Երկուշաբթի, Մայիսի 10, 2021

Շաբաթվա անցուդարձ

27 մարտի - 3 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Իշխանական որոշակի շրջանակներ դեռ չէին թոթափել հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակի ու հետագա հնարավոր զարգացումների օրակարգը քննարկելու հանձնառությամբ Հայաստանի եւ Արցախի նախկին 5 նախագահների հանդիպման լուրի ծանր ապրումները, երբ մարտի 29-ին հրապարակվեց նրանց համար շատ ավելի ցնցող մեկ այլ նորություն: ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր եւ Սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրված Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ենթակա երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։

ՍԴ որոշումից հետո այդ քրեական գործը կկարճվի կամ, իրավական այլ ձեւակերպմամբ, կդառնա առոչինչ:

…ԶԼՄ-ներում մի քանի օր կրքերը եռում էին, տարակերպ մեկնաբանությունների հեղեղ էր՝ մասնագիտական ծանրակշիռ դիտարկումից մինչեւ ամենապարզունակ դատողություն, հիացական խոսքից մինչեւ քինախնդիր, թունոտ արձագանքներ: «Փաստ»-ի փոխանցմամբ՝ այս որոշումը պարզապես հիստերիայի մեջ էր գցել ոչ միայն իշխանավորներին, այլեւ իշխանամերձ որոշ անհատների, որոնք «Մարտի 1»-ի գործի յուրատեսակ քաղաքական ու ֆինանսական շահառու էին: Նրանք սոցցանցերում իրենց զայրույթն էին պարպում 5 րոպեն մեկ գրառումներով, լալահառաչ մամլո ասուլիսներով: Նույնիսկ մի քանիսի համար, ըստ «Փաստ»-ի, շտապօգնություն էր եկել: «Փաստացի, այս մարդկանց՝ տարիներ շարունակ փչած «փուչիկը» պայթեց օրենքի ողջ ուժով...»,- գրում է պարբերականը: 

Եվ պայթեց ոչ միայն բուն «Մարտի 1»-ի գործը, այլեւ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ պնդումները, թե «Մարտի 1»-ը բացահայտված է: Մեկընդմիշտ ջարդվեց այն առանցքը, որի շուրջ ավելի քան երկու տարի պտտվում էր հակաքոչարյանական քարոզչության թափանիվը: Միաժամանակ զրոյի հավասարվեցին դատական համակարգի մասին Փաշինյանի ու նրա արբանյակների նվաստացուցիչ արտահայտությունները: Բարձր դատարանն ապացուցեց իր կենսունակությունն ու արժանապատվությունը, արդարադատության սկզբունքներին իր հավատարմությունը: Այս ամենի համար փոխանակ ուրախանալու՝ սոցցանցերում առանձին պնակալեզներ անհարգալից, հայհոյախառն տեքստեր, նույնիսկ սպառնալիքներ էին ուղղում ՍԴ-ին, որն, ի դեպ, ձեւավորվել էր այս իշխանության երկարատեւ, բայց անօրինական ոգորումների արդյունքում եւ այլեւս համարվում էր յուրային: Բայց պարզվում է՝ մասնագիտական պարտքի զգացումը շատ դատավորների համար վեր է ամեն ինչից: 

Ընդհանրապես՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հակասահմանադրականության մասին վաղուց էին խոսում տեղական եւ միջազգային իրավագետներն ու իրավունքի մասնագետները: Սա, ինչպես նշվեց, այն չարաբաստիկ հոդվածն է, որի հիմքի վրա էին կառուցված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի նկատմամբ կարված մտացածին գործերը: Այժմ արդեն ակնհայտ դարձավ, որ տվյալ «գործը» պատվիրված էր, եւ թիրախը Քոչարյանն էր, իսկ մյուսների՝ մասնավորապես գեներալներ Խաչատուրովի եւ Օհանյանի դեպքում նպատակը բարձրաստիճան զինվորականների չեզոքացումն էր, ինչը միանգամայն տեղավորվում է մեկ այլ նախագծի շրջանակում Զինված ուժերի կազմաքանդման տրամաբանության մեջ։ 

Ամեն ինչից զատ՝ ՍԴ-ի որոշումը մեծ հարված էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Նիկոլ Փաշինյանի համար: Պարզվում է՝ նրա կամքին չի ուզում ենթարկվել անգամ իր քմահաճությամբ կազմավորված ամենակարեւոր կառույցներից մեկը, որի հետ կապված նրա հույսերն ի դերեւ ելան: Փաշինյանը գրեթե համոզված էր, որ ընտրություններում իր հիմնական ախոյանը, որը հայտարարել էր ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու մասին, այլեւս չեզոքացված է: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Երկրորդ նախագահի այդ հայտարարության պատճառով նա արդեն մեկ անգամ չեղարկել էր ավելի վաղ խոստացած արտահերթ ընտրությունները՝ հիմնավորելով, թե չկա ընտրությունների հանրային պահանջ: Հիմա նորից չեղարկել չի կարող, որովհետեւ խորամանկությունը դուրս կգա ջրի երես: 

ՍԴ աղմկահարույց որոշումից հետո Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը, որը նշանակված էր մարտի 30-ին եւ պետք է անեկբայորեն բավարարեր Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի, Գեւորգյանի փաստաբանների միջնորդությունը եւ դադարեցներ քրեական հետապնդումները, հետաձգվել ու նիստի օր էր նշանակվեց ապրիլի 2-ը: Մեղադրող կողմը՝ դատական նիստը խափանելու եւ ժամանակ շահելու ակնհայտ դիտավորությամբ, չէր ներկայացել նիստի: Ռուսական ասացվածք կա՝ «После драки кулаками не машут»:

 

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որը նա մարտի 28-ին հնչեցրեց «Հ1»-ի եթերում, բուռն քննարկումների տեղիք էր տվել սոցիալական ցանցերում։ Մի շարք քաղաքական գործիչներ, փորձագետներ տարակուսանք ու վրդովմունք էին հայտնում՝ Արմեն Գրիգորյանին մեղադրելով ծախվածության, դավաճանության ու թրքասիրության մեջ։ Նրանց կարծիքով ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հասարակության թիկունքում ու Հայաստանի շահերի հաշվին մտերմություն անել Թուրքիայի հետ՝ շրջանցելով երկու երկրների հարաբերություններում պատմականորեն գոյություն ունեցող եւ ցայսօր շարունակվող լրջագույն հակասությունները։

…Պատասխանելով հեռուստամեկնաբանի հարցին, թե որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ համարո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, Գրիգորյանը խուսափել է ուղիղ պատասխանից եւ ասել. «Մենք պետք է մեր մոտեցումներում կատարենք մի քանի ճշգրտումներ»: Նրա խոսքով՝ ճիշտ չէր լինի միանշանակ պնդել, որ Թուրքիայից ոչ մի սպառնալիք չի բխում, «բայց ընդհանուր գործընթացները տարածաշրջանում այլ հնարավորություններ են բացում»: Եվս մի քանի անգամ խուսափողական, անորոշ արձագանքելով նույն հարցին, ԱԽ քարտուղարը պարզ հասկանալ տվեց, որ անօգուտ է իրենից կոնկրետ պատասխան ակնկալել: 

Դատելով Երեւանի նկատմամբ Անկարայի բացահայտ թշնամական պահվածքից, Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած նրա գործուն աջակցությունից, շատերը միանգամայն հիմնավոր կերպով Գրիգորյանի դիրքորոշման մեջ տեսնում են դավաճանություն ազգային շահերին: Այդ առնչությամբ Երեւանի պետհամալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Հիմա ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել եւ հուսալքել»: Մեզանում վերջին շրջանում հաճախացած թրքահաճո դրսեւորումների խորապատկերին, մանավանդ մոտալուտ Ապրիլքսանչորսին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից եկող դրական ազդակներին ընդառաջ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նկատում է, որ հայ-թուրքական գաղտնի գործընթաց է գնում, որը պետք է ամեն գնով վիժեցնել: 

Ստվերային պայմանավորվածությունների վտանգը չի բացառում նաեւ ՀՅԴ-ն, որի մի խումբ անդամներ մարտի 29-ին, ի նշան բողոքի, Անվտանգության խորհրդի շենքի առջեւ այրեցին Թուրքիայի դրոշը։ Ցուցարարների համոզմամբ՝ թշնամու հանդեպ մոտեցումները վերանայելու անհրաժեշտության մասին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների նպատակն է խոչընդոտել Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը։ Խնդրի շուրջ բավական խիստ է արտահայտվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ «Նիկոլն ու իր մանկլավիկները՝ այդ թվում արցախցի նեոբոլշեւիկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, իրենց ընտանիքներին տանում են թուրքի անկողին։ Իրենք գլուխը՝ քարը, իրենք ու իրենց ընտանիքները։ Բայց փորձում են անել նույնը բոլորիս դեպքում»,- Ֆեյսբուքում գրել է քաղաքական գործիչը։ 

Հարավկովկասյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի վարած բազմավեկտոր քաղաքականությունը կոչված է ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, քարոզչական եւ գաղափարաբանական ներգործության միջոցներով պետականազրկել Հայաստանը՝ դարձնելով թուրքական մի վիլայեթ եւ բացել իր երազանքի ճանապարհը դեպի արեւելք: Հիշենք, թե ինչպես Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղսապանության եւ 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը` դեկտեմբերի 10-ը, ըստ նրա, «Ահմեդ Ջեւադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր»: 

Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելության, թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքական ուղեգիծը միշտ եղել եւ շարունակում է մնալ հարեւան երկու թուրքական պետությունների օրակարգում: Իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցության այս տարվա մարտի 5-ին տեղի ունեցած համագումարի ուղերձում Իլհամ Ալիեւը հպարտությամբ շեշտել է, որ Ղարաբաղի դեմ պատերազմում հաղթանակը կռել է «թշնամու հանդեպ ատելության զգացումով մեծացած երիտասարդ սերունդը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վկայությամբ՝ այն փաստը, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ եւ խրախուսվում է իշխանությունների կողմից, արձանագրված է նաեւ ՄԻԵԴ-ի մի քանի վճիռներում: 

Արման Թաթոյանի համոզմամբ՝ սա նշանակում է, որ հայ ժողովրդի իրավունքների, ֆիզիկական անվտանգության կամ Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որեւէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքը, ըստ նրա, ոչ միայն չեն նվազել, այլեւ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում են նոր դրսեւորումներ: «Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ թուրքական կամ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,- հորդորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: 

Եվ, իսկապես, ինչ էլ անունը դնեն արմենգրիգորյաններն ու մյուսները՝ «ճշգրտումներ», «նոր հնարավորություններ», «բարիդրացիություն» եւ այլն, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի: Պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ, ինչով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայ Առաքելական եկեղեցին մարտի 28-ին նշեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաեւ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր: Արդեն եկող կիրակի` ապրիլի 4-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը:

Ազգային ժողովն ապրիլի 1-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով իշխող ուժը հրաժարվում է վարկանիշային ցուցակներից եւ հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում է փակ համամասնական կարգով։ Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում, երբ «Իմ քայլի» վարկանիշը դեռ գագաթնակետին էր, վարկանիշային ընտրակարգը չէր մերժվել, եւ չորս տասնյակի չափ պատգամավորներ ընտրվել էին հենց այդ ընտրակարգով:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 27-ին ՀՀ իշխանություններին կոչ է արել չեղարկել զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը: «Freedom House»-ը ցավալի է համարում, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը: Հիշեցնենք՝ մարտի 24-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր խորհդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Ըստ այդ օրենքի, զրպարտության փոխհատուցման չափ սահմանվում է նվազագույն աշխատավարձից մինչեւ 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչեւ 3 մլն դրամ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարում: Չորեքշաբթի երեկոյան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականը հաղթել է ընտրական մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում եւ առավելագույն՝ 9 միավորով միանձնյա գլխավորում է J խմբի աղյուսակը:

Չորրորդ տուրի հանդիպումները կկայանան արդեն աշնանը՝ սեպտեմբերի 2-ին Խոակին Կապառոսի սաները կհյուրընկալվեն Հյուսիսային Մակեդոնիային:

Ապրիլի 24 2021
Ապրիլի 18 2021
Ապրիլի 11 2021
Մարտի 27 2021
Մարտի 20 2021
Մարտի 13 2021

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: