Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել էր զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած բոլոր երկրների ղեկավարներին: Մայիսի 9-ը կարեւորագույն ուղենիշ է Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում. Մեծ հայրենականում ձեռք բերված հաղթանակն այն մեկնակետը դարձավ, որից հետո՝ ընդհուպ մինչեւ 21-րդ դարասկիզբ, հայությունը աննախադեպ վերածնունդ ապրեց, որպիսին երկար դարերի ընթացքում չէր տեսել:
Փաշինյանի կրեմլյան այցը, սակայն, միանշանակ չընդունվեց քաղաքական ուժերի եւ հանրության կողմից: Արեւմտամետ շրջանակները, այսպես ասենք, լռելյայն կուլ տվեցին իրենց դժգոհությունը՝ մտավախություն ունենալով, որ այցը կարող է Եվրամիության ուղուց ետքայլ դիտվել ու խափանել իրենց տերերի ծրագրերը: Փաշինյանն՝ ինքը եւս, հեշտ չէր կայացրել Մոսկվա մեկնելու որոշումը՝ դա պարզ երեւում էր ՌԴ մայրաքաղաքում նրա մեկուսի պահվածքից, անգամ հագուկապից եւ դեմքի տխրադալուկ արտահայտությունից: Մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների ու հրավիրյալների խմբից նա առանձնանում էր ոչ միայն յուրահատուկ կեպիով, այլեւ իր տեղն այդ ընկերախմբում չգտնող մարդու կերպարով:
Կարծես՝ այդ ամենը քիչ էր, թարսի պես տարան նստեցրին Բելառուսի նախագահի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին, ում աչքով աչք չունի տեսնելու, որովհետեւ Արցախի հարցում վերջինս՝ լինելով ՀԱՊԿ անդամ, պաշտպանում էր Ալիեւի դիրքորոշումը: Ու երդվել էր՝ քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է, ինքն այդ երկիր երբեք ոտք չի դնի ու ոչ էլ Հայաստանում երբեւէ կընդունի Բածկային: Բայց նախախնամության կամոք նրանց ճանապարհները նորից խաչվեցին, եւ ստիպված եղավ որոշ ժամանակ կիպ կողքին հանդուրժել իր համար ամենանողկալի անձանցից մեկին:
Բայց չշեղվենք բուն թեմայից: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Մոսկվա էր մեկնել՝ հայ-ռուսական հարաբերությունների բավական խախուտ իրադրությունում, որում մեծ է նաեւ իր անձնական «ներդրումը»: Երեւի մեղքի զգացումը ներքուստ կեղեքում էր, ու մեկնել է ոչ թե Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու, այլ՝ ապաշխարելու, «անառակ որդու» պիտակը դեմքից մաքրելու համար: Եվրամիության հետ տված սիրախաղերը փուչ դուրս եկան, ոչինչ դրանցից չի շահում երկիրը՝ ո՛չ տնտեսապես, ո՛չ անվտանգության առումով, ո՛չ որեւէ այլ կերպ: Թերեւս՝ հասկացել է կամ իրեն հասկացրել են, որ ԵԱՏՄ-ից դուրս մնալը համազոր է լինելու Հայաստանի կործանմանը:
Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը՝ անտեսելով Պուտինի հրավերը, Մոսկվա չգնաց, բայց զորախումբ ուղարկեց եւ, հումորով ասած, բավարարվեց նրանով, որ այնտեղ է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, այցի հրավերն Իլհամ Ալիեւին հանձնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, որը պաշտոնական այցով Բաքու էր մեկնել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային՝ «Ավանդական արժեքների, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության զարգացման համար» Սուրբ Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու առաքելությամբ։
Մնում է՝ թեկուզ հարեւանցիորեն, մի կապ գտնել ադրբեջանական բռնազավթիչ, ցեղասպան վարչակարգի եւ ավանդական արժեքների, միջմշակութային ու միջկրոնական երկխոսության միջեւ: Ինքս այդպիսի կապ չգտա:
Մինչ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմախոսներից «թուքումուր» ուտելով, ծնկաչոք գնացել էր Պուտինի ոտքը՝ ըստ ամենայնի, մեղա գալու իր եւ ՔՊ թիմի տգիտությունների համար, Հանրային հեռուստաընկերության եթերում հակառուսական տրամադրությունների նոր, լայնածավալ քարոզչական արշավ էր ծավալել տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ոչ պակաս տխրահռչակ Պետրոս Ղազարյանի ընկերակցությամբ: Հաղորդման նպատակն էր՝ հնարավորինս նսեմացնել Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակի վարկն ու նշանակալիությունը:
Ի՞նչ է ասում գնդապետ Հովհաննիսյանը «Հանրայինի» եթերից: Ըստ նրա, Գերմանիան ուներ հստակ ծրագիր՝ Ստալինգրադում հաջողության հասնելու դեպքում շարժվել դեպի Կովկաս, գրավել Կովկասը, որտեղ գերմանական զորքին կմիանային «Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր», այդ թվում՝ նաեւ հայկական լեգեոնները, որ «այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ»՝ ներխուժելու Թուրքիա: «Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ Միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»,- ասել է Պետրոսի հյուրը: Նրա խոսքում ակնարկվում էր նաեւ ուշագրավ մի եզրույթ՝ «ռազմագերու կարգավիճակ ունեցող հայեր», որոնցից, իբր, պիտի հընթացս ձեւավորվեր հայկական լեգեոն:
Ռազմագերու կարգավիճակ ունեցող հայերի թվում, անշուշտ, պետք է դիտարկել ոչ միայն թեժ մարտերում կամ շրջափակման մեջ հայտնված զինվորների գերեվարումները, այլեւ թշնամուն ինքնակամ հանձնվածները: Մամուլում հրապարակումներ են եղել, որ իրենց կամքով ֆաշիստների կողմն անցածների ցանկում եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի պապի անունը: Քանի որ սույն տեղեկատվությունը չի հերքվել ու նաեւ չի հաստատվել, կարող ենք համարել, որ այն առնվազն կասկածելի է: Հիմա՝ նկատի ունենալով Արծրուն Հովհաննիսյանի ստախոս եւ բանսարկու լինելու հանգամանքը, ինչն ապացուցվեց 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, իրավունք ունենք չհավատալու նրա շինծու պատմությանը:
Մասնավորապես հավատ չի ներշնչում զավեշտալի այն դրվագը, թե գերմանական նշյալ «ծրագրի» շրջանակում պետք է ռազմագերու կարգավիճակ ունեցող հայերից ձեւավորվեր հայկական լեգեոն՝ Թուրքիայի դեմ կռվի դաշտ ուղարկելու համար: Այս համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյան ավագը գերմանացիներին հատուկ էր հանձնվել, որպեսզի հնարավորություն ունենա գնալ, դարավոր թշնամուց վրեժն առնել: Եվ հերոսանալ: Այսինքն՝ Արծրունու թեթեւ գրչի տակ ազգի դավաճանը վայրկենապես կարող է փոխարկվել ազգի հերոսի: Ամբողջ մի պատերազմ ստելու ունակ ազգի տականքի համար ինչ մի դժվար բան է մեկ մարդու այլափոխելը:
Մյուս կողմից՝ հարցազրույցի հիմնական լեյտմոտիվը, որը բուռն քննարկումների ու տեւական ժամանակ չդադարող աղմուկի առիթ դարձավ, հայկական եթերում ֆաշիզմը դրական լույսի տակ ներկայացնելու մոլուցքն է, Հայաստանի հանրային ու քաղաքական միջավայրի աղտոտումը՝ ի վնաս հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առողջացման: Հույժ խորհրդանշական է, որ «Արծրուն» գործողությունը նախատեսված էր կազմակերպել հենց մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, եւ հատկապես բարձրաստիճան զինվորականի համազգեստ կրողի ձեռնարկմամբ:
Ռուսաստանի, ինչու չէ, նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների համար այդ օրը ամենասիրված ու զգայուն տոներից է: Այն փչացնողի դերին ավելի համապատասխան թեկնածու, քան Արծրուն Հովհաննիսյանն է, դժվար էր գտնել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Վարչապետը մայիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Ալիեւի այցի մասին չի հաղորդվում:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ռազմական գերատեսչությունն՝ առանց այլ մանրամասների: Պապիկյանը Գերմանիայում էր նաեւ փետրվարին, որտեղ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին: Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումն է կարեւորել եւ բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու ու ընդլայնելու՝ ՀՀ գործադիրի հանձնառությունն ընդգծել Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 13-ին ընդունելով Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Նա դրական է գնահատել վերջերս ԱԺ ընդունած «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
Ադրբեջանը մայիսի 15-ից համաբանակային հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացնում։ Ըստ պաշտպանության նախարարության, զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարական որոշումների ընդունումը ներկայիս մարտական պայմաններում՝ հաշվի առնելով բանակի ժամանակակից փորձառությունը եւ ստորաբաժանումների՝ մանեւրելու հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել պաշտպանական ու հարձակողական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։
Մոսկվայից վերադառնալուց հետո՝ մայիսի 10-ին, Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ։ Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Փաշինյանի հետ Կապան է մեկնել նաեւ Աննա Հակոբյանը։ Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Փաշինյանի երկրորդ այցն է Սյունիքի մարզ: