Երեքշաբթի, Նոյեմբերի 13, 2018

Գրքի մեկնություն

«Հեռացող եզերք»

Լեւոն Ադյան, «Հեռացող եզերք», վեպ, երրորդ հրատարակություն, Երեւան, «Հաշ ընդ հաշ փրինթ» ՍՊԸ, 2018, 340 էջ:

«Հեռացող եզերք»-ն իրական պատմություն է` սիրավեպ մի զույգի, ով պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում` առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը: Եվ, ավաղ, առանց գիտենալու նաեւ, թե ինչ է սպասում իրենց` հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ բախտորոշ հանդիպումից հետո:

Վեպում ընգրկված ժամանակաշրջանը 1988-1990 թվականներն են, երբ հայ-ադրբեջանական առճակատումը հասել էր իր կիզակետին: Նկարագրված են Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերը: Գլխավոր հերոսներն իրական մարդիկ են` երիտասարդ հայ հեռուստալրագրող Լեոն եւ ազգությամբ ադրբեջանուհի, Բաքվի բժշկական ինստիտուտի ուսանողուհի Ռենան: Նոր կյանք մտնող երիտասարդների անշահախնդիր ու անդավաճան սերը, սակայն, չի տեղավորվում դժնդակ ժամանակների տրամաբանության ծիրում եւ ողբերգական ավարտ է ունենում: Բախվելով տասնամյակներ շարունակ կողք կողքի խաղաղ ապրած երկու ազգերի փոխադարձ ատելության, անհանդուրժողության եւ չարակամության պատին, որի հիմքերը դրել էին անսիրտ, անզգամ կառավարողները, նրանց սիրո բյուրեղյա աշխարհը փլվում է: 1980-90-ականների Ադրբեջանում Ճիշտ այդպես փլվում, խեղվում են նաեւ հարյուր հազարավոր հայերի ճակատագրեր:

Հեղինակին հաջողվել է ահագնացած իրադարձությունների շղթայից հանել կարեւորն ու տիպականը, թափանցել տեղի ունեցածի խորքային շերտերը: Պատումի սյուժեի միջով կարմիր թելի պես անցնում է գազազած խառնամբոխի վայրագություններին ողջախոհ ադրբեջանցի անհատների բարեգթության հակադրության գաղափարը: Մարտնչող տգիտության խորապատկերին քաղաքակրթական արժեքների վերհանում, վեհի ու մարդկայինի պանծացում. ահա սքանչելի այս երկի հիմնական լեյտմոտիվը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am