Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

Շաբաթվա անցուդարձ

18-25 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Անցած շաբաթավերջին դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց: Այսինքն` ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց եւ որպես խափանման միջոց ընտրվեց անձնական երաշխավորությունը: Պաշտոնաթող նախագահի համար, ինչպես հայտնի է, երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։ Ներկա եւ նախկին նախագահները դատարանում վերահաստատել էին իրենց երաշխավորությունն առ այն, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ։

…Դատարանի որոշումը, ինչպես եւ սպասվում էր, միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում այն մեծ ոգեւորություն առաջացրեց, իսկ նրա ընդդիմախոսների մեջ՝ զայրույթ։ Անձնական երաշխավորությամբ ազատ արձակումը, փաստաբան Արամ Օրբելյանի ասելով, լավագույն հանգուցալուծումը չէ: Ըստ նրա, ՀՀ նախկին նախագահի պաշտպանների խումբն ընդհանրապես գործի կարճում էր ակնկալում: Մեղադրող կողմը, ընդհակառակն, պատրաստվում է որոշումը բողոքարկել Վերաքննիչ ատյան: «Մենք սկզբունքորեն գտնում էինք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը այս պահին միակն էր, որ կարող է զսպել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, հետեւաբար՝ մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը: Սակայն Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանի կարծիքով` դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Նրա խոսքով` իրենց պաշտպանյալը դատաքննության ողջ ընթացքում կմնա ազատության մեջ, եթե չխախտի օրենքով սահմանված պայմանները` չխոչընդոտել քննությանը եւ չթաքնվել դատաքննությունից: Ալումյանը համոզված է, որ Քոչարյանը չի խախտի այդ պայմանները:

Պաշտոնաթող նախագահը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Այս գործով անցնում են նախկին եւս երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Հատկանշական է, որ այս քրգործի շուրջ երկար ժամանակ մեծ աղմուկ էր տիրում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում  եւ Արցախում: Որոշ ազդեցիկ շրջանակներ անթաքույց հետաքրքրություն էին դրսեւորում դատավարությունում Քոչարյանի համար նպաստավոր ելքի հանդեպ, ինչը բախվում էր քաղաքացիական հասարակության մեծ մասի դիմակայությանը: Բանը հասել է նրան, որ ակտիվ շրջանառության մեջ է դրվել Արցախի չլուծված հակամարտություն ունեցող ազգի համար խիստ վտանգավոր` հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, որից մինչեւ նույն ժողովրդի երկու հատվածների միջեւ իրական երկփեղկվածություն մեկ քայլ է: Սա խաղ է կրակի հետ, որի ծխածածկույթում նեղ շահադիտական խնդիրներ հետամտող սադրիչներին այլեւս հանդուրժել չի կարելի: Այս համատեքստում արդար դատավարությունը կոչված է լուծելու նաեւ ազգային անվտանգության խնդիր:

Սակայն... խիստ կասկածելի է՝ հնից  ժառանգություն մնացած դատաիրավական համակարգում հնարավո՞ր է արդյոք արդար դատավարություն ակնկալել: Մեր հաջորդ մեկնաբանությունն այդ թեմայի շուրջ է:

 

Կալանքից Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների դռները` թույլ չտալով, որպեսզի որեւէ մեկը ներսուդուրս անի: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ժամը 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի ու առաջիկա ծրագրերի մասին կարեւոր հայտարարությամբ:

Բանն այն է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերում օպերատիվ փոփոխություններ էին կատարվել, ինչը բնական է, մինչդեռ իշխանության երրորդ թեւը`դատաիրավական համակարգը, թողնվել էր անփոփոխ: Դատարանները սխալ էին հասկացել ուղղվելու համար իրենց տրված շանսը եւ առաջվա պես շարունակում էին իրականացնել, այսպես կոչված, «հեռախոսային» արդարադատություն, ինչպես նաեւ արդարադատություն՝ պատվերով կամ վճարովի հիմունքներով: Ինչեւէ:

Հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, մարդիկ մայիս 20-ի առավոտից արգելափակել էին դատարանների շենքերի մուտքերը, մասնավորապես՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը: Մեկ օր առաջ այս դատարանում էր Դավիթ Գրիգորյանը հրապարակել իր որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց: Դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ակցիան, որն աննախադեպ էր եւ տեւեց 5 ժամ, դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել: Ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ այդօրինակ գործողությունների անհամատեղելիության վերաբերյալ հայտարարություններ էին տարածել ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր ու պետական որոշ մարմիններ: Այսպես, «Ժառանգություն» կուսակցության դիտարկմամբ՝ «Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը վտանգավոր այն օրինաչափության, որ Հին Հայաստանը դեռ կանգուն է, եւ Նոր Հայաստանի իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձեւավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը»: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիշեցրել է, որ Հայաստանում դատարանների գործունեությանը որեւէ միջամտություն արգելվում է: Դիմելով վարչապետին, նա նշել է. «Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ եւ սահմանափակված եք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության»: Դատարանների բնականոն գործունեության խաթարումն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), որը դատավորներին ու դատական իշխանության բոլոր աշխատակիցներին կոչ էր անում դրսեւորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում: Նիկոլ Փաշինյանի քայլը խստորեն դատապարտել է նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, նշելով, որ այն «չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներին»։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գտնում է, որ վարչապետի ձեռնարկն ուղղված է ՀՀ-ում սահմանադրական կարգի դեմ եւ, առհասարակ, «պետականությունն արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ է»։ Ուղերձով հանդես էր եկել նաեւ տվյալ պահին աշխատանքային այցով արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ անելով, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, «պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»։ Ի գիտություն վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչը վերանայելու եւ հակասահմանադրական գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր են հնչեցրել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունները:

Մայիսի 20-ին Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ վարչապետը ներկայացրել է անհապաղ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ իր նկատառումները՝ ջանալով պատասխանել հանրությանն ու քաղաքական ուժերին մտահոգող հարցերին: «Սա միջոց էր ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որ կա անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ,- ասել է Փաշինյանը` հավելելով. - Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: Ի՞նչ է սա նշանակում: Բոլոր դատավորները, ըստ նրա, պետք է ենթարկվեն, այսպես ասած, «վեթինգի»՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, այժմ ու նախկինում ծավալած գործունեության, անհատական ու մասնագիտական որակների մասին: Հայաստան-Արցախ հարաբերությունների զգայուն թեմայի անդրադարձում վարչապետն ասել է, որ դա անուղղակի կապ ունի դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրների հետ: «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձում են տարաձայնություններ, հակասություններ եւ, նույնիսկ, թշնամանք հրահրել Արցախի ու Հայաստանի միջեւ՝ նախկինում իրենց թույլ տված հանցագործությունները կոծկելու նպատակով»,- շեշտել է վարչապետը: Նա միաժամանակ ընդգծել է, թե` «հասունացել է ժամանակը 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ բոլորիս հուզող հարցերի պատասխանները ստանալու համար»: Կշարունակենք հետեւել դեպքերի զարգացումներին:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ՝ միաժամանակ շեշտելով երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը: «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ»,- ասված է Յուլիա Լովոչկինայի եւ Անդրեյ Շիրցելի հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Համազեկուցողները ողջունել են դատական համակարգի բարեփոխման՝ Փաշինյանի արտահայտած հանձնառությունը, ինչպեսեւ այդ հարցում ԵԽ-ի հետ համագործակցելու նրա ցանկությունը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 23-24-ը մասնակցում էր Ալմաթիում անցկացված՝ Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումին, որը կրում էր «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Ի դեպ, Սարգսյանն այդ ֆորումի համահիմնադիրներից մեկն է եղել: Ղազախստանի Սենատի խորհրդարանի նախագահ Դարիգա Նազարբաևայի հրավերով մեդիա ֆորումին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը: Երկխոսությունների այդ հեղինակավոր հարթակն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում եւ քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների:

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:

Հոկտեմբերի 11 2019
Սեպտեմբերի 27 2019
Սեպտեմբերի 20 2019
Սեպտեմբերի 14 2019
Օգոստոսի 31 2019
Օգոստոսի 23 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am