Շաբաթ, Նոյեմբերի 23, 2019

Շաբաթվա անցուդարձ

26 հոկտեմբերի - 2 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անցած կիրակի նշվեց «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության տարելիցի օրը։ Ուղիղ 20 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ահաբեկչական խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողով, որտեղ ընթանում էր հարցուպատասխան կառավարության անդամների հետ, եւ կրակ բացեց։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Եվս 8 հոգի վիրավորվեց։ 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Հունանյանին ու նրա հանցախմբի 5 անդամների: Այդ խմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությանը եւ ծաղիկներ դրել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

…«Հոկտեմբերի 27»-ը նորանկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական իրադարձությունն է, որն այդպես էլ` մինչեւ վերջ չբացահայտված լինելով, տեղիք է տվել բազմաթիվ շահարկումների: Ոճրագործության մեջ ոմանք ռուսական, ոմանք էլ թուրքական հետք էին տեսնում, իսկ ընդդիմադիր առանձին շրջանակներ փորձում էին տեղի ունեցածի ողջ մեղքը բարդել օրվա իշխանությունների` մասնավորապես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի վրա: Վերջին վարկածի կողմնակիցները` որպես հիմնավորում, մատնանշում էին հետահաբեկչական շրջանում հանցախմբի մի քանի անդամների, ինչպեսեւ կարեւոր վկաների խորհրդավոր մահվան կամ անհետացման դեպքերը: Այսպես` ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` Նաիրի Հունանյանի քեռին, հետագայում ինքնասպանությամբ վերջ դրեց իր կյանքին, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալվածներից Նորայր Եղիազարյանը, ըստ պաշտոնական տեղեկացման, էլեկտրահարվեց Նուբարաշենի մեկուսարանում, երբ գործը տակավին նախաքննության փուլում էր։ Իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստատեսության մեկնաբան Տիգրան Նաղդալյանը: Աներեւույթ ինչ-որ մեկի «ձեռքը հասել էր» նույնիսկ մինչեւ Միացյալ նահանգներ, որտեղ ավտովթարի զոհ էր դարձել դեպքից հետո անհետացած կարեւոր վկաներից մեկը` Ազգային ժողովի բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը: Կար դիտորդների մի պատկառելի շրջանակը, որոնց կարծիքով` հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը զինված հեղաշրջման փորձ էր:

Ամեն դեպքում կատարվածը համազոր էր պետության ողնաշարը ջարդելուն: Ընդ որում՝ հասարակական-քաղաքական այնպիսի մի իրադրությունում, երբ խորհրդարանական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքի հաղթանակով եւ մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացմամբ Հայաստանում միանգամայն այլ մթնոլորտ էր առաջացել` հույսի, լավատեսության, ներշնչանքի ու սպասելիքների մթնոլորտ: Ժողովուրդը ցնծության մեջ էր, որովհետեւ սիրում ու հավատում էր իր առաջնորդներին` մեկի ղեկավարման տաղանդին ու երկար տարիների փորձառությանը եւ մյուսի կազմակերպչական ջիղին ու երիտասարդական էնտուզիազմին: Պատահական չէր այդ օրերի դիպուկ բնորոշումը, թե «ահաբեկիչը նշան բռնեց «Միասնության» լիդերների վրա, բայց գնդակը դիպավ ժողովրդի սրտին»: Երկար ժամանակ պահանջվեց մինչեւ վիճակը փոքր-ինչ շտկվեց, սակայն շատ կասկածներ ցայսօր մնում են չփարատված` ո՞վ էր, այնուամենայնիվ, «Հոկտեմբերի 27-ի» պատվիրատուն եւ ով` շահառուն; ի՞նչ էր ոճրագործների ուզածը; ո՞ւմ արձակած գնդակից զոհվեց պատգամավոր Արմենակյանը, որը հանցախմբի ներխուժման պահին նիստերի դահլիճում չէր; ինչո՞ւ չպատժվեցին սպանվածների մարմինները դեռ չպաղած` Քոչարյանին պաշտոնների պահանջագիր ներկայացրած Վահան Շիրխանյանը, Վաղարշակ Հարությունյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, որոնցից ոմանք այսօր էլ շարունակում են անամոթաբար շահարկել «Հոկտեմբերի 27»-ը; ի՞նչ գաղտնի հավաքներ էին տեղի ունենում ՊՆ-ում` ահաբեկչությունից անմիջապես հետո; ինչո՞ւ վերջերս վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դիմում ներկայացրեց գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը եւ այլն: Ողբերգությունից 20 տարի անց այս եւ էլի շատ հարցերի պատասխաններն անհայտ են հանրությանը, չնայած ժամանակին, երբ գործը դեռ նախաքննության փուլում էր, Քոչարյանը հավաստիացնում էր, թե բացահայտումն այլեւս մի «ուչաստկովու» գործ է: Երկրորդ նախագահի լավատեսությունը խաբուսիկ դուրս եկավ: Բացահայտման գործընթացը տեղապտույտից դուրս չեկավ նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ուղղված կասկածները փարատելու, գործի բացահայտմամբ իր շահագրգռվածությունն ապացուցելու համար Ռոբերտ Քոչարյանը վարչապետ նշանակեց զոհված Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանին, գլխավոր դատախազ` Բորիս Նազարյանին, ով Սարգսյան ընտանիքի մերձավորներից էր, եւ քննչական խմբի ղեկավար` Գագիկ Ջհանգիրյանին, ով Վազգեն Սարգսյանի մոտ բարեկամն ու հավատարիմ զինակիցն էր: Ոճրագործության բոլոր հանգամանքները ջրի երես դուրս բերելու բոլոր նախադրյալները կային, բայց… եղավ այն, ինչ եղավ:

Ամենավատթարը, սակայն, ուրիշ բան է` «Հոկտեմբերի 27»-ից մեր չսերտած դասերը: Երբեւէ մտածե՞լ ենք, թե ինչպիսի կործանարար հետեւանքների կարող են հանգեցնել այն ատելությունը, գրեթե պետական մակարդակի հասցված անհանդուրժողականությունը, մարտնչող տգիտությունը, Հայաստան-Արցախ հարաբերությունների խորապատկերին ազգի երկատմանը միտված գործողությունները, որոնց ականատեսն ենք այս օրերին: Յուրաքանչյուրս պետք է հստակ գիտակցի, որ «Հոկտեմբերի 27»-ը տխրահռչակ ՀՀՇ-ի ժամանակներից կուտակված անհանդուրժողականության, չարակամության, մաղձի եւ ատելության տրամաբանական ժայթքումն էր:

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հոկտեմբերի 29-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների եւ դեմոկրատների հեղինակած փաստաթղթին կողմ քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11, ձեռնպահ՝ 3: Բանաձեւը փաստում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ոգեկոչումը՝ այն պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու միջոցով: «Սա մի քվեարկություն է, որին ես սպասել եմ 19 տարի, մի քվեարկություն, որին տասնյակ հազարավոր ամերիկահայեր տասնամյակներ են սպասել»,- հայտարարել է բանաձեւի համահեղինակ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը:

Պաշտոնական Երեւանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը՝ բանաձեւը բնորոշելով որպես «հզոր քայլ պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ»։ Վերջին անգամ նման փաստաթուղթ ընդունվել էր երեքուկես տասնամյակ առաջ` 1984-ին: Նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

...Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, օրենքի պարտադիր ուժ չունեցող այս փաստաթուղթը խորհրդանշական մեծ նշանակություն ունի եւ կարող է է՛լ ավելի սրել թուրք-ամերիկյան` առանց այդ էլ լարված հարաբերությունները: Անկարան, բնականաբար, դատապարտել է բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի եւ կառավարության համար»: Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Թվիթերի իր էջում տեղի ունեցածը կապել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ: «Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այսկերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումն առոչինչ է մեր կառավարության եւ ժողովրդի համար»,- այսպես է թվիթերյան գրառումն ավարտել Չավուշօղլին: Եվ սա ամենը չէ: Պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել նաեւ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը` հայտարարելով, թե մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»: Թուրքիայի արտգործնախարարությունը շարունակում է պնդել, թե 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը ոչ թե քաղաքականության, այլ պատմագիտության ուսումնասիրության առարկա են: Հայտարարության մեջ նաեւ մտահոգություն է հայտնվում, որ բանաձեւի ընդունումը կարող է «միջազգային ու տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից դժվարին այս ժամանակաշրջանում» վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Ահա այսպես` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւից հետո Թուրքիայում փաստորեն իրար են խառնվել` չնայած փորձում են հավաստիացնել, թե Կոնգրեսի նախաձեռնությունն «առոչինչ է» կամ «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի եւ կառավարության համար»: Թուրքիայի անհանգստությունը հասկանալ կարելի է` նրա խոսքն այլեւս չի անցնում: Տարիներ առաջ` 2007-ին եւ 2010-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության էին դրվել նույնաբովանդակ այլ բանաձեւեր, Թուրքիան Վաշինգտոնից ետ էր կանչել իր դեսպանին, ինչը որոշակի ազդեցություն գործել էր: Փաստաթղթերը քննարկվել էին միայն կոնգրեսական հանձնաժողովներում եւ այդպես էլ չէին հասել լիագումար նիստի օրակարգ: Հիմա իրավիճակն ու ժամանակները, կարծես թե, փոխվել են` միջազգային ասպարեզում իր երկրի վարկը փրկելու համար Էրդողանը օրեր առաջ փորձեց ցույց տալ, որ ինքը դեռ «թամբի վրա» է` հայտարարելով, թե իրեն ուղղված` Թրամփի նամակն աղբարկղ է նետել: Դրանից, սակայն, Թուրքիայի նկատմամբ անվստահությունը կամ հակակրանքը չպակասեց: Ավելին, նույն օրը` հոկտեմբերի 29-ին, Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար:

Այնպես որ, երիցս իրավացի էր դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը, երբ ասում էր. «Թուրքիային սիրաշահելու ժամանակներն այլեւս ավարտվել են, Ամերիկան վաղուց պետք է ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը»: Սա այն նույն Շերմանն է, ով բանաձեւի ընդունումից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել ոչ միայն փաստաթղթի հեղինակներին, այլեւ… Թուրքիայի նախագահին: «Առանց ձեզ, պարոն Էրդողան, մենք այս հանգրվանին չէինք հասնի»,- դիպուկ նկատել էր կոնգրեսականը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Վանաձոր` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին եւ ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։ Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր ու ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվել է, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար եւ վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։

Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 28-ին մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Մեղադրանքն առաջադրվել է երկու՝ պաշտոնեական կեղծիքի եւ իշխանության յուրացման հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ավելի վաղ ԱԺ նախկին նախագահն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ կեղծիք թույլ չի տվել: Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ Այս գործով մեղադրյալ է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով նույնպես մեղադրանքը չի ընդունում։

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 29-ին այցելել է Գյուրիի ռուսական 102-րդ ռազմակայան: Մամուլի փոխանցմամբ՝ ռազմակայանի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը նախարարին զեկուցել է, որ արդիական նոր սպառազինություններով ու նոր տեխնիկայով վերազինվելուց հետո հենակետի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Այցի շրջանակներում տեղի են ունեցել Շոյգուի եւ Տոնոյանի առանձնազրույցը եւ երկու պետությունների պատվիրակությունների բանակցությունները՝ ընդլայնված կազմով: Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տվյալներ են ձեռք բերվել Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի, 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:

Նոյեմբերի 22 2019
Նոյեմբերի 15 2019
Նոյեմբերի 08 2019
Հոկտեմբերի 25 2019
Հոկտեմբերի 19 2019
Հոկտեմբերի 11 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am