Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Շաբաթվա անցուդարձ

22-29 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին հրապարակեց սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշումը: Այդպիսով՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց մեղադրող կողմի եւ «Մարտի 1»-ի զոհերի ներկայացուցիչների բողոքները, բեկանեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու, գործը կասեցնելու ու Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի հայտնի վճիռը: Վերաքննիչի որոշման հրապարակման օրը Հայաստանի երկրորդ նախագահն իր մեքենայով ներկայացել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

...Դատավարության մասին լրագրողների հարցին Քոչարյանը կարճ պատասխանել է. «Ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն՝ ինքներդ տեսաք»: «Ինչ է, այլեւս ասելիք չունե՞ք»,- հարցրել է լրագրողներից մեկը: «Այնքա՛ն ասելիք ունեմ»,- դարձյալ կարճ է կապել Քոչարյանը՝ խոսքի մեջ, սակայն, այս անգամ ինտրիգի որոշ երանգներ դնելով: Ինչ ասել կուզի՝ օրենքի ու օրինականության մասին բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար հիշում են, երբ տրորում են անձամբ իրենց ոտքը, իսկ ինչ վերաբերում է ասելիքին՝ իհարկե, նախկին նախագահն ասելիք շատ կունենա, բայց նախընտրում է իր մեջ պահել, այդպես ավելի ապահով է: Իզուր չէ, որ փորձառու մեծերն ասում են. «շատ գիտես՝ քիչ խոսա»: Երկրորդ նախագահի հետ Քրեակատարողական հիմնարկ էր եկել որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա լրագրողներին գանգատվեց, որ դատարանը փաստորեն թույլ չի տվել, որպեսզի պաշտպանական կողմը իր դիրքորոշումը ներկայացնի։ Լեւոնը հույս հայտնեց, որ հոր հետ կապված այս «աբսուրդը» մի օր անպայման կվերջանա: «Աբսուրդ» ասելով՝ նկատի ունի հոր հանդեպ իրականացվող, իր խոսքով, «քաղաքական հետապնդումները»:

Սա Ռոբերտ Քոչարյանի՝ թվով երրորդ կալանավորումն է, որն, անկեղծ ասած, հարկ եղածի պես չի հիմնավորվում: «Կաղում» է ապացուցողական բազան: Պատճառը միգուցե իրավապահ մարմինների փորձի ու արհեստավարժության պակասն է: Կամ՝ «ընտրովի արդարադատությանը» հակված լինելու հանգամանքը, երբ պարզապես բացակայում է գործի իրական հանգամանքներն անաչառ կերպով վեր հանելու եւ արդարացի վճիռ կայացնելու կամքը: Տպավորություն է, թե արդարադատություն իրականացնելու համար կոչված ատյաններն ազդեցիկ ամբաստանյալի հակառակորդների ու աջակիցների երկուստեք ճնշումների ներքո կաշկանդվում են որոշումներ կայացնելիս:

Վերաքննիչ դատարանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գնահատելով որպես «շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորում»։ Հայտարարությունում ասված է, որ տվյալ գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ։ «Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։ Նման որոշումները ապացուցում են, որ դատաիրավական բարեփոխումների եւ դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին ազդարարված հայտարարությունները կեղծ են»,- ասված է Հանրապետականի հաղորդագրությունում։ Խորհրդարանական ուժերը, սակայն, Քոչարյանի կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստեր չեն տեսնում՝ գործը դիտարկելով բացառապես իրավական հարթությունում:

Երկրորդ նախագահը հարուստ, ազդեցիկ եւ մեծ կապեր ունեցող մարդ է, որպիսիք Հայաստանում գրեթե ամենակարող են: Դատավարության նախօրեին «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նա համոզմունք է հայտնել, որ այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի զանգվածային անկագությունների համար «եւ, իհարկե, կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների, ու իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»Քոչարյանի պնդմամբ՝ Հայաստանն ինքը ընդունել է մի վիճակում, երբ Երեւանում կար ընդամենը երեք լուսավորված փողոց, ամբողջ մայրաքաղաքում աշխատում էր երկու ռեստորան եւ երկու խորովածանոց՝ Պռոշյան փողոցում: «Բենզինը վաճառում էին կանեստրերով, փողոցներում: Կարծում եմ՝ մարդիկ սա լավ են հիշում: Ինչպես եմ հանձնել երկիրը, դուք բոլորդ տեսել եք՝ Հյուսիսային պողոտայով եւ բազմաթիվ այլ հարցերով, հարյուրավոր դպրոցներ, հարյուրավոր կիլոմետրի հասնող ճանապարհներ կառուցելով: Պատմության մեջ սա է մնալու»,- ասել է երկրորդ նախագահը:

Այո, չի կարելի ժխտել Քոչարյանի ծառայությունները, սակայն այդ ամենը նրան թույլ չի տալիս իրեն վեր դասել օրենքից, կատարել իրավական կամայականություններ եւ քրեորեն պատժելի այլ գործողություններ: Չպետք է մոռանալ, որ այդպիսի արարքները նույնպես մնում են պատմության մեջ:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացմանը եւ հանդես եկել ելույթով: STARMUS-ը գիտության, արվեստի եւ այլ ոլորտների նշանավոր գործիչներին համախմբող յուրահատուկ փառատոն է, որը հանդես է գալիս նաեւ որպես բացառիկ հարթակ՝ գիտության նվաճումներն արվեստի միջոցով ներկայացնելու, գիտությունն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար: Այնուհետեւ Ժնեւում հանրապետության նախագահը մասնակցել է «Crans Montana» միջազգային հեղինակավոր ֆորումի 30-րդ տարեկան նստաշրջանի բացմանը: Արմեն Սարգսյանը «Խաղաղության, զարգացման եւ կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ գործակցության խթանումը» թեմայով քննարկումներում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս: Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել նաեւ գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման կարեւորությունը՝ այս համատեքստում անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետեւողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել նաեւ տարածաշրջանային հարցերի եւ զարգացումների շուրջ: Նախօրեին Տոյվո Կլաարին ընդունել էր նաեւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կապակցությամբ հունիսի 25-ին հայտարարություն է տարածել ՀՀԿ-ն՝ Քոչարյանի կալանավորումը գնահատելով որպես «շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորում»: Ըստ հայտարարության, նշված գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ։ «Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։ Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների ու դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են»,- ասված է հաղորդագրությունում։

 

Միջազգային մամուլ

Ընդդիմադիր թեկնածուն կրկին հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում

Euronews-ը հաղորդում է, որ Թուրքիայի ընդդիմությունը կիրակի օրը Ստամբուլի քաղաքապետի վերանշանակված ընտրություններում վճռական հաղթանակ է տարել՝ նախագահ Էրդողանին հասցնելով, նրա 16 տարվա իշխանության ընթացքում, ամենաուժգին ապտակը: Լրատվականի փոխանցմամբ՝ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Յըլդըրիմը ստացել է ընտրողների քվեների 45%-ը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու «Լավ» կուսակցությունների առաջադրած քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ քվեների 54% -ը:

Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ Իմամօղլուն ասել է, որ իր հաղթանակը «նոր սկիզբ» է Թուրքիայի համար: «Ոչ թե մի խումբ կամ մի կուսակցություն, այլ այս ընտրություններում հաղթողը Ստամբուլն ու Թուրքիան են»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը` հավելելով, որ պատրաստ է աշխատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Ստամբուլի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

Իշխող կուսակցության թեկնածուն առաջին արդյունքները հրապարակելուց կարճ ժամանակ անց ընդունեց իր պարտությունը`ասելով. «Շնորհավորում եմ հաղթողին եւ հաջողություն եմ մաղթում»: Էրդողանը եւս շնորհավորել է Իմամօղլուին թվիթերյան իր գրառումով:

 

Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

The Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք կոչված են սառեցնել Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի ու մի քանի իրանական ռազմական հրամանատարների ակտիվները եւ ընթացիկ շաբաթում պատժամիջոցները տարածել նաեւ արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի վրա:

Reuters-ի տեղեկացմամբ՝ Թրամփը լրագրողներին ասել է, որ չնայած պատժամիջոցները մասամբ նախորդ շաբաթ Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու սարքը խոցելու պատասխանն են, սակայն, նոր պատժամիջոցներ ամեն դեպքում պիտի սահմանվեին: Նա ասել է, որ Խամենեին, ի վերջո, պատասխանատու է այն բանի համար, ինչը Թրամփը կոչում է «վարչակարգի թշնամական վարքագիծ» Մերձավոր Արեւելքում: «Պատժամիջոցները գերագույն առաջնորդին եւ նրա գրասենյակին, ինչպես նաեւ նրա հետ սերտորեն համագործակցողներին զրկելու են հիմնական ֆինանսական միջոցներից օգտվելու եւ աջակցություն ստանալու հնարավորություններից»,- ըստ պարբերականի, նշել է Թրամփը:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Սեպտեմբերի 14 2019
Օգոստոսի 31 2019
Օգոստոսի 23 2019
Օգոստոսի 16 2019
Օգոստոսի 09 2019
Հունիսի 28 2019
Հունիսի 21 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am