Ուրբաթ, Նոյեմբերի 15, 2019

Վերլուծական

Վտանգավոր մուտացիա՝ անդեմությունից մինչեւ աներեսություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին ամիսներին հանրության ուշադրության առանցքում է երկրում անարդյունավետ պետական կառավարման խնդիրը։ Շատերի համար ակնհայտ է, որ կառավարման գործադիր եւ օրենսդիր լծակներն իր ձեռքում կենտրոնացրած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, չունի պետական շինարարության ու տնտեսական զարգացման ռազմավարություն, ինչպես նաեւ գործունեության հստակ ծրագիր։ Մարդկանց համակած անորոշությունն ազդում է հանրային գիտակցության վրա եւ լուրջ մտահոգությունների ու դժգոհությունների պատճառ դառնում։ Առավել մեծ քննադատությունների է արժանանում այն վիճակը, երբ տարբեր պաշտոնյաներ կառավարման գործում անձեռնհասություն են հանդես բերում՝ ցուցադրելով սեփական ունակությունների ու փորձի պակասը։

Ինչո՞ւ մեր պետական կառավարման մեջ այսօր կա նման անմխիթար ու, կարելի է ասել, տեւական դատարկություն։ Ինչ է` կառավարչական հմտություններով օժտված, գիտելիքով զինված փորձառու մասնագետների քանակը հանրային-քաղաքական դաշտում սպառվե՞լ է, թե՞ նախորդ վարչախումբն իր հետ տարել է բոլոր ձեռնհաս կադրերին։

Արդեն մի քանի ամիս է` մարդիկ բարձրաձայնում են պետական կառավարման մեջ առանձին բնագավառներում նեղ ոլորտային մասնագետների պակասի մասին։ Օրինակ` քաղավիացիայի համակարգում ամիսներ շարունակ որեւէ տեղաշարժ չկա։ Ոլորտը վստահվել է երիտասարդ մի աղջնակի` այն դեպքում, երբ նման բարդ ոլորտ ղեկավարելու համար, առանց տվյալ բնագավառում մեծ փորձ, համապատասխան կրթություն ու գործնական հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման, հնարավոր չէ առաջ շարժվել։ Իսկ մասնագետներ կան ու անգամ սեփական նախաձեռնությամբ ու անշահախնդրորեն՝ կամավորության սկզբունքով, փորձում են գոնե մի փոքր պահպանել այն չնչին ներուժը, որը մնացել է երբեմնի հզոր հայկական քաղավիացիայից։

Նշված օրինակը վկայում է, որ պետական կառավարման մեջ ոչ թե մասնագետների պակասն է խնդիրը, այլ եղածների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը՝ նոր ձեւավորվող քաղաքական մշակույթը։ Այստեղ հարկ է արձանագրել կարեւոր մի ճշմարտություն. երբ խոսվում է արդյունավետ կառավարման մասին` պետք է հասկանալ այնպիսի ղեկավար պաշտոնյաների գործունեությունը, որոնք հայեցողական պաշտոններում կադրերին տեղաբաշխելիս հանդես են գալիս պրոֆեսիոնալության դիրքերից։ Այլ կերպ ասած` նայելով, թե ենթակա պաշտոնում ում է նշանակում ղեկավար պաշտոնյան, կարելի է գրեթե լիարժեք վստահ լինել հենց իր մասնագիտական ձեռնհասության (անձեռնհասության) ու պետական կառավարման գործում հաջողելու (չհաջողելու) մեջ։

Կատարված քննությունը մեզ բերում է բոլորովին այլ հարցադրման՝ ինչո՞ւ ղեկավար պաշտոններում, այնուամենայնիվ, չեն նշանակվում կառավարման փորձ ունեցող ոլորտային մասնագետներ, որոնք ի զորու են իրականացնել արդյունավետ կադրային քաղաքականություն եւ պետական կառավարում։

Հայաստանի քաղաքական դասի կադրային որակների հարցը ներկայիս կառավարության աքիլեսյան գարշապարն է։ Անշուշտ` կառավարությունն անընդհատ փորձում է համալրել կադրային բացը։ Սակայն, ինչպես բացահայտ խոսվում է մամուլում եւ սոցիալական ցանցերում, այդ բացը լրացվում է այնպիսի սկզբունքներով ու չափորոշիչներով, որոնք գործի տապալման ամենաուղիղ ճանապարհն են։ Այսպես` պաշտոնյաների ընտրության ժամանակ, ոմանք առաջնորդվում են թեկնածուների` համակերպվող, կամակատար լինելու հանգամանքով` բացառելով այնպիսի որոկներ, ինչպիսիք են ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը։ Ընդ որում` հայտնի է, թե ինչպես է կյանքի կոչվում կադրերի ընտրության բուն ընթացակարգը։ Ստեղծվում է ինչ-որ անհասկանալի հանձնաժողով, որը «քննում է» պաշտոնի հավակնորդներին։ Հենց այդպես է կազմավորվել ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորական կորպուսի մի մասը։

Թվում է` նման հանձնաժողովները կոչված են ի հայտ բերելու կառավարման փորձ ունեցող ոլորտային մասնագետների, որոնք հետագայում կկարողանան արդյունավետ կառավարում իրականացնել։ Սակայն պետական անարդյունավետ կառավարման առկա իրողությունները խոսում են այն մասին, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում  եղած կադրերի ընտրության անարդար սկզբունքների ու արատավոր չափորոշիչների մասին պնդումները հեռու չեն իրականությունից։ Պետական կարեւորագույն պաշտոններում ընտրվում են մարդիկ, ովքեր չունեն առաջին հերթին սեփական դեմք։

Ի՞նչ է ենթադրում սեփական դեմք ունենալը։

Նեղ մասնագիտական գործունեության մեջ դեմք ունենալը սկզբունքների ու կամքի միաձուլումն է, երբ մարդը չի կաշկանդվում արտաքին հանգամանքների այնպիսի ազդեցությամբ, որն ուղղված է օրինականության, գիտականության ու մասնագիտականության մերժմանը։ Սա է յուրաքանչյուր բնագավառում արհեստավարժության հասնելու միջոցը։ Գործնականում այն պատկերացնելու համար կարելի է վերցնել ցանակացած բնագավառ եւ հետեւել այդտեղ հաջողության հասած մարդկանց վարքագծին` աշխատանքային գործունեության ընթացքում։ Ֆիզիկոս (խառատ, ֆուտբոլիստ եւ այլն) դառնալու համար տաղանդավոր լինելը բավարար չէ, մարդ պետք է կարողանա իր կամքին ենթարկեցնել թե´ այն նյութը, որի վրա աշխատում է, թե´ այն արտաքին միջավայրը, որն իրեն կաշկանդում է։

Պետական կառավարման մեջ եւս հաջողությունները պրոֆեսիոնալ սկզբունքային գործունեությամբ են պայմանավորված։ Առանց սեփական դեմքն ունեցող քաղաքական ու պետական գործիչների՝ կառավարման գործը չի կարող հաջողել։ Հնարավոր չէ պետականաշինության գործում ունենալ ձեռքբերումներ, եթե մի կողմից (վերեւից) փակված է քաղաքական ներկա դասի մեջ ընդգրկված անձանց` ինքնուրույնություն, նախաձեռնողականություն դրսեւորելու հնարավորությունը, իսկ մյուս կողմից (ներքեւից)՝ պետական կառավարման տարբեր օղակներում չկան ու չեն ծնվում սեփական կամքն ու սկզբունքները կիրառող քաղաքական դեմքեր։

Որպես օրինակ` տիպական է շատ կոնկրետ դեպքերում ԱԺ-ում առանձին խմբակցությունների` միաձայն քվեարկելու փաստերի արձանագրումը։ Սա կարող է դառնալ ընտրված կադրերի համակերպվող, ենթակա, կամակատար որակների ուղղակի ցուցիչը եւ մեր պետական կառավարման համակարգում քաղաքական դեմքեր չունենալու վկայությունը։ Ըստ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի՝ լիագումար նիստերի դահլիճում միատեսակ քվեարկությունը շատ բնական է քաղաքական թիմի համար, քանի որ հիմնական քննարկումներն ու բանավեճերը տեղի են ունենում դրանից առաջ՝ խմբակցությունում ու հանձնաժողովներում:

Պետք է արձանագրել, որ սա շատ վատ մեկնաբանություն է։ Նման մեխանիզմով՝ ժողովրդավարության պատրանք ստեղծելու միջոցով, կարելի է ոչնչացնել ամեն տեսակ ինքնուրույնություն ու նախաձեռնողականություն, քանզի խմբակցությունում ու հանձնաժողովներում բանավեճերը պաշտոնական քվեարկություններ չեն եւ այդպես՝ բոլշեւիկյան մեթոդաբանությամբ, հնարավոր է զրոյացնել ցանկացած մտահոգություն ու այլակարծություն եւ ստանալ հարյուր տոկոսանոց արդյունք ԱԺ քվեարկությունների ժամանակ։

Եվ որպես վերջաբան։

Հետաքրքիր է, որ լեզվամտածողության մեջ շատ բառեր ձեռք են բերում նոր իմաստներ առանձին երեւույթների այնպիսի զարգացումների արդյունքում, որոնք այդ բառերին անտրամաբանական «մուտացիայի» ենթարկեցնելով՝ հանգեցնում են բոլորովին հակոտնյա իմաստների։ Այսպես հայերենում մարդկային երես չունենալու երեւույթը` արտահայտված «աներես» բառի իմաստի մեջ, պետք է, որ մնար միայն չեզոք տիրույթում՝ ցուցանելով տվյալ մարդու լիարժեք աներեսությունը՝ անսկզբունքայնությունը։ Սակայն այն վաղուց փոխաբերական իմաստով ձեռք է բերել մյուս սկզբունքները մերժող, բայց նույնքան էլ սկզբունքային շատ ակտիվ անձի՝ անամոթ ու անպատկառ որակներ ցույց տվող մարդուն բնութագրող բառի իմաստ։

Ցավալի կլինի, եթե ամիսներ կամ տարիներ անց ներկայիս պաշտոնյաների մասին խոսենք` ոչ թե իբրեւ քաղաքականապես անդեմ մարդկանց, այլ աներես անպատկառների, ովքեր այդպես էլ ձեռք չբերելով քաղաքական դեմք` ի վերջո մուտացիայի ենթարկվելու արդյունքում փորձանք են դառնում ազգի գլխին։

Նոր ՀՀՇ-ն կամ ՀՀԿ-ն այս անգամ կոչնչացնի պետությունը։ Այդ դասերը մենք արդեն անցել ենք: Պետք չէ փոցխի վրա երրորդ անգամ կանգնել։

 

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am