Կիրակի, Ապրիլի 21, 2019

Շաբաթվա անցուդարձ

16-23 մարտի

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավերջին՝ մարտի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխավ չհայտարարված այցով մեկնել էր Հայաստանի գյուղերից մեկը: «Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել եւ, առանց նախապես հայտարարելու եւ ոչ մեկին տեղեկացնելու, մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր վարչապետը: Այցի նպատակը, ըստ նրա, տեղում մարդկանց հետ ծանոթանալն է, շփվելը՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների:

Գյուղում Փաշինյանը հյուրընկալվել է առանձին տնային տնտեսությունների, քայլել գյուղամիջով եւ լսել բնակիչների խնդիրները: Ավելի ուշ Փաշինյանին միացել էին նաեւ համայնքապետ Մանուկ Օհանյանը եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Իսկ վարչապետի այցելած վայրը Արարատի մարզի Ռանչպար գյուղն էր:

Անակնկալ այցի արդյունքները վարչապետն ամփոփել է մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

…Ընդհանուր առմամբ` հայաստանյան գյուղն այսօր ապրում է իր ոչ լավագույն ժամանակները: Նախորդ իշխանությունների ձեռնարկած եւ, բարեբախտաբար, իրենց կամքից անկախ, ավարտին չհասցրած` գյուղական համայնքների կառավարման խոշորացումը, մասնագետների գնահատմամբ, հղի է ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներով: Ինչպես ցույց տվեցին խոշորացման գործընթացի առաջին քայլերը, գյուղերի ու գյուղատնտեսության կառավարման արդյունավետության բարձրացման համար կոչված տվյալ ծրագիրն իրականում նպաստում է գյուղերից դեպի քաղաքներ (գլխավորապես` Երեւան) գյուղացիների մեծաքանակ շարժին` ուրբանիզացիային, իսկ ավելի ուշ վերածվում է երկրից արտագաղթի նոր ալիքի:

Վարչապետի այցի համար պատահականության սկզբունքով ընտրված Ռանչպարը Հայաստանի մոտավորապես հազարի հասնող գյուղերից ընդամենը մեկն է` հոգսաշատ իր առօրյայով, տարիներ շարունակ չլուծվող խնդիրներով: Գյուղացիների հիմնական դժգոհություններն այդտեղ վերաբերում են արոտավայրերի պակասին, ջրի խնդրին եւ վարելահողերի բաշխմանը: Այդ օրը գյուղացիները վարչապետի ներկայությամբ վիճաբանություն ունեցան տեղի ղեկավարության հետ: Ռանչպարի մերձակայքում գտնվող ավազահանքը, որից դժգոհում էին գյուղացիները, պարզվեց, որ պատկանում է գյուղապետ Մանուկ Օհանյանին եւ նրա խնամուն: Ավազահանքի շահագործման պատճառով նախկինում գյուղացիների կողմից օգտագործվող 20 հեկտար հուռթի հողեր վերածվել են ավազափոսերի ու ջրափոսերի, դարձել ոչ պիտանի: «Գիշեր-ցերեկ էդ ավազի մեքենաները գյուղամիջով գնում-գալիս են՝ փոշու մեջ ժողովուրդը կորած է»,- վարչապետին գանգատվել է գյուղացիներից մեկը: Իսկ ոռոգման ջրի սղությունը, որը ջրօգտագործողների ամենացավոտ խնդիրն է, ռանչպարցիները պայմանավորում են տարածքում հետզհետե ավելացող ձկնաբուծարաններով: Թե վերջիններս ում են պատկանում` այդ մասին հավաքվածները նախընտրեցին լռել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, եւ ինքը գյուղնախարարին հանձնարարել է զբաղվել: Հարեւան Ավշար գյուղից Փաշինյանին մոտեցած կինն էլ ներկայացրեց իրենց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի նշանակման հարցը: Նա հայտնեց, որ Ավշարի դպրոցում 5 օր է` դասադուլ է, քանի որ սովորողներն ու նրանց ծնողները չեն ընդունում նոր նշանակված տնօրենին, որը մարզպետի մորաքրոջ հարսն է: Հանիրավի հեռացված տնօրենը, նրա խոսքով, 40 տարվա մանկավարժ է, ով ողջ կյանքը նվիրել է դպրոցին:

Ի՞նչ է ստացվում: Համայնքի ղեկավարը` հաշվի չառնելով համագյուղացիների շահերը, սեփական բիզնեսին է զարկ տալիս, մարզպետը մանրից իր մերձավորներին է տեղավորում պաշտոններում, ինչ-որ աստիճանավորներ Հայաստանի ամենաբեղուն` Արարատյան դաշտի հողերն են դնում ջրամբարների տակ, մի՞թե իսկապես ոչինչ չի փոխվել, ինչպես պնդում են շատ գյուղացիներ: Ամիսներ առաջ վարչապետը խոստացել էր, որ այլեւս չեն լինելու «խնամի-ծանոթ-բարեկամ» սխեմաներ, պաշտոնական դիրքի չարաշահումներ, մեծ ու փոքր պաշտոնյաների կամայականություններ:

Իրականում կյանքն ընթանում է նախկին հունով, եւ փոփոխությունների ոչ մի նշույլ չի նշմարվում: Ամեն ինչ, կարծես թե, վերադառնում է ի շրջանս յուր:

 

«Սասնա ծռեր» կուսակցությունը սկսում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում, մարզի կարգավիճակով, ներառելու գործընթաց: Այդ մասին մարտի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության հիմնադիր անդամներից Վարուժան Ավետիսյանը։ Ըստ նրա` «Սասնա ծռեր» համահայկական շարժումն այս գործընթացը սկսում է հիմա, քանի որ դրա համար անհրաժեշտ էր Արցախում ունենալ քաղաքական, կազմակերպչական միավորում։ Այժմ այդ միավորը կա՝ հանձին օրերս Արցախում գրանցված «Սասնա ծռեր» կուսակցության, որի հիմնական անելիքն այս գործընթացի ապահովումն է։ Նախաձեռնողներն առայժմ չեն հստակեցնում, թե որն է գործընթացի իրավական ճանապարհը, բայց պատրաստ են քննարկումների` համոզված, որ վերջնական որոշում կայացնողը պետք է լինի Արցախում առաջիկայում ձեւավորվելիք նոր իշխանությունը:

…Խնդիրը նոր չէ: Արցախի իրավական կարգավիճակի շուրջ բանավեճերում ԼՂՀ-ի անկախության պահանջին զուգընթաց գրեթե միշտ արծարծվել է Հայաստանի հետ միավորման տարբերակը: Ավելին` Արցախյան շարժման հիմքում սկզբնապես դրված է եղել հենց «միացման» գաղափարը: Ամեն դեպքում երկու տարբերակն էլ ունեն գոյության իրավունք, եւ յուրաքանչյուրն` իր համակիրները: Արցախի անկախության կողմնակիցներն իրենց փաստարկները ներկայացնելիս` ամենից առաջ վկայաբերում են հայկական երկրորդ ինքնիշխան պետականության փաստը: «Մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է», «Երկու պետություն, բայց մեկ հայրենիք». ահա այսպիսին է Արցախի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը, որի մասին քանիցս հայտարարել են տարբեր պաշտոնյաներ: Իսկ մյուս կողմի՝ «միացման» գաղափարի ջատագովների հիմնավորումը հետեւյալն է. գտնվելով Հայաստանի Հանրապետության կազմում` Արցախն ավելի ապահով ու անվտանգ կլիներ: Նախ` չարակամ հարեւանի ագրեսիայի եւ ռազմական ոտնձգությունների հետ կապված` ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան կարգավորումները հավասարապես կտարածվեին նաեւ Արցախի վրա, եւ երկրորդ` Հայաստանի կողմից Արցախին ցուցաբերվող ռազմատեխնիկական եւ տնտեսական աջակցությունը իրավական ու գործնական առումով ավելի լիարժեք եւ ավելի արդյունավետ կդառնար:

Այդուհանդերձ դժվար է ասել` արցախցիները, ովքեր արդեն դե յուրե հռչակել են իրենց անկախությունը, կհամաձայնե՞ն արդյոք ստանալ մարզի կարգավիճակ: Հնարավոր է` ժողովրդի մեծամասնությունն, այո, համաձայնեն, բայց քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ մշակութային էլիտաները` հազիվ թե: Պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հակադարձել է «Սասնա ծռերի» նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու առաջարկն «այս պահին վտանգ է հայոց պետականությանը»:

Իսկ միգուցե այդքան կարեւոր հարցում իսկապե՞ս շտապողականություն է թույլ տրվում, գուցե միտք ունի՞ տվյալ օրակարգը լայն քննարկման դնել փորձագիտական-քաղաքագիտական եւ հանրային մակարդակներում՝ գտնելու համար խնդրի լուծման բանալին: «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ, նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք է հայտնում, որ այս հարցում չի կարելի հապաղել, քանզի, ըստ նրա, «Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը»: «Մենք օր առաջ պետք է այդ վտանգը կանխարգելենք։ Հուսով ենք, որ այս գործընթացին օժանդակող լինելու է այսօրվա երեւանյան գործող իշխանությունը»,- վերոհիշյալ մամլո ասուլիսում նշել է Սեֆիլյանը: Հավանաբար՝ երբեմնի խիզախ ազատամարտիկը մտավախություն ունի, որ Արցախը կարող է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նախադեպով անցնել Ռուսաստանի ազդեցության տակ: Նրա մտավախությունն այնքան էլ անհիմն չէ, եթե նկատի ունենանք այս օրերին անթաքույց բարձրաձայնվող որոշ հայտարարություններ: Դրանցից վերջինը հնչել է Արցախի Պաշտպանական բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի շուրթերից, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո:

Չէ, երեւում է՝ Զորի Հայկովիչի հետեւորդների թիվը մեծանալու միտումներ է դրսեւորում: Սա է, թերեւս, պատճառը, որ «Սասնա ծռերը» «հներին» չեն վստահում, եւ Արցախում իրենց գաղափարի իրականացումը «նոր որակի» մարդկանց հետ են կապում: Նրանք հավատում են, որ այդ «նորերը» կծնվեն ոչ իշխանական ուժերի միջից՝ մինչեւ Արցախում 2020 թվականի նախագահական ընտրությունները տեղի ունենալիք իշխանափոխության արդյունքում: Ուստիեւ՝ հենվելով Արցախում պաշտոնապես գրանցված «Սասնա ծռեր» քաղաքական ուժի վրա, պատրաստվում են սատարել նախագահի այն թեկնածուին, ով կպաշտպանի Արցախը Հայաստանի կազմում ընդգրկելու իրենց նախաձեռնությունը: Բայց կա շատ կարեւոր մի նախապայման եւս՝ նախագահի տվյալ թեկնածուն չպետք է հին կլանի հետ որեւէ կապ ունենա:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Մարտի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 4 ժամ տեւած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին, կոռուպցիայի դեմ պայքարին, «Մարտի 1»-ի գործին, երկրում սոցիալական վիճակի փոփոխությանը, տնտեսական առաջընթացի հրամայականին եւ մի շարք այլ հիմնախնդիրների: 2018-ի մայիսից հետո սա Փաշինյանի երրորդ երեւանյան ասուլիսն էր:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի եւ Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լեւոն Արոնյանին։ Պատմելով առաջիկա իր ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ Արոնյանը նշել է, որ բավական հագեցած շախմատային տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել գրոսմայստերին եւ, մասնավորապես, ասել. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգեւում մեր ժողովրդին»:

 

Միջազգային մամուլ

 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել 

The Guardian-ը հաղորդում է, որ երկիրը մոտ 30 տարի ղեկավարելուց հետո Ղազախստանի նախագահը պաշտոնաթող է եղել, սակայն, հավանաբար, կշարունակի իշխել «գահի ետեւից»:  Վերլուծաբանները նշում են, որ նա պահպանում է Ղազախստանի ռազմաքաղաքական բյուրոկրատիայի առանցքային պաշտոնները:

The New York Times-ը գրում է, որ Նազարբաեւը հրաժարականի որոշումը շատ խրթին է որակել. «Որպես անկախ Ղազախստանի պետության հիմնադիր, ես այժմ տեսնում եմ իմ խնդիրը` նպաստել առաջնորդների նոր սերնդի առաջացմանը, որը կշարունակի այն բարեփոխումները, որոնք ընթանում են երկրում»,- ասել է Նազարբաեւը ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում:

Պարբերականի հաղորդմամբ՝ Նազարբաեւը հայտարարել է, որ իր նախագահական լիազորություններն անմիջապես հանձնելու է խորհրդարանի վերին պալատի խոսնակ Կասիմ-Ջոմարտ Տոկաեւին, որը միշտ հավանություն է տալիս Նազարբաեւի գործողություններին: 65-ամյա Տոկաեւը՝ նախկին վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, որպես գործող նախագահ, կպաշտոնավարի մինչեւ 2020թ. ընտրությունները:

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական է տվել կառավարությունը ցրելուց մեկ ամիս անց եւ պահանջ է դրել փոփոխություններ կատարել ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Կենտրոնական բանկի ղեկավարը եւս հրաժարական է տվել:

Ըստ պարբերականի, չնայած այն բանին, որ Նազարբաեւը նախկինում բացառել է իշխանության փոխանցումն իր երեք դստրերից որեւէ մեկին, ընտանիքը շարունակում է մնալ Ղազախստանում ամենաազդեցիկը: Նազարբաեւի ավագ դուստրը՝ Դարիգան, ճանաչված սենատոր է, իսկ մյուս դուստրը՝ Դինարան, իր ամուսնու՝ Թիմուր Կուլիբաեւի հետ վերահսկում է երկրի խոշորագույն վարկատու «Հալիկ բանկը»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Ապրիլի 19 2019
Ապրիլի 12 2019
Մարտի 29 2019
Մարտի 22 2019
Մարտի 15 2019
Մարտի 08 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am