Հինգշաբթի, Նոյեմբերի 15, 2018

Շաբաթվա անցուդարձ

Հուլիսի 7-14

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հուլիսի 7-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջեւանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ բանակի սպաների ու զինվորների հետ զրույցում Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից վերջին շաբաթներին սանձազերծված լարվածության աճի վերաբերյալ: Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է հայրենի երկրի խաղաղության համար: Ապա դիրքապահների ուղեկցությամբ տեղում դիտարկելով վերջին զարգացումները` կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել մարտական հերթապահություն կատարող զինվորներին եւ նրանց ընծայել խաչեր ու Աստվածաշունչ մատյաններ` մաղթելով խաղաղ, անվտանգ ծառայություն։ «Տարակույս չունենաք, ինչպես անցյալում, այնպես եւ այսօր ու ապագայում հայ հոգեւորականը լինելու է հայ զինվորի կողքին, լինելու է առաջնագծում»,- ասել է Վեհափառը:

…Տպավորություն է, թե Ամենայն Հայոց հայրապետի սույն այցելությունը հակակշիռն է բողոքի այն ցույցի, որի մասնակիցներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ Երեւանում եւ Էջմիածնում պահանջում են Վեհափառի հրաժարականը: Մարտական դիրքեր այցի նախօրեին նույնպես «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մոտ երկու տասնյակ անդամներ անժամկետ նստացույց էին սկսել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում են կաթողիկոսական գրասենյակը եւ Մայր աթոռի քարտուղարությունը: Պահանջը նույնն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը։ Վաղ առավոտյան դիվանատուն եկած քաղաքացիները Վեհափառ հայրապետին մեղադրում էին նաեւ Սուրբ Գեղարդ մասունքից մի հատված Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին նվիրաբերելու մեջ։ Ըստ նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի, դա կատարվել է գաղտնի ու անօրինաբար. «Իրենք տվել են կոնկրետ անձի՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին` հողերի, տարածքների դիմացԴա Աստված է մեզ հայտնել»,- ասել է ցուցարարը: Մինչդեռ Մայր աթոռից հակադարձում են, թե Սուրբ Գեղարդի ամբողջականությունը խախտված չէ։ Դրանից նվիրաբերում եղել է, բայց՝ ռուսական եկեղեցուն ու դեռ տարիներ առաջ։ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի բնորոշմամբ՝ այդ գործընթացները հատուկ են քրիստոնեական եկեղեցիներին, ինչը, բնական է եւ միտված է կապերի սերտացմանը. «Տարիներ առաջ Ալեքսի պատրիարքի օրհնությամբ եւ համաձայնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Սուրբ Գեղարդի բնից կամ կոթից, ներսից մի ասեղի գնդիկի չափով հատված՝ երկաթյա կտոր, ընծայաբերվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն»,- պարզաբանել է Տեր Վահրամ քահանան: Այդ օրը եւս նախաձեռնության անդամները փորձեցին հանդիպել Գարեգին երկրորդի հետ: Նրանց հետ էր նաեւ Սբ. Գայանե եկեղեցու վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը։ Բայց դիվանատանը բարձրացած աղուկին ընդառաջ դուրս եկած կաթողիկոսը նրանց հետ երկխոսության չգնաց։ Փոխարենը ձեռնարկեց իր սահմանային այցը` հավանաբար հասկացնելով, որ ինքն ավելի լուրջ, հայրենանվեր գործով է զբաղված: Գարեգին երկրորդի հեռանալուց հետո դիվանատանը կրքերը թեժացան։ Հոգեւորականներն ու աշխարհիկները լեզվակռվի բռնվեցին, ապա նաեւ միմյանց քաշքշեցին։ Կրքերը հանդարտվելուց հետո հոգեւորականները հայտարարեցին, որ դիվանատունը բռնազավթվել է անօրինական ճանապարհով, եւ իրենք հեռանում են, քանի որ նման պայմաններում աշխատելն անհնար է։ «Եկեղեցական կյանքը քաղաքական կյանք չէ: Եթե քաղաքական կյանքում նման մեթոդները կիրառելի են, ապա եկեղեցական կյանքում ամեն ինչ եկեղեցական կանոններով է առաջնորդվում: Եվ նման ակցիաներով, բռնազավթումներով, նման ներխուժումներով հնարավոր չէ կաթողիկոս հրաժարեցնել: Կարծում եմ` պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն պատկան մարմինների կողմից` վերականգնելու համար բնականոն աշխատանքը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում»,- ասել է Տեր Վահրամ քահանան` հավելելով, որ հարցի հետագա լուծումը թողնում է իրավապահներին: Անժամկետ նստադուլ հայտարարածները, սակայն, պնդել են, թե բռնություն իրենց վրա գործադրել են քահանաները, ապա հեռացել են՝ կողպելով անգամ սանհանգույցի դռները։ «Մենք եկել ենք մեր պահանջով, ինքը թողել, փախել է: Մենք այսօր այս շենքին տիրություն կանենք` մինչեւ կվերադառնա կամ հրաժարական կտա»,- իր հերթին նշել է Սբ. Գայանե եկեղեցու վանահայրը, ում կարգալույծ անելու հարցը, այս նախաձեռնությանը միանալու պատճառով, Մայր աթոռի օրակարգում է: Լրագրողների հարցին, թե որքանով են իրավաչափ իրենց գործողությունները, նստացույցի մասնակիցներն արձագանքել են` «եկեղեցին ժողովրդինն է»։ Ըստ էության` մեկնելով դիրքեր եւ հավաստիացնելով, որ հոգեւորականը միշտ կանգնած է լինելու հայ զինվորի կողքին, կաթողիկոսը եւս փորձում է ապացուցել, որ «եկեղեցին ժողովրդինն է»: Փաստորեն գաղափարը նույնն է, իսկ գաղափարին հաջորդած գործողությունները՝ տարբեր: Նժարներից մեկի վրա  «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության պահանջն է, մյուսին` Վեհափառ հայրապետի այցը մարտական դիրքեր: Եվ երկու գործողությունն էլ միեւնույն օրն են տեղի ունենում: Տարօրինակ զուգադիպություն, այդպես չէ՞:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում էր: Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ ԵՄ կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ՝ երկկողմ շփումներ մի շարք պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում ներկա գտնվեց Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես եկավ ելույթով։ Տեղի ունեցավ նաեւ վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: Այնուհետեւ Փաշինյանը ելույթ ունեցավ Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար, իսկ ավելի ուշ հանդիպեց բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետի՝ Բրյուսել մեկնելուց առաջ լրատվամիջոցների հետ զրույցում վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ Ռուսաստան կատարած երկու այցերից հետո Հայաստանի վարչապետը Բրյուսելում «կփորձի ամրապնդել նաեւ եվրոպական կողմի վստահությունը»: Իր հերթին՝ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ԵՄ ղեկավարները Բրյուսելում Փաշինյանին շատ ջերմ կընդունեն: Իսկ ավելի վաղ ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու մի շարք ոլորտներում բարեփոխումներին: Ռուսաստանի Դաշնության հետ ինտենսիվ աշխատելով հանդերձ՝ Հայաստանի նոր կառավարությունը, չէր կարող աչքաթող անել եվրոպական ուղղությունը: Անշուշտ՝ չէր կարող նաեւ ռուսական ու արեւմտյան ուղղություններից գերակայությունը չտար առաջինին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար շատ կարեւոր էր չեզոքացնել Ռուսաստանից սպառնացող մարտահրավերները:

Մի քանի օր առաջ Բրյուսելյան իր անդրանիկ այցի օրակարգի առնչությամբ Փաշինյանն ասել էր. «ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում, եւ միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ ԵՄ շրջանակներում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների խնդիրն է, մեր կնքած պայմանագրերի իրագործման եւ հետագա համագործակցության խնդիրը»: ՀՀ վարչապետի այցի նախօրեին որոշ պարզաբանումներ էր տվել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը: Նա հայտարարել էր, որ ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստակամ են աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Ափաթուրայը նաեւ պնդել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում նախատեսված գագաթաժողովին: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում վարչապետին հորդորում էր չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, եթե դրա կողմից ընդունվելիք վերջնական փաստաթղթում լինեն Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ կտրուկ ձեւակերպումներ: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը Ռուսաստանը բացահայտ չի ողջունի, բայց չի էլ խոչընդոտի. «Հատկապես հիմա, երբ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ռազմական հռետորաբանության, ագրեսիվության նոր ալիք է ապրում: Եվ այս տեսանկյունից, բացի Ռուսաստանից, մենք շատ անելիք ու աշխատանք ունենք ՆԱՏՕ-ի հետ՝ որպես մեր անվտանգության մեկ այլ կարեւորագույն բաղադրիչի»,- ասել է մեկնաբանը՝ հավելելով, որ հանրային աջակցություն վայելող Հայաստանի նոր իշխանությունը կարող է երկու ուղղությամբ էլ զարգացնել հարաբերությունները:

Հանրային աջակցությունն, անխոս, կարեւոր գործոն է: Լայնախոհ ու հեռատես պետական գործիչն ի զորու է այն լավագույնս օգտագործել հանուն իր երկրի եւ ժողովրդի անվտանգության ու բարօր ապագայի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

Նոյեմբերի 10 2018
Հոկտեմբերի 27 2018
Հոկտեմբերի 19 2018
Հոկտեմբերի 13 2018
Սեպտեմբերի 20 2018
Սեպտեմբերի 14 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am