Երեքշաբթի, Հուլիսի 14, 2020

Ազատ ամբիոն

Եվս մեկ անգամ գազի գների մասին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արդեն որերորդ անգամ հարկադրված ենք անդրադառնալ այս հրատապ թեմային, քանի որ Հայաստանում գազի անհամադրելիորեն բարձր գները մեր պետության տնտեսական գործունեության ձախողման հիմնական գործոններից մեկն են: Մեզանում այդպես էլ չսկսվեց արեւային մարտկոցներով ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայանների զանգվածային շինարարությունը: Գազի խնդրին անդրադառնալու առիթը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի վերջերս հնչեցրած այն հայտարարությունն էր, թե «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է մեր երկրում գազի միջին գինը սահմանել 283 դոլար` ներկայիս 266,7 դոլարի փոխարեն: Հունիսի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ձեռնպահ կմնամ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2013 թվականին կնքված` գազի համաձայնագրի վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն ցանկացած համաձայնագիր կարող է վերանայվել, հարցը միայն կողմերի կամքի ու հնարավորությունների առկայությունն է»:

Այստեղ ՀԾԿՀ նախագահը խորամանկում է` ասելով «կողմերի կամքի առկայություն»: Հայաստանը գազի գնի իջեցման կամք միշտ ունեցել է, առավել եւս` այժմ: Ուղղակի պետք է ասեր` «Ռուսաստանի կամքի առկայություն»: Նրա խոսքով` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենի հայտարարությունը, թե սակագների չբարձրացման դեպքում ընկերությունը չի կարող տրամադրել անհրաժեշտ որակյալ ծառայություններ, արվել էր ընթացիկ գների համատեքստում: «Մեր հաշվարկները նույնպես ցույց են տալիս, որ ներկայիս գները որոշ փոփոխությունների կարիք ունեն` բարձրացման առումով»,- նշել է Բաղրամյանը: Այսինքն` ՀԾԿՀ նախագահը փաստորեն արդարացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի համար գազի գնի բարձրացումը:

Այժմ Հայաստանը «կապույտ վառելիքը» սահմանին գնում է 165 դոլարով: Եթե երկրի ներսում հիմնական սակագինը լինելու է 283 դոլար, ապա սա նշանակում է, որ տեղափոխման եւ գազափոխադրման համակարգի սպասարկման համար մենք պետք է վճարենք 118 դոլար, որը կազմում է ընդհանուր արժեքի 42 տոկոսը: Ստացվում է, որ «Գազպրոմը», ում պատկանում է Հայաստանի ողջ գազափոխադրման համակարգը, մայրուղային խողովակից գազը սպառողին փոխադրելու համար վերցնում է գնի 42 տոկոսը: Շա՞տ է դա, թե քիչ է: Եկեք դիմենք Ուկրաինայի տվյալներին: Ուկրաինայում արդյունաբերական եւ այլ սպառողների համար գազի գինը կազմավորվում է  հետեւյալ կերպ. վերցնում են սահմանին գազի ընդհանուր արժեքը, դրան գումարում 17 տոկոս ԱԱՀ-ն, 3 տոկոս գազաբաշխիչ ձեռնարկությունների միջին կշռութային սակագինը, եւս 3 տոկոս գազափոխադրման ձեռնարկության համար եւ 2 տոկոս ամբողջական վրադիր: Ընդամենը ստացվում է 25 տոկոս: Կասկածողները կարող են այցելել https://www.ceer.eu/documents/104400/-/-/76fff310-aee9-cdc3-3b06-b61ba922aee4 կայքէջ, եւ կհամոզվեն:

Սա Ուկրաինայում է, որտեղ գազափոխադրման համակարգի ամբողջ տարածականությունը փոքրիկ Հայաստանից հարյուրավոր անգամներ երկար է ձգվում: Համեմատեցեք Ուկրաինան եւ Հայաստանը: Բաղրամյանն ասում է, որ սակագնի հաշվարկի մեթոդիկան ներկայացված է հանրությանը: Որեւէ մեկը` բացի իրենից, կարդացե՞լ է այդ մեթոդիկան: «Մոտակա 10 տարում շուրջ 500 միլիոն դոլար կապիտալ ներդրումների» այդ ի՞նչ «մեծ փաթեթի» մասին է խոսքը, «որը կարող է առավել կայուն եւ կանխատեսելի սակագնային քաղաքականության հասցնել»:

Այդպիսի գումարով կարելի է Իրան-Հայաստան գազատար կառուցել 1200 մմ տրամագիծ ունեցող խողովակով կամ գնել լցամբար` ԱՄՆ-ից կամ Եվրոպայից հեղուկ գազ տեղափոխելու համար եւ, վերջապես, կարելի է Թուրքմենստանի հետ պայմանավորվել Իրանով գազ փոխադրելու մասին: Եթե այդ նպատակներով ծախսվելու է 500 մլն դոլար` հաշվի առնելով, որ այդ նախագծերի սեփականատերը լինելու է Հայաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը, ապա այդժամ կարելի է քշտել ձեռքերն ու լծվել գործի: Բայց այդ 500 միլիոնը դարձյալ մտնելու է «Գազպրոմի» գրպանը, իսկ Հայաստանի համար ոչ մի էական փոփոխություն էլ չի լինելու: Կրկնենք, որ 42 տոկոսն անհամադրելի գին է Հայաստանի փոքրիկ գազափոխադրման համակարգը սպասարկելու համար:

2013 թվականի պայմանագրի վերանայման հարցն այժմ մեզ համար ավելի քան արդիական է:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: