Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Վերլուծական

Գերագույն գլխավոր հրամանատա՞ր, թե՞ մոդերատոր…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որոնց անցկացման հավաստիության միակ վկայությունն առայժմ ֆեյսբուքյան մի անշուք գրառում է, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հռետորաբանության մեջ ոչ միայն չեն շտկվում խոսքի մշակույթն ու նախահարձակ պահվածքը, այլեւ ավելի ցցուն են դրսեւորվում քաղաքական հակառակորդների նկատմամբ արհամարհանքի, վիրավորանքի եւ սադրանքի տարրերը: Անցած տարվա նոյեմբերի 10-ից հետո նրա վարքագծի այդ հոռի արտահայտությունները, համենայն դեպս, որոշ ժամանակ առերեւույթ նկատելի չէին՝ ամոթալի պարտությունից հետո, ինչպես ասում են, «փուքը նստել էր»: Այժմ, երբ կարելի է արդեն լուծված համարել հիմնական քաղաքական ընդդիմախոսների հարցերը, մասնավորապես՝ բանակում, մյուս ուժայիններում եւ դատական համակարգում, կարծես թե, «դուխը» տեղն է ընկել:

Դա ակներեւ էր հատկապես նախորդ շաբաթվա քառօրյայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ի նիստում նախ, ըստ օրակարգի, ներկայացրեց ՀՀ «հետհեղափոխական» կառավարության ծրագրի վերջին՝ 2020 թվականի կատարողականը, ապաեւ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի հենքին անդրադարձավ պատգամավորների հարցերին: Սա այս Կառավարության վերջին կատարողականն է, քանզի պաշտոնական մեկնությամբ՝ ապրիլի 20-30-ը Փաշինյանը հայտարարելու է վարչապետի պաշտոնը թողնելու մասին, որից հետո, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, վերահաստատվելու է հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ընթացակարգը: Չնայած այս պահի դրությամբ դրանում քչերն են համոզված:

Ամեն դեպքում գործադիրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած բավական երկարաշունչ, ագրեսիվ բնույթի ելույթն առավելապես առնչվում էր հետպատերազմյան թեմային, ինչը նրա համար հարմար պատրվակ էր ընտրություններից առաջ, ինչպես հարկն է, եւս մեկ անգամ նշավակել «նախկիններին», առաջիկա ընտրական մրցավազքում իր հավանական ախոյաններին՝ ջանալով Արցախյան պատերազմում կրած պարտության մեղքը դնել նրանց վզին: Այդ «գործը» Փաշինյանի ու նրա թիմի մոտ միշտ լավ է ստացվում՝ արդեն երեք տարի ամենաշատը դրանով են զբաղված հատուկ այդ նպատակով ստեղծած միֆերի, ֆեյքաբուծարանների եւ մանիպուլյատիվ այլ տեխնոլոգիաների միջոցով:

Եվ այսպես՝ ինչի՞ մասին էր Հայաստանի թիվ մեկ ամբիոնից խոսում Հայաստանի թիվ մեկ պատասխանատուն, 44-օրյա պատերազմի ու դրա ավերիչ հետեւանքների թիվ մեկ մեղավորը՝ որպես պարտված Գերագույն գլխավոր հրամանատար: Բայց նախ փորձենք հասկանալ, թե այս ամենի համատեքստում ինչից է նա հատկապես դժգոհ. «Դե՛, հերիք եղավ, չի կարելի, հասկանո՞ւմ եք: Ասում ա՝ մեղավո՞ր չես քեզ համարում… ինչ ասես, ասեցին՝ մեղավո՜ր եմ, պատասխանատո՜ւ եմ, ի՜մն ա պարտությունը եւ այլն: Ա, լավ, հասկացա՛նք, արա: Ձե՞ռ եք առնում դուք ձեզ ընդհանրապես: Ա՛յ ռազմի դաշտից փախչողներ»,- հեռակա դիմելով «ձախողած» գեներալներին եւ «նախկիններին», ԱԺ-ում փողոցային ժարգոնով, տղայավարի ասել է Փաշինյանը: Նա միշտ խուսափել է մտնել մեղքի եւ պատասխանատվության բեռան տակ: Ընդհակառակը՝ մեղավոր է հանել բոլորին, բայց երբեք՝ ոչ իրեն: Այդպիսին է մեղքի զգացումից զուրկ մարդու խառնվածքը:

Ահա եւ նեղսրտում է, որ պարտության համար իրեն մեղադրում են, կապիտուլյանտի, դավաճանի ու հողատուի պիտակ են կպցնում: Ուզում է զայրագին հակադարձել եւ այդպես էլ անում է. «Կապիտուլյանտը դո՛ւք եք, դավաճանն՝ առավել եւս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենացմահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի եւ դավաճանության դեմ, եւ ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ, հզոր եւ երջանիկ Հայաստանի»: Ծափահարություննե՞ր… Իհարկե, եղան, այն էլ՝ հոտնկայս, բայց մի փոքր ավելի ուշ, երբ իրեն հատուկ պաթետիկ տոնով հայտարարեց ու մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը եւ Արցախը «ունե՛ն ապագա՝ պայծառ ու հզոր ապագա»: Իսկ հաջորդ րոպեներին սոցցանցերը հեղեղված էին իրավիճակին ոչ հարիր պահվածքի համար իմքայլական պատգամավորներին ուղղված ամոթանքի եւ նզովքի խոսքերով:

Փաշինյանը հիշեցնում է, որ Հայաստանը 20 տարի շարունակ կռվել է դավաճանության ու կապիտուլյացիայի դեմ: Եվ հիմա նոր իշխանության հասցեին նրանք՝ այդ դավաճան-կապիտուլյանտները, նրա պնդմամբ, ամենաբարձրն են «դավաճան» գոռում, որպեսզի քողարկեն իրենց դավաճանությունը, «կապիտուլյանտ» են գոռում, որպեսզի իրենց կապիտուլյացիայից մարդկանց ուշադրությունը շեղեն: Նրա խոսքով՝ հայկական կողմն անընդհատ հույս է ներշնչել Ադրբեջանին, որ բանակցությունների արդյունքում կստանա այն ամենը, ինչ ուզում է: «Բայց չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս… մի օր գալու է, չէ՞, հույսն արդարացնելու պահը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հասկացնելով, որ հույսի արդարացման «պիկը» համընկել է «թավշյա» իշխանափոխության գալստյան հետ, եւ ամեն ինչ ջարդվել է «Իմ քայլի» գլխին:

«Լելե թեփե» բարձունքի գրավման անհաջող փորձը բավական չարչրկված թեման է, որին Փաշինյանն անդրադարձավ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցի համատեքստում: Տպավորություն էր, որ հարցը նախապես համաձայնեցված է եղել, որովհետեւ պատասխանողը՝ թեմայի շրջանակներից դուրս այլ մանրամասների մեջ խորամուխ լինելով ու մանիպուլյատիվ հնարքների կիրառմամբ, փորձում էր «Լելե թեփե»-ին իր առնչակցությունը հնարավորինս հեռացնել, սահմանափակել սոսկ մոդերատորի գործառույթի շրջագծում: Ըստ նրա, «Լելե թեփեն» առաջարկել է գեներալ, գործողության պլանը մշակել է գեներալ, իրականացումը ստանձնել է գեներալ: Ինքն այդ գործում եղել է ընդամենը մոդերատոր: Բանն այն է, որ բարձունքը գրավելու գործողության հղացումը եւ դրա անփառունակ տապալումը որոշ շրջանակներ Փաշինյանի ու նրա տիկնոջ անունների հետ են կապում, եւ այդ կանխավարկածի դեմն ինչ-որ կերպ առնել է պետք՝ չէ՞ որ խոսքը անխոհեմ ռազմական գործողության մասին է, որն ավելի քան 700 զոհերի պատճառ էր դարձել:

Առհասարակ՝ այդ թեման, «Իմ քայլի» առաջնորդի մատուցմամբ, ներմուծել են «հայտնի շրջանակները»՝ որպես քարոզչական հնարք: Նա պնդում է, թե Ստեփանակերտում իր հրավիրած խորհրդաժողովում, որին տեսակապով մասնակցում էր նաեւ ՀՀ Գլխավոր շտաբի պետը, ոչ ոք քննարկման ժամանակ չէր առարկել «Լելե թեփե»-ի գործողությանը, իսկ նպատակը հարավային ճակատում թշնամու ճեղքումը խափանելն էր: Առաջին մի քանի ժամերին ամեն ինչ, Փաշինյանի ասելով, հաջող էր ընթանում, սակայն տանկային միավորումներից մեկը, որի հրամանատարն «այսօր Երեւանում ընդդիմադիր գործունեություն ծավալած գեներալներից մեկի որդին է», անսպասելիորեն հրաժարվեց մասնակցել գործողությանը, եւ ամեն ինչ փչացավ: «Թե ինչու՝ ես չգիտեմ, քննության առարկա պետք է դառնա: Եթե ստացվեր, կունենայինք լրիվ այլ իրադրություն հետագա ողջ պատերազմի ընթացքի համար»,- վստահեցնում էր գործադիրի ղեկավարը:

Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե ծառայած լիներ բանակում, հազիվ թե նման պարզունակ դատողություններ աներ: Ի՞նչ է նշանակում բանակային հրամանատարը չկատարեց առաջադրված մարտական խնդիրը: Նման բան ուղղակի չի կարող լինել, առավել եւս՝ պատերազմող բանակում: Եթե, անուամենայնիվ, եղել է այդպիսի դեպք, ուրեմն բանակն իսպառ բարոյալքված է եղել, բանակային կարգապահությունը՝ զրոյականից ցածր մակարդակում, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը՝ ոչ իր տեղում: Այլ կերպ հնարավոր չէ, որ տանկային զորամիավորման հրամանատարը լքեր իր դիրքը: Եվ հետո. տեղի է ունեցել ակնհայտորեն դավաճանական արարք, որի մասին իրեն երկրի ղեկավար համարող անձը հանգիստ խոսում է պատերազմից կես տարի անց, եւ մինչեւ հիմա «չգիտի», թե ինչու է այդպիսի բան պատահել:

Փոխարենը հետին թվով ամբիոնից «զոռ է տալիս» երեւակայությանը, թե՝ «նորահայտ ընդդիմադիր գործիչը կարո՞ղ է ինքն ա զանգել որդուն: Իրան էլ զանգել ա իր քաղաքական հայրը: Ասել ա՝ ձեր հակառակորդը այդտեղ չէ, այստեղ է, տանկերը պտտե՛ք, պտտե՛ք Երեւան, գրոհեք Կառավարության շենքը… Էս խառը ժամանակները կանցնեն՝ կպարզենք»: Իսկ ես համոզված եմ, որ ոչ մի բան էլ չեք պարզելու, տիար Փաշինյան, որովհետեւ ձեր պատմած դրվագը խիստ անհեթեթ է՝ մտացածին չլինելու համար: «Լելե թեփե»-ի մասին ժողովրդի շրջանում այլ խոսակցություններ են շրջանառվում: Ըստ այդմ՝ Ապրիլյան քառօրյայի ժամանակ ազերիներին անցած այդ բարձունքը ցանկացած գնով վերադարձնելու սեւեռուն գաղափարը տիկին Աննա Հակոբյանինն է՝ զուտ «Սերժի հանձնածը ետ բերողի» հռչակի համար: Չեմ կարող պնդել սույն տեղեկատվության իսկությունը, բայց համառ լուրեր են պտտվում, որոնք ցայժմ չեն հերքվել:

Հաջորդ կասկածահարույց դիտարկումը, որին պատերազմական թեմայի ծիրում անդրադարձել է վարչապետի պաշտոնում ծառայող անձը, առնչվում է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի հայտարարությանը: Վերջինս այդ հայտարարության մեջ նշում էր, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ինքը ներկայացրել է մեր կորուստները՝ պնդելով, որ պետք է 2-3 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Այդ հայտարարությունից հինգ ամիս անց Փաշինյանը ԱԺ ամբիոնից հակադարձում է, թե հայտարարության այդ կետն իրականության հետ ոչ մի կապ չունի: «Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակն՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»,- հերքել է Փաշինյանը:

Ո՞վ է ստում՝ Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Հաստատապես չենք կարող ասել, բայց բարձրաստիճան երկու պաշտոնյաներից մեկն անկասկած ստում է: Վարչապետի հայտարարությունից որոշ ժամանակ անց Օնիկ Գասպարյանը հանդես եկավ պատասխան հերքմամբ՝ վերահաստատելով նոյեմբերի 17-ի իր պնդումները. «ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը եւ, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են գցում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում»,- հայտարարել էր Օնիկ Գասպարյանը:

Թերեւս՝ այո, ճշմարտությունը մի օր դուրս է գալու ջրի երես: Հուսանք, որ այդ օրը հնարավորինս շուտ վրա կհասնի:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: