Չորեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2020

Շաբաթվա անցուդարձ

20-27 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մեծ հայրենականում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակին նվիրված մոսկովյան միջոցառումները, որոնց հրավիրված էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսով պայմանավորված` տեղափոխվել էին հունիսի 24-ը: Դա այն օրն է, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, եւ Կարմիր հրապարակով անցան Մոսկվայի ու Ստալինգրադի մատույցներում հերոսաբար մարտնչած, Լենինգրադը կրծքով պաշտպանած, Եվրոպան ազատագրած եւ Բեռլինը գրոհած ռազմիկները, այդ թվում` մեծաթիվ հայ քաջորդիներ:

Հունիսի 19-ին ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակում ափսոսանք էր հայտնել, որ համաճարակաբանական աղետի պատճառով չի կարող մեկնել Մոսկվա` մասնակցելու հանդիսավոր արարողություններին: «Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը»,- գրել էր Փաշինյանը:

Ավելի վաղ նա հաստատել էր իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:

Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին իր մասնակցության մասին Նիկոլ Փաշինյանը համաձայնությունը տվել էր դեռեւս հունիսի 9-ին` կորոնավիրուսից բուժվելուց մեկ օր հետո հայտարարելով այդ մասին: Հետեւաբար համավարակը` որպես այցը չեղարկելու պատճառաբանություն, չի կարելի համարել արժանահավատ: Մոսկվա չմեկնելու իր որոշումը Փաշինյանը հիմնավորել էր հետեւյալ կերպ. «Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Բայց, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղեւորությունը»: Այստեղ հարց է առաջանում` բայց մի՞թե իսկապես «հետագայում պարզվեց» երկրում համավաճարակային իրավիճակի առկայությունը, որն արդեն 2-3 ամիս մոլեգնում է, մի՞թե Մոսկվա մեկնելու համաձայնությունը տալու օրն իսկ դա արդեն պարզ չէր:

Եվ միանգամայն հասկանալի է, թե ինչու հունիսի 24-ին ՀՀ վարչապետի` Մոսկվա չմեկնելը, ինչպես նաեւ կորոնավիրուսով նրա ընտանիքի վարակվածության փաստը կասկածների եւ բուռն քննարկումների թեմա դարձան` առաջացնելով մի շարք հարցեր: Ընդդիմախոսներից ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն, օրինակ, իրավիճակից տրամաբանորեն բխող 4 հարց էր առաջադրում` 1/ Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչո՞ւ Փաշինյանն ապաքինվել էր, բայց չմասնակցեց զորահանդեսին: 2/ Հայաստանի վարչապետը նո՞ր իմացավ, որ երկրում համաճարակաբանական աղետ է: 3/ Անգամ այդ դեպքում մի քանի ժամով բացակայելն ինչո՞վ պետք է խանգարեր համավարակի դեմ պայքարին: 4/ Որքանո՞վ է իրականում չգնալու որոշումը կապված, օրինակ, ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման հայկական կողմի առաջարկը Մոսկվայի կողմից մերժվելու հետ»:

Թեմայի շրջանակում ուշագրավ դիտարկում էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին: Ըստ այդմ` վարչապետի մոսկովյան այցի չեղարկումը պայմանավորված էր ավելի շուտ Կրեմլի հարուցած խոչընդոտներով.  ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, «քանի որ նրա վարակման եւ արագ առողջացման հետ կապված կասկածներ են ունեցել»: Հայկական կողմը, ըստ թերթի աղբյուրների, առաջարկել է ուղարկել Փաշինյանի` Երեւանում անցած թեստի բացասական պատասխանը, սակայն ռուսները մերժել են` պնդելով, որ տեղում պետք է ստուգեն ՀՀ վարչապետին: Եվ եթե նա «իսկապես վարակվել ու առողջացել է, ապա արյան մեջ պետք է լինի հակամարմին, իսկ եթե պարզվի, որ Փաշինյանն իրականում վարակված չի եղել կորոնավիրուսով, ապա նրան արգելելու են մուտք գործել ՌԴ, քանի որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով տարածաշրջանում ամենավտանգավոր երկիրն է»: Ամեն ինչից զատ` այս պահանջների մեջ անթաքույց քամահրանք կա ինքնիշխան պետության ղեկավարի նկատմամբ, ինչը խիստ մտահոգիչ է:

Հատկանշական է, որ «ամենավտանգավոր երկրից», այնուամենայնիվ, շքերթին մասնակցող գտնվեց` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի դեպքում կորոնավիրուսային իրավիճակը որեւէ դեր չխաղաց եւ, ընդհանրապես, ոչ մի խանգարող հանգամանք չեղավ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուսական կողմը զուտ Փաշինյանի անձի մեջ է տեսնում խնդիրը: Իսկ, միգուցե, հենց վերջի՞նս էր զգուշանում Մոսկվայում թեստավորում եւ բուժզննում անցնելուց, որի արդյունքը կարող է իր համար անցանկալի լինել: Ամեն դեպքում հակահամաճարակային պայքարի գործոնը լուրջ պատրվակ լինել չի կարող` մի քանի ժամով Մոսկվա թռչելու եւ վերադառնալու պատճառով հազիվ թե այդ պայքարը տուժեր: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վարչապետն իր սուղ ժամանակի մի մասը հատկացնում է օգտակար գործողության զրոյական գործակից ունեցող այնպիսի զբաղմունքի վրա, ինչպիսին փողոցներում դիմակներ բաժանելն է:

Այն բանում, որ Նիկոլ Փաշինյանը չեղարկեց Մոսկվայի իր այցը, որոշ դիտորդներ քաղաքական բաղադրիչ են տեսնում` համարելով, որ ՀՀ վարչապետի Մոսկվա չգնալու իրական պատճառը հենց քաղաքական է: «Ռուսաստանի հետ մենք փաստացի, եթե չասեմ` լարված, ապա սառեցված հարաբերություններ ունենք, ինչը նոնսենս է ռազմավարական դաշնակից երկրների դեպքում,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը,- սա մի կողմից կարող է նշանակել, որ Ռուսաստանից հասկացրել են, որ, այսպես ասած, այդքան էլ ուրախ չեն տեսնելու ՀՀ վարչապետին, այդ պատճառով նա չի գնում եւ փորձում է դեմքը փրկել, մյուս կողմից էլ` հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հակառուսական դեմարշ անում»: Քաղաքագետի խոսքով` այս ամենի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռուսաստանի հանդեպ դրականորեն տրամադրված երկու գործիչներին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական հետապնդումների ենթարկելու հանգամանքը:

Ռուսաստանի քաղաքական մի շարք շրջանակներ համոզված են եւ մտավախություն ունեն, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները աշխարհաքաղաքական ուժագծի (վեկտոր) փոփոխությանը միտված քայլեր են:

 

Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ (դատավոր` Արսեն Նիկողոսյան) գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դատարանի նշանակած գրավը վճարելուց եւ օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակը: Այդպիսով` երկրորդ նախագահը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Համաձայն հաղորդագրության` 2 մլրդ դրամ գրավը վճարվել է մի շարք հանրահայտ գործարարների ու բարերարների, ինչպես նաեւ քաղաքացիների աջակցությամբ։

…Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ էր անցյալ տարվա հունիսի 25-ից: Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է երկու հոդվածով` 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Մեղադրանքներն առաջադրվել ու քննչական գործողությունները մեկնարկել էին 2018-ի հուլիսից: Անցել է շուրջ երկու տարի, սակայն մեղադրանքները տակավին չեն հաստատվել ու չեն էլ հերքվել: Դատավարությունն արհեստականորեն ձգձգելու միտումներն ակներեւ են: Տպավորություն է, թե երկրորդ նախագահին կալանքի տակ հնարավորինս երկար պահելու հատուկ հանձնարարություն է տրված, որը եւ անշեղորեն կատարվում է: Ո՞ւմ է դա ձեռնտու կամ ովքե՞ր են «ձեռքեր տաքացնում» այս գործի հետեւում` միայն ենթադրություններ կարելի է անել:

Բայց ենթադրությունները թողնենք մի կողմ եւ խոսենք փաստերի, մասնագիտական հիմնավորումների ու տեսակետների համադրման «լեզվով» եւ, ըստ էության, խնդրո առարկա թեմայի` խափանման միջոց կալանքի փոփոխության շուրջ: Սկսենք նրանից, որ գրավի աննախադեպ բարձր չափը հոգացել են ռուսաստանաբնակ գործարարներ` «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը, շինարարական «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը, դարձյալ շինարարական բիզնեսով զբաղվող Գենադի Ստեփանյանը, ինչպես նաեւ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը: Ի դեպ` Քոչարյանը զբաղեցնում է այս ընկերության խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը: Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի բանկային հաշիվները սառեցված լինելու պատճառով վերջինս նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող մուծել սահմանված գրավը:

Իշխանական շրջանակները Վերաքննիչ դատարանի որոշումը ներկայացնում են որպես դատական համակարգի անկախության ցուցիչ` փորձելով դրանով հիմնավորել, որ իշխանությունները չեն միջամտում արդարադատության մարմինների գործերին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ընդգծել է, թե իշխանություններին չի անհանգստացնում պաշտոնաթող նախագահին կալանքից ազատ արձակումը: «Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն` երբ որ դրանք հրապարակային են դառնում»,- ասել է Սիմոնյանը: «Հրապարակ»-ի աղբյուրն իր հերթին տեղեկացնում է, որ վարչապետի համար անակնկալ է եղել Արսեն Նիկողոսյանի որոշումը, եւ նա, իմանալով Քոչարյանին գրավով ազատելու որոշման մասին, «ուղղակի ցնցումների մեջ է ընկել»:

Այնուհետեւ թերթը գրում է. «Կապվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, սպառնացել, որ փոշիացնելու են ԲԴԽ-ն էլ, ողջ դատական համակարգն էլ։ Խոստացել են «վեթինգել» բոլորին, զրկել դատավորի կարգավիճակից, բանտերը լցնել»: Եթե իսկապես Կառավարությունից զանգել են Ռուբեն Վարդազարյանին, սպառնացել, խոստացել «բոլորին բանտերը լցնել», ուրեմն Ալեն Սիմոնյանն իզուր է չքմեղանում: Սա հենց այն է, ինչը կոչվում է միջամտություն դատական համակարգի գործունեությանը, ընդ որում` բավական կոպիտ ձեւով: Որոշ փորձագետներ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխությունը գնահատում են որպես Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցից առաջ Պուտինին սիրաշահելու կանխակալ վարմունք:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին առաջադրված` Սահմանադրական կարգը տապալելու եւ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքին, որը ցայժմ մնում է չհաստատված, ապա այն չեն ընդունում ո´չ Քոչարյանն ինքը եւ ո´չ էլ նրա պաշտպանական թիմը: Նրանց պնդմամբ` նախկին նախագահն ուղղակի ենթարկվում է քաղաքական հալածանքի: Կարծիքներ են շրջանառվում նաեւ առ այն, որ Քոչարյանի նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումը ոչ այլ ինչ է, քան 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ընդդիմադիր գործիչ, այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության դրսեւորում: Հիշեցնենք, որ Փաշինյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար եւ մոտ 2 տարի անց համաներմամբ ազատ արձակվել:

Իշխանական քարոզչամեքենան` մասնավորապես «ֆեյքական համայնքը», այս ողջ ընթացքում կարողացել է Քոչարյանին դարձնել հանրորեն ատելի կերպար, որը մարտի 1-ի խժդժությունների ու 10 զոհերի գլխավոր մեղավորն է եւ պետք է պատժվի: Այդու` երկրորդ նախագահի անմեղությունը, կարծես թե, գնալով դառնում է գերակշռող տեսակետ` ավելացնելով նրա կողմնակիցների թիվը: Հակառակ պարագայում գրավի գումարի մարմանը չէին աջակցի եւ չէին ցանկանա իրենց անունը «հանցագործի» հետ կապել մեծ համբավ ունեցող գործարարներն ու բարերարները, հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ: Շատերը լավ են հիշում 1997-ին, երբ ՀՀ-ում էլեկտրական հոսանքի մատակարարումը դեռ 2-ժամյա ռեժիմով էր, Հայաստանի վարչապետի պաշտոնով Երեւան հրավիրված Քոչարյանի գործունեությունը: Սխալներ, սայթաքումներ, անշուշտ, կային` չէին կարող չլինել, բայց բոլոր ոլորտներում եւ, առաջին հերթին, տնտեսության մեջ, շինարարությունում, արտաքին քաղաքական ասպարեզում` այդ թվում Արցախի հարցում եւ այլուր առաջընթացը հսկայաքայլ էր: Իսկ էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարումը կարճ ժամանակ անց վերականգնվեց:

Քոչարյանին գրավով ազատ արձակելու դիմումը Վերաքննիչ էին ներկայացրել նրա փաստաբանները` բողոքարկելով մայիսի 13-ին «Մարտի 1»-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը: Վերջինս մերժել էր ամբաստանյալի աթոռին հայտնված նախկին նախագահին կալանքից ազատ արձակել ինչպես Հայաստանի ու Արցախի նախկին 4 վարչապետների անձնական երաշխավորության, այնպես էլ` գրավի դիմաց։ Պաշտոնաթող նախագահի պաշտպանները դատարանում պնդել էին, որ թագավարակի պայմաններում խոցելի տարիքում եւ հիվանդություն ունեցող իրենց պաշտպանյալը չի կարող պահվել բանտում։ Վերաքննիչ դատարանը` ի պատիվ դատավոր Նիկողոսյանի, հարգեց օրենքի ու առողջ դատողության պահանջը:

Ե´վ այս դեպքում, ե´ւ նախորդ անգամ` 2019-ի մայիսի 16-ին, կալանքից Քոչարյանի ազատ արձակումը «սվիններով» ընդունվեց հանրային որոշ շերտերի եւ, հատկապես, «ֆեյքական համայնքի» կողմից: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այն ժամանակ որոշում կայացնելիս հաշվի էր առել Արցախի նախկին եւ գործող նախագահների երաշխավորությունը: Դրանից 4 օր անց էր, երբ վարչապետ Փաշինյանը կոչ արեց արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, ինչը, թերեւս, աշխարհում նմանը չունեցող ակցիա էր իշխող ուժի կողմից:

Հավանաբար` պետք է շնորհակալ լինել վարչապետ Փաշինյանից, որ այս անգամ դատարանների մուտքերի արգելափակում չեղավ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում էր Հայաստան ժամանած առաքելությունը: Հանդիպման ժամանակ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՀԿ-ի միջեւ սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Թիերենը նշել է, որ տպավորված է հայաստանյան բժշկական կենտրոններում կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից: ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը «լոքդաունի» ենթարկելու եւ այն բացելու միջեւ չպետք է ընտրություն կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշեց մերժել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին լրագրողներին դատարանի բակում հայտնել է Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը: Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Գլխավոր դատախազությունը համարում է, որ դատարանի կողմից կայացվել է անհիմն ու ապօրինի դատական ակտ եւ, ըստ այդմ, դատախազությունն այն բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հանդիպում է կայացել նրա եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: Վերջինիս տեղեկացմամբ` նրանք հանդիպել են դատարանի որոշմամբ երկրորդ նախագահի ազատ արձակվելուց երկու օր անց:

Հոկտեմբերի 17 2020
Հոկտեմբերի 10 2020
Սեպտեմբերի 26 2020
Սեպտեմբերի 21 2020
Սեպտեմբերի 12 2020
Օգոստոսի 30 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: