Երեքշաբթի, Օգոստոսի 04, 2020

Շաբաթվա անցուդարձ

18-25 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթվա մեկնարկը նշանավորվեց հանրային բուռն քննարկումներով, որոնց կիզակետում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն էր: Հայոց Հայրապետը իշխանության եւ մերձիշխանական շրջանակների քննադատությունների թիրախում էր հայտնվել NEWS.am կայքի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին արտահայտած դիրքորոշման համար: «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարեւոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն, համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասել էր կաթողիկոսը:

Այս տեսակետի շուրջ էր մամուլում եւ սոցցանցերում ծավալված բանավեճերի նյութը` հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հոգեւոր հայրերի, փորձագետների, օգտատերերի ու տարբեր տրամաչափի գործիչների մասնակցությամբ:

…Հիմնականում երկու տարամետ կարծիք էր գերիշխում քննարկումներում: Առավել նախահարձակ կողմը` իշխանականները, կաթողիկոսին մեղադրում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հատուկ հոգատարություն ցուցաբերելու եւ նրան աջակցելու համար, ինչին նախկինում չէին արժանանում այլ ամբաստանյալներ: Նրանց կարծիքով` կաթողիկոսը դրանով ճնշում է գործադրում դատական համակարգի վրա, խառնվում պետության ներքին գործերին եւ այլն: Ընդ որում` Ամենայն Հայոց Հայրապետի դեմ քարոզարշավը տարվում էր բավական անպարկեշտ բառապաշարով, իշխանական «ֆեյքերն» ու նրանց կարգավարները երբեմն դուրս էին գալիս տարրական բարեվարքության եւ բարոյականության սահմաններից: Մյուս կողմը հակադարձում էր` նշելով, որ Վեհափառը ելնում է խղճի, մարդասիրության ու հանդուրժողականության սկզբունքներից եւ հորդորում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել` չվնասելու համար հիվանդանոցից նոր դուրս գրված նախկին նախագահի առողջությունը, որը տարիքով պայմանավորված` գտնվում է ռիսկային խմբում:

Իշխանության աջակիցների ագրեսիվ հռետորաբանության համար խթան դարձավ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի կոպիտ արձագանքը կաթողիկոսի հայտարարությանը: Գեւորգյանը տեղին է համարել հիշեցնել, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային մեղադրյալ Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը: Մայրապետյանը, որը Քոչարյանի մերձավորներից է, ըստ խոսնակի, Տեր Վահրամ քահանայի երաշխավորությամբ 2019-ի հունվարին բուժման պատրվակով մեկնել է երկրից եւ ցայժմ չի վերադարձել: «ՀՀ կառավարությունը որեւէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միեւնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Աթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը եւ դրա հետեւանքով առաջացած վիճակը»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղարը: Նա չի մոռացել նաեւ հիշեցնել, որ Մայրապետյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Թե կաթողիկոսի հայտարարության արձագանքի համատեքստում ինչ կապ ունի Մայրապետյանի հանցավոր անցյալը կամ Տեր Վահրամ քահանայի երաշխավոր լինելը, մնում է միայն ենթադրել: 

Ամեն դեպքում վարչապետի խոսնակի արձագանքն ավելի շուտ հնչեց որպես «դաբրո»-ի յուրօրինակ ազդակ: Առաջիններից մեկը հանդես գալով` Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը աննրբանկատորեն հայտարարեց. «Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է` կարեւոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը»: Մի կողմ թողնենք այն խոսելաոճն ու անհարգալից տոնը, որով բարձրաստիճան պետական պաշտոնյան իրեն թույլ է տալիս արտահայտվել Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին` անկախ վերջինիս անձից, ինչպեսեւ` այն փաստը, որ Վեհափառի խոսքը ներկայացվել է ակնհայտորեն աղավաղված: Բայց կա կարեւոր մի հանգամանք, որը չի կարելի շրջանցել` տեղի-անտեղի շահարկվելու պատճառով: 

Կառավարություն-եկեղեցի հակադրությունը նորություն չէ: Դեռեւս 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո Մայր Աթոռի նկատմամբ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» կարգախոսով դարձյալ ոտնձգություններ եղան, այսպես կոչված, «սորոսական» խմբերի կողմից, որոնց ուղղորդում էին նորընտիր իշխանության որոշ ներկայացուցիչներ: Նրանց շարքում էր «ՀՀ հազարավոր քաղաքացիների» անունից խոսող նույն Ալեն Սիմոնյանը, որը, ըստ երեւույթին, դեռ «էն գլխից» չէր իմանում կամ անտեսում էր, որ Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը «ՀՀ հազարավոր քաղաքացիների» պահանջով չէ, որ պիտի իրականացվի: Գոնե որպես օրենսդիր` նա պարտավոր է իմանալ, որ` ա/ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, բ/ Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է, գ/ Կաթողիկոսին կարող է գահընկեց անել Ազգային-եկեղեցական ժողովը բացառապես դավանական շեղումների դեպքում: Սրանք են իրավական կառուցակարգերը: 

Ասվածից հետեւում է, որ միմյանց գործերին միջամտելու կարիք չկա, պետությունը պետք է զբաղվի իր խնդիրներով, որոնք անթիվ-անհամար են, եկեղեցին էլ` իր կարեւոր առաքելությամբ, որն, անտարակույս, զերծ չէ թերություններից: Հատկանշական է, որ Վեհափառի, հետեւաբար նաեւ Մայր Աթոռի (հակառակ ոմանց պնդումների` սրանք նույնական են) վարկաբեկման համատեքստում իշխանությունները կանգ չառան Մայրապետյանի քրգործի հիշատակմամբ: Կաթողիկոսի հայտարարության «թանաքը», ինչպես ասում են, դեռ չչորացած` ԱԱԾ-ն հաղորդում տարածեց, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ։ Վերջինիս անունը 2013 թվականին մամուլը կապել էր օֆշորային մի գործարքի հետ, որն, ի դեպ, առնչվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվանը։ 

Սրբազանը հերքել է մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական եկեղեցուն: Կճոյանի խոսքով` «ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին»: Բայց սա չէ տվյալ դեպքում էականը: Ինչո՞ւ յոթ տարվա վաղեմության գործի մասին մեր իշխանությունները հիշեցին հենց այն ժամանակ, երբ կաթողիկոսը` գթասրտության մղումներից ելնելով, արծարծեց Ռոբերտ Քոչարյանի առողջությանը սպառնացող վտանգի կանխարգելման եւ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունը վերանայելու խնդիրը: Հարցը, բնականաբար, հռետորական է: Երկրորդ նախագահը` տեւապես կալանքում գտնվելով հանդերձ, դարձել է ներքաղաքական զարգացումների վրա ազդող գործոն: Հրայր Թովմասյանի գործերը «թարսվեցին» այն պահից սկսած, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց Քոչարյանի օգտին: Այսպիսի օրինակները տասնյակներով են հաշվվում: Բայց սա այլ թեմա է: 

«Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջեւ»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` թերեւս արտահայտելով սթափ դատող հարյուր հազարավոր մարդկանց մտածումները: 

 

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը: Այն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ։ Մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին եւ այդ համատեքստում կարեւորվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի` համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը: Խորհրդակցությունների արդյունքներով ընդունվեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:

…ՀՀ արտգործնախարարության տարածած այս պաշտոնական հաղորդագրությունը խնամքով թաքցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԼՂՀ խնդրի շուրջ Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների դրվագը: Հայ հասարակությունը միգուցե այդպես էլ երկար ժամանակ անտեղյակ մնար ապրիլի 21-ի տեսակոնֆերանսում Արցախյան հիմնահարցի արծարծման իրողությունից, եթե նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չբարձրաձայներ այդ մասին: Նա հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն «ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր», որոնք առաջարկվել էին մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին` ռուս դիվանագետի պնդմամբ` քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: 

Սառը ցնցուղի ազդեցություն թողած այս հաղորդումը փոքր-ինչ մանրամասնելով` Սերգեյ Լավրովն այնուհետեւ հայտարարել է. «Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»: Ըստ երեւույթին, սա արցախյան հիմնախնդրի կարգավորման` 1997 թվականից մեզ հայտնի տխրահռչակ «փուլային» սկզբունքի որոշակիորեն արդիականացված տարբերակն է, որը վերջին շրջանում բնորոշվում էր «Լավրովյան պլան» անունով: Պարզվում է` ավելի քան 20 տարի առաջ ժողովրդի կողմից մերժված առաջարկը վերադարձել է մեկ այլ պաճուճանքով, որը կարելի է բանաձեւել որպես «Տարածքներ` հաղորդակցության միջոցների դիմաց»: 

Ինչպես ասվեց, 90-ականների վերջերին ի հայտ եկած «փուլայինի» առաջին կետով նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել ոչ միայն պատերազմի հետեւանքով հակառակորդի կորցրած տարածքները, այլեւ բուն Լեռնային Ղարաբաղը: «Փուլայինը» դարձավ այն փորձաքարը, որի վրա Լեւոն Տեր-Պետրոսյանը «գայթեց» ու ստիպված եղավ 1998-ի փետրվարի 3-ին իր թիմով հրաժարական տալ եւ հանձնել իշխանությունը: Աղոտ հեռանկարից բացի Արցախին ոչինչ չխոստացող այդ կետից էլ բանակցությունները շարունակեց ՀՀ հաջորդ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը եւ, շատ չանցած, ի պատիվ իրեն, կարողացավ ցրել Արցախի գլխավերեւում կուտակված մթին ամպերը: Նախ` 1998-ի նոյեմբերից Մինսկի խմբի համանախագահների կողմից շրջանառության մեջ դրված «Ընդհանուր պետության» առաջարկի համատեքստում, ապաեւ 2001-ին կողմերի միջեւ կայացած փարիզյան եւ քիուեսթյան բանակցություններում երկրորդ նախագահին հաջողվեց հնարավորինս ամրացնել հայկական կողմի բանակցային դիրքերը, խորացնել երկկողմ հանդիպումների բովանդակությունը: 

Հետաքրքիր կլինի հիշեցնել Քոչարյան-հայր Ալիեւ հանդիպումների ամենաբեղուն ժամանակաշրջանը` 1999-2001 թվականները: «Ընդհանուր պետության» հայեցակարգի վրա հիմնվող բանակցային փաստաթղթում ԼՂ կարգավիճակն իր մեջ ներառում էր աննախադեպ իրավասություններ` հանրաքվեի միջոցով սեփական Սահմանադրության ընդունում, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների, զինված ուժերի կազմավորում եւ պետականության այլ բնորոշիչներ: Մյուս փաստաթղթի` «Փարիզյան սկզբունքների» հիման վրա կազմված Քիուեսթի համաձայնագրի երկրորդ հոդվածում դե ֆակտո ամրագրվեց, որ նախկին ադրբեջանական ԼՂԻՄ-ի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ եւ անցնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Քի Ուեսթից հետո մշակված նոր սկզբունքներում եւս պահպանվում էր Արցախի դե ֆակտո անկախության գաղափարը: Ամեն ինչից զատ` սրանք միջազգայնորեն ճանաչված կարեւոր արձանագրումներ են, քայլեր` խնդրի լուծման ճանապարհին: 

Իհարկե, ձեռք բերվածը մեր լիակատար երազանքը, չէ, բայց գաղափարական-քաղաքական որոշակի կապիտալ է, որին գործող իշխանության նախորդները հասել են մեծ ջանքերի գնով, եւ որը պետք է հաջորդաբար պահպանվի ու զարգացվի, եթե ուզում ենք պետություն դառնալ: Խաչ քաշել նախորդների օրոք կուտակված քաղաքական-մշակութային ժառանգության եւ փորձի վրա` հայտարարելով, թե սկսում ենք զրոյից` նշանակում է տվյալ ոլորտում ձեռք բերված առաջընթացը ետ շպրտել 20-25 տարով, մանավանդ եթե խոսքը արցախյան գործընթացի մասին է: Դրա հետեւանքներից մեկն այսօր «փուլայինի» անփառունակ վերադարձն է: Իշխանությունը լավ էր գիտակցում վերահաս մարտահրավերները, դրա համար էլ ջանում էր բանակցային տվյալ փուլի իրական զարգացումները հնարավորիս փակ պահել հանրությունից` առանց մտածելու, որ Լավրովը կամ Մամեդյարովը մի օր կարող են բացել «խաղաքարտերը»: 

Փորձագետների մեծամասնության կարծիքով` կարգավորման այս փիլիսոփայությունը գալիս է վերջին շրջանում հայկական կողմի հստակ հայեցակարգի բացակայությունից, ինչպես նաեւ անխոհեմ մոտեցումներից, մասնավորապես այն շեշտադրումներից, թե Արցախի շուրջ տարածքները մեզ համար անվտանգության գոտի են: Կարգավիճակի խնդիրը, որն առաջնայինն է եղել բոլոր բանակցություններում, ընդհանրապես, դուրս է մղվել գործածությունից եւ առաջին պլանում հայտնվել է կարգավորման այնպիսի տարբերակի նախապատվությունը, որը կբավարարի երեք կողմերի` Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Ամեն դեպքում բանակցությունների այս փուլի գաղտնազերծումն ակներեւ է, եւ գնդակը, ինչպես ասում են, հայկական դաշտում է: Կհաջողվի՞ իշխանություններին արտաքին քաղաքականությունը վերադարձնել բանականության եւ առողջ տրամաբանության շրջանակ` ցույց կտան ամենամոտ զարգացումները:

Հետգրություն. «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխանվարչապետի աշխատակազմից փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որեւէ բան չունի ավելացնելու, ինչպես նաեւ որեւէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում` ստանալով վավեր քվեների 88 տոկոսը:

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները` հավաստանշելով ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության եւ գրագետ գործողությունների արդյունքում ապրիլի 21-ին խոցել այն: Այս մասին հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարությունը նշում է նաեւ, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

ՊՆ-ն հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաեւ հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան:

Հուլիսի 18 2020
Հուլիսի 11 2020
Հունիսի 27 2020
Հունիսի 20 2020
Հունիսի 13 2020
Մայիսի 29 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: