Կիրակի, Մայիսի 18, 2025

Շաբաթվա անցուդարձ

12-19 ապրիլի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ցավալի է, բայց՝ փաստ. Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած միջոցառում, խեղկատակության է վերածվում: Նման ղեկավար ունենալը, մեղմ ասած, պատիվ չի բերում հնամենի պատմություն, մշակույթ եւ հռչակ ունեցող ժողովրդին: Ամենայն հավանականությամբ՝ նրա միմոսությունները դիտում են աշխարհի տարբեր ծագերում, եւ պատկերացնել կարելի է, թե ինչեր են մտածում օտարազգիները հայ ժողովրդի մասին: Փաշինյանի խորիմաստ ծամածռությունների, անհոդաբաշխ խոսույթի ցուցադրման առիթն այս անգամ ՀՀ կառավարության գործունեության 2024թ. կատարողականի քննարկումներն էին ու դրանց արդյունքների շուրջ ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցները:

Քննարկված թեմայի վերաբերյալ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր ելույթում գրեթե ոչինչ չասաց, ավելի ճիշտ՝ ոչինչ չուներ ասելու. Կառավարության ո՛չ 2024-ի, ո՛չ էլ դրա նախորդ տարիների գործունեության արդյունքները, ըստ երեւույթին, գոհացուցիչ չէին, հետեւաբար՝ տարիների կտրվածքով որեւէ թիվ ելույթում չհրապարակվեց: Իսկ տնտեսական աճի ցուցանիշին անդրադարձավ վերջին 7 տարվա ընդհանուր տվյալի՝ 43,5 տոկոսի համատեքստում, քանզի այդպես տնտեսական աճի ցուցանիշն ավելի տպավորիչ է երեւում: Բայց քանի որ 43,5%-ի «առյուծի բաժինը» ՀՀ-ի միջոցով ռուսական կապիտալի տարանցման արդյունքում է կազմավորվել՝ բնակչության եկամուտների վրա էական ազդեցություն չի ունեցել:

Ընդհանուր առմամբ՝ Փաշինյանի ելույթը բովանդակային մասով աղքատիկ էր, իսկ դիմախաղերի ու արտիստականության մասով՝ բավական հագեցած եւ, ինչպես միշտ, ամբոխահաճո: Խոստովանում է, որ գործադիր իշխանության կառավարման որակից Կառավարությունն ինքը, անձամբ՝ վարչապետը եւ խորհրդարանական իշխող ուժը շատ ավելի դժգոհ են, քան ընդդիմությունը: Վերջին շրջանում Փաշինյանը սկսել է հաճախակի քննադատել Փաշինյանին: Սա յոթ տարվա մեջ, կարծես թե, նոր երեւույթ է: Մի քանի օր առաջ էլ ինքն իրեն ու թիմակիցիներին տգետներ էր անվանում: Չլինի՞ նոր, ավելի դառը փորձություններ է պատրաստվում բերել ազգի գլխին:

«Բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսենք,- այդ օրվա ճեպազրույցում իմաստակում էր նա,- մի երկրում, որտեղ գյուղերի զգալի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսավեր վիճակում է, որտեղից պիտի լիներ լավ կառավարման համակարգ… Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ, մի հատ բացատրեք, էլի… Գնացեք գյուղ-գյուղ մտեք, տեսեք մեր դպրոցների վիճակը, տեսեք 30 տարի մեր երեխաները ինչ դպրոցներում են գնացել դասի»: Տպավորություն է, թե ուսումնակրթական համակարգի լավարկման մասին այս մարդը դատում է միայն դպրոցական շինությունների եւ մանկապարտեզների սիրուն տեսքով ու հարմարավետությամբ:

Փաշինյանը ջանում է ցույց տալ, որ ինքն իրեն ոչ մեկից չի գերադասում, ավելին՝ որ ինքը մեզնից մեկն է՝ միջին վիճակագրական մարդ, որն, ասենք, կարող է այդ օրը գրպանում փող չունենալ: Եվ ասում է. «Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը, որովհետեւ չեմ կարող ես այլ կերպ լինել՝ պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ է… Ինչի՞ չենք կարողանում նորմալ 300 դպրոց կառուցել, էլի նույն պատճառով, որովհետեւ միջին վիճակագրական շինարարը այնպիսին է, ինչպես միջին վիճակագրական վարորդը եւ միջին վիճակագրական վարչապետը»: Այսքան հեշտ ու հանգիստ նրան միշտ հաջողվում է իր անգործունակությունը շղարշել դատարկ խոսքերի տակ ու չքմեղանալ:

Իսկ թե տեկտոնիկ պարաոճի ինչպիսի շարժումներ էր ցուցադրում Ազգային ժողովի ամբիոնից՝ զվարճացնելով ՀՀ-ի եւ մոտ ու հեռու արտերկրի հեռուստադիտողներին՝ սա մի առանձին թեմա է: Եթե երկու բառով նկարագրենք տեսարանը, կարող ենք ասել. երկրի առաջին դեմքը պետք է որ փլուզված ներաշխարհ ու հոգեկան անհավասարակշռություն ունենա՝ հանրորեն նման պահվածք դրսեւորելու համար: Չէ՛, կարծես թե, վերջը մոտ է:

 

Ինչպես կանխավ ազդարարվել էր, ապրիլի 16-ին գումարվեց Գյումրու ավագանու անդրանիկ նիստը, որտեղ համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքում 18 կողմ ձայնով քաղաքապետ ընտրվեց մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) թեկնածու Վարդան Ղուկասյանը, որը նախկինում 13 տարի ղեկավարել էր հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Փաստորեն՝ սա Գյումրու քաղաքապետի ընտրություններում Ղուկասյանի հինգերորդ հաղթանակն էր:

Հիշեցնենք, որ ավագանի ընտրվել էր 6 տոկոսի շեմը հաղթահարած 5 խմբակցություն, որից 4-ը՝ ընդդիմադիր: Դրանք են՝ ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնքը»՝ 3, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ (19): Երեք ընդդիմադիր խմբակցություն հայտարարել էր, որ քաղաքապետ ընտրվելու հարցում անհրաժեշտ քվեներով կաջակցի Վարդան Ղուկասյանին, եւ իր խոսքի տերը եղավ: «Քաղպայմանագիր» կուսակցությունը, որն ընտրության արդյունքով ամենաշատ մանդատներն ունի (14), բոյկոտել է ավագանու առաջին նիստը եւ հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։

Ավագության կարգով առաջին նիստը վարող Վարդան Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական բոլոր ուժերին եւ քաղաքացիներին, հավաստիացրեց, որ լինելու է բոլոր գյումրեցիների քաղաքապետը, ինչպես նախկինում՝ քաղաքապետարանը դարձնելու է յուրաքանչյուր գյումրեցու «հերանց տունը»: «Որդեգրելու ենք կառուցողականությամբ, խաղաղությամբ եւ համերաշխությամբ առաջ շարժվելու ճանապարհը»,- նշել է Ղուկասյանը։ Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը նախատեսված է ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին:

Սա ոչ միայն ընդդիմության, այլեւ հայ ժողովրդի մտածող հատվածի, այսինքն՝ որակյալ մեծամասնության փոքրիկ, բայց կարեւոր հաղթանակն է: Իշխող քաղաքական ուժը, սակայն, չշնորհավորեց Գյումրիի ընտրություններում ընդդիմության՝ ի դեմս Վարդան Ղուկասյանի, տարած հաղթանակը: Փոխարենը հայտարարել է ՀՀ երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամի անխուսափելիության եւ նոր, արտահերթ ընտրությունների նշանակման անհրաժեշտության մասին։ Ցավոք, նիկոլական Հայաստանի քաղաքական մշակույթը հազիվ էլ այս մակարդակն ունենա:

Սակայն, անկախ ամեն ինչից, Գյումրիի, Փարաքարի, նույնիսկ շատ ավելի վաղ՝ 2023թ. սեպտեմբերին տեղի ունեցած՝ Երեւանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «ՔՊ»-ի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին, եւ նրա տակից հողը գնում է: Կրկեսային Էժանագին խեղկատակություններով, չունեցած խելքի եւ ուժի ցուցադրմամբ ինչ-որ կերպ աջակիցներին պահելու՝ Փաշինյանի ջանքերն ապարդյուն են անցնում: Աթոռը պահելու միակ հույսը թուրք-ադրբեջանական զույգն է մնացել, որին երբեք չի հակադարձում եւ որի ճանապարհային քարտեզն անտրտունջ կյանքի է կոչում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Բաքվում ապրիլի 14-ին ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում 35-ամյա վաղեմության ցուցմունքներ են հրապարակվել։ Դրանք տեղ են գտել ԼՂԻՄ տարածքում ԽՍՀՄ Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրգործի նյութերում։ Խորհրդային քննիչների հավաքած նյութերի հիման վրա մեղադրող կողմը փորձել է ապացուցել, որ Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել «հայկական կողմի բռնի գործողություններով, որոնք համակարգվել են Երեւանից»։ Քննիչների պնդմամբ՝ Արցախում գործող հայկական ուժերը «սպառազինություն են ստացել ՀՀ տարածքից, եւ այդ գործընթացը համակարգել է Վազգեն Սարգսյանը»։ ՀՀ-ում հավաքագրված ֆինանսական միջոցներն, ըստ ԽՍՀՄ դատախազության, «ուղղվել են Ռոբերտ Քոչարյանին, դրանց առաքմամբ զբաղվել է Վազգեն Մանուկյանը»:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստում, իր կարծիքով, չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին: «Բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իհարկե, կողմ եւ դեմ փաստարկներ բերողները՝ քաղաքական ուժերը: Դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ ի պատասխան «Ազատության» հարցին: Տեւական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են ՀՀ Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը չեղարկել է ՀՀ-ում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը, որ ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտարարել է, որ չեղարկվում են, ընդհանուր առմամբ, 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ: «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի համար հատկացվում էր 2 միլիոն դոլար՝ ըստ հրապարակման: Այս եւ էլի ուրիշ երկրներում դադարեցված մի շարք ծրագրեր որակվել են անօգուտ: Մասնավորապես՝ դրանք դադարեցվել են Միացյալ Թագավորությունում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելառուսում եւ այլուր:

Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի հարցում գլխադասային հանձնաժողով է ընտրվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը օրեր առաջ վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին. նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հարցով զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

Ադրբեջանցի հետազոտող եւ խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը, որը 2024թ. օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով, ապրիլի 14-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետին։ Նամակը հասանելի է դարձել Factor TV-ին, որն այն հրապարակել է ամբողջությամբ։ Սամադովը հայտնի է իր խաղաղասիրական կոչերով եւ արեւմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ, ինչի համար էլ կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում: Նա դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հերքել, որ ինքը համագործակցել է ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունների հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: