Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

23-30 դեկտեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթ ուշադրության կենտրոնում էր դեկտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետի երկօրյա աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսված էր նրա մասնակցությունը միանգամից երկու միջոցառման՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Բնականաբար՝ այցը հանրության եւ քաղաքագիտական-փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում էր ոչ այն պատճառով, որ մեծ ակնկալիքներ ունեին դրանից: Շատերի հետաքրքրվածության շարժառիթն այլ էր՝ հաղթահարվա՞ծ է արդյոք այն սառնությունը, որ պաշտոնական Երեւանի հակառուսական տրամադրությունների գեներացման արդյունքում առաջացել էր հայ-ռուսական հարաբերություններում:

Արտաքուստ, իհարկե, ոչինչ չէր փոխվել ո՛չ արարողակարգային կանոններում, ո՛չ Պուտին-Փաշինյան շփումներում, ինչն ընդմիջված էր արդեն ութ ամիս: ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին եւ անձամբ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»։ Թերեւս՝ այդ երկրում կազմակերպչական մշակույթը, այո, բարձր է: Համենայն դեպս՝ ի տարբերություն Հայաստանի:

Մեր երկրի առնչությամբ, այնուամենայնիվ, մի դուրեկան բան ասվեց. թեեւ՝ ում համար դուրեկան, ում համար՝ ոչ այնքան. 2024-ի հունվարի 1-ից Հայաստանը ՌԴ-ից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, ինչի առնչությամբ Փաշինյանն իր ելույթում կարեւորեց անդամ երկրների աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը. «Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս, աշխարհաքաղաքական օրակարգ»,- նշել է նա, ըստ երեւույթին, փորձելով նրբորեն քողարկել ասելիքի ենթատեքստը:

Սակայն առաջարկի ենթատեքստը շատ էր թափանցիկ եւ աննկատ չմնաց, մանավանդ որ, ելույթի վերջում պնդում էր՝ ԵԱՏՄ-ի ապաքաղաքականացման միտքը ամրագրել վերջնական փաստաթղթի՝ հռչակագրի տեքստում: Փաշինյանի խորամանկությունը չանցավ: Նա ուզում էր մի գնդակով երկու նապաստակ խփել՝ մի կողմից օգտվել ՌԴ եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առեւտրատնտեսական գործակցությունից, իսկ մյուս կողմից առաջարկում էր, որ ԵԱՏՄ գործընկերները չտեսնելու տան ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ իր քաղաքական սիրախաղերը, որոնք միտված են Արեւմուտքի թելադրանքով ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելուն:

Քաղաքական եւ տնտեսական հարցերով ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Փաշինյանի ելույթին, նկատում է. «Փաշինյանի ելույթը հետեւյալն է նշանակում՝ ՀՀ-ն հետաքրքրված է տնտեսական համագործակցությամբ, որով ԵԱՏՄ-ն պետք է սահմանափակվի՝ չունենալով քաղաքական եւ աշխարհաքաղաքական «պարտավորություններ»»։ Բայց այդպես, ըստ վերլուծաբանի, չի լինում, որովհետեւ «հնարավոր չէ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը եւ տնտեսությունը տարանջատել, ցուցաբերել ընտրովի մոտեցում»։

Միգուցե Փաշինյանին բացառության կարգով թույլատրվի՞ ընտրովի մոտեցմամբ՝ տնտեսական բաղադրիչը վերցնել Մոսկվայից, քաղաքականը՝ Բրյուսելից, ռազմականը՝ Վաշինգտոնից:

 

Դեկտեմբերի 24-ին Երեւանում տեղի ունեցավ, հավանաբար, Փաշինյան ընտանիքում ժամանակին հղացած անհամուհոտ միջոցառումը՝ «Մեր ժամանակների հերոսը»-2023 մրցանակաբաշխությունը, որը վերջին 5-6 տարում անցկացվում է 2-րդ անգամ: Գլխավոր մրցանակակիրը մաթեմատիկայի ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ եւ դպրոցի հիմնադիր Սեւադա Խոջաբաղյանն է՝ Գորիսից: Այս մասին «ՖԲ» իր էջում գրել է անձամբ ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը, եւ միջոցառման նկատմամբ հանրային հետաքրքրությունը բորբոքելու համար հայտնել, որ մրցանակաբաշխության տեսագրությունն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի հունվարի 1-ին՝ «Հ1»-ով եւ իր ֆեյսբուքյան էջով:

Միջոցառումն իրենց ներկայությամբ «քաղցրացրել են» ՔՊ-ական ողջ վերնախավը՝ նախագահ Վահագն Խաչատուրյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, ՍԴ նախագահ Արման Դիլանյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, Անվտանգության խորհրդի, գործադիրի անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք: Տպավորություն է, թե գործ ունենք Հայաստանի թիվ մեկ կարեւորության իրադարձության հետ, թեեւ նման միջոցառումներն իրականում հանրային ուշադրությունն ամենացավոտ, մեր դեպքում՝ օրհասական խնդիրներից շեղելու համար են:

Թե՛ գլխավոր մրցանակակիր ուսուցչի եւ թե՛ մրցանակների արժանացած մյուս 12 անձանց՝ հանրությանը ոչինչ չասող անուններն ու զբաղմունքի տեսակները ինքնին բավական են՝ հասկանալու համար, ընդհանրապես, «հերոս» երեւույթի վերաբերյալ Փաշինյան ընտանիքի պատկերացումները: Ովքե՞ր են նրանք: Բերենք ընդամենը մի քանի անուն. կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր Անդրանիկ Մանուկյան, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյան, «Հնձան պանդոկ»-ի հիմնադիր Հայկ Միքայելյան, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վաղրամյան եւ այլք:

Ամենեւին չնսեմացնելով այս մարդկանց վաստակը, անկեղծորեն խոստովանեմ, որ նրանց գործն ու անունները, որոնց ժամանակակիցն եմ, ինձ ծանոթ չեն: Մինչդեռ 4-5 տասնամյակների հեռվից իմ սերնդակիցները (ես էլ նրանց թվում) մինչ օրս հիշում են 70-80-ականների շատ հերոսների: Օրինակ՝ սուզալողորդ, աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանին, ով եղբոր հետ Երեւանյան լճի ափին մարզանքներով էր զբաղված, երբ տեղի ունեցավ հայտնի միջադեպը՝ վթարի ենթարկված եւ լճում հայտնված ավտոբուսը: Շավարշը եղբոր օգնությամբ լճում 5 մետր խորասուզված ավտոբուսից դուրս է բերում, փրկում 20 մարդկային կյանք՝ վտանգելով սեփական կյանքը:

Սա է հերոսի տիպարը, ոչ թե փայտե խաղալիք արտադրող կամ պանդոկ հիմնադրող անձինք՝ որքան էլ հարգանքի արժանի լինեն: Հիշենք՝ ինչ էր ասում «Մեր ժամանակների հերոսը-2023» հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ձեռքից մրցանակ ստացող գորիսեցի ուսուցիչն ամբիոնից. «Վերջապես՝ մենք ուզում ենք պետություն դառնալ…» Կարելի էր կարծել, թե մինչեւ Փաշինյանի գալը պետություն չէինք, «հանուն ոչնչի» զոհեր տալով, առանց «կադաստրի թղթի» անիմաստ ու անհեռանկար մեր խղճուկ գոյությունն էինք քարշ տալիս: «Հերոսի» կողքին կանգնած Փաշինյանը բեղի տակ մեղմ ժպտում էր եւ հայացքով քաջալերում իրեն շողոքորթող մաթեմատիկին: Հավանաբար՝ մրցանակը հենց այդ կարճ նախադասության համար էր:

Ինչեւէ: Նոր տարվա առաջին օրը պատրաստվեք «Հ1»-ով լիաթոք վայելել հաղորդումն ամբողջությամբ եւ ճանաչել մեր ժամանակի «հերոսներին»: Նրանց կհիշի՞ արդյոք այսօրվա երիտասարդ սերունդը 40-50 տարի անց՝ դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է՝ Փաշինյան ընտանիքին մասամբ հաջողվեց արժեզրկել «հերոս» հասկացությունը եւ բոլոր ժամանակների մեր իրական հերոսներին: Համենայն դեպս՝ փորձեց:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի պատգամավորները, աշխատակազմը եւ մյուս աշխատողները Ամանորին ու Սուրբ Ծննդին ընդառաջ երկու նախատոնական պարգեւավճար են ստացել՝ երկուսն էլ մեկ ամսվա աշխատավարձի չափով։ ԱԺ-ից «Ազատությանը» հայտնել են, որ պարգեւավճարների համար՝ հարկերը ներառյալ, ավելի քան կես մլրդ դրամ (1,25 միլիոն դոլար) է հատկացվել։ Խորհրդարանի խոսնակը նախորդ տարի գրեթե 300 հազար դոլար էր հատկացրել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ու աշխատակիցների պարգեւավճարների համար:

Աշխատանքային այցով դեկտեմբերի 27-ին ՀՀ այցելած՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նույն օրը Հայաստանի ԱԳ նախարարությունում առանձնազրույց է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կայացել է երկու նախարարների համատեղ մամլո ասուլիսը: Քննարկվել են Թեհրանի եւ Երեւանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները, ինչպես նաեւ Հարավային Կովկասին առնչվող կարեւոր հարցեր, այդ թվում՝ «3+3» ձեւաչափի շրջանակներում։

Պաշտոնական Երեւանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները՝ «Ազատության»-ը տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Այն, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը, դեռ նախօրեին պետական AzTV-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ առանց փակագծեր բացելու դրանց բովանդակության վերաբերյալ։ Ջեյհուն Բայրամովը միայն շեշտել է, թե խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում:

Չորս տարվա դատաքննությունից հետո ՀՀ երկրորդ նախագահը համաձայնեց փակել իր դեմ գործը՝ վաղեմության ժամկետի հիմքով։ Դեռ 2018թ.-ին իրավապահները նրան մեղադրել էին նախագահության տարիներին 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Պաշտոնաթող նախագահը չցանկացավ գնալ մինչեւ վերջ՝ համաձայնելով քրգործը դադարեցնելու մասին դատարանի որոշմանը։ Իրականում՝ եթե անգամ դատաքննությունը շարունակվեր, եւ դատարանը նրան մեղավոր ճանաչեր, միեւնույն է, Ռոբերտ Քոչարյանն այդ դեպքում էլ չէր ազատազրկվի, քանզի նրան վերագրվող հանցագործության վաղեմության ժամկետն արդեն անցել է:

Ադրբեջանի օրենսդիր մարմինը դեկտեմբերի 26-ին «արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու» մասին հատուկ հայտարարություն է ընդունել։ Միլի Մեջլիսում ընդունված փաստաթղթի համաձայն՝ «արեւմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիքը» Հայաստանն է։ «Ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են ներկայիս ՀՀ-ի տարածքում: Պատմական փաստաթղթերն ու քարտեզները վկայում են, որ այստեղ ապրող բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել»,- ասված է հայտարարության տեքստում, որը խորհրդարանում ներկայացրել է «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքպերլին:

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: