Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

Շաբաթվա անցուդարձ

21-28 սեպտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 21-ին Գյումրիից` Լոս Անջելես մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Միացյալ նահանգներ: Կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը մասնակցեց Լոս Անջելեսի կենտրոնում` «Գրանդ Փարք»-ում տեղի ունեցած հանրահավաքին, որտեղ հանդես եկավ ելույթով: Փաշինյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի հոգեւոր ու աշխարհիկ կառույցների ղեկավարների, հայկական ԶԼՄ-ների եւ գործարար շրջանակների հետ: Լոս Անջելեսից վարչապետն այցելեց Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ հայազգի մասնագետներին: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին ու հանդես եկավ ելույթով: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, մի շարք երկրների գործընկերների եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեց «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես: ԱՄՆ այցի շրջանակում ստորագրվեցին համագործակցության մասին հուշագրեր:

Բարձրաստիճան պաշտոնյայի ցանկացած արտասահմանյան այց պետք է պատասխանի ամենագլխավոր հարցին` ի՞նչ շահեց դրանից տվյալ պաշտոնյայի կամ նրա գլխավորած պատվիրակության ներկայացրած պետությունը: Չէ որ այդպիսի այցերն ինքնանպատակ չեն: Դրանց արդյունավետությունը չափվում է հիմնահարցերի այն շրջանակի անթերի կենսակոչմամբ, որը դուրս է բերվել միջազգային հարթակ` ամբողջական լուծման ակնկալիքով: Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո` պատասխանելով տեղական եւ Հայաստանից ժամանած լրագրողների հարցերին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի համար էական նշանակություն ունեցող ուղենիշներին: Մասնավորապես՝ դրանք առնչվում են Հայաստան-Սփյուռք կապերին, համահայկական հայեցակարգի ձեւավորմանն ու դրա շուրջ համազգային քննարկումներին, արցախյան հիմնախնդրի կարգավորման, Ցեղասպանության ճանաչման հրամայականին, ՀՀ վարչապետի` ԱՄՆ այցի օրակարգին, Հայաստան-Կալիֆոռնիա բիզնես համագործակցությանը, Հայաստանի զարգացման մեջ Սփյուռքի ներգրավվածությանն ու նրա ներուժի լիարժեք կիրառմանը, «Թավշյա հեղափոխության» արդյունքում ժողովրդավարության արձանագրած առաջընթացին եւ հրատապ մարմնավորում պահանջող մի շարք այլ թեմաների:

Անշուշտ, վերը թվարկված խնդիրներից շատերի լուծման գործում Միացյալ նահանգների պես հզոր պետության դերն ու սատարումը վճռորոշ կարող են լինել: Եվ չի բացառվում, որ Ամերիկան ըմբռնումով մոտենա փոքրիկ Հայաստանի կարիքներին եւ ինչ-որ հարցում նրան աջակցի: Բայց, ինչպես արդի աշխարհում ամեն ինչը, այդ աջակցությունը եւս իր գինն ունի, որը շատ հաճախ թույլ կողմին պարտադրում է զոհաբերել իր հպարտ ինքնիշխանությունից բավական պատկառելի մի պատառ: Այսինքն` ապավինել հզորի բարեգթությանը` նշանակում է կանխավ հաշտվել այդպիսի ցավալի կորստի հետ: Հետեւաբար` այս կամ այն խնդիրը միջազգային ասպարեզ դուրս բերելուց առաջ հարկավոր է լավ ծանրութեթեւ անել բոլոր պլյուսներն ու մինուսները, գտնել «թեման» լավագույնս հիմնավորելու եւ ներկայացնելու ձեւերը:

Մյուս կողմից` պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար, ինչպես փաստում են խնդրին տիրապետող փորձագետները, առաջնահերթությունների նույնիսկ հարյուրյակում չկա: Այնպես չէ, որ Հայաստանի ղեկավարն ուզած ժամանակ կարող է հանդիպել Միացյալ նահանգների նախագահի հետ` չափազանց դժվար է նման հանդիպման հասնելու ուղին, մանավանդ ներկայիս վարչակարգի դեպքում, որն ընդգծված պրագմատիկ լինելով, ամեն ինչից վեր է դասում Ամերիկայի շահերը: Եվ, բացի դրանից, չմոռանանք, որ հետանկախական շրջանում ՀՀ նախագահներից Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն էր, որ 1994-ին պետական ու պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ: Հետագա տարիների բոլոր մյուս այցերն աշխատանքային էին: ՀՀ-ում Միացյալ նահանգների նախկին դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկար ժամանակ հայ-ամերիկյան հարաբերություններում բացակայում է պետական բարձրաստիճան այցելության իրողությունը: «Նախագահական բարձր մակարդակի հանդիպման կազմակերպումը միշտ շատ բարդ է: Դժվարանում եմ կանխատեսել, թե ինչ գործոններ կարող են ազդել, որ նման այց կազմակերպվի երկու կողմից»,- ասել է դեսպան Հեֆերնը: Իսկ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` նման հանդիպում իրենց օրակարգում կա, եւ Փաշինյան-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ պարբերաբար կատարվում են:

Բայց քանի դեռ հայկական կողմի հանդիպումներն իրենց մեջ չեն պարունակում պետական այցի արարողակարգային բոլոր տարրերը, Դոնալդ Թրամփը հանդիպման առաջնահերթությունը տալու է այն պետությունների ղեկավարներին, որոնք ԱՄՆ-ի համար որոշակի հետաքրքրություն են ներկայացնում: Այնպես որ, քաղաքականության մեջ աշխարհը կարեւորում է ոչ թե միտինգային պաթոսը, այլ փաստարկված, փոխադարձ շահի վրա հիմնված լուրջ օրակարգը:

 

Ոստիկանության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ին ժամը 23:59-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղի իր առանձնատանը հայտնաբերվել է 2003-2008 թթ. Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ եւ պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

...Հանրությունը ցնցված է գեներալի ինքնասպանության լուրից: Նրան ճանաչողներն ու մտերիմները բացառում են ինքնասպանության վարկածը՝ ասելով, որ Ոստիկանության նախկին պետը կենսուրախ, հոգեպես ու ֆիզիկապես ամուր մարդ էր եւ ոչ մի դեպքում իր կյանքի վրա ձեռք չէր բարձրացնի: Բայց, քանի որ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով անցնում էր որպես վկա, կանխավարկածների մեծամասնությունը բխում է հենց այդ հանգամանքից՝ չնայած դեպքի վայրում նրա հետ գտնված անձը հարցաքննության ժամանակ հավաստիացնում էր, որ Հարությունյանի խոսակցության բովանդակությունն առնչություն չի ունեցել «Մարտի 1»-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի կամ դրա շրջանակներում իր նկատմամբ ճնշումներ գործադրելու հետ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Նախաքննությունը շարունակվում է, եւ պետք է հուսալ, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն դեպքի հանգամանքների անաչառ ու բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված դրվագները ստուգելու ուղղությամբ: Իսկ ցուցմունքներ ու վկայություններ այս օրերին բավական եղան եւ շարունակում են ստացվել:

Որոշ լրատվամիջոցներ եւս կարեւոր նյութեր են փոխանցել: Hayeli.am կայքի անանուն աղբյուրը նույնիսկ ներկայացրել է ինքնասպանությունից առաջ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»,- ըստ կայքի անանուն աղբյուրի, ասել է նախկին ոստիկանապետը: Սա ֆեյսբուքյան օգտատերերից ոմանց հիմք է տվել տեղի ունեցածի մեջ տեսնելու «քոչարյանական հետք»: Ոմանք էլ առաջադրում են հակառակ վարկածը, թե ինչ-որ մեկին կարող էր պետք լինել մահ, որի կասկածն ընկելու էր Քոչարյանի վրա: Հետաքրքիր է ArmLur.am –ի աղբյուրի հաղորդածը, թե մահվան պահին Հարությունյանը մենակ չի եղել: Իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար-բարակ խոսել է անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, «բայց, արի ու տես, այսօր նրան անարգանքի սյունին են գամում, սեւ բիծ են քաշում կենսագրության վրա, եւ իրեն սպառնում են խայտառակությունն ու անպատիվ վախճանը»: Նույն կայքին հայտնի է դարձել, որ վերջին շրջանում Հարությունյանին հաճախ էին հրավիրում Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք վերցնելու կամ հարցաքննելու: ArmLur.am –ի հոդվածագիրը չի բացառում, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատվի համար է դիմել նման քայլի: Ուշագրավ տեղեկություններ է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ Հայկ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործի անջատված մասով: Բացի դրանից,  ըստ թերթի, Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է ճիշտ այն ժամանակահատվածին, երբ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն, թերթի նկարագրմամբ, Հարությունյանի շուրջ օղակն ակնհայտորեն սեղմվում էր, եւ կալանավորումը դառնում էր անխուսափելի:

Եվ այսպես վարկածներ, դատողություններ, վկայություններ... Բայց վերջին խոսքը հետաքննչական մարմիններինն է, որոնք պարտավոր են մինչեւ վերջ բացահայտել այս գործը: Հայկ Հարությունյանը ոչ միայն «Մարտի 1»-ի առանցքային վկաներից էր, այլեւ նախկինում եղել է Քրեակատարողական հիմնարկների, այսինքն՝ կալանավայրերի թիվ մեկ պատասխանատուն: Ով՝ ով, բայց նա լավ գիտի, թե այդ կարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ ինչպես են վարվում կալանավորները, եթե օրերից մի օր, աստված մի արասցե, հայտնվում է իրենց հետ նույն կարգավիճակում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում էր Անկախության տոնը՝ լրացավ Հանրապետության հռչակման 28-ամյակը։ 1991 թվականի այդ օրը հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին: Տոնի կապակցությամբ Հայաստանի ղեկավարությանը շնորհավորական ուղերձներ են հղել Միացյալ նահանգների, Ռուսաստանի, Իտալիայի, Չինաստանի, Ֆրանսիայի նախագահները, Մեծ Բրիտանիայի թագուհին, Ճապոնիայի կայսրը, նաեւ այլ պետությունների ու կազմակերպությունների ղեկավարներ: Քաղաքական էլիտան առավոտյան Եռաբլուրում էր, այնուհետեւ շարժվել էր դեպի Գյումրի, որտեղ էլ այս տարի նշվում էր Անկախության տոնը: Անկախության օրն «առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի օրը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպեսեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին: Նույն օրը Նյու Յորքում` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ-ում եւ Արցախում մեկնարկեցին «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություններ, որոնցում ընդգրկված են նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժությունների նպատակներն են ԶՈՒ ծավալման ու մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը եւ այլն: Զորավարժության ընթացքում ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Նոյեմբերի 29 2019
Նոյեմբերի 22 2019
Նոյեմբերի 15 2019
Նոյեմբերի 08 2019
Հոկտեմբերի 25 2019
Հոկտեմբերի 19 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am