Երկուշաբթի, Նոյեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

5-12 հոկտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու առաքելությամբ հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում էին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ու ԱԳ նախարարները: Չնայած բարեպատեհ հանգամանքին, այդպես էլ ո՛չ Փաշինյան-Ալիեւ երկկողմ եւ ո՛չ Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ տեղի չունեցան: Հաղորդում չեղավ նաեւ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Ըստ կրեմլյան աղբյուրի՝ քննարկվել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

«Ռուսաստանը դրական դերակատարություն ունի այս հարցում»,- հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ չպարզաբանված թողնելով հարցը, թե հայ-ադրբեջանական բանակցություններում տեւական ժամանակ որեւէ ներգրավվածություն չունեցող Մոսկվան ինչ դերակատարություն կարող է ունենալ: Իսկ Հայաստանում լարված հակառուսականության հենքին մի տեսակ առեղծվածային էր ԱՊՀ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, որը հիասթափեցրել է հայ արեւմտամետներին: ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ըստ երեւույթին, Արեւմուտքից իր ակնկալածը չստանալով՝ նորից երեսը դարձրել է «փորձված թանի»՝ հյուսիսի կողմը, որտեղ եւս նրան առանձնապես չեն սպասում:

«Տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ ՀՀ կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ձեւաչափերում նույնական է»,- Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշել է վարչապետի խոսնակը: Ըստ Նազելի Բաղդասարյանի, ՀՀ կառավարության ղեկավարը Պուտինին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները՝ նրան փոխանցելով համանուն վերնագրով գրքույկը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնելով «տարածաշրջանային թեմաների մասին ռուսաստանցի մի շարք պաշտոնյաների կիրառած ձեւակերպումների ու բառապաշարի վերաբերյալ»։

Կարելի է եզրակացնել, որ խոսքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է: Բանն այն է, որ ավելի վաղ՝ Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիեւ հանդիպումներից հետո, Կրեմլի խոսնակը հայտարարել էր, թե ՌԴ նախագահը կես ժամ տեւած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։ Ի դեպ, միջազգային շրջանառության մեջ այս բառեզրը Իլհամ Ալիեւն է մտցրել, ինչով հաճախ է պարծենում: Իսկ Ռուսաստանը, կարծես թե, «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը չի կիրառում՝ իրենք խոսում են Ադրբեջանի արեւմտյան շրջանները Սյունիքով Նախիջեւանին կապելու ճանապարհի մասին: Եթե Կրեմլի խոսնակը բերանից թռցրել է, դրանից պետք չէ մեծ ողբերգություն սարքել:

Ալիեւը ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգ էր բերել անվտանգային, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, Բաքու-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ներդրումային ու էներգետիկ ծրագրերի կենսակոչման հրամայականներ, որոնց հենքին «բառապաշարի» ու «ձեւակերպումների» առումով Փաշինյանի դիտարկումներն ուղղակի զավեշտալի են: Հայ-ռուսական լարվածության մեկ առիթ էլ վերջերս տարածաշրջանի ապաշրջափակման թեման է դարձել. պաշտոնական Երեւանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները ոչ թե պետք է տեղակայվեն Սյունիքով դեպի Նախիջեւան տանող ճանապարհին, այլ ընդամենը մշտադիտարկման գործառույթ իրականացնեն:

Իր հերթին՝ ռուսական կողմը Երեւանին մեղադրում է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ: Բայց, չնայած բարդ փոխհարաբերություններին, Պուտինի հետ հանդիպման բաց մասում Փաշինյանն արձանագրեց, որ վերջին ամիսներին ունեցել են «բավական ակտիվ քաղաքական երկխոսություն». նկատի ունի ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Երեւան, ինչպես նաեւ Երեւանում ԵԱՏՄ միջկառավարական նիստի անցկացումը։ ՌԴ նախագահն էլ խոսեց երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության տպավորիչ տվյալներից՝ նշելով, որ այն հատել է 7,4 միլիարդ դոլարի սահմանագիծը:

Իհարկե, շատ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ են խոսել հանդիպման փակ հատվածում, բայց ավաղ… Վերջում Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետին հրավիրեց հաջորդ շաբաթ Կազանում կայանալիք BRICS-ի գագաթաժողովին, որին ակնկալվում է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը։ Ավելի վաղ Փաշինյանն իր համաձայնությունը տվել էր: Երեւում է՝ վերջինս դեմ չէր լինի եւս մեկ անգամ շփվել Էրդողանի հետ ու նրան փոխանցել «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքից ստացած իր տպավորությունները:

Հետգրություն. Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» եւ «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

 

Շաբաթվա ընթացքում «Սրբազան պայքար» շարժումը՝ առաջնորդությամբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքներից հետո (հոկտեմբերի 6-ին եւ 9-ին) երկու «թեմատիկ» քայլերթ էր ձեռնարկել. հոկտեմբերի 6-ին՝ դեպի Սահմանադրական դատարան, իսկ երեք օր անց՝ դեպի Գլխավոր դատախազություն: «Գնալու ենք հանրայնացնելու ու անարգանքի սյունին գամելու այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել (նկատի ունի Հռչակագրի որոշ դրույթների ոչ իրավական ճանաչումը-Գ.Լ.), միեւնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից»,- ՍԴ գնալուց առաջ հայտարարել է Բագրատ Սրբազանը:

Հոկտեմբերի 9-ի հանրահավաքի շրջանակում դեպի ՀՀ գլխավոր դատախազություն քայլերթը, կարծես թե, ավելի լուրջ ու պատասխանատու առաքելություն ուներ. «Մենք պահանջում ենք Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանությանը, էթնիկ զտմանը նրա հանցակցության համար»,- դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում պարզաբանել է «Սրբազան պայքարի» առաջնորդը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում բոլոր ինստիտուտները ծառայում են ոչ թե պետությանը, այլ քաղաքական իշխանությանը, հակառակ դեպքում «հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաեւ իրավական դաշտում»:

Հատկանշական է, որ թե՛ ՍԴ-ի շենքի դիմաց, թե՛ Գլխավոր դատախազության մուտքի մոտ ոստիկանները չդիմացան գայթակղությանը՝ բիրտ ուժ կիրառելու երիտասարդ ցուցարարների նկատմամբ, որոնք ընդամենը փորձում էին օրենքով չարգելվող ակցիաներ իրականացնել քայլերթի ժամանակ, օրինակ՝ դատախազության շենքի մոտ այրել Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը: Երիտասարդներն այն բերել էին ակներեւաբար ցուցադրելու, թե ինչպես կարելի է կալանավորել Փաշինյանին։ Խրտվիլակը նկատելուն պես՝ ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա, խլեցին այն եւ «տարման ենթարկեցին», ինչի արդյունքում իրավիճակը լարվել էր:

Առհասարակ՝ անկողմնակալ գնահատելու դեպքում պետք է խոստովանել, որ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը դանդաղ գնում է մարման: Ոմանք ասում են՝ Երկրորդ եւ Երրորդ նախագահները մսխեցին մայիսի 9-ի էներգիան, ուրիշները համարում են, որ հասարակությունը՝ խիստ դժգոհ լինելով գործող իշխանություններից, հերթական անգամ մերժում է նաեւ նախորդներին ու սկզբունքորեն պատրաստ չէ վերադարձնելու նախկին վարչակարգերից եւ ոչ մեկին: Հնարավոր է՝ այդ տեսակետների մեջ կան ճշմարտության հատիկներ, բայց ոչ՝ ամբողջ ճշմարտությունը: Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառներն անհամեմատ խորն են:

Ավելի փորձառու քաղաքագետների դիտարկմամբ՝ «Սրբազան պայքարի» քաղաքական բաղադրիչը թույլ է, շարժման շարքերում կան «օդիոզ» դեմքեր, որոնց հասարակությունը չի ընդունում, անորոշ ու մշուշոտ է գործընթացի ապագան՝ հստակ ծրագրի ու հայեցակարգի բացակայության պատճառով: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ինքը համակրելի անձնավորությունն է, հայրենասեր, պարկեշտ, բանիմաց ու մարդամոտ, բայց հանրության լայն շերտերի համար այդքանը բավական չէ, մարդիկ մրցունակ, կազմավորված, լավ ներդաշնակված թիմ են ուզում՝ կանխատեսելի ապագայի հավատ ներշնչող:

Կհաջողի՞ Բագրատ Սրբազանն իր Շարժման կորիզը կազմող թիմակիցների ջանքերի մեկտեղմամբ նոր վերամեկնարկ տալ Սրբազան պայքարին, վերաթարմացնել, ավելի նորոգ ու բարեկերտ, առողջ ու վատահելի միջավայր հաստատել՝ ետ բերելով Մայիսիննի ոգին ու շնչառությունը: Ցույց կտա ժամանակը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հոկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ: Մայր աթոռի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վեհափառը հանդիպումներ է ունեցել թեմական խորհրդի ու ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպեսեւ մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համաժողովին:

Բաքուն մեղադրել է Երեւանին եւ Փարիզին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցը չարաշահելու մեջ։ Կազմակերպության 19-րդ գագաթաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին ընդունվել է բանաձեւ, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին եւ խաղաղության գործընթացին։ Բայց Բաքուն սովոր է խոսել վերջնագրի լեզվով. «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ընթանում է կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով, կա՛մ շարունակում է առճակատումը բոլոր ուղղություններով»,- ասված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ առանձին որոշմամբ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին՝ հաստատել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։ «Հաջորդ տարի մշակութային քաղաք ճանաչել ադրբեջանական Լաչինը, 2026 -ին՝ հայկական Մեղրին, 2027 -ին բելառուսական Մոլոդեչնոն»,- նշել է Լավրովը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ։ Հայաստանի ԱԳնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-8-ը գտնվում էր Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հավաքին ընդառաջ կայացած ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հոկտեմբերի 10-ին մերժել է սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Պատգամավորը շատ մանրամասներ չգիտեր, բայց նշեց՝ թեեւ Դավոյանը միակ թեկնածուն էր, սակայն նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը: Դավոյանի օգտին կողմ քվեարկել են ընդամենը երկու հոգի՝ Պնախարար Սուրեն Պապիկյանը եւ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Երեւանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի մասին: «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ տվյալ պահի դրությամբ տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառները, նրա խոսքով, հայտնի կլինեն միայն փորձաքննությունից հետո: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։23-ին, մարվել՝ 16:11-ին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: