Կիրակի, Հունիսի 16, 2024

Շաբաթվա անցուդարձ

27 ապրիլի - 4 մայիսի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Երրորդ շաբաթն է, ինչ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանում՝ հաջակցություն տավուշցիների, շարունակվում են հայկական 4 հայտնի գյուղերի հանձնման հետ կապված բողոքի գործողությունները, որոնք ուղեկցվում են ոստիկանական բռնություններով ու ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմամբ: Այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ խնդրո առարկա հատվածում հանպատրաստից մեկնարկեց սահմազատման ու սահմանագծման գործընթացը, լարվածության թեժացման լայնույթը կամ ժողովրդական ցասման տատանումների ամպլիտուդն էլ ավելի ընդարձակվեց՝ ներառելով աջակիցների նորանոր խմբեր տարբեր մարզերից, այդ թվում՝ Երեւանից:

Մարդիկ հասկացան, որ խնդիրը Տավուշի 4 գյուղերը չեն, խնդիրը Հայաստանն է, որին չարակամ հարեւանը «Արեւմտյան Ադրբեջան» շինծու անվանում է կպցրել եւ որի լինելությանը վտանգ է սպառնում, քանզի ՀՀ ապաշնորհ, ազգադավ, թույլ ու պաշտոնամոլ իշխանությունները պատրաստ են անգամ թշնամուն հանձնել երկրի կեսը, միայն թե մյուս կեսի վրա կարողանան անառիկ պահել սեփական աթոռները: Առաջին հանրապետության ժամանակներից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի անպատկառ, պետականության ու հայրենիքի զգացողությունից իսպառ զուրկ իշխանություն չէր տեսել:

Ապրիլի 29-ին Կառավարությունում ընդունելով Կիրանց գյուղի ներկայացուցիչներին եւ մոտ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում չկարողանալով նրանց «կոտրել», Փաշինյանն անփութորեն նետել էր. «մի կտոր հող չեք ուզում զիջել՝ Հայաստանը պահելու համար»: Այսպես, հիրավի, կարող է դատել միայն պետության, ինքնիշխանության, հայրենիքի ու հայրենի հողի հարգը չիմացող շրջմոլիկ մեկը, բայց ոչ երկրի ղեկավարն ու ժողովրդի ճակատագրեր տնօրինող պաշտոնատար անձը, որի համար «մի կտոր հողը» հեչ բան է, Շուշին՝ դժգույն քաղաք, ձյունապատ լեռը՝ ոչ պիտանի տարածք, լճի 20-30 տոկոսի բռնազավթումը՝ կռվի բույն եւ այլն:

Մինչդեռ լավ հայ ղեկավարի համար «մի կտոր հողը» սրբություն է, Շուշին՝ դարավոր հայոց միջնաբերդ ու մշակույթի կենտրոն, ձյունապատ լեռը՝ ռազմավարական բարձունք, իսկ լճի ամեն մի կաթիլ ջուրը՝ բուսական աշխարհի համար կենսական պահանջմունք: Այդ Փաշինյանի նման ղեկավարն է իրական դժգույնն ու ոչ պիտանին, որից ժողովուրդը քանի տարի՝ չի կարողանում օձիքն ազատել: Կիրանցին մտահոգ է՝ սահմանն իր տան միջով է անցնում, իսկ գյուղի գերեզմանոցի մի մասը մնում է սահմանագծի մյուս կողմում: Փույթ չէ, ասում է, պետք է ուրախանաք, ոչ թե տրտնջաք, երբ ադրբեջանցուն տեսնեք ձեզանից ընդամենը 50 մետրի վրա. չէ՞ որ կարող եք իրար հետ առեւտուր անել:

Ինքը՝ Փաշինյանը, ըստ երեւույթին, ուրախ է ադրբեջանցի «հյուրերին» ընդունելու համար: Ավելին՝ նախապես հոգում է եկվորների անվտանգության հարցը՝ ականազերծել տալով 90-ականներից ականապատված տարածքները, որոնք մնալու են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Մեր սակրավորների կյանքը վտանգի ենթարկելու գնով Փաշինյանը հուսալի անվտանգություն է ապահովում փախստականի անվան տակ ՀՀ տարածք ներխուժել պատրաստվող ազերիների համար՝ հանկարծ նրանց բան չպատահի: Իսկ երբ կիրանցին հարցնում է՝ թշնամուց այսքան մոտ կունենա՞նք անվտանգության երաշխիք, պատասխանում է. «սահմանապահը կկանգնի՝ 7 օր անվտանգ կապրեք, բայց կարող է 8-րդ օրն անվտանգ չլինի»:

Դե արի այս մարդուց գլուխ հանիր՝ ո՞վ է, ինչացո՞ւ է, ո՞ր երկիրն է ներկայացնում, ո՞ւմ շահերն է սպասարկում: Սրանք հռետորական հարցեր են, որովհետեւ պատասխանները լավ հայտնի են մեր ընթերցողներին:

 

Այժմ կփորձենք ծավալվել մեկ այլ հարցի շուրջ, որը հռետորական չէ, ավելին՝ հույժ արդիական եւ երկրի ամենավերին ատյաններից լրջախոհ պատասխան ակնկալող հարց է: Եվ այդ հարցը, թեկուզ մի փոքր տարօրինակ թվա, մայիսի 1-ին հնչեցրել էր Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, որտեղ նրա զրուցակիցն էր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Ինչի՞ հիման վրա է Տավուշում տեղի ունենում այս սահմանազատումը. սա էր Ղազարյանի հարցը, որը շատերին է հետաքրքրում, քանի որ բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում. սահմանազատման անվան տակ իրականում միակողմանի զիջումներ են արվում Ադրբեջանին:

«Այդ բոլոր փաստաթղթերը կան,- որքան հնարավոր է՝ ուղիղ պատասխանից խույս է տալիս եւ արագ մտնում «լղոզման» դաշտ,- ՀՀ կառավարության տրամադրության տակ են, դրանց հետ աշխատում են ոչ մեկ, այլ երբեմն տարբեր գերատեսչություններ, դրանք գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են, իրենց հետ  աշխատելու որոշակի ռեժիմներ կան, ենթադրում եմ՝ թյուրիմացությունները կարող են կապված լինել այդ ռեժիմների հետ»: Փաստաթղթի անուն չի տալիս՝ կանխավ արդեն ստել էր, թե դրանք «գաղտնիության որոշակի սանդղակ» ունեն, թեպետ նման կարգի փաստաթղթերը չեն կարող գաղտնիք պարունակել, այլապես Ալմա-Աթայի հղացքը օրական տասն անգամ ինքը չէր կրկնի:

Դատելով նրանից, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները, պատգամավորները շատ են խոսում ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների կողմից 1988թ.-ին հաստատված Արձանագրությունների մասին՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը սահմանազատման-սահմանագծման հենց այդ փաստաթղթի մասին է, որը, ըստ ընդդիմադիրների, Հայաստանը ձեռքի տակ չունի: Ավելի վաղ Փաշինյանը նույն կերպ էր արձագանքել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին: Վերջինս հարցում է արել Կադաստրի կոմիտե եւ ՊՆ, որտեղից պատասխանել էին, թե 1988-ի Արձանագրություններն իրենց մոտ չկան:

«Հայացք Երեւանից» էլեկտրոնային շաբաթաթերթն իր 15-րդ թողարկման մեջ (20.04.24) մանրամասն անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանի թեմային՝ մասնավորապես Տավուշի հատվածին, որտեղ ԽՍՀՄ-ի մայրամուտին սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ էին իրականացվել երկու երկրների առաջին փոխվարչապետների մակարդակով ու մոսկովյան հատուկ հանձնաժողովի միջնորդությամբ: Գործընթացը տեւել էր գրեթե 4 տարի՝ ընդգրկելով 1984-87 թվականները:

Ամփոփիչ փաստաթուղթը՝ սահմանագծման-սահմանազատման աշխատանքների ավարտման վերաբերյալ Արձանագրությունը, ստորագրվել է 1988-ի հունվարի 12-ին: Այն նախաանկախական շրջանի ամենավերջին եւ, ի դեպ, ամենաբարձր օրինակարգություն ունեցող քարտեզն է, որը բազմացվել է 182 օրինակով եւ ուղարկվել միութենական բոլոր հանրապետությունների ու համապատասխան գերատեսչությունների հասցեներով: ՀՀ-ի օրինակները, ցավոք, պահպանվել են մինչեւ 2022թ. եւ Կադաստրի կոմիտեի պահոցից անհետացել առեղծվածային հանգամանքներում:

Քարտեզի օրինակներից այսօր կան ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբում, ինչի մասին Պուտինն ակնարկել էր դեռ մեկուկես տարի առաջ՝ պատրաստակամություն հայտնելով, որ կտրամադրի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման-սահմանագծման ժամանակ: Անշուշտ՝ սեփական օրինակներն ունի նաեւ Ադրբեջանը, սակայն դրա մասին, «համեստորեն» լռում է:

Այսպիսով՝ հենց որ հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման խնդիրն ընկավ մեջտեղ, քարտեզի մեր օրինակը պետական հիմնարկից՝ Կադաստրի կոմիտեից չքացավ, քարտեզը կողմերին տրամադրելու՝ Ռուսաստանի պատրաստակամության խոստումը առժամանակ «սառեցվեց», իսկ Ադրբեջանը ծպտուն չհանեց՝ 88-ի քարտեզն իր «հագով» չէ: Տարօրինակ իրավիճակ է ստացվում, այդպես չէ՞…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կիրանցում ոստիկանական բռնի գործողություններից հետո ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները դռնփակ հանդիպման են հրավիրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ԵԽ գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին, ամերիկացի, ֆրանսիացի, բրիտանացի, գերմանացի դիվանագետներին։ «Ուզում ենք նաեւ իրենցից ստանալ շատ հստակ հարցի պատասխան՝ արդյո՞ք իրենց ֆինանսավորած բարեփոխումների ծրագրի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է՝ քաղբանտարկյալներից սկսած, ավարտած պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ լիարժեք գործադրելով»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ Կիրանցում ոստիկանության՝ մայիսի 2-ի առավոտյան գործողություններն անհամաչափ ուժի կիրառում էին:

Ապրիլի 28-29-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Կատարի պետությունում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ: Հայաստանի եւ Կատարի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.-ին: 2019-ին Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ անցած տարի Կատարը որոշում կայացրեց ռեզիդենտ դեսպանություն բացել Երեւանում: «Երկու երկրների միջեւ զարգանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են՝ հայտարարել է Քաղաքացու օրվա առիթով ապրիլի 27-ին Գավառ այցելած եւ այնտեղ «Հայրենիք-պետություն» բանախոսությամբ հանդես եկած Փաշինյանը: «Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարեւոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է եւ տարածքային ամբողջականությունը»,- ասել է Փաշինյանը, որն իրականում ո՛չ Քաղաքացու հարգն է հասկանում ո՛չ Հայրենիք-պետության շահը, ո՛չ էլ, առավել եւս, Հող-տարածքի սրբություն լինելը:

Սահմանազատված հատվածներում ՀՀ ՊՆ-ը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար՝ «Հ1»-ի եթերում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Սահմանի պահպանության հարցը, ըստ նրա, իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետեւ սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը։ «Այսինքն՝ այդ հատվածում՝ սահմանի վրա, մենք ՊՆ դիրքեր չենք ունենա»,- արձագանքելով մեղադրանքներին, թե համաձայն հրապարակված քարտեզի՝ հայկական դիրքեր են զիջվում ադրբեջանական կողմին, նշել է վարչապետը՝ շարունակելով. «Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա, եւ այդ դիրքը դուրս է գալիս, որովհետեւ ՊՆ-ն այդ գծի վրա այլեւս ծառայություն չի իրականացնելու»,- շեշտել է Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է՝ «Ազատության»-ը փոխանցել են Քննչական կոմիտեից։ Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար։ Ավելի վաղ լրագրող Դավիթ Լեւոնյանը հայտնել էր, որ ԱԺ բակում Լեւոն Քոչարյանի օգնականն իրեն հարվածել եւ հայհոյել է քաղաքական հարցերի շուրջ՝ իր կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ։ ՔԿ-ն երեկ ապրիլի 30-ին տեղեկացրել է, որ լրագրողի ներկայացրած հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լրագրողը ճանաչվել է տուժող:

Հունիսի 15 2024
Հունիսի 07 2024
Մայիսի 24 2024
Մայիսի 18 2024
Մայիսի 11 2024
Ապրիլի 27 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: