Հայաստանում շունը տիրոջը չի ճանաչում: Այսպես ընդունված է ասել, երբ շուրջբոլորը խառնաշփոթ է տիրում, լարվածություն եւ քաոս: Ամենօրյա լրահոսի վերնագրերն ինքնին խոսում են երկրում կատարվող անկարգությունների, խժդժությունների, ամենաթողության եւ իրավական կամայականությունների մասին: Դիտարկումները ցույց են տալիս, որ բոլոր աղմկոտ տեղեկատվությունների հիմքում մեկ ընդհանրություն է ընկած՝ անարդարության երեւույթը: Պարզ ասած՝ առկա ողբերգական միջադեպերը, համատարած ձախողումներն ու այլազան հիմնախնդիրներն այս կամ այն չափով պայմանավորված են արդարության պակասով: Իսկ ավելի ստույգ՝ դրա իսպառ բացակայությամբ:
Լուրերի գլխագրերը սպանությունների, առեւանգումների, կալանավորումների, մարդու իրավունքների խախտումների, վթարների, հրդեհների մասին են, որոնք հետեւանք են ՀՀ-ում արդարության եւ արդարադատության խորացող ճգնաժամի: Ամորֆ մի իրավիճակ է, որտեղ արդարությունը պղծված է, մարդը՝ ստորացված, հանրությունն՝ այլասերված, խոսքն՝ արժեզրկված, օրենքն՝ անտեսված, խիղճը՝ մեռած: Այսպես ո՞ւր կհասնենք, ո՞րն է փրկության ճանապարհը, ո՞վ է պատասխան տալու համազգային այս աղետի համար: Եվ, ի վերջո, կփայլատակի՞ արդարությունը հայության բախտի երկնակամարում ու մեր հոգիներում: Այս հարցերն ուղղված են մեկ մարդու, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Իրականում այս մարդը բոլորիս դարձրել է 2026թ. հունիսյան ընտրություններում իր վերընտրության պատանդները: Թիրախում են, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցին, ՏԻՄ-երը եւ այն անձինք, որոնք կարող են խոչընդոտ լինել վարչապետի աթոռին վերատիրելու նրա ճանապարհին: Այդպիսիներին կամ վերացնում են ֆիզիկապես, կամ փակում ճաղերի հետեւում՝ թքած ունենալով արդարության եւ արդարադատության վրա: Այսօր մեր քրեակատարողական հիմնարկներում 4 տասնյակի չափ քաղկալանավորներ են պահվում, եւ գրեթե բոլորը՝ շինծու մեղադրանքով: Հանցագործները վխտում են դրսում, հանրության մեջ հարգանք վայելող անձինք՝ սրբազան հայրեր, բարերարներ եւ բոլորովին անմեղ մարդիկ, տվայտում են բանտերում:
Արդարության եւ արդարադատության համատեքստում գործող իշխանության էությունը բնութագրող բազմաթիվ օրինակներ կան, որոնցից ամենաթարմը վերաբերում է Գյումրիի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը: Բանն այն է, որ ՌԴ-ի հետ միություն կազմելու մասին առաջարկը քննչական մարմնի կողմից որակվել է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ, եւ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար»:
Նույն տրամաբանությամբ, ինչպես պնդում է Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ ցանկացած կոչ կամ այդ ուղղությամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտ՝ այդ թվում «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, պետք է արժանանա նույն իրավական գնահատականին՝ քրեաիրավական մեղադրանքին: «Որեւէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն»,- ընդգծում է իրավագետը: Տեղի ունեցածը, ըստ նրա, կանխակալ եւ ընտրովի արդարադատություն է:
Եվ, իսկապես, երբ իրավապահ մարմինները Քրեական օրենսգիրքը մեկնաբանում են միակողմանիորեն՝ այն կիրառելով բացառապես իշխանության քաղաքական ընդդիմախոսների դեմ, պարզ է դառնում, որ այդ գործողությունների առանցքում ոչ թե օրենքի եւ իրավունքի գերակայությունն է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի շարժառիթը: Ստացվում է, որ Հայաստանում կարող են օրը ցերեկով կալանավորել՝ ում ուզում եւ կալանքի տակ պահել՝ ինչքան ուզում են: Շինծու մեղադրանքներ, կեղծ ապացույցներ հորինող քննիչների ջանը սաղ լինի:
«Հայացք Երեւանից»

