21.11.2018

Аналитика

Ինչի՞ շուրջ համախմբվել այս օրերին

Հասարակություն-քաղաքական համակարգ կապը Հայաստանում վաղուց արդեն կորել է, ինչն էլ պատճառներից մեկն է այն համատարած ապատիկ վերաբերմունքի՝ երկրում ընթացող քաղաքական պրոցեսների նկատմամբ։ Այսինքն՝ ձեւավորվել են երկու զուգահեռ հասարակություններ, որտեղ իշխողը գործում է հստակ սահմանված մեխանիզմներով, որոնք այս հասարակության ինքնապահպանման գլխավոր երաշխիքն են։ Խոսքն, իհարկե, այն մեխանիզմների մասին չէ, որոնք սահմանված են Սահմանադրությամբ, օրենսգրքերով։ Փաստորեն, իշխող հասարակությունը, կամ վերնախավը իր ձեռքն ընկած կապիտալը տնօրինելու սեփական մեխանիզմներն է մշակել, առանց մյուս հասարակության հետ հաշվի նստելու։ Այս իշխող վերնախավի գործելաոճն անվանենք քրեական կամ կոռուպցիոն։

Մյուս հասարակությունը, այսինքն՝ ժողովուրդը, իր հերթին, անհաղորդ է մնացել օրինական մեխանիզմին, ավելին, ենթարկվել է իշխանական ազդեցությանը՝ ընդունելով կոռուպցիոն գործելաոճը, որպես հաղորդակցման միջոց:

 

Ի՞նչ էր ուզում ժողովուրդը

Հարց է առաջանում՝ ի՞նչ է տեսել ժողովուրդը.

Իրավական տեսանկյունից՝ կոռումպացված քաղաքական վերնախավ, սահմանադրական իրավունքի ոտնահարում, կողմնակալ եւ կաշառվող դատական համակարգ եւ այլն։ Հոգեբանական տեսանկյունից՝ հովանավորչություն գրեթե բոլոր ոլորտներում, քրեականության խրախուսում, համատարած քծնանք ինչ-որ առաջընթացի համար։ Այսինքն՝ այս երկրում քո տեղը գտնելու համար դու պետք է ենթարկվես այս չափորոշիչներին, այլապես դատապարտված ես արտագաղթի։ Հասարակության լայն զանգվածները սրանից այն կողմ, մեծ հաշվով, ոչինչ էլ չեն տեսել։

 

Ի՞նչ է առաջարկվել ժողովրդին

Շուրջ 20 տարի տարբեր ընդդիմություններ իրենց առաջարկներն են ներկայացրել ժողովրդին, որոնց մեծ մասն ընդունվել է, սակայն, կամ չի իրագործվել, կամ առաջարկողներին թույլ չեն տվել դրանք իրագործել։ Այստեղ ժողովուրդը երկու կարեւոր հանգամանք է ֆիքսել.

  1. Ընդդիմությունը կամ առաջարկողները մոլորեցրել, խաբել են իրենց ու, փաստացի, դարձել այդ նույն հակառակորդ համակարգի մաս։
  2. Առաջարկողները անձերի խնդրի վրա են շեշտը դրել, այսինքն՝ ներկա համակարգը պետք է փոխել իրենցով, իսկ նախկիններին պատժել ու ամեն բան լավ կլինի։

Ստացվում է, ժողովուրդը տեսել է միայն այդ անձանց, լսել է նրանց պատկերացրած վերնախավերի մասին, սակայն չի հասկացել կամ չի իմացել, թե ինչ են իրեն առաջարկել այդ մարդիկ։ Իսկ ժողովուրդն ուզում էր լսել, հասկանալ, թե իրեն ինչ փոփոխություններ են սպասվում, ինչ միջավայրում պետք է նա շարունակեր ապրել այդ փոփոխություններից հետո։ Իհարկե, կգտնվեն նախկին առաջնորդներ, ովքեր կպնդեն, որ հենց ժողովրդի մասին է եղել իրենց առաջարկած երկրի տեսլականը, բայց ժողովուրդը, վստահաբար դա չի հիշում, քանի որ տվյալ ժամանակահատվածում դա չէր տպավորվել ժողովրդի մտքում այդ ուժից կամ անհատից։

Հիմա հասկանանք, թե ներկա շրջափուլում ինչի շուրջ կարող է համախմբվել ժողովուրդը:

Պարզ է, որ իշխանական հասարակությունը խնդիր ունի ամեն գնով պահելու ձեռք բերածը, իսկ դա նշանակում է, որ խնդիր կա դրված՝ վերընտրել իրենց առայժմ անփոխարինելի երաշխավորին: Սա պարզ գիտակցում է յուրաքանչյուր վերնախավի ներկայացուցիչ, պատգամավոր, եւ ընտրության օրը գիտի իր անելիքը:

Սակայն ի՞նչ կարող են անել մյուս հասարակության ներկայացուցիչները: Առաջին անգամ թիվ մեկ պաշտոնյայի ընտրությունը իրենց ձեռքով չի կատարվելու, ավելին՝ ընտրելու են հենց վերնախավի գծած սահմանադրական եղանակով: Մեկ ճանապարհ կա. ճնշման միջոցով չթույլատրել այդ քվեարկությունը: Այստեղ խնդիր կա բացատրելու ժողովրդին, որ ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ ուզած թե չուզած հենց ինքը պետք է հարցը լուծի, իսկ առաջնորդող ուժերը կարող են միայն կոորդինացնողի դերակատարություն ունենալ: Այսինքն՝ պայքարը անձերի, ուժերի շուրջ չէ, այլ կոնկրետ խնդրի ու գործողության: Գործողությունը շատ պարզ է. քանակապես, վճռականությամբ, անձնապես հատ առ հատ ճնշում գործադրել այդ մի քանի տասնյակ անձանց վրա. դա կլինի համոզելու եղանակով, սպառնալիքով, ֆիզիկապես թույլ չտալով մտնել քվեարկության, թե այլ եղանակով` քննարկելու հարց է: Սակայն մի բան հստակ է. իշխանությունները միշտ էլ սարսափել են վճռական տրամադրված մեծաքանակ կազմակերպված բազմությունից, եւ հենց այս վախը կարող է նրանց գլխին չար կատակ խաղալ: Ինչ վերաբերում է փողոց դուրս եկած ուժերին. ինչքան շուտ հաջողվի նրանց այս հստակ մեսիջը հասցնել լայն հասարակությանը եւ հավատացնել նրանց հենց այս խնդրի արդարացիության մեջ, այնքան ավելի մեծաքանակ ու վճռական կանգնած բազմության ականատես կլինենք այդ օրերին մայրաքաղաքի փողոցներում:

Գեւորգ Ղահրամանյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am