Երեքշաբթի, Սեպտեմբերի 25, 2018

Շաբաթվա անցուդարձ

Դեկտեմբերի 9-16

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Սերժ Սարգսյանն անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցել է Դիլիջանում անցկացված` տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում էին մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, համայնքներում իրականացվող տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ եւ այլք: Քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, երկրում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: ՀՀ նախագահը խորհրդաժողովի ամփոփիչ նիստում հանդես է եկել ելույթով եւ, ի թիվս այլ հայտարարությունների, նշել է, որ մի քանի տարի հետո հասնելու ենք մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի 10 հազար դոլարին համարժեք ցուցանիշի:

… Անկեղծ ասած` նախագահը քաղաքական գործունեության ընթացքում մեծադղորդ խոստումներ շատ է տվել, որոնք այդպես էլ մնացել են անկատար: Բավական է սկսել հրաշագործ «Արմենիկումի» հետ կապված ծիծաղաշարժ պատմությունից, հիշատակել Ստեփանակերտ-Երեւան ինքնաթիռի առաջին ուղեւորը լինելու, «մեծ ձկներին» գլխից բռնելու խոստումները եւ ավարտել եռամյա վաղեմության այն հավաստիացումներով, թե Ռուսաստանը մեզ չի ստիպում միանալ ԵԱՏՄ-ին, եւ Հայաստանի միանշանակ նախընտրությունը Եվրամիության Ասոցացման համաձայնագիրն է: Տարիներն անցան-գնացին, բայց «Արմենիկումը» բլեֆ դուրս եկավ, Արցախի օդանավակայանից ոչ մի ինքնաթիռ օդ չբարձրացավ, «մեծ ձկների» գլուխները մնացին իրենց տեղում անվնաս, իսկ ԵԱՏՄ-ի մասով փուչիկը պայթեց ընդամենը մեկ գիշերվա մեջ: Հիմա մարդիկ ինչո՞ւ պիտի հավատան, որ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն «մի քանի տարում» (էշ, մի սատկիր, գարուն կգա) կհասնի 10 հազար դոլարի, ասել է թե՝ կաճի ներկայիս համեմատ գրեթե երեք անգամ: Մեր երկրում կանոնավոր աճող միակ բանը պետական պարտքերն են, որոնք Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հատել են վտանգավոր սահմանագիծը եւ այժմ հավասարվել պետական բյուջեի 60 տոկոսին: Իր ելույթում գործող նախագահը երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի համար կշտամբում էր բոլորին՝ բացի իրենից. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանո՞ւմ եք, պետությունն ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել»,- գանգատվել է նախագահը: Ապա՝ դիմելով համայնքապետերին, ասել է. «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»: Հիմա ինչպե՞ս հասկանալ՝ ամոթն այն է, որ տանո՞ւմ են ժողովրդի փողերը, թե՝ այն, որ իրե՛նց տուն են տանում: Ի դեպ, խրոնիկ խոստումնազանցությունը, ժողովրդին պարբերաբար սին խոսքերով կերակրելը նույնպես ամոթալի երեւույթներ են: Արժե այդ մասին լրջորեն մտածել:

Մամուլի տեղեկացման համաձայն` կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Դրանով առաջարկվում է դադարեցնել գնման մի պայմանագրի գործողությունը, որով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու՝ Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն վերանորոգման աշխատանքներն այդտեղ անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, իսկ մեր ափամերձ տարածքները հսկվում են Ռուսաստանի Դաշնության 23/93 սահմանապահ զորամասի կողմից: Փաստորեն` հայ շինարարների աշխատանքը, ինչպես նշված է խնդրո առարկա նախագծի դադարեցումը հիմնավորող դրվագում, խոչընդոտում են ռուս սահմանապահները:

… Խնդրի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել սոցցանցերում, այնուհետեւ Ազգային ժողովի ամբիոնից այն հնչեցրեց «Ելք» դաշինքի անդամ Գեւորգ Գորգիսյանը: Ի՞նչ իրավունքով է ինքնիշխան պետության տարածքում տերուտնօրինություն անում ռուս զինվորականությունը: Կառավարության նիստից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պարզաբանում է տվել՝ վստահեցնելով, թե վրիպակ է տեղի ունեցել, եւ լրագրողները սխալ են հասկացել: Հարությունյանի ասելով՝ ռուսական սահմանապահ զորամասը կատարվածի հետ որեւէ կապ չունի, այդ իրանական կողմն է, որ չի տվել իր համաձայնությունը ափամերձ վթարային հատվածը վերանորոգելու համար: «Իրանական կողմի հետ մեր բանակցությունները շարունակվում են»,- իր պարզաբանման մեջ նշել է ՀՀ ջրային տնտեսության պետկոմի ղեկավարը: Մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում, կարդում ենք. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկում է ՌԴ-ի 23/93 զորամասը, ուստի անհրաժեշտ է կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերել այդ հատվածում աշխատանքների ավարտման համար: Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ռուսական զորամասից համաձայնություն չստանալու հետ»: Ամեն ինչ կարծես թե պարզ է դառնում. մեր պետական բարձրաստիճան պաշտոնյան փորձում է «սվաղել» իրականությունը՝ մեղքը գցելով լրագրողների վրա: Բա ո՜նց... հո չէ՞ր ասելու խոչընդոտողները ռուսներն են, որոնք վաղուց Հայաստանը դիտարկում են իբրեւ ռուսական մի գուբեռնիա, որտեղ իրենք են որոշում՝ ինչը կառուցել կամ ինչը նորոգել: Հասկացանք՝ սահմանը ռուսական կողմն է հսկում՝ ընդ որում, եթե չենք սխալվում, մեր բյուջեի հաշվին: Ուրեմն նա կարող է բանակցություններին մասնակցել ոչ թե ձայնի իրավունքով, այլ՝ ընդամենը որպես սահմանապահ: Կարծում եք՝ մանրո՞ւք է: Ո՛չ: Մտածելակերպ է, իսկ միգուցե՝ հոգեվիճակ:

«Եվրասիական միության անդամակցությունը եւ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը յուրահատուկ կարգավիճակ են ստեղծում Հայաստանի համար»։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Շնորհավորելով Հայաստանին համաձայնագրի ստորագրման առթիվ՝ դեսպանը նշել է, որ նախորդ շաբաթ Ճապոնիան եւս ԵՄ-ի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, ինչը, ըստ նրա, եւս մեկ ընդհանրություն է, եւ երկու երկրները կարող են ԵՄ-ի միջոցով ավելի սերտ համագործակցություն ծավալել։ Դեսպանի հավաստմամբ` ճապոնացի գնորդին հետաքրքրում են հատկապես հայկական գինին, մեղրը եւ չրերը:

…Ինչպես երեւում է, ճապոնական կողմին հայկական խիստ սահմանափակ ապրանքատեսակներ են հետաքրքրում՝ հիմնականում այնպիսիք, որոնք, կարծես թե, ավելի շուտ բնության պարգեւ են, քան մարդկային մտքի, ձիրքի ու ձեռքի «զտարյուն» արգասիք: Անշուշտ, մեր ոչ այնքան որակյալ գինիները, Եվրոպայի կողմից քանիցս խոտանված մեղրը եւ անհայտ ծագման չրերը չես համեմատի ճապոնական արտադրության աշխարհահռչակ մեքենաների, կենցաղային տեխնիկայի, բժշկական սարքերի ու սարքավորումների հետ: Բայց, չնայած դրան, լավագույն տեխնիկայի ու տեխնոլոգիաների երկիրը պաշտոնապես համագործակցություն է առաջարկում Հայաստանին, ինչի համար պետք է գոհ լինել եւ կարողանալ գոհացնել գործընկերոջը:

Դիվանագետը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն 2018 թվականին Ճապոնիայում անցկացվելիք սննդի ավանդական ցուցահանդեսին եւ այդտեղ ներկայացնեն իրենց արտադրանքը՝ գինի, կոնյակ մեղր եւ չիր: Դա լավ պատեհություն է, որպեսզի մեր ներկայացուցիչները զուգահեռաբար գործարար հարաբերություններ հաստատեն ճապոնացիների հետ, գործակցության եզրեր փնտրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում, ուսումնասիրեն այդ ճյուղերում ներդրումների երկուստեք  խթանման հնարավորությունները: ՀՀ կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց դրսից ներդրողներ բերելու համար, սակայն չհաջողվեց Սամվել Կարապետյանից բացի ներգրավել այլ անձանց: Խնդիրն այստեղ ոչ այնքան արցախա-ադրբեջանական հակամարտության չկարգավորվածությունն է՝ չնայած դա եւս որոշ բացասական դեր է խաղում, որքան Հայաստանի անհրապույր ներդրումային միջավայրը, համապատասխան օրենսդրական դաշտի անկատարությունը, կոռուպցիան եւ այլն: Եվրամիության արեւելյան գործընկերության շրջանակներում ճապոնական ներդրումները միանգամայն հնարավոր են, եթե կառավարությունը կարողանա հաղթահարել վերը նշված խոչընդոտները, հասնի այն բանին, որպեսզի օտարերկրացի ներդրողը օրենքով իրեն պաշտպանված զգա:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

Սեպտեմբերի 20 2018
Սեպտեմբերի 14 2018
Սեպտեմբերի 07 2018
Օգոստոսի 24 2018
Օգոստոսի 18 2018
Հուլիսի 13 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am