Չորեքշաբթի, Հունիսի 26, 2019

Ազատ ամբիոն

«Սուրբ կովեր» եւ անքննելի ճշմարտություններ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Աշխարհաճանաչողության եւ աշխարհընկալման խիստ սահմանափակ գործիքակազմերը հասարակությանը ստիպում են իրեն շրջապատող ու իր համար բացարձակապես չբացահայտված աշխարհը կաղապարել եւ, աղավաղելով, որեւէ կերպ տեղավորել արհեստածին մտապատկերների մեջ։ Այդ աղճատված մտապատկերների շղթայումից էլ ստեղծվում է ընկալումների որոշակի «հարմարավետության տարածք», որտեղ ամենաբարդ հարցերը ստանում են իրենց հնարավորինս ընդունելի պատասխանները, որոնք քննության առնելու վրա արագ տաբու է դրվում՝ հանրային համերաշխությունը չխախտելու նպատակով։

Այսպես, տարիների ընթացքում ստեղծվել են «սուրբ կովեր», որոնք իրենցով փակել են չիմացության բազում անցքեր եւ սրբագրել մեր անցյալի անհամար երկիմաստ դրվագներ։ Այս «սուրբ կովերի» միջոցով հասարակությունը կարողացել է ձուլել համագոյակցության համար անհրաժեշտ ստերի մի ամբողջություն, որը քննության առնելը պարսավելի եւ աններելի ոտնձգություն կարող է դիտվել «ազգային արժեքների» եւ պատմության կարեւորագույն էջերի  նկատմամբ։

Տարատեսակ իրողությունների մեկնության միայն մեկ համընդհանուր ընդունելի տարբերակ է մշտապես հրամցվել, ինչն իր հերթին բերել է միակարծության եւ մտքի միապաղաղության։ Անգամ այս կամ այն երեւույթի հետ եղած անհամաձայնությունները պետք է պարտադիր կերպով տեղավորվեն նախապես համաձայնեցված եւ մշակված ինչ-որ տարբերակի մեջ, այլապես դրանք նույնպես մերժելի են, քանզի ընդունված գծապատկերից որեւէ շեղում կարող է հանգեցնել հասարակական թյուրըմբռնման եւ թեժ իրարանցումի, որն անպատեհ կխանգարի հասարակության բնականոն գործունեության ընթացքը:

Այսպիսով` երբ հասարակությունը նախընտրում է չիմացությունը եւ բացառում քննադատական միտքն ու այլախոհությունը, խավարամտությունը դառնում է գերիշխող։ Խավարամտությունից է ծնվում անքննելիությունը, ինչը հասարակական մտքի զարգացումը չեզոքացնելու լավագույն միջոցներից է։

Անքննելի բյուր պատկերացումներ մխրճվել են հանրության գիտակցության ամենախորը շերտերի մեջ եւ սկսել թելադրել իրողությունների ընկալման որոշակի մոդելներ, որոնք բացառել են օբյեկտիվությունն ու լայնահայացությունը։ Ցանկացած մտապատկեր հարմարեցվել է ընդունված չափորոշիչներին, որպեսզի բացառվի ստերի եւ առասպելների կույտի ամբողջականության վտանգումը։ Սրա հետեւանքով ստեղծված ստի բուրգի ամեն մի շերտ սկսել է դողալ մյուս շերտերի անքակտելիության համար, որպեսզի ընդհանուր բուրգը հանկարծ չփլվի։

Հետեւապես` ստի շուրջ ձեւավորված հանցավոր պայմանավորվածությունները վերածվել են հանրային համերաշխության պահպանման շատ յուրօրինակ միջոցի։

«Սուրբ կովերի» եւ «անքննելի ճշմարտությունների» դաշտից դուրս գալը բավական խրթին գործընթաց է, ինչն անշուշտ բերելու է հանրային թվացյալ համերաշխության կազմաքանդմանը։ Հսկայական զանգվածներ ստիպված են լինելու հրաժարվել իրենց փայփայած ստերից եւ առերեսվել մի իրականության հետ, որտեղ ընկալումները դուրս են լինելու զգուշությամբ գծված` իմացության թույլատրելիի սահմաններից։

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am