Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանին նոր օրակարգ է հարկավոր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԵԱՀԿ Մինսկի խմբից ազատվելու՝ Ադրբեջանի ցանկության պատճառների ու նրա ողջ քաղաքական-իրավական ժառանգության մասին իմ նախորդ հոդվածում փորձեցի ներկայացնել Ադրբեջանի ցանկությունը՝ ոչ միայն Հայաստանին զրկել հայ ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ Ադրբեջանին մեղադրելու հնարավորությունից, այլեւ ձեռք բերել քաղաքական եւ իրավական ռեսուրսների 30 տարվա զինանոցից օգտվելու մենաշնորհային իրավունք։

Ադրբեջանի այս նկրտումների վերաբերյալ Հայաստանի կողմից արձագանքներ չեղան. սրան, կարծես թե, մեծ նշանակություն չտրվեց։ Առայժմ ՀՀ ղեկավարությունն իր ողջ քաղաքականությունը կապում է միջազգայնորեն ճանաչված մեկ սկզբունքի՝ սահմանների անձեռնմխելիության հետ։ Ըստ այդմ՝ պաշտոնական Երեւանը կարծում է, թե Ադրբեջանին 29.800 քառ. կմ տարածքի խնդիրներից դուրս որեւէ պահանջ ներկայացնելուց հրաժարվելը բավարար է խաղաղության պայմանագրի ձեռքբերման համար։

Ադրբեջանի հետ սահմանազատման խնդրի կարեւորումը բխում է վերը նկարագրված տրամաբանությունից։ Ենթադրվում է, որ սկսված գործընթացում ձեւավորվում է «խաղաղություն պարտադրելու» մեխանիզմ։ Տարվում է Ադրբեջանին պատերազմ սկսելու ցանկացած պատճառից զրկելու քաղաքականություն։ Ենթադրվում է, որ դա պատերազմը կդարձնի «ոչ լեգիտիմ»։ Իսկ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, դա կորակվի որպես ագրեսիա, եւ Հայաստանը օգնություն կստանա Արեւմուտքից։ Բայց հնարավոր է նաեւ պատերազմ չլինի։

Ճիշտ է, այն, որ սահմանազատման հարցում Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը, ինչ Հայաստանը, չի ժխտվում, քանի որ Բաքուն չի նվազեցնում Հայաստանի հանդեպ իր պահանջները։ Ալմա-Աթայի հռչակագրի՝ իբրեւ տարածքների սահմանազատման հիմնական սկզբունքի, միանշանակ հաստատում չկա: Փոխարենը կան անթաքույց պահանջներ, որ Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման։ Դե, մնացած պահանջները բոլորին հայտնի են, ու դրանք թվարկելն իմաստ չունի։

Հայաստանի ղեկավարությունը կարող է համաձայնվել այս պայմաններին. նման նախնական վերաբերմունքն արդեն իսկ նկատելի է։ Բայց փաստն այն է, որ եթե Հայաստանը համաձայնի այս պահանջներին, ապա կառաջարկվեն մյուսները, որոնք արդեն բարձր մակարդակով բարձրաձայնում են Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները։ Տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունների հաշվարկն այն վստահությունն է, որ Ադրբեջանը չի կարող ստիպել Հայաստանին՝ ընդունելու իր պայմանները, քանի որ Արեւմուտքը եւ միջազգային իրավունքը դա թույլ չեն տա։ Համենայնդեպս, նման վստահության մասին խոսում են իշխանությունների շատ ներկայացուցիչներ ու համակիրներ։

Բայց այս ամենում կա մեկ հանգամանք, որը Հայաստանի դիրքերը դարձնում է ծայրահեղ խոցելի։ Դա իշխանությունների լուռ համաձայնությունն է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի 30-ամյա օկուպացիայի մասին» ադրբեջանական թեզի հետ, ինչն անարդյունավետ է դարձնում Հայաստանի ջանքերը։ Ադրբեջանի դիվանագիտության զինանոցում մշտապես առկա է միջազգային մասշտաբի այդ ծանր հանցագործության մեղադրանքը։ Հայաստանի դեմ ուղղված բոլոր պահանջները հիմնված են հենց այս մեղադրանքի վրա։ Ուստի բոլոր հույսերը, որ միջազգային իրավունքը եւ արեւմտյան հանրությունը թույլ չեն տա Ադրբեջանին՝ իրականացնել իր պահանջները, բոլորովին համոզիչ չեն թվում։ Միջազգային հարաբերություններում վտանգավոր է մեղադրվել «մահացու մեղքի» մեջ։ Բայց միայն դա չէ։

Իմ կարծիքով՝ ներկա քաղաքական գործիչների եւ քաղաքագետների գլխավոր սխալը գլոբալ փոփոխությունների արդի դարաշրջանի առանձնահատկությունների անբավարար ընկալումն է։ Միջազգային կանոնների ու ազգային շահերի գնահատականները կատարվում են «սառը պատերազմի» ստատիկ ժամանակաշրջանի (1945-85թթ.) տրամաբանության շրջանակներում։ Ըստ այդմ՝ մարդկանց գիտակցության մեջ ստեղծվում է ընթացող քաղաքական զարգացումների աղճատված պատկեր։ Այդ խեղաթյուրված պատկերի հիման վրա էլ որոշումներ են կայացվում։ Հասկանալի է, որ այս որոշումների արդյունքները շատ դեպքերում չեն համընկնում ակնկալիքի հետ։ Պետք է նկատի ունենալ, որ փոփոխությունների ժամանակաշրջաններում սուբյեկտների շահերը կարող են հակասել ստատիկ ժամանակահատվածում նրանց շահերին: Դա պայմանավորված է նրանով, որ ի հայտ են եկել սկզբունքորեն նոր խնդիրներ, որոնք բնորոշ չեն միջազգային հարաբերությունների ստատիկ ժամանակաշրջանին։

Ըստ այդմ, պետք էր ակնկալել, որ առաջատար տերության՝ ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունները ոչ թե ուժերի հավասարակշռությունը պահպանելու ջանքերն են, այլ, ընդհակառակը, խրախուսելը նախկին կառույցների ու մեխանիզմների քայքայումը եւ դրանց փոխարինումը փոփոխություններ իրականացնող նոր դինամիկ մեխանիզմներով։ Նոր աշխարհակարգի ամերիկյան հայեցակարգն էապես հիմնված է այն փաստի վրա, որ ժամանակակից պայմաններում (գլոբալացում) առանձին երկրների ինքնիշխանությունը պակաս կարեւոր է, քան միջազգային հանրության իրավունքը՝ Միացյալ Նահանգների անվերապահ ղեկավարությամբ:

Այսօր շատերը տարակուսանքով են նայում այն փաստին, որ ՄԱԿ-ը վատ է արձագանքում իր գոյութենական հիմքերի խախտմանը՝ ինքնիշխան երկրի տարածքի վրա զինված հարձակմանը։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման՝ ստեղծվում են միջազգային կոալիցիաներ՝ որոշակի վարչակարգերի «պատժելու» համար։ Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը եւ այլն, սկզբունքորեն չդատապարտվեց:

Սկսվել է նաեւ ինքնիշխան երկրների կողմից միջազգային իրավունքի բացահայտ անտեսման գործընթաց։ Երկրները չեն ենթարկվում ՄԱԿ-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին. ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինքնապաշտպանության իրավունքի սկզբունքները վերածվում են ֆաշիզմի եւ ահաբեկչության խրախուսման, ցեղասպանություն եւ էթնիկ զտումներ իրականացնելու եւ տարածքների զավթման մեխանիզմների՝ «ինքնապաշտպանության» կարգախոսով։ Պարզ է, որ միջազգային հարաբերություններում սկսեցին արմատավորվել այլ սկզբունքներ, որոնց շուրջ ոչ ոք աշխարհում չէր համաձայնել։

Այս ամենը մենք տեսնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր բազմաթիվ ելույթներում ցույց է տալիս, որ բավական լավ է հասկանում համաշխարհային քաղաքականության նկարագրված միտումները։ Ուստի նրա անվերջ պահանջները Հայաստանին ու համաշխարհային հանրությանը բոլորովին միամիտ չեն։ Այդպես չլիներ, նա Արցախում սառնասրտորեն էթնիկ զտումներ կատարելուց հետո չէր պնդի, թե՝

- բոլորը պետք է ճանաչեն պատերազմի միջոցով Ադրբեջանի ձեւավորած նոր իրողությունները տարածաշրջանում.

- բոլոր երկրները, որոնք ցանկանում են գործ ունենալ Ադրբեջանի հետ, պետք է իրենց քաղաքականությունից բացառեն Հայաստանի եւ հայերի թեման.

- Հայաստանին զենքի տրամադրումն անընդունելի է, քանի որ Հայաստանը կարող է զենքը օգտագործել ռեւանշիստական նպատակներով.

- աշխարհում բոլորը պետք է հաշվի նստեն Ադրբեջանի հետ, եւ բոլոր խնդիրները կլուծվեն Ադրբեջանի պահանջների հիման վրա։

Փաստորեն, ներկայիս գլոբալ փոփոխությունների պայմաններում Ադրբեջանը վարում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների իսպառ վերացման ուղեգիծ։

Փոքր երկրի արտահայտած նման հավակնությունները ծիծաղելի կթվային, եթե դրանց չաջակցեր կայուն դաշնակիցների խումբը, այդ թվում՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը։ Եվ դրանք հաջողություն չէին ունենա, եթե աշխարհում չլինեին վերը նկարագրված միջազգային միտումները։ Սա է Ադրբեջանի «ամենազորության» եւ Հայաստանի անզորության իմաստը։ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հրաժարվել սահմանազատման հիմնական սկզբունքից՝ Ալմա-Աթայի հռչակագրից։ Խոստովանենք, որ պետք է ավելի զգույշ լինել արդի միջազգային հարաբերություններում «լեգիտիմության» քաղաքական կշիռը գնահատելիս եւ ստեղծել Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու իրական մեխանիզմներ՝ հիմնված ուժերի հարաբերակցության վրա։

Հայաստանին անհրաժեշտ է կայուն գործընկերների սեփական կոալիցիա եւ միջազգային դերակատարության սեփական հայեցակարգ: Այլընտրանք չկա։ Այլեւս անհնար է գոյություն ունենալ «անմեղ մեղավորի» եւ «օրենքով» պարտված սուբյեկտի դերում։ Պետք է փոխել մեր քաղաքական տեսքն ու կշիռը։ Եվ դա անել այնպես, որ արտաքին զգալի հետաքրքրություն առաջացնի: Քաղաքականությունը Հայաստանի հետ կապելը պետք է շահեկան լինի։ Այս մասին արժե մանրամասն խոսել՝ նպատակ ունենալով ճշգրտումներ մտցնել ՀՀ քաղաքական պրակտիկայի եւ դիվանագիտության մեջ։

Ինչի՞ց կարող ենք սկսել:

Առաջին՝ դուրս գալ Ադրբեջանի կողմից ձեւավորվող օկուպանտի եւ ռեւանշիստի կերպարից։ Առանց սրա, ոչինչ չի ստացվի։ Հայաստանը պետք է մեղադրողի դեր ստանձնի։ Պետք է կոտրել Ադրբեջանի մենաշնորհային կոչը անցյալի փաստերին. անցյալի այս փաստերը պետք է ռեսուրս դառնան Հայաստանի ձեռքում՝ Ադրբեջանին մահացու մեղքերի մեջ մեղադրելու համար։ Ադրբեջանը պետք է զրկվի իր բոլոր պնդումների իրավական հիմքից՝ «Հայաստանի կողմից իր տարածքի 20 տոկոսի 30-ամյա օկուպացիայի մասին» թեզից։ Ադրբեջանն այլ փաստարկ չունի Հայաստանի եւ աշխարհի հետ խոսույթում։ Սա միջազգային նոր մթնոլորտ կստեղծի Հայաստանի շուրջ, քանի որ շատերը մեղադրողի դերում կտեսնեն զգալի քաղաքական ռեսուրս։

Ինչպե՞ս դա անել:

Քանի որ Հայաստանը միացել է Հռոմի ստատուտին, նա կարող է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ նրան մեղադրելով միջազգային իրավունքը խախտելու՝ ԼՂ կարգավիճակի որոշման միջազգային դիվանագիտությունը խաթարելու, ԼՂ-ի դեմ ագրեսիայի եւ նրա տարածքը՝ որպես վեճի առարկա անեքսիայի ենթարկելու փորձի մեջ։ Խոսքը 1992թ. Ադրբեջանում կատարված հանցագործությունների մասին է։ Այն ժամանակ ԵԱՀԽ-ի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նորաստեղծ պետությունների միջեւ վիճելի հարցի վերաբերյալ ձեռք բերված համընդհանուր համաձայնությունը հետխորհրդային տարածքի քաղաքական եւ իրավական իրողությունների ճանաչումն էր։

Այնուհետեւ Հարավային Կովկասը ստացավ տարածաշրջանի պետությունների լեգիտիմ վեճի թեմա։ Տասնամյակներ շարունակ աշխարհի բոլոր երկրների դիրքորոշումը եղել է այն հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում՝ կողմերի միջեւ բանակցությունների ընթացքում»։ Այս համաձայնագիրը համընդհանուր լեգիտիմություն տվեց ոչ միայն ԼՂ ժողովրդի քաղաքական խնդրին, այլեւ ստեղծեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանների որոշման հիմնարար սկզբունքը։

Ես հակիրճ շարադրեցի այս միջազգային վեճում Հայաստանի իրավունքների հիմնավորումը իմ նախորդ հոդվածում։ Այս ամբողջ ընթացքում Հայաստանի՝ Ադրբեջանին մեղադրանք առաջադրելուց հրաժարվելը առաջնահերթություն է դարձրել Ադրբեջանի դիրքորոշումը։ Ռազմական միջոցներով տապալելով միջազգային հանրության ջանքերը եւ վերացնելով վեճի առարկան՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը անպատիժ շարունակում է Հայաստանին իր բոլոր իրավունքներից, այդ թվում՝ գոյության իրավունքից զրկելու ուղեգիծը։ Սրան պետք է վերջ տալ. Ադրբեջանին մեղադրանք առաջադրելը կփոխի երկրների միջեւ առկա խնդրի էությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային հայեցակարգը։

Ի վերջո, եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, ապա բանակցությունների էությունը պետք է լինի երեսնամյա պատերազմի շուրջ վեճի լուծումը։ Այդ ժամանակ կփոխվի շատ երկրների վերաբերմունքը Հայաստանի ու նրա խնդիրների նկատմամբ։ Ես միշտ ասել եմ, որ արդի Հայաստանի Հանրապետության խնդիրը ոչ թե տարածքներն են, այլ որպես պետություն գոյություն ունենալու իրավունքը։ Ե՛վ տարածքների ձեռքբերումը, եւ՛ դրանց հանձնումը չեն լուծում ազգի հրատապ խնդիրը։ Հին աշխարհն այլեւս չկա, իսկ նորում հայերը դեռ պետք է ձեռք բերեն անկախ գոյության իրավունք:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: