Ջոան Հարիս, «Շոկոլադ», վեպ, 344 էջ, «Դավինչի» հրատարակչություն, 2026թ., Երևան:
Եկեք մի պահ կանգ առնենք, խորը շունչ քաշենք և ընկղմվենք յուրահատուկ գրելաոճ ունեցող Ջոան Հարիսի համեղ, յուրահատուկ, մոգական պատմության մեջ։ Միայն թե գիրքը վերցնելուց առաջ չմոռանաք մի բաժակ համեղ տաք շոկոլադ էլ նախապատրաստել․․․
Երբ գլխավոր հերոսուհի Վիեն Ռոշեն իր վեցամյա դստեր՝ Անուկի հետ 1959 թվականին տեղափոխվում է ֆրանսիական փոքրիկ Լանսկընե գյուղ, նա կարծես փորձում է ամբողջովին վերափոխել գյուղի միջավայրը, մարդկանց, նրանց սովորույթները, շնորհիվ․․․շոկոլադի։
Մեծ Պահքի շեմին հենց եկեղեցու դիմաց մի տարածք վարձելով և այնտեղ իր սեփական շոկոլադեղենի խանութը բացելով՝ Վիենը լրջորեն խաթարում է գյուղի անդորրը, որին այդքան ընտելացել էին տեղի բնակիչները։ Բայց ինչպե՞ս կատարվեց այդ «ցնցումը». նա խոստովանում է այն, ինչի մասին սովորաբար լռում են, հրաժարվում է այն բարքերից, որ տարիների ընթացքում ձևավորվել էին գյուղում։ Ինչ-որ խորհրդավոր կերպով նա կարողանում է կարդալ մարդկանց, նրանց մտքերը, հոգսերը և ըստ դրա գտնել յուրաքանչյուրին համապատասխանող սիրելի շոկոլադի տեսակը։ Սա, բնականաբար, ոչ բոլորին է դուրեկան և նամանավանդ՝ տեղի քահանա հայր Ռեյնոյին։ Չնայած Վիենը ոչ մի օրենք չի խախտում, ոչ ոքի վնաս չի հասցնում, այլ ընդհակառակը՝ իր համեղագույն շոկոլադեղենի շնորհիվ վառ զգացմունքներով, հույզերով հարստացնում է մարդկանց միապաղաղ կյանքի ընթացքը, նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ՝ բնակիչների սիրտը շահելու և նրանց վստահությանն արժանանալու համար։
Վեպը գրված է երկու հերոսների՝ Վիենի և հայր Ռեյնոյի դեմքից, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի խորությամբ հասկանալ գյուղի բնակիչների մտավախություններն ու փակ դռների ետևում տեղի ունեցող պատմությունները։
Արդեն երրորդ տասնամյակն է, ինչ այս գիրքը գրավում է նորանոր ընթերցողների՝ իր մտերմիկ ինտոնացիայի, համեղ բնութագրերի, տաքուկ, ջերմությամբ պարուրող խոսույթի, մարդասիրական գաղափարների շնորհիվ։ 2000 թվականին վեպը նաև էկրանավորվեց։ Ֆիլմն իսկապես կարող ենք ստացված համարել, այն նաև համարժեք է գրական հիմքին։ Թե´ գիրքը, թե´ կինոնկարը մշտապես պատրաստ են գերելու նորանոր մարդկային հոգիներ...

