավորված պայմանավորվածությունների, որն էլ իր հերթին որոշակի արագություն եւ ուժ կհաղորդի վարչապետի պաշտոնի համար մրցավազքում Սերժ Սարգսյանի թիմին։

Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am