Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Այն, ինչ չարագուշակ 44-օրյայի 6-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հ1»-ում, ամենամեղմ բնորոշմամբ՝ անբարոյականություն էր: Մեր ազգային ողբերգության օրը բոլորիս հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը, փոխանակ տարելիցի տրամաբանությանը հարիր հատուկ եթեր պատրաստեր ի հարգանս նահատակված հազարավոր հայորդիների անմար հիշատակի, հեռարձակում է ոչ ավել ոչ պակաս՝ Թաթա Սիմոնյանի ժամանցային համերգը՝ մորմոքելով զոհվածների հարազատների եւ հայ հասարակության հասկացող մասի սրտերը:
Տեղի ունեցած նման խայտառակության ու լպիրշության համար ցանկացած բնականոն երկրում հանրային մեծ ընդվզում կբարձրանար, պետական հեռուստաալիքի ղեկավար կազմը պաշտոնանկ կարվեր, ոմանք պատասխանատվության կենթարկվեին, որովհետեւ կատարվածը,- թող իրավագետները հաստատեն,- հանցակազմ է իր մեջ պարունակում: Բոլորը հասկանում են, որ Հանրայինը ինքնագլուխ չէր համարձակվի Սեպտեմբերի 27-ը վերածել զվարճանքի, պղծել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, արհամարհել հանրային կարծիքը: Բայց ունենք իշխանություն, որը Բաքվի ու Անկարայի ազդեցության տակ է, իսկ այդ իշխանության ղեկավարը՝ Ալիեւի եւ Էրդողանի կամակատարը:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց թշնամի զույգի թելադրանքով էլ փորձ է արվում հայ հասարակության մեջ սերմանել անտարբերություն, մոռացնել տալ աղետալի պատերազմի դառը հիշողությունները, այլ կերպ ասած՝ ազգի «մանկուրտացման» միջոցով ջլատել նրա դիմադրողականությունը, պոկել իր ազգային, պատմական արմատներից, զրկել հիշողությունից եւ հոգեւոր արժեքներից, ինչը ձեռնտու է ոխերիմ հարեւաններին եւ, ըստ երեւույթին, նաեւ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին: «Հ1»-ը, ինչպես գիտենք, վերջինիս անձնական օգտագործման «լվացքատունն» է, եւ չի բացառվում, որ սեպտեմբերի 27-ի «ուրախ եթերը» ինքն էլ հրահանգել է:
Ակնհայտ է, որ ՔՊ-ական վարչախումբը քայլ առ քայլ, տարի առ տարի իրականացնում է հայտնի զույգի պատվերները: Որեւէ մեկը կհիշի՞, թե երբ է Փաշինյանը վերջին անգամ ցավակցական խոսք ասել՝ ուղղված պատերազմում զոհված հայորդիների ընտանիքներին, հարազատներին: Որեւէ խոսք, հիշատակում չեղավ նաեւ այս տարի, անգամ Եռաբլուր չայցելեցին, ծաղիկներ չխոնարհեցին հերոսների հիշատակին: Գոնե իրենց պաշտոնական էջերում ձեւի համար մեկ նախադասությամբ ցավակցություն հայտնեին սեւազգեստ մայրերին: Փոխարենն այդ տխուր օրով տեսանք՝ ինչ «անակնկալ» մատուցվեց Հանրային հեռուստատեսության եթերով՝ Թաթա Սիմոնյանի զվարթահունչ մեղեդիները:
Անբարոյականությունն էլ ինչպե՞ս է լինում: Սոցցանցերում, հեռուստաեթերներում այնքան թուքումուր ուտելուց հետո մի-մի ճլորած ներողությունով դեմքներդ չեք փրկի: Մի՞թե այդ Հանրայինի պատասխանատուների մեջ ցավի, կարեկցանքի ոչ մի նշույլ չկա, ողջ համացանցը ողողված էր 6-րդ տարելիցի թեմայով… մարդիկ ողբում էին, անձնական վիշտ էին ապրում, կշտամբում թե՛ Թաթային, թե՛ «Հ1»-ին, թե՛ պետության անճարակ ղեկավարությանը: Ամո՛թ իրենց՝ փողով կուրացածներին: Հայ ժողովուրդը սա չի ներելու:
Հաջորդ թեման, որ դարձյալ շարժել էր հանրության հետաքրքրությունը, սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանն էր, որտեղ քննարկվեցին ՀՀ-ում 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները, եւ եվրոպական հարթակից հնչեց հստակ, աներկբա գնահատական՝ ընտրությունները ՉԵՆ եղել հավասար եւ արդար։ ԵԽԽՎ-ի պաշտոնական զեկույցում արձանագրված է մի իրողություն, որն իշխանությունը փորձում էր կոծկել: Այն է՝ ա/ իշխող ուժը բացահայտորեն օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները. բ/ շահագործել է հանրային ենթակառուցվածքը. գ/ գործի է դրել վարչական ողջ ռեսուրսը՝ սեփական քարոզարշավն առաջ մղելու համար։
ԵԽԽՎ-ի զեկույցը միջազգային մակարդակի «ապտակ» էր ՀՀ-ի ժողովրդավարական իմիջին: Սա այն դեպքն է, երբ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իշխանության հորինած հեքիաթները հօդս են ցնդում միջազգային զեկույցների առջեւ, մնում է փաստը՝ իշխանությունը հերթական անգամ պետական լծակներն ու հանրային միջոցներն ի սպաս դրեց սեփական աթոռը պահելուն։ Փաստվեցին հանգամանքներ, որոնց մասին այստեղ ընդդիմախոսները շարունակ խոսում էին, բայց նրանց դիտարկումները մնում էին որպես «ձայն բառբառո յանապատի»: Խոսքը, մասնավորապես, քաղաքական հետապնդումների, վարչական ռեսուրսի չարաշահումների, ընտրակաշառքների եւ ընտրախախտումների այլ կոպտագույն ձեւերի մասին է:
Փաստացի արձանագրված է, որ ա/ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվածների շուրջ 90 %-ը պետական պաշտոնյաներ էին, ինչը կաշկանդող հանգամանք որակվեց. բ/ գողացվեցին ԲՀԿ-ի ձայները, եւ ԿԸՀ-ն ընդամենը մեկ նախադասությամբ «հիմնավորեց», թե ինչու ԲՀ կուսակցությունը չպետք է մտնի ԱԺ. գ/ ամբողջ պետական ապարատում եղել են ճնշումներ. դ/ Հանրային հեռուստատեսությունը, տեղեկատվական մյուս միջոցներն ու վարչական միավորներն ամբողջությամբ աշխատել են բացառապես իշխանության օգտին եւ այլն: Զեկույցում ուղիղ նշվում է, որ այդ ամենը զգալիորեն խաթարել է քարոզարշավը եւ զրկել ընդդիմադիր ուժերին հավասար պայմաններում մրցելու հնարավորությունից։
Սակայն փոքր-ինչ տարակուսելի է, որ, այսուհանդերձ, ԵԽԽՎ-ն զեկույցի եզրափակիչ հատվածում համարում է, որ ՀՀ-ում անցկացվել են ազատ ու թափանցիկ ընտրություններ, որեւէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ընտրական գործընթացը կազմակերպվել է բարձր մակարդակով, ուստիեւ այս ընտրություններով հայ ժողովուրդը եւս մեկ քայլով մոտեցել է Եվրոպային։ Զեկույցն իրականում որոշակի հարցեր է առաջացնում։ Իհարկե, նմանատիպ զեկույցները որեւէ իրավական հետեւանք չեն ունենում. դրանք ավելի շուտ քաղաքական գնահատական են, բայց դրանում հնչեցրած գնահատականները չեն համապատասխանում եզրահանգմանը։
Ստեղծվում է տպավորություն, որ ԵԽԽՎ-ն կիսում է թե՛ ՀՀ իշխանության տեսակետը, որ ընդդիմությանը հաջողվել է խորհրդարան մտնել ընտրակաշառքների միջոցով, թե՛ ընդդիմության գնահատականը, որ իշխանությունները դիմել են ընտրակեղծիքների ու բռնաճնշումների։ Հետեւաբար՝ նման արձանագրումների պարագայում տրամաբանական կլիներ ակնկալելը, որ ըստ ԵԽԽՎ եզրահանգման՝ 2026թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն իրականում չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների քաղաքական հայացքներն ու ցանկությունները։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին Լոռու մարզի Թումանյան եւ Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ ու Կոտայքի մարզի Արզնի համայնքներում. այս մասին հայտնում է ԿԸՀ-ն Թումանյանում ընտրությունն անցնում է առանց ընդդիմության. առաջադրված միակ քաղաքական ուժը իշխող «Քաղպայմանագիրն» է։ Ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։ Հինգ տարի առաջ Թումանյանը համայնքի ղեկավար էր ընտրվել իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով՝ հաղթելով ՔՊ-ի թեկնածուին։ Այս անգամ նա արդեն իշխող կուսակցության ցուցակով է մասնակցում ընտրություններին՝ առանց մրցակցի:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն սեպտեմբերի 26-ին ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։ Գալյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Աբու Դաբիում է՝ մասնակցելու կոնգրեսի աշխատանքներին։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում Սրբուհին հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։ Այցի ընթացքում նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Երեւանի Տիչինայի փողոցում սեպտեմբերի 29-ին շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել եւ ընկել է, կա 3 զոհ, հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվելուն պես՝ դեպքի վայր են մեկնել ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Դեպքը տեղի է ունեցել «Դեֆանս» էլիտար թաղամասում:

