16.11.2018

Аналитика

Հասարակությունը գիտի՞, թե ինչ է ուզում

Անցյալ շաբաթը նշանավորվեց երեք կարեւոր իրադարձություններով, որոնց կապը միմյանց հետ՝ առաջին հայացքից նկատելի չէ: Խոսքը Ռուսաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի, 18 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում երկրի պետական այրերի գնդակահարության, ինչպես նաեւ այս օրերին նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ հանրային աշխուժության մասին է:

Իսկապես, ի՞նչ կապ կարող է լինել: Բայց եթե այս իրադարձություններին նայենք 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի իշխանությունների ճակատագրի ու Հայաստանի քաղաքական համակարգի պրիզմայի միջով, դրանք խորհրդանշական իմաստ կստանան: Ռուսաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, առաջին հերթին, ընկալվում է որպես տվյալ պահին քաղաքական վերնախավը ներկայացնող այս կամ այն գործչին աջակցելու գործողություն: Ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ ցանկացած խոսակցություն արդեն շատ վաղուց ընկալվում է իբրեւ իշխանական վերնախավի առաջնորդի «անփոխարինելի» կերպարի ձեւավորման միջոց: Իսկ իշխանությունների կասկածելի լեգիտիմության ակունքները միշտ զուգամիտվում են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների հետ:

Արդեն քանի տարի երկիրն ապրում է ապրիլի 2018-ի ինտրիգով. Բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ փոխվելո՞ւ է արդյոք պետության ղեկավարը: Այս հետաքրքրությունն անտեղի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի քաղաքական ու տնտեսական վիճակը գրեթե բոլորը կապում են պետության առաջին դեմքի հետ: Հետեւաբար, միշտ հույս կա, որ գործող նախագահի հեռանալուց հետո շատ բան կփոխվի: Եվ սրանում կա որոշակի ճշմարտություն. շատ բան կփոխվի պետական ​​կառավարման համակարգում խմբված գործարար-պաշտոնյաների համար: Կոռումպացված պաշտոնյաների անձնակազմը կարող է ռոտացիայի ենթարկվել, ինչը վերջիններիս համար կարեւորագույն խնդիր է: Բայց կփոխվի՞ համակարգն՝ ինքը, որը վաղուց արդեն անվանում են քրեաօլիգարխիկ: Այսինքն՝ կլինե՞ն փոփոխություններ, որոնք համապատասխանում են հասարակության ակնկալիքներին:

Ամեն դեպքում Հայաստանի համար շատ կարեւոր է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը հեռանա քաղաքականությունից: Դա կլուծի մեկ կարեւոր հարց` երկրում տիրող բացասական իրողություններում այս գործչի դերի մասին անիմաստ վեճերի հարցը: Հասարակությունը կկարողանա ավելի ողջամտորեն գնահատել երկրում տեղ գտած գժտությունների պատճառները: Սահմանադրական փոփոխությունների դերի, այս կամ այն պաշտոնյաների առճակատման եւ այլնի մասին խոսակցությունները կկորցնեն իրենց իմաստը: Եվ այդ դեպքում հնարավոր կլինի լրջորեն խոսել պետականաշինության գործում առաջընթացի բացակայության իրական պատճառների մասին: Բայց չարժե հույս դնել, թե բախտը կժպտա, ավելի լավ է լուրջ խոսակցություն սկսել՝ առանց բախտի կողմը նայելու: Այդժամ կարող է պարզվել, որ ներկայիս վիճակի պատճառները բոլորովին ուրիշ տեղ են, իսկ մերօրյա քաղաքական քիմեռներն այդ չճանաչված պատճառների ընդամենը հետեւանքներն են: Եթե ​​անգամ դա այդպես չէ, ապա հնարավոր է, գոնե, հասկանալ նշված վիճահարույց խնդրի էությունը:

Եվ այսպես՝ իմաստ ունի՞ ապավինել Սահմանադրության փոփոխություններին: Չէ՞ որ փոփոխությունները լուրջ էին. երկրում նախագահի համաժողովրդական ընտրության ինստիտուտ չի լինելու: Իսկ անկախ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում նման ընտրությունները ներքաղաքական գործընթացների շարժիչն էին: Չնայած այդ գործընթացները երկրում քիչ բան են փոխել, այնուամենայնիվ, դրանք լուրջ գործոն էին ներկա կառավարության վրա ազդելու տեսակետից: Այս գործոնը լուծարվում է օրենսդրորեն: Սակայն շատերը կարծում են, որ դա այնքան էլ կարեւոր հանգամանք չէ: Ավելի կարեւոր է, որ երկիրը դարձել է խորհրդարանական հանրապետություն: Եվ այդպես համարում են ոչ միայն իշխանավորները: Ավելին՝ հիմնավոր տեսակետներ կան, թե խնդիրները բուն Սահմանադրության մեջ էին եւ են, ու Սահմանադրության նորմերին խստիվ հետեւելը հանգեցրել է «անկատար» քաղաքական համակարգի ձեւավորմանը:

Սակայն կա նաեւ այնպիսի կարծիք, թե Սահմանադրությունն այստեղ ընդհանրապես դեր չի խաղում, Հայաստանի քաղաքական համակարգը գործող Սահմանադրության նորմերի հետ ոչ մի կապ չունի: Բայց դարձյալ դրա պատճառը փնտրում են պետության առաջին դեմքի անձնական բացասական հատկությունների մեջ: Եվ այսպես` տասնամյակներ: Բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ հետեւյալը. կարո՞ղ է կառավարման խորհրդարանական ձեւին անցնելը փոխել երկրում քաղաքական վարչակարգի էությունը:

Անիմաստ է ժխտել, որ Հայաստանում գործող քաղաքական վարչակարգը ոչ մի առնչություն չունի սահմանադրական նորմերի հետ: Համենայնդեպս՝ այն, որ սահմանադրական կարգի կառուցման հիմնական մեխանիզմ, այսինքն՝ ազատ ընտրություններ գոյություն չունեն, այս պնդման հիմնական փաստարկն է: Պետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ սահմանադրական պետությունում քաղաքական համակարգը կառուցվում է ազատ ընտրությունների միջոցով: Սահմանադրական նորմերի իրականացման այլ գործիքակազմ չկա: Բացի դրանից, ամբողջ ազգային իրողությունը չափվում է օրենքի նորմերի հետ նրա հարաբերակցությամբ, եւ այստեղ նույնպես գնահատման որեւէ այլ սանդղակ ընդունելի չէ:

Այժմ սա բոլորի համար պարզ է: Բայց ադյո՞ք սրան վճռորոշ նշանակություն է տրվում: Եթե ​ ընդունենք այն ​​փաստը, որ հասարակության մեծ մասի համար հանրային կառավարման համակարգի ձեւավորման պրակտիկան չի ընկալվում որպես անպարկեշտ եւ սարսափելի ինչ-որ մի բան, ապա կարելի է հաստատագրել Հայաստանում պետության լճացման առաջին հիմնական պատճառը: Եթե դժգոհությունն արտահայտվում է միայն արդի պետական կառավարման համակարգի գործունեության արդյունքների, այլ ոչ թե նրա բուն հակապետական էության հանդեպ, ապա այդպիսի հասարակությունը ինքն էլ  չգիտի, թե ինչ է ուզում: Կարող ենք միայն նշել, որ երկրում կախված է սեփական բախտից անվերջանալի գանգատների ու անհուսալի անարդարության մթնոլորտը: Իսկ թե ինչում է արտահայտվում այդ անարդարությունը, որեւէ մեկը հստակ բացատրություն չի տալիս: Այստեղից էլ բխում են ճակատագրի կամոք հնարավոր փոփոխությունների անիմաստ հույսերը:

Բայց, ուրեմն, հարց է ծագում՝ դեռ մինչեւ ե՞րբ է ամեն ինչ նույնությամբ պահպանվելու: Եվ ինչի՞ց են դժգոհում երկրի քաղաքացիները: Պատասխանը, կարծես թե, պարզ է՝ բոլորն ուզում են, որ իրենց կյանքն արդար դասավորվի: Բայց ինչպե՞ս են այդ արդարությունը չափում:

Մանվել Սարգսյան

Այս մասին մենք կխոսենք հաջորդիվ: Իսկ մինչ այդ, կարող ենք ուշադիր հետեւել անցած շաբաթվա իրադարձությունների շուրջ երկրի հասարակության շրջանում ծավալվող վեճերի բնույթին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am