07.08.2020

Аналитика

Իրական քաղաքացիական հասարակությունը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հայաստանում կուսակցությունների նկատմամբ ոչ դրական վերաբերմունքը վաղուց էր հասունանում, եւ դրա հիմնական պատճառը ընտրությունների հանդեպ հանրային անվստահությունն էր: Դա ինչ-որ կերպ արդարացնում էր ընդդիմադիր կուսակցություններին՝ իրենք չեն եղել այդ համակարգի ճարտարապետները:

Կուսակցությունների հանդեպ եղած անվստահության պայմաններում հանրության մի զգալի հատվածը սկսել էր իր հույսը կապել քաղաքացիական հասարակության հետ: Հասարակությունում կային մարդիկ, որոնք ոչ միայն չէին համագործակցում իշխանությունների հետ, այլեւ դրանց ամենասուր քննադատներից էին: Միջազգային հիմնադրամների կողմից տրված դրամաշնորհները նման մարդկանց համար ֆինանսական անվտանգության հնարավորություններ էին ստեղծում: ՀԿ-ների հետ էին համագործակցում նաեւ այն փորձագետները, որոնց առջեւ պետական հաստատությունների դռներն այս կամ այն պատճառով փակ էին: Սա էր իրավիճակը մինչեւ 2018 թվականը, որից հետո այն սկսեց որոշ չափով փոխվել: Քաղաքացիական հասարակության դերն աստիճանաբար նվազեց, իսկ հանրային վստահության առումով կարելի է նույնիսկ «վստահության անկում» բառակապակցությունն օգտագործել։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։

Քաղաքացիական հասարակություն հասկացությունը երկու ընկալում ունի.

  1. ըստ մասնագիտական, արհեստակցական, կրոնական հետաքրքրությունների` իշխանությունից անկախ հասարակական տարբեր միավորումներ, որոնք ունեն խմբային շահեր եւ կարող են տարբեր եղանակներով հետապնդել իրենց շահերը.
  2. մարդու իրավունքների երաշխավորում հետապնդող կազմակերպություններ, որոնք հիմնականում զբաղվում են իրավապաշտպանությամբ:

Առաջին տարբերակը գոյություն ուներ անգամ Խորհրդային միությունում (պետության վերահսկողության ներքո), եւ ցայսօր կան այդ տարիներից ժառանգություն մնացած հասարակական կառույցներ՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների եւ այլ միություններ: Չնայած նման կազմակերպությունները, ֆորմալ առումով մինչ այժմ գոյություն ունեն, սակայն հանրային կյանքում նրանց ազդեցությունը գրեթե զրոյական է` անգամ չեն կարողանում (կամ էլ չեն փորձում) սեփական շահերի լոբինգ իրականացնել: Կայացած են համարվում այն հանրությունները, որտեղ նման անկախ կազմակերպությունները քաղաքացիական հասարակության հիմքն են, իրական ժողովրդավարական համակարգերի առանցքը: Ցավոք, մեր հասարակությունն այդպիսին չէ:

Երկրորդ տարբերակի քաղհասարակությունը սկսել է ձեւավորվել Խորհրդային միության անկումից հետո։ ՀԿ-ներն այս կամ այն չափով կայացել են տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ` օրակարգերում ունենալով մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակության կայացմանն առնչվող հարցեր, իրավական նախաձեռնություններ, ինստիտուցիոնալ բնույթի գործընթացներ եւ այլն:

Մինչեւ 2018 թվականն իրավիճակը հասկանալի էր` քաղհասարակությունը պայքարում էր իշխանության դեմ` հանուն բարձր արժեքների, ինչն ընկալելի էր մարդկանց մեծամասնության համար: «Ատելի» իշխանությունների դեմ պայքարում՝ հանուն մարդու իրավունքների, արդյունավետ գործընկերներ էին միջազգային կառույցները՝ դա էր հիմնական ընկալումը, եւ հանրության լայն շերտերը նման տեսակետի հետ համամիտ էին։

2018-ի մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունը նոր մարտահրավերների առջեւ կանգնեցրեց գործող քաղհասարակությանը։ Այդ թվականից ի վեր այն հայտնվեց երկիմաստ վիճակում, որովհետեւ տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ մտան խորհրդարան, իսկ հիմնական ՀԿ-ները սատարեցին նոր իշխանություններին։

Իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվում է՝ «անկախները» կանգնում են իշխանության կողքին եւ իրենց առաքելությունն իրականացնելու համար սկսում են համագործակցել կառավարության եւ խորհրդարան մտած նախկին գործընկերների հետ։ ՀԿ-ների մի հոծ հատված դառնում է իշխանության քարոզչական ավանգարդը։ Այս իրավիճակը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում, եւ հետեւանքը լինում է այն, որ ժամանակի ընթացքում այդ կազմակերպությունները կանգնում են ճգնաժամի առջեւ, ինչը հանրային գիտակցության մեջ հետզհետե վարկաբեկում է «քաղաքացիական հասարակություն» ասվածը։

Նոր կարգավիճակում քաղհասարակությունը կարող է շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հարցում դառնալ իշխանության գործընկերը, ընդ որում` այնպիսի փոփոխություններ, որոնք անկյունաքարային են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից: Սակայն իշխանության կողմից նման բարեփոխումներ հստակորեն հայտարարված չեն, ավելին՝ գործող իշխանակարգը հրաժարվել է «հեղափոխական» մի շարք խոստումներից՝ իշխանության ճյուղերի հավասարակշռության ապահովում, օրենքի գերակայության հաստատում, անկախ դատական համակարգի կազմավորում եւ այլն։ Իրականում ճիշտ հակառակն է կատարվում, եթե պաշտոնական դեմագոգիան դնենք մի կողմ:

Այսօրվա քաղհասարակության մի ստվար զանգվածի կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. ա/ իրավախախտումների նկատմամբ երկակի ստանդարտների դրսեւորում, բ/ հրապարակայնորեն ատելության քարոզում խոսքի իրավունքի պաշտպանների կողմից, հայհոյանքներով ու սպառնալիքներով ուղեկցվող տեսակետների արտահայտում, գ/ ակնհայտ քաղաքական հետապնդումների քաջալերում, կասկածելի մեղադրանքների դեպքում անհամաչափ կալանքների կիրառում։

ՀԿ-ները հիմնականում այդպես էլ չկարողացան քաղաքական նոր իրավիճակում ձեւավորել իրենց օրակարգը` շարունակելով աշխատել հին եղանակներով: Հայտնի իրավական փաստ է, որ մարդու իրավունքները խախտում է իշխանությունը, ուրեմն`  «աֆիլացվելով» գործող իշխանության հետ, փաստորեն սահմանափակում ես արդյունավետ աշխատելու քո հնարավորությունը, որովհետեւ դժվար է հիմնավորել, թե ումից ես պաշտպանելու մարդու իրավունքները։ Այսինքն` կորցնելով անկախ լինելու կարգավիճակը, քաղհասարակության մի ստվար զանգված հայտնվել է երկիմաստ եւ անբնական վիճակում: Արդյունքում, անտարակույս, վարկաբեկվում են «քաղաքացիական հասարակություն» եւ «իրավապաշտպան» հասկացությունները։

Իրական քաղաքացիական հասարակությունը` տարբեր խմբերի լոբինգի ինստիտուտները, կուսակցությունների գործընկերը եւ ախոյանը, կարող են հանդես գալ վերը ներկայացված քաղաքացիական հասարակության առաջին տեսակի՝ ըստ հետաքրքրությունների մասնագիտական, արհեստակցական, կրոնական կազմակերպությունների կարգավիճակում, որոնց շահառուները բազմամարդ են, իսկ շահերը` կայուն ու հասկանալի: Եվ որտեղ օրակարգը թելադրում են շահառուները` երկրի ներսում։

 

Վաղարշակ Հայրապետյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.