Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024

Շաբաթվա անցուդարձ

13-20 հունվարի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հունվարի 16-ին ԱԺ-ն ձայների 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց 27 տարին լրացած եւ բանակում չծառայած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող մի օրինագիծ, որը հեղինակել էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ըստ այդմ՝ զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն կարող են կա՛մ ծառայել բանակում՝ 2 տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի դիմաց։

Փոփոխությունում միաժամանակ ամրագրվում է, որ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել նաեւ 2,5 միլիոն դրամ վճարելով ու ծառայելով 12 ամիս, իսկ 5 միլիոն դրամի դիմաց ծառայելով 6 ամիս։ Հայկ Սարգսյանի տվյալներով՝ պարտադիր զինծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած ՀՀ շուրջ 5000 քաղաքացիների նկատմամբ այժմ քրեական հետապնդում է հարուցված։ Օրինագծի հեղինակն ակնկալում է, որ ընձեռված այս հնարավորությունից կօգտվեն երկրից դուրս գտնվող ՀՀ հազարավոր քաղաքացիներ:

Ո՞ւմ օգուտ կբերի օրենքի այդ փոփոխությունը՝ պետությա՞նը, որի բյուջեն հավելյալ դրամամուտք կունենա, թե՞ անհրաժեշտ գումարը վճարած ու քրեական հետապնդման տհաճ զգացողությունից ձերբազատված զինապարտին: Գուցե երկուստե՞ք շահեկան է՝ կդժվարանանք ասել, բայց միանշանակ է, որ ամեն դեպքում տուժելու են բանակը եւ հասարակությունը: Բանակը՝ որովհետեւ տարեցտարի նորակոչիկների թվակազմի անկում ենք ունենալու, եւ հասարակությունը՝ որովհետեւ տրոհվելու է սոցիալական երկու հակադիր շերտի՝ բանակում ծառայող չքավորների եւ փողով իրենց զավակներին զինծառայությունից ազատող ունեւորների:

Բանակում ծառայությունը, փաստորեն, կդառնա չունեւոր խավի «մենաշնորհը» կամ կունենանք, այսպես կոչված, «բանվորագյուղացիական» բանակ: Յուրաքանչյուր անհատի քաղաքացիական պարտքի համընդհանուր սկզբունքը կուլ կգնա փողի իշխանությանը՝ տեղը զիջելով մարդկային արժանապատվության բացակայության, անարդարության զգացողությանը: Հարուստը կվայելի կյանքը, իսկ աղքատ ընտանիքի զավակը սահմանին արթուն կանգնած՝ կհսկի նրա խաղաղ քունը՝ սեփական կյանքը վտանգի ենթարկելու գնով: Կարելի է աննշան չափազանցություն թույլ տալով՝ փաստել, որ վերը նկարագրվածի նախանշաններն արդեն իսկ ակնհայտ են:

Հեռու պետք չէ գնալ, խնդրո առարկա օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների ելույթները, նրանց մտածողությունն այդ առումով բավական խոսուն են: Սովորության համաձայն՝ քննադատության սլաքն ուղղելով նախորդ իշխանություններին, ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում փորձում էին համոզել, որ բանակային գործի հետ կապված «արատավոր երեւույթներ» նախկինում շատ են եղել: «Շատ մարդիկ չէին ծառայում, տարբեր պատրվակներով խուսափում էին բանակից»,- ամբիոնից հայտարարեց ՔՊ փոխնախագահ, նախկինում ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը:

Այդ «բարքերի» ականատեսն է եղել նաեւ մեկ այլ կարկառուն ՔՊ-ական՝ Վաղարշակ Հակոբյանը, որը լավ է հիշում «այն» ժամանակները. «Մենք տեսել ենք այդ բարքերը, նույնիսկ բանակից ազատվելու ստավկեն (իմա՝ խաղադրույք, խաղագումար-Գ.Լ) ենք հիշում, թե ինչքան էր»,- թիմակցի ասածը հաստատում է Հայաստանի թիվ մեկ աներձագը: Ամբողջ զավեշտն այն է, որ ո՛չ Պապոյանը, ո՛չ էլ Հակոբյանը բանակում չեն ծառայել, բայց անպատկառաբար քննադատում են բանակից «փախնողներին»: Չծառայած ՔՊ-ական պաշտոնյաներից՝ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, համայնքապետներ եւ այլք, կարելի է մի ողջ գումարտակ կազմավորել՝ իրենց շեֆի գլխավորությամբ: Գոնե ամոթ ունեցեք:

 

Աղմկահարույց իրավիճակի կիզակետում է հայտնվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը. հունվարի 14-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն հոդվածով, որը կատարվել է «զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով»։ Այդ մասին մամուլին հայտնել է գեներալի փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը։ Խաչատրյանը մեղքը չի ընդունում:

Մինչ այդ մամուլում շրջանառվել էին լուրեր, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «Էրիկի մոտ» հացատան բակում, որտեղ խնջույքից հետո սուր վիճաբանություն էր ծագել մեկ տասնյակի չափ անձանց միջեւ, գեներալն իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել, որից ենթադրաբար մարմնական վնասվածք է ստացել խնջույքի մասնակից մի քաղաքացի: Մամուլի տեղեկություններով՝ տուժողը 40-ն անց արցախցի տղամարդ է, որը ժամանակավորապես բնակություն էր հաստատել հարեւան Ակունք համայնքում: Ասում են՝ միջադեպին ներկա է եղել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը։

Կա վարկած, որ վիճաբանության թեման, թե ով է հանձնել Արցախը, բռնկվել էր հենց գեներալի ու Արայիկի եղբոր միջեւ, եւ սաստկացող կրքերը հանդարտեցնելու համար ԳՇ պետի նախկին տեղակալը մոտը եղած հրազենից կրակոց է արձակել օդ: Ի դեպ, զենքը՝ «CZ-75» տիպի մարտական ատրճանակը, գեներալը նվեր էր ստացել այն ժամանակվա Պնախարար Դավիթ Տոնոյանից՝ անբասիր ծառայության համար: Նախաքննական մարմնի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ մի շարք տեղեկություններ, ըստ փաստաբան Վարազդատ Հարությունյանի, չեն համապատասխանում իրականությանը:

Նրա խոսքով՝ գործի հանգամանքները հանրային տիրույթում միակողմանիորեն են ներկայացվել։ Խաչատրյանի հետ կապված՝ միջադեպի վերաբերյալ տեղեկությունները, ոստիկանության կողմից բերման ենթարկելու տեսանյութերը, փաստաբանի դիտարկմամբ, արագ հայտնվել են իշխանական կայքերում եւ մատուցվել այլ համատեքստով. «Տիրան Խաչատրյանը խմած չի եղել, խուլիգանություն չի արել, զենքի գործադրման գնացել է զուտ ինքնապաշտպանության համար, կրակել է օդ՝ կանխելու իր դեմ գործողությունները»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ միջադեպի ժամանակ ձեռքի թեթեւ վնասվածք ստացած անձը կապ չի ունեցել վեճի հետ, պատահաբար է վիրավորում ստացել, «հաստատված չէ անգամ, որ հրազենից է վնասվել աջ դաստակը»:

Տիրան Խաչատրյանին շատերը հիշում են հայտնի տեսանյութի մի դրվագից, որտեղ նա լիաթոք ծիծաղում է Փաշինյանի այն հայտարարության վրա, թե պատերազմի ժամանակ «Իսկանդերը» պայթել է 10 տոկոսով: Այդ ծիծաղը պատճառ դարձավ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից նրա ազատման: Բացի դրանից, Խաչատրյանն այն բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք 2021-ի փետրվարին, Զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջում էին ՀՀ կառավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Պարզ է, որ Փաշինյանի նման հիշաչար անձնավորությունն իր ոտքը թեկուզ մեկ անգամ տրորողին չի ների: Հիմա շարժառիթն ինքնին ներկայացել է, եւ իշխանություններն այն կօգտագործեն Տիրան Խաչատրյանին համապատասխան «դաս» տալու համար: Իհարկե, եթե չորոշեն հանձնել Ադրբեջանին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձեւ, որով կոչ է արվում նաեւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ սահմանել Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգո: Բանաձեւով պահանջվում է Արցախ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Սենատի բանաձեւի կապակցությամբ՝ կոչ անելով կառավարությանը պատասխան պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ:

«ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա մեր հարաբերությունների վրա»,- երեքշաբթի «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ շեշտելով, որ ԵՄ-ը հաստատուն է այս դիրքորոշման մեջ։ Նա միաժամանակ ասել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կայուն եւ տեւական խաղաղության հաստատման համար:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 16-ին իր առանձնատանն ընդունել է ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպեսեւ տարածաշրջանային անվտանգության ու հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման եւ զարգացման խնդիրները։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանությանը կոչված հանձնախումբն արդեն ձեւավորված է. հունվարի 18-ին այդ մասին տեղեկացրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նա նշել է, որ համաձայնել է հանձնախմբի անդամների առաջարկությանը՝ համակարգելու դրա աշխատանքները։ Օսկանյանի համոզմամբ՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացնումը կարող է տեւական ու կայուն խաղաղություն բերել:

Հունվարի 16-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մշակույթի գործիչներին, կրթության ոլորտի աշխատողներին, լրագրողներին վաստակավորի կոչումներ այլեւս չշնորհելու օրինագիծը։ Կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 31-ը։ Քննարկումների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները պնդում էին, որ վաստակավորի կոչումները մնացել են Խորհրդային միությունից եւ բացասաբար են անդրադառնում առողջ մրցակցության վրա։ Գործող օրենսդրությամբ 17 բնագավառներում վաստակավորի կոչումներ են սահմանված։ Օրենքն ընդունվելու դեպքում նախկինում վաստակավորի կոչումներ ստացած անձինք պահպանելու են այն:

«Ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերում կիրառվող մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվելու են»,- հունվարի 13-ին Բաքվում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը։ «Ադրբեջանի բանակը թուրքական մոդելին ադապտացնելու ուղղությամբ արդեն իսկ մի շարք բարեփոխումներ իրականացվել են»,- կադրային խնդիրներին նվիրված հավաքի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

Ապրիլի 13 2024
Մարտի 30 2024
Մարտի 23 2024
Մարտի 16 2024
Մարտի 09 2024
Փետրվարի 24 2024
Փետրվարի 17 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: