19.03.2024

Аналитика

«Ազդակներ», որոնք կարող են կործանարար լինել Հայաստանի համար

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Վերջին ժամանակներս թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակներում եւ թե՛ հանրային խոսույթում մեծապես աշխուժացել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսակցությունները: Թեման, ինչպես հայտնի է, բացել էր Նիկոլ Փաշինյանը, ով օգոստոսի 20-ին ՀՀ կառավարության նիստում՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության օրակարգին, նշել էր, որ Թուրքիայի կողմից կան որոշակի դրական ազդակներ։ «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր Փաշինյանը, սակայն չմանրամասնելով, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը:

Ի պատասխան՝ օգոստոսի 29-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Անկարան պատրաստ է Երեւանի հետ կարգավորել հարաբերությունները` բարիդրացիության, միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման հիման վրա: «Եթե Երեւանը պատրաստ է շարժվել այս ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Ժամանակն է՝ կայունությունն ու խաղաղությունը դարձնել մշտական, պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար»,- ասել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ նման դիրքորոշում ունի նաեւ Ադրբեջանը, որն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ:

Այս հայտարարություններից մոտ մեկ շաբաթ անց՝ դարձյալ գործադիրի նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պաշտոնական Երեւանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին եւ ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում: «Կառավարությունն իրեն պատասխանատու է գտնում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար՝ գիտակցելով դրա բարդությունը»,- նշել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խաղաղությունը, կայունությունը, գործակցությունը ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ ու պրագմատիկ ջանքեր են պահանջվում, եւ Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործադրել: Ռուսաստանը ԱԳ նախարարի մակարդակով, ինչպես ընդգծել է գործադիրի ղեկավարը, գործընթացին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն է հայտնել եւ, բացի դրանից, «կա նաեւ ԵՄ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի շահագրգռվածությունը»:

Այդպես՝ գնդակն ուղարկվում է Թուրքիայի դաշտ, եւ չի ուշանում նախագահ Ռեջեփ Էրդողանի արձագանքը: Սեպտեմբերի 19-ին Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու էր ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին, Էրդողանը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել: Սա ուշագրավ շրջադարձ էր երկուստեք հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երեւանի ու Անկարայի երկամսյա հեռավար ուղերձների փոխանակման գործընթացում: Փաստորեն հայ հասարակությունը «ժողովրդական» իր վարչապետի առաջարկի մասին տեղեկանում է թշնամի երկրի ղեկավարից: Մինչդեռ 2018-ից ի վեր նա բազմիցս հավաստիացնում էր, թե ժողովրդից գաղտնի՝ նրա թիկունքում, որեւէ գործարք, կարեւոր քայլ կամ որոշում չի կայացնի: Ասենք՝ նման խոստումներ շատ էր տվել, բայց երբեք խոսքին տեր չէր կանգնել:

Ամենախոշոր խոստմնազանցությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերն էր, երբ գաղտնագողի ստորագրեց եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը, ինչից անտեղյակ էին անգամ իր մերձավորագույն թիմակիցները: Էրդողանի հետ հանդիպման առաջարկը, որը հերթական գաղտնի գործարքն է, Թուրքիայի նախագահին փոխանցվել էր Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր սեպտեմբերի 8-ին, երբ երկօրյա պաշտոնական այցով այդ երկրում էր: Մամուլի հաղորդումների համաձայն՝ այդ օրերին ՀՀ վարչապետն անակնկալ այցելել էր Բաթում, որտեղ գաղտնի տեսակցվել եւ ինչ-որ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Էրդողանի հավատարմատարի հետ: Նշենք, որ նույն սեպտեմբերի 19-ի ասուլիսում Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Սյունիքի, այսպես կոչված, «Թյուրքական միջանցքի» մասին՝ պնդելով, որ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի:

«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը միջանցքի հարց չի քննարկում, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնում։ Եթե ուզում ես հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը: Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության՝ ինձ ուղղված առաջարկն այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ, եւ դիվանագիտություն կսկսենք»,- Նյու Յորք մեկնելուց առաջ հրավիրված ասուլիսում նշել էր Էրդողանը՝ թերեւս նկատի ունենալով այն նախապայմանները, որոնք ավանդաբար առաջադրվում էին հայկական կողմին: Ավելին՝ այժմ դրանց գումարվել են նաեւ Ադրբեջանին առնչվող նոր նախադրյալներ՝ «Թյուրքական միջանցքի» բացում, խաղաղության համաձայնագրի ստորագրում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում եւ, միգուցե, էլի ինչ-որ այլ պայմանավորվածություններ:

Սկզբունքապես սրանք են այն «ազդակները», որոնք վարչապետի պաշտոնում աշխատող անձը, չգիտես ինչու, «դրական» է նկատում, եւ որոնք լրիվ ծրագրով իրականացվելու դեպքում, առանց դույզն-ինչ չափազանցության, կարող են կործանարար լինել մեր երկրի համար: Այդ մասին են վկայում նաեւ Թուրքիայի նախագահի հակիրճ խոսքից բխող եզրահանգումները: Որո՞նք են դրանք. ա/ Փաշինյանը փորձել է Վրաստանի միջոցով գաղտնի կապի դուրս գալ Թուրքիայի հետ; բ/ Էրդողանը «տարակուսելի» է համարում, որ «միջանցքի» խնդիրը տակավին չլուծված՝ Փաշինյանն իր հետ ցանկանում է հանդիպել, ինչը վկայում է ավելի վաղ ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների մասին; գ/ ակնհայտ է, որ Հայաստանին առաջադրված առանցքային նախապայմանը Սյունիքի տարածքով «միջանցքի» տրամադրումն է: Թուրքիայի համար սա գերնպատակ է, որին պատրաստ է հասնել ցանկացած գնով՝ «միջանցքը» նրան եվրասիական գերտերության պատվավոր անուն է խոստանում; դ/ Էրդողանի խոսքից երեւում է, որ թուրքական նախապայմանների առնչությամբ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունից դրական ազդակներ է ստացել։

Այսպիսով՝ ընդհանուր պատկերը, կարծես թե, ամբողջանում է, ինչը թույլ է տալիս սխալվելու չնչին հավանականությամբ եզրակացնել, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով նյութվող ազգակործան դավադրություն: Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքին միանալու եւ դարավոր թշնամու բացահայտ սպառնալիքների դեմ պայքարի միասնական ուղիներ մշակելու փոխարեն Հայաստանի փաստացի թրքամետ իշխանությունը շարունակում է ստորանալ Թուրքիայի առջեւ, նրան հանձնել մեր ինքնիշխանությունն ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները: Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությունն ընկալվում է որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական ծրագրերը՝ Հարավային Կովկասի լիակատար նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն:

Որոշ դիտորդների պնդմամբ՝ ներհայաստանյան քաղաքական դաշտի բոլոր կարեւոր գործընթացներն այս կամ այն չափով բաղհյուսված են արտաքին քաղաքական անցքերին, իրադարձություններին կամ ուժերին։ Նրանց կարծիքով՝ այսօր մեզանում կատարվող զարգացումները եւ, մասնավորապես, շարունակվող կապիտուլյացիան եւս արդյունք են արտաքին քաղաքական պայքարի, որի գլխավոր շահառուները Թուրքիան եւ Ադրբեջանն են։ Այս տեսակետից Հայաստանի համար խիստ կարեւոր է ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը, բնականաբար, ջանում է հավասարակշռված, իր շահերից բխող հարաբերություններ պահպանել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Փույթ չէ, թե շահերի համադրման սխեման նախագծելիս՝ ավանդաբար տուժողը Հայաստանն է լինում: Թե ինչպիսի տեսք կունենա այդ սխեման տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ներկա վայրիվերումների համատեքստում, կերեւա առաջիկա շաբաթներին:

Առավել եւս, որ Սոչիում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած՝ Պուտին-Էրդողան երեքժամյա հանդիպմանը, որի գլխավոր օրակարգը եղել է սիրիական Իդլիբում ստատուս քվոյի պահպանումը, անդրադարձ է եղել նաեւ հարավկովկասյան իրավիճակին: Էրդողանը, ըստ երեւույթին, դարձյալ խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին: Բանակցություններից հետո ինքնաթիռում տված հարցազրույցում նա, ի մասնավորի, նշել է. «Այդ հատվածում գործարկվելիք ցամաքային եւ երկաթուղային ճանապարհները տարածաշրջանային բոլոր երկրների համար առեւտրատնտեսական հնարավորություններ կբերեն: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի»: Իր հերթին՝ Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ հայտնել էր, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորումից. «Մոսկվան ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային որոշումներ փնտրեն սահմանազատման եւ տրանսպորտային ենթակառույցները զարգացնելու հարցերում»,- հանդիպման ավարտին ասել է Պեսկովը։

Այնպես որ, դրական ազդակները գուցեեւ լավ զգացողություններ են արթնացնում, բայց այնքան էլ լավ խորհրդատու չեն եւ կարող են խաբուսիկ լինել: Մանավանդ որ, գործ ունես խորամանկ, փորձառու եւ արեւելյան կեղծ քաղցրախոսության հնարքներին գերազանց տիրապետող գործիչների հետ:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.