Կիրակի, Մայիսի 18, 2025

Ազատ ամբիոն

Կեղծ հայրենասիրություն

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վարչապետի` Ւրան եւ Բելգիա կատարած այցերի, ինչպես նաեւ Ռուսաստանի Պետական դումայում ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթի խորապատկերին ինչ-որ չափով աննկատ մնաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այցը Արցախ: Սակայն նրա հնչեցրած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է վերաբնակեցվեն եւ, հատկապես, Իրանի հետ սահմանի մերձակա Արաքսավան գյուղի շինարարության՝ նրա ներկայացրած նախագիծը, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունն էին Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում: Այս ամենն ասվել ու արվել է քաղաքական հայտարարություններից դուրս. «Ես պրոֆեսիոնալ սպա եմ եւ իմ գործն անվտանգության ապահովելն է, եւ թույլ չտալը որեւէ ոտնձգություն Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ հարեւան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի՝ ռազմական ճանապարհով լուծման, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում»,- ասել է Վանեցյանը։

Մինչեւ հիմա Հայաստանի ոչ մի նախագահ, ոչ մի բարձրաստիճան պետական պաշտոնյա խոսք անգամ չի ասել, որ հողերը պետք է վերաբնակեցվեն ու մշակվեն: Բոլոր երեք նախագահների կողմից կար գաղտնի բանավոր կարգադրություն՝ տարածքները չվերաբնակեցնել: Որովհետեւ բոլորը համոզված էին, որ այդ հողերը հանձնվելու են Ադրբեջանին: Հիպոթետիկ կերպով պատկերացնենք, թե ի՞նչ կաներ Ադրբեջանը, եթե անցյալ դարի 90-ականների պատերազմի արդյունքում Արցախն իր ձեռքն ընկներ: Պատասխանը միանշանակ է` կես տարում այնտեղ կբնակեցվեին ադրբեջանցիներ, եւ բոլոր հայերը կվտարվեին Արցախից: Չէ՞ որ նախադեպը եղել է: Երբ դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ում սկսվեցին զինված բախումներ, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար տրամադրեց 400 միլիոն ռուբլի, որպեսզի այդպիսով, իբր, նվազեցնի սոցիալական լարվածությունը: Սակայն այդ գումարները գնացին Բաքու: Իսկ ի՞նչ արեց պաշտոնական Բաքուն: Նա այդ գումարները ծախսեց ադրբեջանցիներին ԼՂԻՄ-ում բնակեցնելու եւ նրանց համար տներ կառուցելու վրա: Ստեփանակերտի «քթի տակ» շատ արագ վեր խոյացած քաղաքատիպ ավանը՝ Խոջալուն, մեր ասածի ամենավառ վկայությունն է: Միայն դրանից հետո սկսվեց առճակատման թեժ փուլը:

Հողերի վերաբնակեցումը խնդրի կարգավորման գործում նոր հիմնարար սկզբունք է: Նախնապես առաջադրված պայմանը, թե ոչ մի թիզ հող չի հանձնվի թշնամուն, գտնում է իր նյութական հաստատումը: Աշխարհում ոչ ոք չի կարող եւ իրավունք չունի այս առումով ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին որեւէ պահանջ ներկայացնել: Հայաստանը՝ իր կարգավիճակից ելնելով, չի կարող Արցախին ասել, թե վերջինս ինչ անի, իսկ Արցախն այս դեպքում կարող է ցանկացած պետության հակադարձել՝ հայտարարելով, որ եթե նա Արցախը չի ճանաչել որպես անկախ պետություն, ուրեմն ինչպե՞ս կարող է պահանջներ ներկայացնել: Մենք ունենք օրինական կարգով ընդունված Սահմանադրություն, որի մեջ ամրագրված են Արցախի սահմանները: Եթե դուք համաձայն չեք, ճանաչեք մեզ որպես ինքնուրույն պետություն, այդ ժամանակ էլ կպարզաբանենք, թե ինչի հիման վրա ենք բնակեցնում մեր հողերը: Ամեն ինչ միջազգային իրավական դաշտի շրջանակներում է: Ահա եւ Հայաստանի կողմից բանակցությունների մեկնարկային նախապայմանները՝ «ո՛չ մի թիզ հող», եւ «Արցախը պետք է լինի բանակցային կողմ»: Թող Ալիեւը որոշի՝ համաձա՞յն է այս պայմաններին, թե՞ ոչ:

Այս առումով որոշակի տարակուսանք են հարուցում նախկին իշխանական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե նոր իշխանություններն անբավարար ուշադրություն են դարձնում Արցախի անվտանգության խնդիրներին: Նմանատիպ հայտարարությունները թվարկելու իմաստ չկա՝դրանք բազմաթիվ են: Բայց միանգամայն անմեղ հարց է ծագում՝ որտե՞ղ էին բոլոր այս գործիչները, երբ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը որոշում էին առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների վարչակարգերը: Ո՞վ եւ ինչպե՞ս ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները մտցրեց փակուղի: Թվարկենք ընդամենը մի քանի դրվագներ: Խորհրդային միության փլուզումից առաջ ԼՂԻՄ-ը, ԽՍՀՄ գործող Սահմանադրության պահանջների խստիվ պահպանմամբ, դուրս է եկել ԽՍՀՄ-ից՝ օգտագործելով իր օրինական իրավունքն այն բանից հետո, երբ Ադրբեջանական ԽՍՀ-ն հայտարարել է Միությունից դուրս գալու մասին: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՊՀ-ի կազմավորման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչել է Ադրբեջանը՝ որպես անկախ պետություն, եւ նրա տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂԻՄ-ը: Սրանով է Ադրբեջանը մինչեւ հիմա հիմնավորում այդ տարածքների նկատմամբ իր իրավունքը:

Ռոբերտ Քոչարյանը շարունակել է սկսված գործը՝ բանակցային սեղանից դուրս բերելով ԼՂՀ ներկայացուցիչներին: Երրորդ նախագահն էլ Արցախի եւ Հայաստանի ժողովուրդներին նախապատրաստում էր Արցախի յոթ շրջանների հանձնմանը՝ բոլորի համար անհասկանալի կարգավիճակի դիմաց: Ընդ որում, վերջին երկու նախագահները տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների կողմնակիցներ էին: Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», շատ բանի մասին է խոսում: Եվ վերջինը՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը: Մինչ օրս պատասխան չունեն այն հարցերը, թե ինչպես ստացվեց, որ պատերազմի հենց առաջին գիշերը մենք կորցրինք ավելի քան հարյուր զինվոր, իսկ երբ մեր զորքերն անցան հակահարձակման՝ հրաման եկավ հարձակումը դադարեցնելու մասին, ապաեւ հայտարարվեց, թե 800 հեկտար ոչ պիտանի հողերի կորուստն Արցախի համար ոչինչ չի նշանակում:

Ինչո՞ւ այս բոլոր «պսեւդոհայրենասերները» չաջակցեցին ընդդիմությանը եւ չպնդեցին, որ շատ հասկանալի դավաճանություն է պատրաստվում: Պարզապես, նույնիսկ քաղաքականության մեջ պետք է արժանապատիվ մարդ լինել եւ 180 աստիճանով չփոխել կարծիքը՝ կախված հանգամանքներից: Ռուս մեծ թատերագետ Ստանիսլավսկին մի արտահայտություն է արել, որը հետագայում թեւավոր խոսք էր դարձել: Նա ասել է՝ «սիրեցեք արվեստը ձեր մեջ, այլ ոչ թե ձեզ՝ արվեստի մեջ»: Մի փոքր ձեւափոխելով, կարող ենք դիմել բոլոր կեղծ հայրենասերներին՝ ասելով. «Սիրեցեք հայրենիքը ձեր մեջ, այլ ոչ թե ձեզ՝ հայրենիքի մեջ»:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: