17.06.2025

Свободная Платформа

Ողբերգությունը գովազդի տեղ չէ

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Այս օրերին, երբ հարյուրավոր փրկարարներ իրենց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելով՝ փնտրում են փոքրիկ տղային, լրատվական դաշտում մոլեգնում է մի նոր համաճարակ, որը կոչվում է disaster influencing (աղետների ինֆլյուենսինգ)։ Ինչքան փնթի ու փթիր «բլոգեր» ու ինքնահռչակ «էքստրասենս» կա՝ իր պարտքն է համարում լացակումած դեմքով մի հոլովակ նկարել, հետո նորից անցնել իր առօրյային։

Մի աղջիկ ասում է, թե երեխային բերեք ինձ տվեք, ոչ մեկին չեմ ասի, մյուսը, թե՝ բա հարյուրներով նամակներ եմ ստանում, ցավոք, դեռ նորություն չունեմ։ Կարծես թե իրենք փրկարար ծառայության պետն են կամ իրավասու մարմին։ Մյուսը թե՝ բա երեխայի էներգիան զգում եմ, այսինչ տեղում է, եւ հազար ու մի ցնդաբանություններ, որոնք բոլորը մեկ նպատակի են ծառայում՝ դիտումներ, լայքեր, երբեմն նույնիսկ՝ մոնետիզացում։ Այլ կերպ ասած՝ շոու եւ ոչինչ ավելին։

Պակաս զարմանալի, նույնիսկ զազրելի չէ այն հանգամանքը, որ նմանատիպ աղբը, փաստորեն, մեծ պահանջարկ ունի մեր հասարակության շրջանում։ Որքան էլ հասկանալի լինի թեմայի վերաբերյալ հասարակության հուզական վիճակը, պետք է հասկանալ, որ դու, որպես այդօրինակ աղբի դիտող կամ տարածող, նույնպես կրում ես անձնական պատասխանատվություն։

Քո մի լայքը, քո մի share-ը խրախուսում է նոր շոուների գեներացմանը։ Իսկ այդ շոուների հետեւում հաճախ քանդվում է քննության ընթացքը, ցավալիորեն շահարկվում է ընտանիքի վիշտը, ոտնահարվում երեխայի եւ նրա հարազատների, մերձավորների արժանապատվությունը։

Պետք է պետական մակարդակով արգելվեն նմանատիպ դեպքերում ամեն հին ու նոր «բլոգերների» հրապարակային եթերները, ոչինչ չասող, ոչինչ չտվող զառանցանքները։ Վերջապես պետք է գիտակցենք, որ եթերն ու բարձրախոսը, առաջին հերթին, պատասխանատվություն են, ոչ թե ինքնահաստատման միջոց։

Ցավը բովանդակություն չէ, ցավը կոնտենտ չէ։

Ողբերգությունը գովազդի տեղ չէ։

Միեւնույն ժամանակ խորին խոնարհում հարյուրավոր փրկարարներին, ոստիկաններին, կամավորներին, դրոններով օգնության հասած գործընկերներիս ու իրապես սրտացավ քաղաքացիներին, ովքեր աշխատում են իրենց մասնագիտական ու մարդկային պարտքից դրդված։ Մի հատ գովազդ կամ շոու չտեսանք այդ մարդկանցից։

 

Էդգար Հարությունյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.