Երեքշաբթի, Սեպտեմբերի 25, 2018

Շաբաթվա անցուդարձ

Փետրվարի 10-17

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարի 11-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում, ինչպես նաեւ ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման կարեւորությունը: Միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, եւ կոչ են անում կողմերին «լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»: Համանախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ «օգնել կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորում տալու գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունք»:

… Հերթական անգամ համանախագահները՝ «պարիտետը» չխախտելով, այսինքն՝ հավասարության նշան դնելով հակամարտ կողմերի միջեւ, նրանց կոչ են անում «հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»: Անունը դնում են «պարիտետ», եւ մեկ կողմի ռազմական սանձարձակությունը, հետեւապես նաեւ՝ այդ սանձարձակության մեղքը, հավասարապես բաժանում երկու կողմերի միջեւ: Իբր՝ թող ոչ ոք չմտածի, թե Մինսկի խմբի համանախագահող երկրները կողմնակալ վերաբերմունք են դրսեւորում: Հիմա հարց է առաջանում. իսկ այդ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից որեւէ մեկի մտքով չի՞ անցնում արդյոք, որ հենց այդ չարաբաստիկ «պարիտետի» պատճառով է Իլհամ Ալիեւն իրեն ազատ զգում իր գործողություններում, եթե չասենք՝ հանցագործություններում, երբ ադրբեջանցի դիպուկահարի հրազենից սահմանին պարբերաբար հայ զինվոր է զոհվում: «Պարիտետ» կոչվածն այնքան է ոգեշնչել Ադրբեջանի սուլթանին, որ չի խորշում անգամ ի լուր աշխարհի հայտարարել, թե «Իրիվանը», Սեւանն ու Սյունիքը պատմական ադրբեջանական տարածքներ են, եւ իրենց քաղաքական ու ռազմավարական նպատակն է, վաղ թե ուշ, դրանք վերադարձնել: Լավ, հասկացանք, այս մարդու հոգեխանգարմունքը, երեւում է, զարգացման վերջին փուլում է: Բայց մի՞թե նրա շրջապատում գիտակ մեկը չկա, որ հասկացնի նրան. ասի՝ ա՛յ քիշի, «Իրիվանը» այս տարի բոլորում է իր հիմնադրման 2800-ամյակը, մինչդեռ մենք՝ որպես ազգ, կազմավորվել ենք անցյալ դարասկզբներին՝ մոտավորպես 100 տարի առաջ: Ուրեմն` ինչպե՞ս կարող է հետեւում գրեթե երեք հազարամյակ թողած բնակավայրի տարածքը պատկանել արհեստածին մի կազմավորման, որը հազիվ մեկդարյա պատմություն ունի: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը «հրահրող հայտարարություններ» եւ «սադրիչ գործողություններ» ակնարկելիս` նկատի ունի հարեւան երկրի սուլթանի նվաճողական անհագ ախորժակին հարիր հայտարարությունը, ուրեմն թող այդպես էլ ասի ուղիղ նրա ճակատին: Հակառակ դեպքում «պարիտետ» պահպանելը կարող է լրջորեն սասանել Իլհամի հոգեկանը: Մարդը լրիվ ձեռքից գնացել է: Բա որ ասում էինք՝ «պարիտետը» շա՞ռ ա…

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-13-ը պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը՝ տիկնոջ հետ: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ, ապա տեղի է ունեցել երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը միտված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաեւ այցելել է Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց:

… Հայ-բուլղարական առնչությունները դարերի պատմություն ունեն, որի էջերում հետաքրքիր դրվագներ են պահպանվել: Դեռեւս 10-11-րդ դարերում Բուլղարիայում հայությունն այնքան էր ստվարացել, որ հայերն այնտեղ անգամ իշխանության հասան: 997 թվականին բուլղարական գահ բարձրացավ Կամսարականների տոհմից սերող Սամուել Կոմսաձագը: Նա թագավորեց մինչեւ 1014 թվականը եւ գահակալման 17 տարվա ընթացքում արյունահեղ պատերազմներ մղեց Բուլղարիայի անկախության համար` ընդդեմ Բյուզանդական կայսրության, որի գահին նույնպես հայ էր բազմած: Բագրատունյաց թագավորության անկումից հետո էլ հազարավոր հայեր էին գաղթել Հայաստանից եւ հաստատվել Բուլղարիայում: 20-րդ դարասկզբին եւս հայերն ակտիվ մասնակցություն ունեցան այդ երկրի ազգային-ազատագրական պայքարին: 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմի ժամանակ Բուլղարիայում թուրքական բանակի դեմ շատ հայեր էին մարտնչում Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ: Հայոց ցեղասպանության հետեւանքով Բուլղարիայի հայության թիվը տասնապատկվեց` հասնելով 50 հազարի: Բազմաթիվ հայ ընտանիքներ ապաստան գտան բուլղարական հյուրընկալ հողում: Այդ ժամանակ էր, որ բուլղարացի պոետ Պեյո Յավորովը, որի անունով է կոչվում Երեւանի թիվ 131 դպրոցը, գրեց իր սքանչելի «Հայերը» բանաստեղծությունը: Այն սկսվում է հետեւյալ տողերով.

 

Վտարանդինե´ր, թշվա~ռ բեկորներ, միշտ խիզախ, բայց միշտ տառապած ազգի,
Ահաբեկված մոր լքվա~ծ զավակներ, զոհեր` պանծալի ու մեծ սխրանքի:
Օտար ափերում, մայր հողից հեռու, ավեր խրճիթում, անտեր ու անսեր,
Հարբում են նրանք, վերքը` սրտերում, եւ երգում այնպես` լալիս են ասես…

 

Պատմական այս փոքրիկ էքսկուրսի խորապատկերին նախագահ Ռումեն Ռադեւի երեւանյան այցը առանձնահատուկ իմաստ է ստանում: Մնում է ափսոսալ, որ երկու երկրների կապերը, որոնք նույնիսկ խորհրդային շրջանում ավելի ամուր էին, այսօր հեռու են բավարար համարվելուց: Հենց միայն այն փաստը, որ նախագահների մակարդակով վերջին փոխայցելություններից մեզ մեկ տասնյակից ավելի տարիներ են բաժանում, ինքնին խոսուն է: Ներկայում Բուլղարիայում շուրջ 50 հազար հայ է ապրում, եւ հայերը թվաքանակով չորրորդն են ազգային փոքրամասնությունների շարքում: Բուլղարիայում հայկական դպրոցներ չկան: Վառնայում եւ Բուրգասում գործում են միայն կիրակնօրյա դպրոցներ: Համայնքում գործում են նաեւ մի քանի հայկական ակումբներ, մարզամշակութային միություններ, մեկ տասնյակի չափ եկեղեցիներ: Սոֆիայում, Պլովդիվում եւ Բուրգասում լույս են տեսնում հայկական թերթեր: Այսինքն` հայապահպանության որոշակի բազա եւ ներուժ, կարծես թե, առկա են, որոնք, սակայն, արդյունավետ չեն օգտագործվում հայաստանյան պետական կառույցների կողմից: Սփյուռքն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի, եւ դրանում մեծ են Մայր հայրենիքի դերն ու անելիքները: Այլեւս անցյալում են մնացել Սփյուռքը որպես «կթու կով» դիտարկելու ժամանակները, հիմա ուրիշ աչքով պետք է նայել Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների պահանջմունքներին, որոնք բացառապես հոգեւոր են: Սարգսյան-Ռադեւ հանդիպումներն ու բանակցությունները հատկապես այդ դիտանկյունից պետք է կարեւորվեն, որպեսզի պատմականորեն ստեղծված բարեկամական կապերն այսօր շարունակեն աշխատել ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Իսրայելը խոստանում է շարունակել ռազմական գործողությունները Սիրիայում

 

Փետրվարի 10-ին Սիրիայում խփել են իսրայելական F-16 կործանիչը: Ըստ The Independent-ի, Սիրիայի հակաօդային ուժերը իսրայելական ռազմական ինքնաթիռ են խփել: «Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է երկրորդ անօդաչու հարձակումը, որը համարվում է վերջին շրջանի ամենաագրեսիվը: Հարձակման ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը վերացրել են իրանական եւ սիրիական 12 ռազմական օբյեկտներ»,- գրում է թերթը:

Նույն թեմայի ծիրում The Times of Israel պարբերականն էլ հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն կառավարության շաբաթական նիստի ժամանակ դիմել է նախարարներին՝ նշելով. «Երեկ մենք լուրջ հարված հասցրինք Իրանի եւ Սիրիայի բանակներին: Մենք միանշանակ հստակեցրինք, որ մեր ներգրավվածության կանոնները որեւէ կերպ չեն փոխվել: Մենք կշարունակենք հարված հասցնել՝ մեզ ցանկացած վնաս հասցնելու փորձին ի պատասխան: Սա մեր քաղաքականությունն է եւ կմնա այդպիսին»: Թերթի հոդվածագրի տեղեկացմամբ՝ Իսրայելը հստակ հայտարարել է, որ չի հանդուրժի իրանական ռազմական հենակետի որեւէ տեղակայում եւ խոստացել է, որ կշարունակի գործողություններ ձեռնարկել իր ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ կանխելու համար: Թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանը կարող է Սիրիայի տարածքն օգտագործել հարձակումների համար կամ Իրանից դեպի Լիբանան հողային միջանցք ստեղծելուն, ինչը թույլ կտա ավելի հեշտ փոխանցել զենք Լիբանանի «Հըզբոլլահին», որը շարունակաբար սպառնում է ոչնչացնել Իսրայելը:

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հերթին հանդես է եկել Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ հետեւյալ հայտարարությամբ. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Իսրայելի սահմանի նկատմամբ այսօրվա բռնության աճով եւ հստակ պաշտպանում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու՝ Իսրայելի իրավունքը: Իրանի հաշվարկված սպառնալիքը եւ տարածագոտում իր իշխանությունն ու գերակայությունը հաստատելու ձգտումը վտանգում է բոլոր ժողովուրդներին`Եմենից մինչեւ Լիբանան: ԱՄՆ-ը շարունակում է հակազդել Իրանի հակաօրինական գործողություններին իրենց տարածաշրջանում եւ կոչ է անում դադարեցնել իրանական վարքագիծը, որը սպառնում է խաղաղությանն ու կայունությանը»:

Հաշվի առնելով, որ Դոնալդ Ջ. Թրամփն Իսրայելին աջակցելու հարցում թերեւս ավելի վճռական է, քան նախորդ նախագահները, նա անպայման ավելի մեծ օգնություն կցուցաբերի Իսրայելին՝ թշնամիների դեմ պայքարում: Ընդամենն անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքի օդային հարվածներից զոհվեց մոտ 100 իշխանամետ զինվոր, որոնք հարձակում էին գործել Սիրիայի դեմոկրատական ուժերի վրա: Ինչպես հայտնում է  The New York Times-ը, ենթադրվում է, որ այդ հարձակման ժամանակ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական պայմանագրայինները բազմաթիվ մարտիկներ են կորցրել: Հատկանշական է, որ այդ ռուսական ուժերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ «հիբրիդային» վարչակարգի զորամիավորումների առավել մարտունակ ուժերն էին: Ռուսական մասնավոր ռազմական պայմանագրայինների վերացումը կարող է հանգեցնել Դամասկոսի ռեժիմի փլուզմանն ու արագ քայքայմանը:

Մինչ այժմ Ռուսաստանի հայրենասիրական պաթոսը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ իրենց հիմնական մրցակիցը՝ ԱՄՆ-ը, երբեք չի համարձակվի ներգրավվել անմիջական ռազմական գործողությունների մեջ` ողջ աշխարհի համար հնարավոր աղետալի հետեւանքներից խուսափելու նպատակով: Այդ ենթադրությունից ելնելով էր Պուտինը ստեղծել «փոքրիկ կանաչ մարդկանց» օգնությամբ «հիբրիդային» պատերազմներ վարելու իր ռազմավարությունը: Բայց հիմա այդ առասպելը հօդս է ցնդել եւ, կարծես, ռուսական ռազմական արկածախնդրության համար անպատժելիության շրջանը վերջապես ավարտին է հասել:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Սեպտեմբերի 20 2018
Սեպտեմբերի 14 2018
Սեպտեմբերի 07 2018
Օգոստոսի 24 2018
Օգոստոսի 18 2018
Հուլիսի 13 2018

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am