Կիրակի, Նոյեմբերի 18, 2018

Հարցազրույց

«Եկավ մի պահ՝ մարդիկ հասկացան, որ իրենք ոչ միայն պատմության մեջ են, այլեւ դրա կերտողն են». Էմիլ Աբրահամյան

«Հայացքի» հյուրն է Արցախյան շարժման ակունքներում կանգնած գործիչներից մեկը՝ Էմիլ Աբրահամյանը:

 

- Պարոն Աբրահամյան, նախքան 1988 թվականը եւ հենց 88-ին կա՞ր արդյոք շարժման հասարակական պահանջ եւ ինչպե՞ս այն հստակ ձեւավորվեց ու վերաճեց  Շարժման: Որո՞նք էին այն որոշիչ գործոնները, որոնք լայն հնչեղություն հաղորդեցին Արցախյան շարժմանը եւ դարձրին այն զանգվածային:

- Ղարաբաղյան շարժմանը նախորդել էին հսկայածավալ աշխատանքներ, որոնք անպայման պետք է կատարվեին՝ ժողովրդի մտքին ու սրտին հասցնելու այն հավատն ու հույսը, այն գաղափարները, որոնք համազգային աջակցության կարիք ունեին: Հարյուր հազարավոր մարդիկ հենց այնպես՝ կախարդական փայտիկով չէին դուրս եկել փողոցներն ու հրապարակները: Նրանց գիտակցությանն էր հասցվել, որ պահն ամենահարմարն է, եւ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Չէր կարելի թույլ տալ անցյալի՝ 1920-ի, 1965-ի ձախողումների կրկնությունը, տխրահռչակ Քաղբյուրոյի «կացնային» որոշումների կայացումը: Ժողովուրդն այլեւս որոշակիորեն գործոն էր դարձել նախորդ ժամանակաշրջանների համեմատ, ուստիեւ նախապատրաստական աշխատանքների հիմնական շեշտը հենց ժողովրդի գիտակցության ու ոգու բարձրացման վրա էր դրված: Հադրութում, օրինակ, մենք դա արել էինք՝ տարբեր նամակներ ուղղելով տարբեր ատյանների հասցեներով, այսինքն՝ 88-ի նախաշեմին մեր ժողովուրդը Հադրութում արդեն ներգրավված էր քաղաքական-հասարակական աշխատանքներում: Շրջանում հայաստանյան հեռուստաալիքների հեռարձակման հարցով էին դիմել, դպրոցներում Հայ ժողովրդի պատմության դասավանդման, հայոց լեզվի ու գրականության դասավանդման բարելավման հետ կապված հարցերով եւ այլն: Եթե այդ պարզ հարցերը լուծումներ չէին ստանում, ուրեմն ինչի՞ համար էին այդ «փուչիկ» եզրույթները՝ վերակառուցում, ժողովրդավարություն, բացախոսություն: Ասեմ, որ գորբաչովյան «Перестройка»-ից հետո մի տեսակ աշխույժ տեղաշարժեր էին նկատվում ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ մերձբալթյան երկրներում, Մոլդովայում եւ այլուր: Մեր որոշ հարցապնդումներով Բաքվից Հադրութ գործուղված էմիսարների վարքագծում նույնիսկ մենք փոփոխություններ էինք տեսնում եւ հասկանում, որ անցել են 60-70-ականների ժամանակները: Եկավ մի պահ՝ մարդիկ հասկացան, որ իրենք ոչ միայն պատմության մեջ են ու զգում են նրա շունչը, այլեւ այդ պատմության կերտողն են: Դա ինքնազարթոնքի նախերգանքն էր՝ մի շրջափուլ, որի մեջ օրը, ժամը, րոպեն անգամ դառնում էին շատ էական մեզ համար: Ժամ առ ժամ կուտակվում էր այն ուժը, որը հավատում էր ու պատրաստ էր տնօրինելու իր ճակատագիրը՝ չնայած խորհրդային համակարգը քանիցս ապացուցել էր, որ ի զորու չէ լուծել ժողովրդի կենսահույզ խնդիրները: Իրենց հարցադրումներում մարդիկ ավելի վճռական էին դարձել եւ ազերի էմիսարների հետ այլեւս խոսում էին անզիջում պահանջատիրոջ դիրքերից: Այդ գիծը վառ կերպով դրսեւորվեց հատկապես 1988-ի փետրվարի 12-ին, երբ ժողովուրդը դուրս էր եկել համակարգի դեմ: Դա աննախադեպ երեւույթ էր: Մեզ չէին կարողանում ցրել: Սպառնում էին, որ կդիմեն ուժի կամ այլ բիրտ միջոցների, բայց ժողովուրդն անկոտրում էր եւ կանգնեց մինչեւ վերջ: Այդ օրը մենք Հադրութում դուրս էինք եկել ընդդեմ բռնապետական մի ողջ համակարգի եւ բացեիբաց ընդվզում էինք նրա հակաժողովրդական էության դեմ: 

- Հետադարձ հայացք ձգելով անցած ուղուն, փորձենք ընդհանրական վերլուծման միջոցով ճշտել, թե որն էր, այնուամենայնիվ, Շարժման հաջողության բանաձեւը: Մի կողմում ժողովուրդն էր եւ իր կողմից ձեւավորված «Ղարաբաղ կոմիտեն», մյուսում՝ կոմունիստական իշխանությունը, ՊԱԿ-ը, ով շարժումը զսպելու, էլ չասած՝ կասեցնելու ռեսուրս այլեւս չուներ: Կնկարագրե՞ք այդ տեւական պայքարի ընթացքն ու վերելքը, որը հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը:

- Այն տեսակետը, թե ժողովուրդը միաբան էր, մի քիչ ուռճացված էր: Իրականում հանրության մեջ կար նոմենկլատուրային վերնախավ, որն իր մտածողությամբ, իր պահվածքով ուղղակի առանձնանում էր, եւ տեսանելի էր այն ճեղքվածքը, որ կար: Այդ մարդկանց համար իշխանությունների նկատմամբ ժողովրդի ճնշման միջոցն անընդունելի է: Այսինքն՝ իշխանությունները փորձում էին «մաքուր» մնալ, քանի որ մտավախություն ունեին, որ Շարժումը կարող էր հաջողությամբ չպսակվել եւ հետագայում մեղադրվեին դրա դեմ միջոցներ չձեռնարկելու համար; Վախենում էին պատասխանատվությունից: Շատ կոմունիստներ գտնվում էին այդ ճնշման տակ՝ գաղափարական, քաղաքական, հոգեբանական: Նրանց համար երկու ճանապարհ կար՝ կամ քայլել ժողովրդի հետ, կամ ստվերի մեջ լինել եւ գործել երկակի դեմքով: Մի մասը կարողացել էր հաղթահարել այդ մտավախությունը եւ հասկանալ, որ հետդարձի ճանապարհ չունի, մյուսներն այդպես էլ մնացին իրենց ընտրած ճանապարհի պատանդը՝ ընդհուպ մինչեւ 1991-ը: Գրեթե լիակատար համախմբվածությունը ձեռք բերվեց քայլ առ քայլ, երբ որ ազգը գիտակցեց, որ գտնվում է պարփակված վիճակում, որտեղ եթե իր թուլությունները ցույց տա հակառակորդին, կպարտվի: Մենք, բնականաբար, հաշվի էինք առնում ոմանց վիճակը, պայքարի համարժեք ձեւեր էինք առաջարկում՝ երբեք չբռնանալով մարդկանց կամքի եւ սուբյեկտիվ կարծիքի վրա: 

- Ղարաբաղյան շարժումն ավարտվեց, եւ 1991 թվականի անկախության հռչակումից հետո հենց «Ղարաբաղ կոմիտեի» անդամները եկան իշխանության՝ ի դեմս ՀՀՇ-ի: Բայց ինչ-որ պահից այդ նույն մարդկանց մեջ, կարծես թե, փոխվեց այդ գաղափարական պայքարի հոգեբանությունը, իսկ արդեն նրանցից հետո եկած իշխանություններն առհասարակ ոչ մի գաղափարական առնչություն չունեն Շարժման տրամաբանության հետ: Այդ ի՞նչ գործոններ ազդեցին այն ժամանակվա համակարգի վրա:

- Կարծում եմ՝ ազգի վիճակն էր այդպիսին: Նման բարդ աշխարհաքաղաքական իրադրություններում պետք էր նաեւ փորձառու եւ ազգային գիտակցությամբ էլիտա ունենալ՝ առաջացող խնդիրներին ու մարտահրավերներին դիմակայելու համար: Մենք ունենք հետազոտություններ, թե որոնք էին մեզ համար թիրախային խնդիրները տվյալ դարաշրջանի համար, ինչով էինք անցել եւ այլն: Նման խնդիրների լուծումներ ունեն եվրոպական շատ ազգեր, որոնք ուսումնասիրել են իրենց երկրների ամենից առանցքային գաղափարները եւ դրանք դարձնել ժողովրդի ինքնագիտակցության մնայուն դրվածքներ: Մեզանում դա բացակայում է, քանի որ մենք այլ ճանապարհով ենք անցել: Մենք շուրջ մեկ հազարամյակ գաղութացված ենք եղել եւ պայքարի նման փորձ՝ վերլուծական, փիլիսոփայական իմաստով, գրեթե չունենք: Մեր դեպքում շատ պարզ եւ պրագմատիկ մոտեցում դրսեւորվեց: Ստեղծված իրավիճակում հնարավոր էր միայն անել մեզանից կախվածը: Հետագայում՝ գաղափարական, արժեքային տեսանկյունից, բացակայում էր այդ գիտակցումը ՀՀՇ-ի մեջ: Կային ազնիվ անձինք, որոնք մինչ օրս էլ մնում են այդպիսին, բայց նրանց քաղաքական մտածողությունն այլ էր: Նրանք հետագայում եւս պատրաստ չէին պետական պատասխանատվության բեռ վերցնելու եւ երկիր կառավարելու համար: ՀՀՇ-ում, իսկ ավելի ուշ պետության կառավարման համակարգում հավաքվել էին բարոյական տարբեր արժեքներ դավանող մարդիկ, որոնց կայացրած որոշումները հարիր չէին այն գաղափարներին, որոնք ծնունդ էին տվել Ղարաբաղյան շարժմանը: Մեր անկախությունն այդպես էլ չապահովվեց քաղաքական ու քաղաքակրթական, տնտեսական ու գիտամշակութային քայլերով:

- Համեմատելով 88-ի հանրային տրամադրություններն այսօրվա իրավիճակի հետ, ինչ եք կարծում՝ կա՞ն որոշակի նախադրյալներ երբեմնի ազգայի զարթոնքը կրկնելու, պայքար մղելու ինքնիշխանության գիտակցումով: 

- Ես կարծում եմ՝ որոնողը միշտ էլ կգտնի, բայց դրա համար պետք է կամ իրավիճակ ստեղծել, կամ ստեղծված իրավիճակում կարողանալ ճիշտ կողմնորոշվել: Վերցնենք իմ ընկերների օրինակը: Ես Հիմնադիր խորհրդարանի անդամ եմ: Նրանք այսօր բանտերում են, մինչդեռ ժամանակին երկրին ու ժողովրդին նվիրվածության՝ նմանը չունեցող տիպարներ էին: Նրանք ընտրել էին անարդարությունների, կոռուպցիայի, անբարոյականության, թալանի ու լկտիության դեմ պայքարի բոլորին հայտնի ձեւը, որովհետեւ հնարավոր չէր այլեւս սրանց հանդուրժել: Կարծում էին, թե համազգային ցասում կառաջանար, որի ալիքը կքշեր-կտաներ հակաժողովրդական տարրերին եւ կձեւավորել օրինական իշխանություն ու կարգուկանոն երկրում: Բայց, ավաղ... Ցավում եմ, որ հայ ժողովուրդն այսօր հայտնվել է գաղութացված վիճակում եւ չի կարողանում կամ չի ցանկանում ազատագրվել: Սա հղի է շատ վտանգավոր հետեւանքներով: Եթե մարդ ինքն իր անձը չի ազատագրում եւ թույլ է տալիս, որ օրվա իշխանություններն այդ անազատությունը օգտագործեն իրենց անձնական նպատակների համար՝ նշանակում է, որ ամեն ինչի վերջն է: Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու խոհեմությանը: Մեկ անգամ արդեն տեսել ու համոզվել եմ: Դժվար պահերին մենք համախմբվել գիտենք: Ապրիլյան պատերազմը՝ դաժան փորձություն լինելով հանդերձ, ցույց տվեց, որ վերազարթոնքի գենը մեր ազգի մեջ տակավին կենսունակ է:

 

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am