Երեքշաբթի, Ապրիլի 16, 2024

Վերլուծական

Ինչո՞վ է մտահոգ Ադրբեջանը եւ ինչո՞ւմ է փոխըմբռնման հասել Հայաստանի հետ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անցած ողջ շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն իր ուշադրությունը կտրուկ սեւեռել էր ղարաբաղյան խնդրի վրա: Այնպես էր ստացվել, որ համընկել էր երկու իրադարձություն: Փոխվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, եւ ինտրիգահարույց հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Դեկտեմբերի 18-ին Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման... Մենք կքննարկենք հակամարտության հանգուցալուծման ուղիները։ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»:

Հայաստանի հանրությունն ու մամուլը անմիջապես ձեռնամուխ էին եղել Ադրբեջանի անսպասելի «խաղաղասիրության» հերթական պատճառների փնտրտուքին: Ամենուրեք շրջում էին «հանձնված տարածքների» եւ «Արցախի պաշտպանության խաթարման» ուրվականները: Քչերն էին մտածում, որ Ադրբեջանի «խաղաղասիրական կոչը» ինչ-որ բանով կարող է կապված լինել հենց Ադրբեջանի խնդիրների հետ: Այն միտքը, որ Ադրբեջանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են նախկին ձեւաչափով Հայաստանի հետ ցանկացած (նույնիսկ ֆորմալ) բանակցություններ, շատ քչերին է հետաքրքրում: Բայց` իզուր. մրցակցի խնդիրներին ու դժվարություններին նույնպես պետք է քաջատեղյակ լինել:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի առանցքային խնդիրը եղել եւ մնում է բանակցային գործընթացի վերականգնումն այն ձեւով, որը եղել է պատերազմից առաջ: Միջազգային հանրության արձագանքը լուրջ խնդիրներ է ստեղծել այդ երկրի համար: Նախ` միջազգային բոլոր ատյանները, ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման քաղաքական եւ իրավական հիմք են հանդիսանում հրադադարի մասին 1994-95թթ. ստորագրված եռակողմ համաձայնագրերը: Հակամարտության հիմքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. ընդունած չորս բանաձեւերը դնելու` Ադրբեջանի փորձերը վերջնականապես ձախողվեցին:

Երկրորդ` Ադրբեջանի առջեւ ծառացած էր զորքերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման մասին Վիեննայի 2016թ. մայիսի 16-ի պայմանավորվածությունները (իսկ իրականում՝ պահանջները) դիվանագիտական գործածությունից դուրս բերելու խնդիրը: ԱՄՆ-ի պետքարտուղարի այն ժամանակ առաջարկած հիշյալ գաղափարի իմաստը շատ ավելին էր, քան սովորական տեխնիկական միջոցառումը: Ըստ էության, դա առաջարկ էր դիվանագիտական գործածության մեջ մտցնել ​հրադադարի պայմանակարգը խախտելու համար պատասխանատվության հայեցակետը: Համապատասխանաբար՝ այդ պայմանակարգը խախտելու համար մեղավոր կողմը կարող էր պատիժ կրել: Հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանի քաղաքականությունում երկար տարիներ կիրառվում էր «ռազմական դիվանագիտություն» կոչվածը, այն է՝ բանակցությունների շրջանում հայ զինվորների նպատակամիտված սպանությունը, նմանատիպ գարծողությունների համար պատժվելու գաղափարի (պատասխանատվության հայեցակետի) ի հայտ գալը ոչ միայն կխարխլեր Ադրբեջանի «ռազմական դիվանագիտության» հիմքերը, այլեւ այդ երկրին, վերջնականապես, կզրկեր զենք կիրառելու իրավունքից:

Պատահական չէ, որ արտգործնախարար Մամեդյարովը խիստ քննադատության ենթարկվեց եւ, նույնիսկ, հրաժարականի պահանջ դրվեց: Ադրբեջանում իրավասու շատ գործիչներ Վիեննայի պայմանավորվածությունները գնահատեցին որպես այդ երկրի «Ղարաբաղյան դիվանագիտության» ձախողում: Այդուհետեւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը սկսեց աշխատել իր իսկ դեմ: Այս հանգամանքը լավ էին գիտակցում նաեւ Ադրբեջանի պաշտոնատար անձինք: Եվ իզուր չէ, որ երկու տարի շարունակ նրանք բոլոր ջանքերը կենտրոնացրել էին, որպեսզի Վիեննայի պայմանավորվածությունները դուրս բերեն դիվանագիտական գործածությունից: Դրան կարելի էր հասնել միայն մեկ պայմանի դեպքում. Հայաստանը պետք է հրաժարվեր այդ պահանջներից:

Ինչ-որ փուլում Ադրբեջանին հաջողվեց հասնել իր նպատակին. նախկին նախագահ Ս.Սարգսյանը մի փոքր «մտահան էր արել» Վիեննայի պայմանավորվածությունները (ակնհայտորեն՝ Ռուսաստանի ճնշմամբ): Նույնիսկ ռուս քաղաքագետներն էին հարցնում, թե ինչու է Սարգսյանն այդպիսի ծառայություն մատուցում ադրբեջանցի իր գործընկերոջը: Ադրբեջանցի պաշտոնյաների լեզուններն էլ երկարել էր: Նրանք սկսեցին հայտարարել, թե ընդհանրապես նման պայմանավորվածություններ չեն եղել, եւ պետք է անցնել ինքնուրույն բանակցությունների: Թվում էր՝ Ադրբեջանին հաջողվեց բանակցային գործընթացի տրամաբանությունը վերադարձնել մինչապրիլյան պատերազմի ժամանակաշրջանին: Բայց այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում իշխանափոխության արդյունքում իրավիճակը կտրուկ փոխվեց:

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների վերականգնման նոր պայմաններ առաջադրեց: Նա հայտարարեց, որ բանակցություններում ինքը կխոսի Հայաստանի անունից, իսկ Լեռնային Ղարաբաղի անունից պետք է խոսի վերջինիս ղեկավարությունը: Դիվանագիտական կիրառության մեջ դրվեց Ադրբեջանի համար երրորդ անընդունելի պայմանը: Բանակցային գործընթացի տրամաբանությունը մինչապրիլյան պատերազմի ժամանակաշրջանին վերադարձնելը պարզապես անհնար դարձավ: Մնում էր միայն մի քիչ լեզուններն իրենց պահել, փորձել համոզել Հայաստանի նոր իշխանություններին՝ չհիշել Վիեննայի պայմանավորվածությունների մասին եւ չհրաժարվել թեկուզ սին, ֆորմալ բանակցություններից: Կարեւորը՝ չխոսվի Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին: Իր կողմից՝ Ադրբեջանը խոստանում է «խնդիրն ուժով լուծելու պատրաստակամության» թեման շատ չբարձրաձայնել:

Դատելով Փաշինյանի պարզաբանումներից, այդ իրավիճակի շուրջ իսկապես փոխըմբռնման հասել են: Դեկտեմբերի 19-ին՝ անդրադառնալով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Փաշինյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամենասկզբից պնդում էր, թե նման պայմանավորվածություններ բնավ գոյություն չունեն: Իսկ բուն բանակցային գործընթացում, ըստ վարչապետի պաշտոնակատարի, որեւէ փոփոխություններ եւ նորություններ չկան:

Ինչպես ասում են՝ ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարները՝ ողջ:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: