Կիրակի, Սեպտեմբերի 23, 2018

Ազատ ամբիոն

Քաղաքակրթական արժեհամակարգի փոփոխությունը

1991-ին Խորհրդային Միությունում տեղի ունեցավ ներքին քաղաքական եւ տնտեսական համակարգի փլուզում՝ առանց կարեւորագույն հասարակական ձեւափոխումների, ինչի հետեւանքով հասարակության կողմից անվերապահորեն պետք է մերժվեր եւ բացառվեր ավտորիտարիզմը: Սակայն հասարակական գիտակցության մեջ արժեհամակարգային տարրական փոփոխությունների բացակայության պայմաններում հետխորհրդային տարածքում նոր ի հայտ եկող քաղաքական ինստիտուտները յուրացվեցին որոշ ուժերի կողմից, որոնք հետեւողականորեն այդ բոլոր համակարգերը սկսեցին հարմարեցնել իրենց պահանջներին եւ ծառայեցնել բացառապես սեփական նպատակներին: Արդյունքում հետխորհրդային տարածքում ծնունդ առավ քրեաօլիգարխիան, որը սկսեց սերմանել քաղաքական ու տնտեսական քաոս՝ սասանելով նորանկախ երկրների պետականության առանց այդ էլ խարխուլ հիմքերը:

Հայաստանում, ինչպես Խորհրդային Միության փլատակների վրա կազմավորված՝ ԱՊՀ այլ երկրներում, ժողովրդավարական հաստատությունները չկայացան, ավելին՝ դրանց իրական իմաստն ու նպատակը նենգափոխվեցին: Ժողովրդավարության իրացման կարեւորագույն գործիքակազմը՝ ազատ ընտրությունները, վերածվեց ֆարսի: Երկրի քաղաքական գործընթացներին քաղաքացիների մասնակցության իրավունքն ուղղակիորեն բռնազավթվեց, եւ վերջիններս դադարեցին լինել իրենց պետության վարած քաղաքականության ձեւավորողն ու գլխավոր շահառուն: Քաղաքական դաշտից իսպառ վերացավ մրցակցությունը, ինչն էլ բերեց քաղաքական մտքի ամայացման ու ճահճացման: Քաղաքականության բնական գործառույթը տարրալուծվեց բազմապիսի կեղծիքների ու պատրանքների հորձանուտում, եւ այլեւս որեւիցե իրական քաղաքական գործընթաց փաստացի տեղի չէր ունենում:

Հայաստանն իր անկախությունը ստանալուց հետո կրկին հայտնվեց ավտորիտար եւ դիսֆունկցիոնալ երկրների ճամբարում, որտեղ գերիշխող դիրք են զբաղեցնում «ուժեղները»: Նման պայմաններում հասարակության մեջ սերմանվում էր «ուժեղների» պաշտանմունքը, ինչի արդյունքում աստիճանաբար թուլանում էր դիմադրությունը ընդդեմ երկրում արմատացած ամենաթողության մթնոլորտի: Հասարակությունը՝ կորցնելով իր արժեքային ուղենիշները եւ բռնելով հարմարվողականության ուղին, ակամայից նույնականացվում էր այդ «ուժեղների» հետ եւ կորցնում սեփական ինքնությունը՝ ընդունելով եւ համակերպվելով իրեն վերագրված թուլության ու անկարության հետ եւ մտնելով իրեն հատկացված «տկարի» դերի մեջ:

Սա տեղի էր ունենում նաեւ պետական մակարդակում. իշխանությունը զավթած փոքր կլեպտոկրատները պետությունը ներկայացնում էին որպես թույլ, հեղհեղուկ եւ անպիտան մի գոյացություն, որը միայնակ իր համար սեփական ուժերով ոչ մի հարց լուծել չի կարող: Հետեւաբար՝ կարիք էր առաջացել գտնելու որեւէ «ուժեղ» պետություն, որին պետք է հանձնվեր երկրի իրական կառավարման մանդատը. նման առաջարկի համար պահանջարկն իրեն երկար սպասել չտվեց, ինչն էլ հանգեցրեց ինքնիշխանության մասնակի կորստի:

Եթե իշխանությունը յուրացրած կլեպտոկրատների համար ինքնիշխանությունն ավելի շուտ բեռ էր, քան արժեք, ապա հասարակության լայն շերտերի համար դրա արժեքի գիտակցումը սկսեց գալ կյանքի ու ապրուստի հետ անհամատեղելի պայմանների սաստկացման արդյունքում: 2018-ի ապրիլին նորից հնչեց «Մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը: Հասարակությունը գիտակցեց, որ պետությունը քաղաքացուց զատ գոյություն ունեցող աննպատակ կառույց չէ, որը միայն տանում է՝ ոչինչ չտալով: Քաղաքացին կարողացավ դուրս գալ իրավազուրկ «տկարի» իրեն պարտադրված կերպարից:

Եվ եթե հետխորհրդային պետություններն ու հասարակությունները ձեւավորվում էին ավտորիտար երկրների ճամբարին բնորոշ հասարակական-քաղաքական ֆորմացիայի օրինակով՝ ավելի շատ հակադրվելով մյուս ճամբարի արժեքներին ու դրանց դեմ ռեֆլեքսային մակարդակով պայքար մղելով, քան սեփական արժեքները գիտակցաբար ստեղծելով ու արժեւորելով, ապա Նոր Հայաստանում քաղաքացիներն առաջին անգամ, կարծես թե, ըմբռնումով մոտեցան այն բանին, որ անապակ մտքի փշալարերով առանձնացված իրենց ճամբարի ներսում հորինած ու ֆետիշացրած շինծու պսեւդոարժեքներից զատ կան համամարդկային արժեքներ, եւ զրո է այն արժեքի գինը, որը դուրս է համամարդկայինից: Սա, թերեւս, քաղաքակրթական ընտրություն էր. հասարակությունը դուրս եկավ իր հաշվին շարունակ ինքնահաստատվող եւ սեփական մասկուլինության թերարժեքությունն ամենագրոտեսկային միջոցներով լրացնող «ուժեղների» իշխանության տակից:

Հասարակությունն այժմ պետք է փորձի լիովին նոր՝ ժողովրդավար իրավական փոխհարաբերությունների վրա կառուցել իր ցանկալի ինքնիշխան պետությունը՝ խուսափելով հասկացությունների ու արժեքների խեղաթյուրումից: Ժողովրդավար պետությունների շարքում իր ուրույն տեղը զբաղեցնելու ճանապարհին հայ հասարակությունը չպետք է վախենա հին միֆերը կորցնելուց: Քաղաքականությունը պետք է իրապես քաղաքականացվի եւ ունենա արժեքային կշիռ, բացառվեն հավերժ բարեկամներն ու հավիտենական թշնամիները եւ լիովին գիտակցվեն սեփական պետության շահերն ու առաջնահերթությունները: Այս ամենն անհնար է առանց լիարժեք ինքնիշխանության:

Հայաստանի քաղաքացիներն արդեն ներկայացրել են հիմնարար քաղաքակրթական արժեքներին ինտեգրվելու հայտը: Քաղաքակրթական այդ արժեքների ամբողջության վրա էլ պետք է կերտվի ինքնիշխան պետության քաղաքացու ինքնությունը:

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am