Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն: Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք: Քաղաքական կարգավիճակը, առավել եւս նախընտրական քարոզարշավը, չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսեւորելու համար։
Նախընտրական քարոզարշավների ժամանակ Փաշինյան Նիկոլի ուժեղ ընգծված նյարդայնությունն ու հուզական բռնկումներն ունեն թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական խորքային պատճառներ։ Ինչպես հանրահայտ ասացվածքն է հուշում՝ «Չկա ծուխ առանց կրակի», եւ այս համատարած լարվածությունը պատահական չէ։ Նշենք մի քանի հիմնական գործոն, որոնք մերկացնում են նմանօրինակ «հիստերիկ» վարքագծի դրդապատճառները.
ա/ Վերարտադրության գերխնդիրը.
Իշխանությունը ցանկացած գնով պահելն ու վերարտադրվելը գործող վարչախմբի համար վերածվել է կենացմահու խնդրի, ինչն ուղղակիորեն կաթվածահար է անում սառնասիրտ վարքագծի դրսեւորումը եւ որոշումներ կայացնելու ունակությունը:
բ/ Անխոցելիության առասպելի փլուզումը.
Փաշինյան Նիկոլն այսօր հանրությանը մատնեց իր ամենամեծ վախը՝ սեփական անխոցելիության զգացողության կորուստը։ Քարոզարշավի ժամանակ երբեմնի «ժողովրդական» ընդունելության փոխարեն նա անընդմեջ բախվում է համատարած սառնության, կոշտ հարցադրումների եւ բացահայտ մերժման: Այս վերաբերմունքը նրա եւ իր թիմակիցների մոտ առաջացրել է ներքին խուճապ ու տագնապ: Ագրեսիայի եւ բղավոցների այդ տեսարանում Առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտի դեմքին դաջված ահասարսուռ հայացքն այդ թիմային վախի լավագույն ապացույցն էր: Մշտապես ուրախ ու զվարթ, երգող եւ պարող Ավանեսյան Անահիտը սարսափած էր:
գ/ Քաղաքական «դիջեյության» սնանկությունն ու փաստարկների դեֆիցիտը.
Փաշինյան Նիկոլի՝ հրապարակային հանդես գալու ոճը ի սկզբանե ձեւավորվել է կիսաճշմարտությունները բամբասանքի տեսքով հրամցնելու եւ հանրահավաքներում աղմկելու՝ քաղաքական «դիջեյության» տրամաբանության մեջ: Հանրային հարթակում նրա հիմնական գործիքները միշտ եղել են բարձր ձայնը, անկիրթ բառապաշարով հուզական շեշտադրումները եւ հակառակորդին սաստելը։ Այսօր՝ կորցնելով ինքնատիրապետումը, նա պարզապես վերադարձավ իր բնական կերպարին, քանի որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են կիրառելու իրենց համար ամենահարմարավետ ու ծանոթ մոդելը։ Երբ փաստարկները սպառվում են, ավտոմատ միանում է «հարձակումը որպես պաշտպանության լավագույն միջոց» էժանագին մարտավարությունը։
Մայիսի 18-ին մենք ականատեսը դարձանք փողոցից եւ ցածր շերտերից հանկարծակի իշխանական բարձունքների ու կարգավիճակի հասած այն տեսակի վարքագծին, որը, չնայած արտաքին ատրիբուտներին (թանկարժեք կոստյումներ, պաշտոնական դիրք, շքախումբ, թիկնապահներ), ներքուստ պահպանում է իր նախկին կենդանական բնազդներն ու փողոցային ագրեսիան: Այդ օրը Փաշինյան Նիկոլի իրական բնազդների դրսեւորման տեղատարափ էր: Հայտնվելով սուր ցնցակաթվածի մեջ եւ բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին, նա անզորությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թեւից, եւ պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ «կըզցնելու եմ, չոքցնելու եմ, կոխելու եմ»:
Այնպիսի տպավորություն էր, թե բուլգակովյան հայտնի Շարիկովն է մեր առջեւ, որի հանձնարարությունը` կատուներ ոչնչացնելով, այլեւս պահանջված չէ: «Փողոցային Շարիկովի» առկայությունը մեր ազգային-պետական կառավարման կյանքում առաջացրել է արժեքների ուժգին բախում: Շարիկովը, ով գտել է իր «կատարյալ» աշխատանքը, որտեղ ոչ թե պետք է արարել կամ մտածել, այլ ոչնչացնել, մերժվում է մարդկանց կողմից: Տպավորություն է, թե այդ մերժմանը նաեւ մասնակցում են Շարիկովին վիրահատողները:
Հանրային վայրերում հնչող՝ «կըզցնելու, չոքցնելու, կոխելու» սպառնալիքները, քաղաքացիների թիրախավորումն ու հիստերիկ վարքագիծը ոչ այլ ինչ են, քան սեփական կատարյալ անկարողության եւ խորը թաքնված վախերի հանրային խոստովանություն: Փաշինյանն այդ օրն ի ցույց դրեց, որ բարձր պաշտոնն ու արտաքին փոփոխությունները չեն կարող թաքցնել մարդու ներքին մշակույթի, կրթության եւ արժեհամակարգի դեֆիցիտը, որը ճգնաժամի պահին անմիջապես ջրի երես է դուրս գալիս:
«Փողոցային պոպուլիստի» եւ «գիտակից քաղաքացու» հակադրությունը հստակ գծում է այն ջրբաժանը, որն այժմ առկա է հանրության մեջ: Ագրեսիան բախվում ու հակադարձվում է ոչ թե հայհոյանքի, այլ արժանապատվության եւ փաստարկվածության, ինչն էլ ավելի է կատաղեցնում ինքնատիրապետումը կորցրած «փողոցային Շարիկովին»: Բղավոցն ու սպառնալիքը հանրության կողմից այլեւս չեն ընկալվում որպես ուժի դրսեւորում: Ընդհակառակը, դա սեփական անճարության, փաստարկների իսպառ բացակայության եւ իշխանությունը կորցնելու սարսափի բացահայտ մերկացումն է:
«Ութ տարի հնարավորություն ունեիր՝ անեիր». քաղաքացու այս հարցին Փաշինյան Նիկոլը պատասխանեց բղավոցներով՝ «կըզցնելու եմ, չոքցնելու եմ ու կոխելու եմ էդ մասկեքը համապատասխան տեղը»: Եվ… գնաց քարոզելու այլ վայրում: Փաշինյան Նիկոլի կողմից հանրային շփման բռնկման ժամանակ կիրառված բառապաշարը պատահական չէր, այլ հանդիսանում էր նրա անցյալի վախերի ու ենթագիտակցական բարդույթների արտապատկերումը (պրոյեկցիան) հարցապնդում ներկայացնող քաղաքացու վրա:
Երբ պետական միտքն ու փաստարկները լիակատար պարտություն են կրում քաղաքացու արժանապատվությունից, եւ իշխանությունը խոսում է բացառապես փողոցային խուլիգանի, սպառնալիքի ու հիստերիայի լեզվով՝ սա՛ է «փողոցային Շարիկովի» իրական քարոզը, սա՛ է այս վարչախմբի կառավարման մշակույթի ողջ սնանկությունն ու վերջնակետը:
Իսկ երբ երկրի իշխանության ղեկը գտնվում է մի անձի ձեռքին, ով անցյալում սերտ առնչություն է ունեցել քրեական ենթամշակույթի հետ եւ տարիներ առաջ մեծ սարսափ ու հոգեբանական ցնցում է ապրել «Կոշ» ՔԿՀ-ում՝ իրեն «կըզցնելու», «չոքցնելու» եւ համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներից, ապա ենթագիտակցական այդ վախերի հանրային արտապատկերումը դառնում է անխուսափելի: Այսօր նա՝ սեփական անցյալը հիշելով, փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին:
Մեկնաբանեց Զարուհի Փաստանջյանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ իրավապաշտպաններ մայիսի 17-ին Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026-ի մրցանակի: Առաջադրող խմբի հայտարարությունում նշվում է, որ այդ առաջադրման հիմքում Ռուբեն Վարդանյանի «նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաեւ նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին ԼՂ-ում (Արցախում)»:
Ձերբակալությունից մեկ օր անց իրավապահները չեն մանրամասնում, թե ինչ բառի ու արարքի համար է Արցախից տեղահանված Արթուր Օսիպյանը հայտնվել ճաղերից այն կողմ: Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց Արցախի թեմայով վարչապետին հարց տալուց հետո: Կոռեկտ տոնով Փաշինյանին դիմած Օսիպյանը կոշտ վիրավորանքների ու գոռգոռոցի էր արժանացել. վարչապետն անգամ կշտամբել էր, թե ինչու չի զոհվել ԼՂՀ պատերազմում: Քաղհասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ խստորեն դատապարտում են մայիսի 18-ին Արթուրի նկատմամբ հարուցված «ակնհայտ անօրինական, անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված» քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը՝ պահանջելով անհապաղ արգելանքից ազատ արձակել նրան եւ դադարեցնել քրեական հետապնդումը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին անդրադարձել է Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելիք «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին։ «Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արեւմտյան Ադրբեջանի խոսույթը եւ դրա սատարումը Ադրբեջանի պետական կառույցներից՝ չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության ու տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք եւ դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդեւանյանը հինգշաբթի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել ընդդիմախոսների հասցեին վարչապետի սպառնալիքները: Իր դիմումում Վարդեւանյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա խոսույթից որոշ հատվածներ, մասնավորապես՝ «դուք վախկոտ համբալներ եք», «չոքցնելու եմ սաղիդ», «հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ» եւ նմանատիպ բառապաշարով այլ արտահայտություններ: Վարդեւանյանի գնահատմամբ՝ այս արտահայտությունները պարունակում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար: Քարոզարշավի օրերին այլախոհներին, արցախցիներին թիրախվորելը, ըստ նախկին ՄԻՊ-ի, ամենալավն է ցույց տալիս, որ նրա «սրտիկները» կեղծ են: «Այս իշխանությունն իրականում կապ չունի Եվրոպայի հետ: Ինչ խնդիրներ որ նախկինում եղել են, դրանք ավելի այլասերված ձեւով հիմա են»,- պնդում է ՀՀ նախկին օմբուդսմենը: Իշխանության համար պայքարող Թաթոյանը կարծում է, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը խաղաղության թեմայից վերաճեց ատելության քանզի այս օրերին համոզվեց, որ չունի այն վարկանիշն ու աջակցությունը, ինչ նախորդ ընտրություններում:
Վերին Արտաշատում մայիսի 21-ին քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին դիմավորելու համար հավաքվել էին դպրոցական կոլեկտիվը, դպրոցականներ, համայնքապետարանի աշխատողներ: Նրանք Հայաստանի Հանրապետության եւ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դրոշներն էին ծածանում: Հավաքվածներից մի քանիսն ասացին, որ իրենց թույլ են տվել դասերը շուտ ավարտել՝ վարչապետին դիմավորելու համար: Այդուհանդերձ, մեծ մասը՝ տեսախցիկները նկատելով, խմբերով հեռանում էին:

