Ուրբաթ, Մայիսի 03, 2024

Խմբագրական

Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մի քանի առանձնահատկություններ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում, ըստ էության, ներքին քաղաքականություն գոյություն չունի: Չեն քննարկվում տնտեսական զարգացման, ռազմաարդյունաբերության, ժողովրդագրության, հրատապ խնդիրները, ինչը գնալով վտանգավոր ընթացք է ստանում: Կարծես թե մոռացության է մատնված սոցիալական օրակարգը՝ հատկապես փախստականների, զոհվածների ընտանիքների, պատերազմում ծանր վիրավորում ստացածների անմխիթար վիճակը, ռազմագերիների եւ Բաքվում պահվող այլ անձանց վերադարձի՝ արդեն մեկ տարի չլուծվող հարցը, որոնց հանդեպ պարտավորություններ ունեն պետությունն ու հասարակությունը: Արտաքին պարտքը լեռան գագաթից գլորվող ձյունահյուսքի նման մեծանում է, բարոյահոգեբանական մթնոլորտի գաղջությունը՝ խտանում, արտագաղթը՝ սաստկանում, եւ այս ցանկը կարելի է երկար թվարկել: Ի՞նչ են, ուրեմն, այդ դեպքում քննարկում կուսակցությունները խորհրդարանում ու նրանից դուրս, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացնում եւ, առհասարակ, ունե՞ն արդյոք հանրային քաղաքականությամբ զբաղվելու բավականաչափ գիտելիքներ եւ բարոյական ու մասնագիտական ներուժ: Կասկածահարույց է:

Կառավարող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, եւ նրան հարող շրջանակները քննարկման երկու թեմա ունեն. ներսում՝ մեղավորների, դրսում՝ հովանավորների փնտրտուք, եւ սեփական իշխանության հիմքերի ամրացում: Արտաքին փրկիչները՝ երկրների տեսքով, բաժանված են լավ տերերի ու վատ տերերի: Արդյունքում պարտության ու ձախողումների համար տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների հաշիվ են ներկայացնում, եւ եզրակացությունները տարբեր են: Ընդդիմությունն էլ, մեծ հաշվով, ժամավաճառությամբ է զբաղված եւ տակավին չի գտնում «տեղապտույտից» դուրս գալու ելքեր:

Ահա եւ Հայաստանի ողջ ներքին քաղաքականությունը, որը մեր անկարողության, քաղաքական մտքի սնանկության վկայությունն է: Այնքան սնանկ, որ, ըստ էության, ի զորու չենք ինքնուրույն որեւէ հարց լուծել, անգամ փոքրիշատե տանելի կառավարություն ձեւավորել, որն ունակ լիներ դրսում փնտրել ոչ թե տերեր, այլ գործընկերներ ու դաշնակիցներ: Հավանական կամ ենթադրյալ արտաքին տերերի քանակին համապատասխան՝ կարելի է հաշվել Հայաստանի քաղաքական բեւեռների քանակը, եւ մեկը մեկին կհամընկնի:

Երկրի ողջ քաղաքական կյանքը բաժանված է ճամբարների՝ ըստ արտաքին կողմնորոշման հատկանիշի, սակայն՝ առանց նման կողմնորոշումների քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական եւ մշակութաբանական որեւէ ողջամիտ հիմնավորման: Արտաքին քաղաքական կողմնորոշումը եւ, ընդհանրապես, արտաքին քաղաքականությամբ զբաղվելն ինքնանպատակ չէ: Դրա համար պետք է առնվազն ունենալ աշխարհաքաղաքական իրավիճակը, դրա տնտեսական, աշխարհայացքային բաղադրիչները, այս կամ այն երկրի պաշտոնական ներկայացուցիչների ուղերձների իմաստը, նրանց միջեւ ընթացող մրցակցության տրամաբանությունն ու բովանդակությունը, նրանց քաղաքականությունների նախապատմություններն ընկալելու ունակություն: Մեր կուսակցությունների դեպքում սա եւս բացակայում է, եւ անհասկանալի է դառնում այդ քաղաքական ուժերի գոյության իմաստն ու քննարկումների բովանդակությունը:

Իրական եւ ռացիոնալ քաղաքական կյանքի բացակայության հետ մեկտեղ հետընթացի են ենթարկվում դրա «աքսեսուարները»՝ մամուլն ու սոցիալական ցանցերը։ «Դատապարտումների», «մերկացումների», «փնովումների» անվերջանալի մղձավանջը անորոշության մեջ է պահում հանրային կյանքն ու մարդկանց գիտակցությունը, եւ այս ամենի վերջը չի երեւում։

Արցախում կրած ծանր պարտությունը, կարծես թե, պետք է սթափեցներ մեզ՝ բոլորիս, ստիպեր միառժամանակ լռել ու խորհել։ Բայց՝ ավաղ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: