Չորեքշաբթի, Հունվարի 29, 2020

Ազատ ամբիոն

Ֆանտազիաներ աշխարհաքաղաքականության ոլորտում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հարյուր տարվա ընթացքում արդեն որերորդ անգամ ապացուցում է ամբողջ աշխարհին իր ստուգված ճշգրտությունը, համարձակությունն ու հավատարմությունը ոչ միայն Թուրքիայի, այլեւ ողջ մոլորակի թյուրքական ժողովուրդների ազգային շահին՝ անկախ նրանց բնակության վայրից: Պետք չէ շատ հեռուն գնալ օրինակների համար, եւ դրանք հավաստի են: Առաջին աշխարհամարտի արդյունքներով Թուրքիան՝ որպես այդպիսին, փաստացի գոյություն չուներ: Բայց նա ոսկերչական ճշգրտությամբ՝ խաղալով Ռուսաստանի եւ Անտանտի երկրների միջեւ ծագած հակասությունների, ինչպես նաեւ հետպատերազմյան աշխարհակարգի կառուցման գործում ԱՄՆ-ի դիրքորոշումների վրա, կարողացավ կազմավորել թյուրքական պետություն: Եվ ոչ միայն պետություն, այլեւ փաստացի միատարր ազգային ​​պետություն՝ խաբելով քրդերին, ամբողջովին զտելով Թուրքիայի տարածքում ապրող բոլոր քրիստոնյա ժողովուրդներին եւ կազմակերպելով հայերի Ցեղասպանությունը, որոնք պատմականորեն երկրի բնիկներն էին: Ավելին՝ Թուրքիան իր ջանքերով կարողացավ կազմավորել թյուրքական Ադրբեջանը եւ նրա տնօրինմանը հանձնել հայաբնակ Նախիջեւանը՝  կտրելով այն Հայաստանից: Եվ եթե չլիներ հայ հերոս Գարեգին Նժդեհը, Թուրքիան՝ Հայաստանից խլելով Զանգեզուրը, կարող էր ամբողջությամբ միավորել Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհը՝ ներառյալ Ղազախստանը եւ Չինաստանի հյուսիս-արեւելքը, որտեղ ույղուրներ են ապրում:

2019-ի վերջին ամիսների, հատկապես նոյեմբերի իրադարձությունները, եւս մեկ անգամ հաստատեցին Թուրքիայի արտաքին քաղաքականության բարձրագույն արվեստը, երբ նա կարողացավ չեզոքացնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ուղղակի հակադիր շահերը բուն Թուրքիայում: Ինչպես հայտնի է, Թուրքիան՝ չնայած ԱՄՆ-ի վերջնագրերին, այնուամենայնիվ, Ռուսաստանից գնեց С-400 զենիթահրթիռային համալիրներ: Այս գործարքի անթույլատրելիության մասով ԱՄՆ-ի հիմնական փաստարկն այն էր, որ այդ համալիրների էլեկտրոնային հսկողական միջոցները, երբ դրանք միատեղվում են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, հակաօդային անվտանգության միասնական համակարգին, կարող են գաղտնազերծել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կառավարման որոշ սկզբունքներ, եւ որ այդ միջոցներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանության հետ ու սպառնալիք են ամերիկյան F-35 կործանիչների համար: Ի պատասխան՝ Միացյալ նահանգները նույնիսկ սպառնաց արգելել այդ կործանիչների մատակարարումը Թուրքիային: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ Անկարան Պենտագոնին առաջարկում է ուսումնասիրել С-400 զենիթահրթիռային համակարգը: Եվ, չնայած Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այդ տեղեկատվությունը, սակայն ով գիտի՝ ինչ կլինի: Բայց, հանուն արդարության, նշենք՝ կան կասկածներ, որ այդ համալիրների արտահանվող տարբերակները ռուսական բանակում կիրառվողներից չեն տարբերվում:

Այս երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գոտեմարտում կարեւորն այն է, որ Միացյալ նահանգներն իր նպատակներին հասնելու համար արդիականացրեց Թուրքիայի համար ամենացավոտ թեման՝ 1915-ի Հայոց ցեղասպանությունը, եւ Ներկայացուցիչների պալատում դրա ընդունման օգտին քվեարկությունն անցավ ձայների ճնշող մեծամասնությամբ: Բայց Թրամփի հետ Էրդողանի շտապ բանակցություններից հետո երկու սենատոր՝ վետոյի իրենց իրավունքն օգտագործելով, արգելափակեցին բանաձեւի ընդունումը Սենատում: Մենք չգիտենք, թե ինչ են պայմանավորվել Միացյալ նահանգներն ու Թուրքիան, եւ ինչպես Ռուսաստանը դրան կարձագանքի: Բայց փաստը, որ դրանից հետո բոլոր երեքն էլ լռում են, խոսում է այն մասին, որ «ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարները՝ ողջ»: Արդեն որերորդ անգամ մեր դարավոր ցավը ծառայեց որպես քաղաքական գործոն պետությունների միջեւ խնդիրներ լուծելու համար: Թուրքիան եւս մեկ անգամ ցուցադրեց իր արդյունավետ արտաքին քաղաքականությունը, եւ մեր երիտասարդ պետությունը, որը տակավին չունի համաշխարհային տերությունների հետ գործ ունենալու համապատասխան միջազգային փորձառություն, դեռ պետք է դրանից շատ բան սովորի: Թող իմ հայրենակիցները չդատապարտեն ինձ, բայց, ցավոք, այդպես է: Քսաներորդ դարի սկզբին մենք տանուլ տվեցինք Թուրքիային՝ զրկվելով մեր հայրենիքից եւ միլիոնավոր հայրենակիցների կյանքից, սակայն նույն դարավերջին հաղթեցինք Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում եւ երկու անգամ (2016-ին՝ երկրորդ անգամ) պաշտպանեցինք Արցախը առանց որեւէ արտաքին օգնության, բայց այս հիմնախնդրի լուծման գործում բացարձակապես ոչ մի տեղաշարժ չկա ու մոտ ապագայում էլ չի սպասվում:

Հիմա՝ մի փոքրիկ նրբերանգ ֆանտաստիկայի ​​ոլորտից: Հոկտեմբերի 16-ին Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջին անգամ խոստովանեց, որ Թուրքիայում ԱՄՆ ռազմաօդային հենակետում պահվում են 50 մարտավարական միջուկային մարտագլխիկներ: Այս զենքի ճակատագիրը կարող է լինել այն հիմնական խնդիրը, որ ծագել է Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների սրման համապատկերին: «Առանցքային խնդիրն այն է, թե արդյոք Միացյալ նահանգները կարող է պահպանել այդ զենքի հասանելիությունը եւ երաշխավորել դրանց անվտանգությունը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: Մինչ այժմ ԱՄՆ պաշտոնյաները հրապարակավ չեն մեկնաբանել ԱՄՆ-ից դուրս միջուկային զենքի տեղանքների վերաբերյալ տեղեկատվությունը եւ չեն ընդունել, որ այդպիսի զինանոցներ դեռ գոյություն ունեն: Ինչպե՞ս է արձագանքել մեր արտգործնախարարությունն այս հայտարարությանը: Ոչ մի կերպ:

Իսկ Ռուսաստա՞նը՝ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցը: Դարձյալ՝ ոչ մի կերպ: Կա՞ դրանում ուղղակի սպառնալիք Հայաստանի անվտանգության համար: Շատ ընդդիմախոսներ կարող են պնդել, որ սպառնալիք չկա, եւ որ Թուրքիայի կողմից միջուկային զենքի օգտագործումը Հայաստանի դեմ անհնար է, քանի որ, նախ՝ Միացյալ նահանգները դա թույլ չի տա, եւ երկրորդ՝ նրանք դա չեն նետի Երեւանի վրա, քանի որ այն թուրքական սահմանից 7 րոպե հեռավորությամբ է, եւ դրանից կարող են տուժել թուրքական քաղաքներն ու գյուղերը: Այնուամենայնիվ, եթե Միացյալ նահանգներն ունի այդ զենքի «հասանելիության խնդիր», ապա ինչպե՞ս կարող է դա թույլ չտալ: Եվ հետո՝ եթե ​​թուրքերն այդ ռումբերը գցեն Երեւանի վրա, ապա իսկապես կտուժեն Թուրքիայի արեւելյան քաղաքների բնակիչները: Բայց ահա նա միանգամից մեկ կրակոցով երկու նապաստակ կսպանի: Ոչնչացնելով ողջ հայ բնակչությունը, միանում է Ադրբեջանին, իր հերթին ոչնչացնելով իր արեւելյան շրջանների բնակիչներին, անմիջապես ազատվում է քրդերից, որոնք կազմում են այդ տարածքի բնակչության մոտ 80 տոկոսը: Կասկած չկա, որ այդ ժամանակ թուրքական դիվանագիտությունը, ինչպես միշտ, առանց հատուկ կորուստների, դուրս կգա իրավիճակից եւ միջազգային դատապարտումից: Իհարկե, սա գիտական ​​ֆանտաստիկա է աշխարհաքաղաքականության ոլորտում: Բայց հիշենք, թե ինչպես են ժամանակի ընթացքում կյանքի կոչվել աշխարհահռչակ գիտա​​ֆանտաստիկ գրողների՝ Ժյուլ Վեռնի, Այզեկ Ազիմովի, Ալեքսանդր Բելաեւի գաղափարները: Տա Աստված, որ այս ցնորական ֆանտազիաները չիրականանան: Բայց սա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը կարող է ուղղակի դիտորդ լինել Մերձավոր արեւելքում եւ հենց Թուրքիայում զարգացումների հոլովույթում:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am