Կիրակի, Հունիսի 16, 2024

Շաբաթվա անցուդարձ

2-9 սեպտեմբերի 2023թ.

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության 32-րդ տարեդարձն է: Այդ օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացավ ընդդիմության հանրահավաքը՝ հաջակցություն շուրջ ինն ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի: «SOS Արցախ» կարգախոսով հանրահավաքին ներկա էին նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ հայրապետի օրհնությունը, սերը, քաջալերանքը եւ աղոթքն էր հավաքի մասնակիցներին բերել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է:

Հանրահավաքը բավական մարդաշատ էր եւ, չնայած նվիրված էր հայկական երկրորդ հանրապետության անկախության տոնին, հավաքվածների տրամադրությունն այնքան էլ տոնական չէր: 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի աչքի դեմ եկվոր, բարբարոս թաթարը ցեղասպանության վտանգի է դատապարտել սեփական բնօրրանում հազարամյակներ ապրող արարչագործ մի ժողովրդի, բայց մարդասպանի արյունոտ ձեռքը բռնող չկա, աշխարհը խուլ ու համր է ձեւանում: Եվ աշխարհից խռով, սեփական իշխանությունների ապիկարությունից եւ ազգուրացումից տուժած Հայաստանն ու Արցախը հայտնվել են պետականության վերահաս կորստի դեմհանդիման:

Ցավի ու լքվածության, դրժումի ու տագնապի, ցասման ու վրեժի զգացումներն են մարդկանց դուրս բերել հրապարակ՝ պայքարի պատրաստակամությամբ եւ իրավիճակը շտկելու մղումով: Այս ամենի հենքին Արցախի անկախության օրվան նվիրված հավաքն ակամայից ստացել էր իշխանափոխության բովանդակություն, քանզի թշնամական աքցանում տեւապես դիմակայող 120 հազար արցախահայության պայքարը պատվի ու արժանապատվության համար է, գոյապահպանության եւ ազգային ինքնության համար: Դրանով հոկտեմբերի 2-ի միջոցառումը ե՛ւ յուրահատուկ էր, եւ՛ խորհրդանշական: Այն Արցախի շուրջ օղակը սեղմող դրսի ու ներսի ստահակների դեմ էր:

Հանրահավաքը երկու կարեւոր բացահայտում արեց. ա/ ցույց տվեց, որ ազգը, այսինքն՝ հասարակության հիմնական կորիզը, կենսունակ է ու պատրաստ բռունցքվելու, եւ բ/ ընդդիմությունն ունի ժողովրդի ջանքերը մեկտեղելու համակարգված մարտավարություն ու ճանապարհային քարտեզ, որը հավաքի ժամանակ ընդհանուր գծերով ներկայացրեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Պետք է ստեղծել ազգային ժողովրդական շարժում… Կան կարող ուժեր, ես գտնում եմ, որ նրանք պետք է համախմբվեն, իրար հետ  պայմանագիր կնքեն, որ գնում են իշխանափոխության խնդիրը լուծելու: Պետք է ստեղծվի 7-11 հոգանոց կոմիտե, որը կղեկավարի Շարժումը՝ ընդունելով բոլորի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ»,- ասաց Մանուկյանը:

Ազատության հրապարակում հնչած գրեթե բոլոր ելույթների միջով կարմիր թելի պես անցնում էր ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ մեր բարեկամ երկրներին ու թշնամիներին ուղղված մի կարեւոր ուղերձ՝ հայ ժողովուրդը մերժում է իշխանությունների բերած հանձնվողական օրակարգը եւ պատրաստ է պայքարել հանուն վերջիններիս մեղքով ծանրագույն իրադրության մեջ հայտնված իր հայրենիքի զույգ հատվածների բարօր, ազատ ու խաղաղ կյանքի: Ընդդիմությունը համոզված է, որ ժողովրդի միահամուռ ձայնը սթափեցնող նշանակություն կունենա բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանի մասին դատում են նրա անինքնասեր, ապաշնորհ իշխանությունների չափորոշիչներով:

Արցախում իրավիճակի լավացման որոշ ակնկալիքներ կան՝ պաշտոնից հրաժարական է տվել նախագահ Արայիկ Հարությունյանը, որին ժողովուրդը կնքել է «Արցախի Նիկոլ» անունով: Պաշտոնավարման երեք տարվա ընթացքում այս մարդն այդպես էլ չկարողացավ դուրս գալ Փաշինյանի «ստվերից», եւ նրա հրաժարականն այժմ ավելի շուտ փախուստի է նման, որովհետեւ հեռանալու համար ընտրել է ամենաանպատեհ ժամանակը: Եթե հրաժարական տար, օրինակ, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո 1-2 ամսվա միջակայքերում, ժողովրդի համար, թերեւս, ավելի ընկալելի լիներ, իսկ իր համար՝ ավելի անվտանգ: Թեեւ չի բացառվում, որ անվտանգության երաշխիք իր «տերերից» ստացել է:

Ամեն դեպքում «Արցախի Նիկոլն» ավարտեց կամ ավարտված համարեց իր անփառունակ առաքելությունը. պատմության մեջ նա կհիշատակվի որպես Արցախը թուրքին հանձնած նզովյալ անուն: Հիմա հերթը «Հայաստանի Նիկոլինն» է՝ մյուս, ավելի մեծ նզովյալինը… ազգի ցնծության ժամը, կարծես թե, մոտ է:

 

Նույն օրը՝ սեպտեմբերի 2-ին, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթի լրագրողին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, վերջին շրջանում Ռուսաստանի հետ Երեւանի լարված հարաբերություններին եւ այլ թեմաների: Խնդիրներ, որոնք մեծամասնությամբ հենց իշխանությունն է ստեղծել, մասնավորապես, ինքը՝ գործադիրի ղեկավարը, իր վարած անհեռատես քաղաքականությամբ: Հիմա կցկտուր պատասխանելով լրագրողի հարցերին, փորձում է սեփական ձախողումների մեղքը հասցեագրել միջազգային հանրությանը, ՌԴ-ին, «նախկիններին» եւ էլի շատ ուրիշների:

Փաշինյանի մեկնաբանությունները, մտքերը, դատողությունները, ինչպես միշտ, այս անգամ եւս, «չհաղթահարեցին» մակերեսայնության նիշը, դրանք միջակ փորձագետի արձագանքներ էին, եթե չասենք՝ դրանցից էլ թույլ: Տպավորություն էր, թե մարդուն նեղել են, եւ նա գանգատվում է սիրտը թեթեւացնելու համար՝ բա չեք ասի, ԼՂ-ում Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, չկան անվտանգության եւ իրավունքների երաշխիքներ, ռուս խաղաղապահները չեն կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող վճիռը մնում է անկատար, եւ այդպես շարունակ:

Ի՞նչ անի խեղճ Նիկոլը՝ ՀԱՊԿ-ն իր անգործությամբ հիասթափեցնում է Հայաստանի հանրությանը, Ադրբեջանը չի ուզում Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, առանց որի խաղաղություն երբեք չի հաստատվի, Ռուսաստանը պետք է վերահսկեր, բայց չի վերահսկում Բերձորի միջանցքով փոխադրամիջոցների ու քաղաքացիների ազատ տեղաշարժը: Մի խոսքով՝ որ կողմը նայում ես, համատարած ճգնաժամ է՝ հումանիտար ճգնաժամ, միջազգային իրավակարգի ճգնաժամ, բանակցությունների ճգնաժամ, ՀԱՊԿ-ի գործունակության ճգնաժամ… Միակ «ճգնաժամազերծ» տեղը, Փաշինյանի տրամաբանությամբ, ՀՀ կառավարման համակարգն է, որը յուղի պես աշխատում է:

Մոտավորապես այսպիսի նկարագրություն ունի La Repubblica-ին տված հարցազրույցը, որն արժանացել է Մոսկվայի սուր քննադատությանը. «Պետք է պատասխանատվություն կրել՝ սեփական պատասխանատվությունը… Սրանով է քաղաքական գործիչը, պետական գործիչը տարբերվում պատահական մարդուց, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին։ Պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլապես դա մի քիչ նման է «վատ պարողին» խանգարող հանգամանքին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Զախարովան:

Ավելի դիպուկ ու տեղին չես ասի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը անցած կիրակի օրը Թեհրանում համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Խոսելով կովկասյան տարածագոտու մասին՝ իրանցի նախարարն ասել է, որ ժամանակն է թողնելու լարվածության եւ հակամարտությունների շրջանը եւ առաջ շարժվել դեպի Կովկասում խաղաղության եւ համագործակցության շրջան։ «Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսություններին եւ երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը»,- ասել է Ամիր-Աբդոլլահիանը:

Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ եւ հարեւան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, բայց Երեւանը չպետք է Արեւմուտքի գործիքը դառնա ՌԴ-ին դուրս մղելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հարցազրույցը La Repubblica թերթին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ դիվանագիտական աղբյուրը նաեւ հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության եւ տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ՝ հավասար, փոխշահավետ եւ իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով: Լսումներին հրավիրված էր Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի զեկույցը մեջբերել է Ներկայացուցիչների տան հանձնաժողովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին սեպտեմբերի 5-ին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահը։ Ալիեւն ու Խովաեւը քննարկել են Աղդամի եւ Լաչինի ճանապարհների բացումը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը մերժում են Ադրբեջանի հրավերը վերաինտեգրման օրակարգով հանդիպում անցկացնել Բաքվում կամ Ադրբեջանի այլ քաղաքներում։ Խովաեւն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ:

Արցախի խորհրդարանի 5 ուժերից 4-ը՝ «Արդարություն»-ը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն, Դաշնակցությունն ու Արցախի ժողովրդական կուսակցությունը նախագահի թեկնածու են առաջադրել մի քանի օր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին: «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն էլ հայտնել է, թե նրանք քվեարկությանը չեն մասնակցի, նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։ Պատգամավորների խոսքով՝ նախագահի ընտրության առաջին փուլը այս շաբաթ օրն է՝ սեպտեմբերի 9-ին:

Հունիսի 15 2024
Հունիսի 07 2024
Մայիսի 24 2024
Մայիսի 18 2024
Մայիսի 11 2024
Ապրիլի 27 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: