Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Նոյեմբերի 9-ը 44-օրյա պատերազմի ավարտի ողբերգական տարելիցն է, պատերազմի ավարտի վերաբերյալ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության ընդունման 5-րդ տարին: 2020թ. սեպտեմբերի 7-ին հարեւան երկրի սանձազերծած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց ԼՂ հարակից բոլոր յոթ շրջանները, եւ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Ժամկետից մեկուկես տարի շուտ՝ նախորդ տարի, ռուս խաղաղապահները դուրս եկան հայաթափված Լեռնային Ղարաբաղից, ինչը հետեւանք էր 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի ստորագրած այն փաստաթղթի, համաձայն որի՝ ԼՂ-ն ճանաչվեց Ադրբեջանի մաս:
Պատերազմը մեծ ողբերգություն դարձավ հայ ժողովրդի համար, խլեց 5 հազար պայծառ հայորդիների կյանքեր, պատճառեց 10 հազարից ավելի վիրավորներ, բերեց բազում վիշտ ու տառապանքներ՝ կորցրինք Արցախը, հոգեւոր-մշակութային անանց արժեքներ, 120 հազար մարդ դարձավ փախստական եւ այլն։ Հայաստանը ծնկեց, բայց դա Հայոց բանակի, հայ զինվորի պարտությունը չէր: Դա հայրենադավ իշխանությունների, մասնավորապես «գերագույն գլխավոր հրամանատար» կոչվող անձի ապաշնորհ ղեկավարման, թույլ տված բազմաթիվ սխալների ու սայթաքումների արգասիքն էր, ինչը հանգեցրեց այս աղետին։ Բայց դրանք արդյո՞ք սոսկ սխալներ էին, թե՞ ավելին՝ ցույց կտա ժամանակը:
Փորձագետների հիմնավորմամբ՝ պատերազմական 44 օրվա ընթացքում Փաշինյանը տապալել, աղճատել, գլխիվայր շրջված է ներկայացրել ամեն ինչ՝ սկսած «Հաղթելու ենք» ցուցանակի տակ փաստացի պարտությունը խնամքով թաքցնելուց, մինչեւ Շուշիի անկման վերջին օրվա կեղծ նկարագրություն: Բայց սա՝ տեխնիկական կողմը: Իշխանության գալուց հետո նա անտեսեց բանակցային բավական արդյունավետ ժառանգությունը՝ ասելով, որ բանակցություններն ինքը սկսելու է իր զրոյական կետից։ Հետո «զրոյացրեց» Մինսկի խմբի առաջարկները, հրաժարվեց «Լավրովի պլան»-ից, թուլացրեց բանակը, պաշտոնից ազատեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, բանակից հեռացրեց լավագույն կադրերին:
Որոշ լուրերի համաձայն՝ «գերագույն գլխավորը» գաղտնի կապի մեջ էր Իլհամ Ալիեւի հետ, հատուկ ներկայացուցիչների միջոցով չեզոք վայրերում ծրարներ էին փոխանակում, ինչի մասին մամուլը գրել էր: Պատերազմի վտանգը մոտենում էր մեր սահմանին, ՀԱՊԿ-ը զգուշացնում էր, առաջարկում՝ անցկացնել համատեղ զորավարժություններ, սակայն հայկական կողմը բանի տեղ չէր դնում: Հայ-ադրբեջանական առաջին լուրջ «փորձնական» բախումն արձանագրվեց 2020թ. հուլիսի 12-ին՝ 44-օրյա պատերազմից ուղիղ 2,5 ամիս առաջ, շփման գծի Նոյեմբերյան-Ղազախ, Շամշադին-Թովուզ հատվածներում: Սադրանքի հեղինակն Ադրբեջանն էր, որի սահմանապահ ուժերը փորձել են ՈՒԱԶ ավտոմեքենայով մոտենալ հայկական դիրքերին, բայց ետ էին շպրտվել:
Փա՛ռք Աստծո, որ Հայոց բանակի երբեմնի մարտունակությունից դեռեւս որոշակի պատառիկներ պահպանվում էին, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի երբեմնի սաները պատվով դուրս եկան ոսոխի պատրաստած ծուղակից՝ անառիկ պահելով մեր սահմանները: Մարտական խնդիրը կատարված էր, բայց գեներալ Խաչատուրովի «հանդուգն» պահվածքը դուր չեկավ իշխանություններին, եւ որոշ ժամանակ անց նա ազատվեց հրամանատարի պաշտոնից: «Այս ամեն ինչի պատճառն այն է, որ քաղաքական իշխանություններն ունեն որոշակի պլան եւ վախենում են՝ այդ պլանին խանգարի Գրիգորի Խաչատուրովը»,- ասել է տավուշցի զոհված զինծառայողի հայր Միհրան Պողոսյանը:
Ըստ նրա, սպասելի էր, որ «հերթը հասնելու է Գրիգորի Խաչատուրովին…» Դա, Պողոսյանի խոսքով, բանակը պլանավորված կերպով քանդելու հերթական քայլերից մեկն է: Շարքային տավուշցիները հասկանում են, որ սիրված գեներալին պատժում են Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանի չկատարման համար:
Քառասունչորսօրյա պատերազմի ավարտման 5-րդ տարեդարձի կապակցությամբ ծավալուն հարցազրույցներով հանդես են եկել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները՝ մանրամասն ներկայացնելով թեմայի շուրջ իրենց դատողություններն ու ընկալումները: Ինչո՞ւ սկսվեց պատերազմը. 5-րդ ալիքի հետ զրույցում այս խնդրի մեկնակետից սկսեց նոյեմբերի 9-ի՝ իր դիտարկումները Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների, նախադրյալների եւ մյուս հանգամանքների մասին: Նա բարձր է գնահատում Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունը, որից, ըստ նրա, Փաշինյանը պիտի «պինդ բռներ ու առաջ գնար»:
Երկրորդ նախագահի կարծիքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդական առաքելությամբ նախաստորագրված Փաշինյան-Ալիեւ խաղաղության համաձայնագրի համեմատ մի շարք առավելություններ ուներ: Հայկական Արցախն անխաթար մնում էր իր տեղում, Լաչինի միջանցքով Երեւանի հետ անխոչընդոտ կապը՝ նույնպես: Արցախի հանրապետության կարգավիճակի հարցի վերջնական լուծումն ավելի ուշ կորոշվեր հանրաքվեով: Այսինքն՝ հակամարտությունը կարգավորվում էր հանրահայտ Մադրիդյան սկզբունքների վերափոխված տարբերակով՝ Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ:
Անդրադառնալով հարցազրույցի առանցքային հարցին, թե ինչու սկսվեց 44-օրյա պատերազմը, Քոչարյանը՝ որպես թիվ մեկ պատճառ, նշել է 2019 թվականին բանակցային գործընթացի ձախողումը, ընդ որում՝ հայկական կողմի նախաձեռնությամբ. «Հայաստանն ուղղակի հրաժարվեց բանակցել,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցային ամբողջ գործընթացի պատմության մեջ, թերեւս, առաջին անգամ էր նման բան պատահում: Իսկ հրաժարվել բանակցելուց՝ նշանակում է ջուրը թափել ՀՀ դիվանագիտության ճակատում կատարված շուրջ 30 տարվա քրտնաջան աշխատանքի պտուղները: Փաստորեն Նիկոլ Փաշինյանը անլրջացրեց հարցը՝ հայտարարելով, թե ինքը բանակցությունները սկսելու է իր զրոյական կետից:
Այդ ամենը, Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ, հանգեցրեց նրան, որ միջազգային հանրության աչքին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների աչքին Հայաստանը դարձավ բանակցային գործընթացը ձախողող կողմ: Անգամ եղավ մի պահ, երբ Փաշինյանն առաջարկեց, թե Արցախի հետ թող Ադրբեջանն ուղիղ բանակցի… «Ի՞նչ պիտի աներ նման իրավիճակում Ադրբեջանը»,- հարցնում է ՀՀ 2-րդ նախագահը եւ ինքն էլ պատասխանում իր հարցին. իհարկե, պիտի հասկանար, որ բանակցային գործընթացում որեւէ բանի չի հասնելու եւ, բնականաբար, պատրաստվեր պատերազմի: Սա ծանրակշիռ պատճառ էր պատերազմի որոշում կայացնելու համար:
«Ես չգիտեմ՝ ինչո՞վ էր առաջնորդվում ՀՀ վարչապետը… չլինի՞ դեռ 2018-ի զգայացունց ցնծության մեջ էր, թե՞ այդ աստիճան անպատասխանատու անձ է ինքը»,- տարակուսանք է հայտնում «5-րդ ալիքի» զրուցակիցը եւ շարունակում. դրանից հետո էլ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրեց այդ տարօրինակ նախադասությունը՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Սա, իսկապես վերջն էր՝ խաչ քաշելու, ընդհանրապես, որեւէ դրական սպասելիքի վրա»: Երբ չկան բանակցություններ, կողմերից մեկը՝ հիմնականում իրավիճակից դժգոհ կողմը, սկսում է պատրաստվել պատերազմի՝ սա ակնհայտ է: Քոչարյանը համոզված է՝ 44-օրյա պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն սխալները, որոնց մասին խոսվեց վերը:
Երկու օրվա տարբերությամբ Երկրորդ նախագահից ավելի վաղ ծավալուն հարցազրույց էր տվել Երրորդ նախագահը: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը հիմնականում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքներին ու դրդապատճառներին, ապա Սերժ Սարգսյանն առավելապես արծարծել էր մխացող արցախյան հակամարտության բանակցային կարգավորման առանձնահատկությունները, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայ գերիների, առեւանգված անձանց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի եւ այլ հարցեր:
Սարգսյանը խոսել է, մասնավորապես, Մինսկի խմբի առաջարկած 2019թ. փաթեթի մասին, որտեղ նաեւ ներառված է եղել արցախցիների հարցը, բայց ոչ թե որպես առանձին կետ, այլ ենթակետ, որի շուրջ կարելի է եղել բանակցել: Այդ փաստաթուղթը, սակայն, ըստ Երրորդ նախագահի, թաքուն է պահվել թե՛ հանրությունից, թե՛ Արցախի ղեկավարներից: Հակադարձելով այս դիտարկմանը, Փաշինյանը հայտնել է, որ արդեն սկսել է բանակցային փաստաթղթերի սկանավորումը, եւ մինչեւ տարեվերջ ամբողջ փաթեթը կհրապարակվի: Ընդհանրապես՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հաջորդ իսկ առավոտից նախկին նախագահների հարցազրույցներին արձագանքել է իրեն բնորոշ կծու սարկազմով եւ հեգնանքով:
Նման կերպ սովորաբար վարվում են այն անձինք, որոնց չեն հերիքում երեք կարեւոր հատկանիշ՝ խելամտություն, դաստիարակություն եւ բարոյականություն: Իրականում եթե լինեինք իրավական երկիր, պետության գլուխը պետք է ոչ թե ծաղրուծանակի ենթարկեր նախկին, ավելի փորձառու գործընկերներին, այլ շահագրգռված լիներ իրավապահների ուժերով բանակցային գործընթացում թույլ տրված թերացումներն ուսումնասիրելու, բացահայտելու եւ մեղավորներներին պատժելու հարցում: Բայց մենք, ցավոք սրտի, միշտ ունեցել ենք օրվա իշխանությունից կախյալ արդարադատության համակարգ: Եվ պետք չէ զարմանալ երկրում տիրող անառողջ մթնոլորտից, մեկմեկու դեմ դավեր նյութելուց:
Հարցազրույցում Երրորդ նախագահը մի ուշագրավ միտք արտաբերեց, որը, սակայն, պատշաճ ուշադրության չարժանացավ: Նա ընդգծեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում հայտնվելը պատահական չէ. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ «սեւ» ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց ՀՀ գործող իշխանության միջամտության»,- հատարարել է նա: Փաստորեն՝ ճիշտ էին մի ժամանակ տարածվող այն լուրերը, թե ՀՀ ղեկավարների հետ են քննարկվել, թե ում գերության վերցնի Ադրբեջանը: Սա ՔՊ-ական իշխանության բարձրաստիճան ղեկավարությանը հասցեագրված ուղիղ մեղադրանք է, որը մեջբերվում է նախկին պաշտոնատար դեմքի հրապարակային խոսքից:
Կրկնենք՝ եթե մենք ունենայինք արդարադատության համակարգ, հենց հիմա պիտի քրգործ հարուցվեր, Սերժը պետք է հիմնավորեր իր պնդումը եւ հարցաքննվեին բոլոր հավանական կասկածյալները: «Առանց ծխի կրակ չի լինում». մենք տեսնում ենք՝ ինչպիսի՛ սառնասրտությամբ են ՀՀ իշխանությունները վերաբերվում գերիների վերադարձի հետ կապված հարցերին, ի՛նչ հնարավորություններ կային 2020-ից անմիջապես հետո, որպես հումանիտար խնդիր պարտադրելու միջազգային հանրությանը՝ լուծելու այդ հարցը, բայց ավաղ… Սարգսյանի վկայությամբ՝ «սեւ» ցուցակի մասին տեղյակ է նաեւ Սամվել Շահրամանյանը, ով, ըստ նրա, «կգա ժամանակը, եւ այդ մասին կխոսի»:
Հետաքրքիր է, որ նման աղմկոտ թեման ՀՀ-ում երբեք քննարկման նյութ չի դարձել: Ըստ երեւույթին՝ 3-րդ նախագահն ուղղակի միշտ զգուշացել է, խույս է տվել այդ թեմայից՝ մտավախություն ունենալով, որ հանկարծ ինքն էլ «սեւ» ցուցակ կընկնի ու կարտահանձնվի Ադրբեջանին:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովից հետո՝ նոյեմբերի 8-ին, Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության եւ ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ, հաղորդում է Մայր Աթոռը: «Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետի հանձնակատար Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Մինասյանը», - ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:
Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 12-ին կրկին բոյկոտեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընթացող Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը: «Ազատության» հարցին, թե որն է բոյկոտի պատճառը, խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե չեն բոյոկոտել, պարզապես չեն ուզում մասնակցել, քանի որ անիմաստ են համարում: «Անիմաստ է հարցեր տալը, որվոհետեւ նախ ձեւաչափն այնպիսին է, որ վերջինը ինքն է պատասխանում, եւ հետո ինքը բոլոր հարցերի շուրջ մանիպուլացնում է, շեղվում է հարցերի հիմնական պատասխաններից: Եվ տրված հարցերի ընթացքում այնպես է ստացվում, որ երկրում ամեն ինչ փայլուն է», - ասել է Օհանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ պատարագին: Թադե քահանայի հարցը դրված է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովում քննության: Նա եւս ընդվզում է հոգեւոր վերնախավի դեմ: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլեւս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան՝ արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը, քահանայի պատմուճանի տակ՝ ողջունվում»:
Մի խումբ քաղաքացիական անձինք նոյեմբերի 12-ին առեւանգել են «Մայր Հայաստան» կուսակցության աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին՝ «Ազատության» հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա՝ իրենց աջակցին տարել են Էջմիածնից, «Մայր Հայաստան»-ի շտաբի մոտից: Կուսակցության առաջնորդը պնդում է՝ թիմակցին առեւանգել են քաղաքական նկատառումներով. «Հայտնի բլոգեր է Էջմիածնում, տարիներ շարունակ քննադատել է «Քաղպայմանագրին», հիմա էլ մեզ է աջակցում, այսպիսով՝ փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել՝ հասկանալով, որ պարտվելու են Վաղարշապատում»,- նշեց Թեւանյանը: Հիշեցնենք՝ Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները նոյեմբերի 16-ին են:
Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող առաջին մեքենայի հարվածից մահացած 28-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանն ազատության մեջ է եւ աշխատում է՝ չնայած երեք ամիս առաջ դատարանը նրան դատապարտել էր 1,5 տարի ազատազրկման։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, եւ քանի որ դատավարության ընթացքում կապիտանի խափանման միջոցը կալանքը չէր, նա դեռ ազատության մեջ է: «Ազատության» հետ զրույցում Սոնայի հայրը՝ Մացակ Մնացականյանը, մտահոգ ասաց. «Կարծում եմ, որ միտումնավոր են անում՝ ժամանակ ձգելու համար…»: Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում էր պահանջել, մեղադրող դատախազը՝ 2 տարի 6 ամսվա ազատազրկում, բայց դատարանն ավելի մեղմ պատիժ ընտրեց՝ մեկուկես տարի:

