Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Վերլուծական

Վայ էն երկրին, որի վարչապետը Փաշինյանն է, իսկ սպարապետը՝ Պապիկյանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թերեւս՝ սխալված չենք լինի պնդել, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է կամ, որ նույնն է, ՀՀ քաղաքացիների չպաշտպանվածությունը: Սա նույնիսկ ապացուցման կարիք չունի՝ փաստերը բավականաչափ խոսուն են, եւ դրանցից մեկը ՀՀ զինված ուժերի այսօրվա թշվառ, բարձիթողի վիճակն է: Դժվար է հավատալ, որ խոսքը տարածաշրջանում երբեմնի ամենամարտունակ Հայոց բանակի մասին է՝ այն բանակի, որի անունը շուրջ քառորդ դար փայլուն հաղթանակների փառքով էր պսակված: Թե ինչ տեղի ունեցավ վերջին հինգ տարում բանակի ու նրա սպայակազմի հետ, թե ով եւ ինչու քայքայեց Հայոց բանակը՝ չգիտեն միայն աշխարհից ամենաանտեղյակները:

Ակնհայտ է նաեւ մեր գոյութենական սպառնալիքի մյուս անհերքելի փաստը՝ դա թշնամու կողմից զինված գրոհի եւ բռնի տեղահանման ենթարկված Արցախն է, որի նկատմամբ ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, այս տարվա սեպտեմբերի 19-ին, ըստ էության, հրաժարվեց կատարել անվտանգության երաշխավորի իր սահմանադրական հանձնառությունը: Նույն անձից եւ նրա նշանակած պաշտպանության նախարարից պետք է հարցնել, թե ինչու ուրացան Արցախը պաշտպանելու սրբազան ուխտը: Չնայած իմացողը լավ գիտի, որ այդ ուխտը խախտվել էր դեռեւս 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Բնականաբար՝ նա չէր կարող մի կողմից հայկական երկրորդ պետությունը (փույթ չէ, թե չճանաչված) ճանաչել Ադրբեջանի կազմում, մյուս կողմից՝ միջամտել վերջինիս, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողությանը՝ իր իսկ տարածքում: Այս շիլաշփոթի հեղինակն իրականում Փաշինյանն է, սակայն համարձակությունը չի հերիքում բացեիբաց ասել, որ Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթն ինքը սպառել է: Իսկ ԶԼՄ-ների «ուղիղ» հարցերը միշտ խորամանկորեն շրջանցում է: Հիմա, երբ հարցնում են, թե ինչու «մեր քույրերին ու եղբայրներին» մենակ թողեցինք թշնամու 60 հազարանոց զորքի դեմ, պահեստային այլ պատասխան ունի. «Ադրբեջանի նպատակը մեզ նոր պատերազմի մեջ ներքաշելն էր, բայց մենք չտրվեցինք նրա սադրանքին»:

Լավ, սադրանքին չտրվելով՝ ի՞նչ շահեցիք… ընդամենը թույլ տվեցիք, որ «մեր քույրերին ու եղբայրներին» բռնի տեղահանեն երկուեւկես հազարամյա պապենական հողերից, ինչի հետեւանքով ավելի քան 100 հազար մարդ տնավեր-բնավեր դարձավ, 400-ից ավելի հայեր զոհվեցին թշնամու հարձակման եւ վառելիքի պահեստարանի հայտնի պայթյունի հետեւանքով, 60-ից ավելին ջարդվեց դեպի Հայաստան գաղթի ճանապարհին… Սրանից ավելի վատ ի՞նչ կարող էր լինել: Ի դեպ՝ Իլհամ Ալիեւը մի առիթով գովել է Փաշինյանին՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարությունն իրեն ճիշտ պահեց: Ասել է թե՝ չմիջամտեց արցախահայության էթնիկ զտմանը: Հա, Նիկոլն ինչ-որ բան, այնուամենայնիվ «շահեց»՝ արժանացավ Իլհամի դրվատանքին:

Այժմ Հայաստանում իրավիճակը խառն է ու տագնապալից՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց, անգամ Արցախը ստանալուց հետո, Ադրբեջանը չի դադարում տարածքային եւ այլ կարգի պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ ջանալով դրանք ներառել հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագիր» կոչվող թալանչիական փաստաթղթում, որը նախատեսվում է ստորագրել մինչեւ տարեվերջ: Ալիեւը՝ թիկունքին ունենալով «ավագ եղբոր» մշտական աջակցությունը, «Զանգեզուրի միջանցքից» բացի, Հայաստանից մի քանի տասնյակ բնակավայրեր է պահանջում, 8 անկլավ, հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի ապահովում, եւ դա դեռ բոլորը չէ:

Օգտվելով Հայաստանի անզորությունից եւ մորթապաշտ ղեկավարների թուլությունից, անկշտում հարեւանը շարունակում է մկաններ ցույց տալ, սպառնալ, թե ուզածին կհասնի զենքի ուժով: Պետության պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն՝ մի գլուխ խաղաղությունից խոսող Գերագույն գլխավորը, որը հետպատերազմյան երեք տարին քոռուփուչ արեց՝ չկահավորելով առաջնագիծը, չանցկացնելով գոնե մեկ զորավարժանք, եւ, ի վերջո, չվերականգնելով իր քանդած բանակը, հիմա էլ նոր պատմույթ է մեջտեղ գցել՝ «Խաղաղության խաչմերուկ», որը վախենամ դառնա, Աստված մի արասցե, Հայաստանի «կարապի երգը», ինչպես որ նախորդ «Խաղաղության դարաշրջանը»՝ Արցախինը:

Ի՞նչ անել, եթե երկիրը հայտնվել է օրհասի շեմին, իսկ իշխանություններն ամեն ինչ թողած բախտի քմահաճույքին, մի կողմ են քաշվել: Փաշինյանն ինքը խոստովանում է, որ մեր անվտանգային համակարգը խաթարված է, այս տարածքի համար, որտեղ ապրում ենք, «կադաստրի թուղթ» չունենք, ավանդական դաշնակիցը չի օգնում, պաշտպանական ոլորտը կարիք ունի դիվերսիֆիկացման եւ այլն: Այս ամենի եւ, մասնավորապես, Զինված ուժերի բարեփոխումների փաստացի բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, որը հանրության որոշ հատվածների մղել է ինքնակազմակերպման եւ մարդկանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդրի ինքնուրույն լուծման:

Այսինքն՝ անվտանգության ոլորտում պետական մարմինների թերացման հանգամանքով պայմանավորված՝ ի հայտ են եկել քաղաքացիական նախաձեռնություններ, կարողունակ ուժերի, անհատների կողմից ստեղծվել են հասարակական կազմակերպություններ, որոնք կամավորական հիմունքներով եւ ՀՀ օրենսդրության շրջանակներում իրականացնում են գոյութենական «ճեղքվածքը» փակելու որոշակի գործողություններ: Նման կառույցներից մեկի՝ «Ողջ մնալու արվեստ» («ՈՄԱ») ռազմահայրենասիրական ՀԿ-ի գործունեությանն արժե մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ՝ ճիշտ պատկերացում տալու կարեւորությունն աչքի առաջ ունենալով:

«ՈՄԱ»-ն, որը հիմնականում ազատամարտիկներից կազմված միավորում է, տեւական ժամանակ սահմանամերձ գոտիներում՝ ոչ առաջնագծերում, կյանքի է կոչում «Գմբեթ-2» անվանումը ստացած մի նախագիծ եւ արդեն կառուցել է անվտանգային լուրջ ներուժ ունեցող փայտահողային շուրջ 200 պաշտպանական կրակակետ: Կազմակերպության հիմնադիրը եւ ղեկավարը ճանաչված հետախույզ, հասարակական եւ ռազմական գործիչ Վլադիմիր (Վովա) Վարդանովն է: Նա 1984–1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ Լագոդեխում տեղակայված ռազմահենակետում։ Մասնակցել է նաեւ Արցախյան առաջին պատերազմին՝ որպես հատուկ նշանակության ջոկատի հետախուզական դիվիզիայի հրամանատար:

Վարդանովի նախաձեռնությանն աջակցում են ոչ միայն ազատամարտիկներ, այլ նաեւ քաղաքացիական ակտիվականներ, մտավորականության ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ու ագարակատերեր, որոնք հողատարածք են հատկացնում ամրաշինական աշխատանքների համար՝ լավ գիտակցելով նման ամրությունների անհրաժեշտությունը զինվորի կյանքի ապահովության գործում: Հարցազրույցներում Վարդանովը Հայաստանի անվտանգության առումով երկու կարեւոր ուղղություն է շեշտադրում՝ ազգ-պետություն եւ ամրոց-պետություն գաղափարը: «Գմբեթ-2» նախագիծը ամրոց-պետության գծապատկերի մարմնավորման առաջին քայլն է՝ վաղվա Հայաստանի պաշտպանական հուսալիության առհավատչյան, նրա անխոցելի վահանը:

Բայց արի ու տես, որ սահմանի եւ թիկունքի երկրորդ-երրորդ պաշտպանական բնագծերի ամրաշինական ու ինժեներական աշխատանքների գլուխբերման ճանապարհին «ՈՄԱ»-ն ժամանակ առ ժամանակ խոչընդոտների է հանդիպում, եւ դրանք, որքան էլ տարօրինակ հնչի, ստեղծվում են ՊՆ-ի կողմից: Այն գերատեսչության, որը, թվում է, պետք է շնորհակալ լիներ այդքան կարեւոր օժանդակության համար: ՊՆ-ին եւ անձամբ Պապիկյանին դժվար է հասկանալ՝ խա՞նդն է նրա մեջ խոսում, դիմազրկվելու վա՞խը, թե էլի ինչ-որ բան… «ՈՄԱ»-ի հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի խոսքով՝ ՊՆ-ը լիազորված չէ թույլ տալ կամ չտալ կազմակերպությանը՝ իրականացնելու դրամահավաք կամ ամրաշինական աշխատանքներ։

Ռազմական եւ ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը համոզված է եւ հորդորում է «օժանդակել ռազմաքաղաքական կազմակերպություններին, որպեսզի նրանք ավելի լայն ընդգրկված լինեն նմանատիպ աշխատանքներում»։ Նրա պնդմամբ՝ առանց ռազմամարզական կազմակերպությունների եւ հասարակության ներգրավման պետությունն ի վիճակի չէ կազմակերպել երկրի լիարժեք պաշտպանություն։ Նախարարությունը դժգոհում է, որ «ՈՄԱ»-ն չի համաձայնեցնում իր գործունեությունը ՊՆ-ի հետ, հաշվետու չէ իրեն եւ այլն, թեպետ կազմակերպությունը բազմիցս հայտարարել է, որ փոխգործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ կառույցների հետ՝ պետական եւ հասարակական:

Պապիկյանը Փաշինյանի համապիտանի կադրերից է: Նման ծառայողները միշտ «շեֆի» ձեռքի տակ են՝ պատրաստ նրա հրահանգով «գործուղվելու» գործունեության հատկապես այն տեղամասը, որը տվյալ պահին տիրոջ մասնավոր հետաքրքրության տիրույթում է: Կապ չունի, թե որքանով է ընտրյալը համապատասխանում նշանակված պաշտոնին, թիվ մեկ չափանիշը ոչ թե փորձն ու գիտելիքն են, այլ անձնական հավատարմությունը, տիրոջն անմնացորդ ծառայելու ունակությունը, ինչի համար լիաբուռն վարձատրվում են: Նման կադրերը, որպես կանոն, գլխապտույտ առաջխաղացում են ունենում՝ «ցատկոտելով» պաշտոնից պաշտոն: Քյարամյանը՝ ձեզ օրինակ:

Պապիկյանը «Քաղպայմանագիր» էր եկել 2016-ին եւ նույն տարին ընտրվել կուսակցության վարչության անդամ, իսկ 2019-ին՝ վարչության նախագահ: Պնախարար նշանակվելուց առաջ՝ 2018-2021թթ. զբաղեցնում էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը, 2021-ի օգոստոսին նշանակվում է ՀՀ փոխվարչապետ, իսկ նույն թվականի նոյեմբերին՝ ՀՀ պաշտպանության նախարար: Այսպես՝ պաշտոնից պաշտոն, բայց գործունեության հանրօգուտ արդյունքը, կարծես թե, զրոյական է: Իհարկե, չի կարելի բացառել, որ նրան նախարար նշանակողին այդպիսի արդյունքը լիովին բավարարում է: Ի՞նչ փույթ, թե երկիրը ձեռքից կարող է գնալ:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: