Ուրբաթ, Նոյեմբերի 15, 2019

Շաբաթվա անցուդարձ

5-12 հոկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային համաժողովը` WCIT-2019-ը, որն անցկացվեց հոկտեմբերի 6-9-ը, Երեւանում: Համերգային երեկոյին ներկա էին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրեր եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: WCIT-2019-ի պաշտոնական բացումը հաջորդ օրն էր` հոկտեմբերի 7-ին: Բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: Երեւանյան համաժողովի մասնակիցների թվում էին նաեւ հայազգի հանրահայտ անուններ` «System of a Down» ռոք խմբի հիմնադիր ու մենակատար Սերժ Թանկյանը, «Ռեալիթի շոուի» հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւ շատ ուրիշներ:

Հայաստանը դարձյալ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի բուռն արձագանքները դեռ չմարած` Երեւանը հյուրընկալեց աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձության` 23-րդ համաշխարհային ֆորումի մասնակիցներին: Այն Հայաստանի մայրաքաղաքում մի տանիքի տակ էր հավաքել 70 երկրներից ժամանած ավելի քան 2500 առաջնորդների, նորարարների, քաղաքական գործիչների, հետազոտողների, արվեստի ու շոու բիզնեսի ներկայացուցիչների։ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն, եւ երկրի օրենսդրությունը նպաստավոր միջավայր է ապահովում այդ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ) վստահորեն մուտք են գործել մի շարք երկրների ազգային տնտեսությունների ոլորտ եւ վերջին տասնամյակների ընթացքում դարձել այդ երկրների հսկայաքայլ առաջընթացի շարժիչ ուժը։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների 2000-2009 թվականների փորձը վկայում է, որ ներդրումները ՏՀՏ ոլորտում ավելի մեծ նշանակություն ունեցան տնտեսական աճի համար, քան այլ ոլորտներում կատարված ներդրումները: Տնտեսագիտական գրականության մեջ նշված են բազում ուղիներ, որոնց միջոցով տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսական աճի եւ ինտեգրման վրա։ Մասնավորապես` լայնաշերտ կապի ենթակառուցվածքը եւ ՏՀՏ-ների վրա հիմնված ծառայությունները համարվում են ներքին արտադրողականության, մրցունակության, աշխատատեղերի ստեղծման ու տնտեսության բազմազանեցման (դիվերսիֆիկացման) հիմնական խթաններ, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային առեւտրի, օտարերկրյա ներդրումների ու տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը։ Անհնար է գտնել որեւէ զարգացած երկիր, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները չունենան առանցքային դեր ու նշանակություն։ Եվ իզուր չէ, որ տեղեկատվությունն այսօր հասարակության համար ամենաթանկ ռեսուրսներից է եւ դասվում է այնպիսի պաշարամիջոցների շարքը, ինչպիսիք են նավթը, գազը, օգտակար հանածոները եւ այլն։ Սա նշանակում է` տեղեկատվության մշակումը կարելի է ընկալել որպես տեխնոլոգիա։

ՏՏ ուղղության ընտրությունը մեզանում պատահականություն չէ: Այն ավանդաբար գալիս է ԽՍՀՄ-ի ժամանակներից, երբ միութենական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի բնագավառի առաջատարն էր: Եթե ընդունենք, որ միկրոէլեկտրոնիկան այժմյան տեղեկատվական տեխնոլոգիաների նախատիպն էր` իսկ դա այդպես է, հասկանալի է դառնում ոլորտի հանդեպ հայերի նախասիրության տրամաբանությունը: Այժմ ՀՀ-ում գործում են ՏՀՏ-ների 900 ընկերություններ` ներառյալ համաշխարհային ճանաչում վայելող PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը: Հատկանշական է, որ Խորհրդային Միության տարիներին ՀՀ-ում միկրոէլեկտրոնիկայի ճյուղում զբաղված էր շուրջ 20 հազար մարդ, այսինքն` մոտավորապես այնքան, որքան այսօր ներգրավված է ՏՏ ոլորտում:

Հիմա շատերին հուզող ամենակարեւոր հարցի մասին: Եվ այսպես` ի՞նչ կտա մեզ Տեղեկատվական տեխնոլոգիաների Երեւանում անցկացված համաշխարհային համաժողովը: Անշուշտ` նմանատիպ խոշոր միջոցառումներից արագ արդյունք պետք չէ ակնկալել: Արդյունքը կերեւա ժամանակի ավելի խոշոր կտրվածքում, երբ սկսեն աշխատել ձեռք բերված պայմանավորվածությունները, գործնական եւ անձնական կապերը: Այս պահի դրությամբ ամենակարեւոր գործոնը իշխանությունների կամքն է` կենսակոչել հրապարակավ տված խոստումը` Հայաստանը դարձնել աշխարհում տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկը: Դրա նախադրյալներն ակներեւ են` հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ, ինչպես համաժողովում շեշտեց ՀՀ վարչապետը, տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։

Կապրենք` կտեսնենք:

 

«Հայելի» մամուլի ակումբի մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առթիվ Երեւան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են Երեւանի դատախազությունից` նշելով, որ  հոկտեմբերի 5-ի երեկոյան 4 քաղաքացիներ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան եւ Հայկ Ստեփանյան, հարձակվել են ակումբի վրա, ձվեր նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

…Իր անդրադարձում մամուլի ակումբի դեմ հարձակումն «անթույլատրելի է» որակել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ մասնագիտական գործունեության կապակցությամբ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ «Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցներ Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որեւէ նման դեպքի կրկնություն»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է օմբուդսմենը։

Հիրավի, կատարվածն ընդդիմադիր դաշտում գործող տեղեկատվական միջոցին լռեցնելու առաջին լուրջ փորձն է «Թավշյա հեղափոխությունից» հետո անցած մեկուկես տարվա ընթացքում: Մի բան, որը մենք արդեն տեսել ենք նախորդ իշխանությունների կառավարման տարիներին: Ուշագրավ է, որ, ըստ որոշ տեղեկությունների, մամուլի ակումբի վրա հարձակում գործած անձինք այն նույն խմբից էին, որը սեպտեմբերի 25-ին Ազատության հրապարակում կազմակերպել էր ակցիա` ի պաշտպանության Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ բողոքի մի շարք գործողություններ` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: Բացի դրանից, նկարահանված տեսանյութում «Հայելի» ակումբի դռներին ու պատերին պաստառներ փակցնող երիտասարդներից մեկը գոչում էր. «Հրայր Թովմասյանի քույրը` Անժելա Թովմասյանը, իրավունք չունի, ընդհանրապես, Հայաստանում իրականացնելու որեւէ գործունեություն»: Եվ պատահական չէ, որ հարձակման դրդապատճառների մասին խոսելիս` շրջանառվում է երկու հիմնական տեսակետ: Առաջին` այն հանգամանքը, որ «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանը քույրն է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, ում պաշտոնեական լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր ձեռնարկել նույն իշխող կուսակցությունը, եւ երկրորդ` Hayeli.am կայքէջում հրապարակված` «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածը: Ցավով նկատենք, որ հարձակման դրդապատճառների այս վերջին ասպեկտին անդրադարձել են նաեւ ադրբեջանական Hagigin.az եւ Minval.az կայքերը`հղում կատարելով հայկական «7 օր»-ի եւ «Հրապարակ» օրաթերթի համապատասխան լուրերին: Բողոքի գործողության պատճառը, ադրբեջանական լրատվամիջոցների շեշտադրմամբ, Hayeli.am-ի հրապարակած հոդվածն է, որը վերնագրված է «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին»: Այս էլ` որերորդ անգամ, ադրբեջանական մամուլն իր հակահայկական քարոզչության պետական ծրագրի շրջանակներում առատ նյութ է քաղում հայկական ԶԼՄ-ներից: Սա խիստ մտահոգիչ է, որից պետք է հետեւություններ անենք բոլորս:

Չորս երիտասարդների ակցիայի պատճառների կամ, ավելի ստույգ, նպատակի մասին շատերից տարբերվող կարծիք է հայտնել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նրա դիտարկմամբ` «Հայելի» ակումբի նկատմամբ կատարված ոտնձգությունը ոչ այլ ինչ է, քան հոգեբանական ճնշման փորձ` մի կողմից Հրայր Թովմասյանի ընտանիքի, մյուս կողմից էլ` կառավարության ենթակայությունից դուրս լրատվամիջոցի նկատմամբ: Խորհրդարանական ուժերը, ինչպես նաեւ մեկ տասնյակից ավելի լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտում են «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարված գործողությունները` շեշտելով, որ մամուլի դեմ հարձակումն արդարացում ունենալ չի կարող: Հարուցվել է քրեական գործ, վերոհիշյալ չորս անձինք ներգրավվել են որպես կասկածյալներ:

Մնում է սպասել իրավապահպան համակարգի գնահատականին, որը, Արցախի նախկին օմբուդսմենի համոզմամբ, համարժեք չի լինելու: Այդպես մտածելու հիմք Մելիքյանը, թերեւս, ունի` բավական արտառոց միջադեպին մեր իրավապահ մարմիններն արձագանքել են… 30 ժամ անց:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա։ Հայաստանի նախագահը Ժնեւում մասնակցել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։ Այս խումբը ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։ Հոկտեմբերի 6-ին Արմեն Սարգսյանը Ժնեւում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան 67-րդ տարդարձի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ օրերս Երեւանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ամերիկաարցախյան հարաբերություններին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր են քննարկվել հոկտեմբերի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերի եւ Ջուդի Չուի հետ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ: Ամերիկացի կոնգրեսականներին Ստեփանակերտում ընդունել է նաեւ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նախարարը բարձր է գնահատել

Սփիերի եւ Չուի ակտիվ գործունեությունը՝ ուղղված  ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, ինչպեսեւ Վաշինգտոնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչմանը։

«Մարտի 1»-ի գործով եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող` Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 9-ին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Ինչպես հայտնել է բուժկենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, բժշկական կենտրոնից չեն հայտնել՝ ասելով, որ դա անձնական տեղեկություն է։ Նախկին նախագահին նախորդ օրվա առավոտյան էին տեղափոխել բժշկական կենտրոն։ Մինչ այդ նա երկու անգամ հետազոտություն էր անցել նույն բուժհաստատությունում։

Նոյեմբերի 08 2019
Հոկտեմբերի 25 2019
Հոկտեմբերի 19 2019
Հոկտեմբերի 11 2019
Սեպտեմբերի 27 2019
Սեպտեմբերի 20 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am