Չորեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2020

Ազատ ամբիոն

Իռլանդական տնտեսական հրաշքը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Իռլանդիայի Հանրապետության տնտեսական քաղաքականության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի արմատական քայլեր էին ձեռնարկվել այդ երկիրն աղքատությունից հանելու եւ դարձնելու Արեւմտյան Եվրոպայի առաջատար տնտեսական լոկոմոտիվներից մեկը։ Մինչեւ 1990-ական թվականների սկիզբը Իռլանդիային չէր հաջողվում հասնել տնտեսական առաջընթացի։ Բայց շատ չանցած` տեղի ունեցավ անհավանական թվացող տնտեսական հրաշքը:

90-ականների սկզբին իռլանդացիները նախաձեռնեցին տնտեսության մեջ մի շարք բարեփոխումներ` դնելով անշրջելի հաջողությունների հիմնաքարը: Առաջին քայլերից մեկը հարկային օրենսդրության մեջ կատարված էական փոփոխություններն էին։ Որպեսզի երկիրը կարողանա ներգրավել խոշորածավալ արտաքին ներդրումներ, երկրի կառավարիչներն արտասահմանյան ընկերությունների շահութահարկը 35 տոկոսից դարձրին 12 տոկոս:

Դրան զուգահեռ` Իռլանդիան հրաժարվեց տարբեր միջազգային կազմակերպությունների առաջարկած տնտեսական ռազմավարություններից եւ ձեռնամուխ եղավ իր տեսլականի հանգույն սեփական տնտեսական զարգացման ռազմավարության ստեղծմանը։ Իսկ հարկային բարենորոգչությունից քիչ անց արդեն դարձավ ներդրումների առումով գրավիչ երկիր` հատկապես ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների համար։ Ամերիկյան շատ տեխնոլոգիական հսկաներ այսօր Դուբլինում են բացել եվրոպական իրենց գլխավոր գրասենյակները։

Հաշվենկատ եւ մանրամասն գծված տնտեսական քաղաքականությունը տվեց իր արդյունքները։ Դրանից հետո` մինչեւ 2007 թվականը, իռլանդական տնտեսությունը զարգանում էր տարեկան մինչեւ 12.5 տոկոս աճով։ Չունենալով արդյունաբերական որեւէ լուրջ ձեռնարկություններ եւ բնական պաշարամիջոցներ, իռլանդացիները կարողացան իրենց մոտ կենտրոնացնել համաշխարհային տնտեսության մեջ խոշոր ներկայություն ունեցող ընկերությունների։

Այսօրվա դրությամբ արտասահմանյան խոշորագույն ընկերություններն ապահովում են երկրի ՀՆԱ-ի շուրջ 70 տոկոսը եւ աշխատուժի 55,6 տոկոսը։ Իր իրականացրած տնտեսական հզոր քաղաքականության շնորհիվ Իռլանդիան միջազգային ասպարեզում հայտնի դարձավ որպես Կելտական վագր։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի եկամտով Իռլանդիան այսօր իր պատվավոր տեղն ունի աշխարհի 10 առաջատար պետությունների շարքում:

1970-1980 թվականներին այս նույն քաղաքականությունն աննախընթաց տնտեսական հաջողությունների մայրուղի էր դուրս բերել Սինգապուրին, Հարավային Կորեային, Թայվանին եւ Հոնկոնգին, որոնք հայտնի են որպես ասիական Չորս վագրեր։ Այս բառեզրը բնորոշում է կարճաժամկետ կտրվածքում պետության արագընթաց տնտեսական վերելքը։

Հավատացած ենք, որ Իռլանդիայի, ինչպես նաեւ ասիական մայրցամաքի «վագրերի» փորձը չափազանց օգտակար եւ ուսանելի կլիներ Հայաստանի համար:

 

Հովսեփ Եսայան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: