Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ներկա կգտնվի սեպտեմբերի 9-10-ը Փարիզում անցկացվող Միջազգային տիեզերական գագաթաժողովին, որին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։ Փաշինյանը հայտնել է, որ այցի ընթացքում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Քննարկումների առանցքում կլինեն տիեզերական անվտանգությունը, տնտեսությունը, ոլորտի կարգավորումն ու նոր տեխնոլոգիաները։
Փարիզում անցկացվող առաջին Միջազգային տիեզերական գագաթաժողովը, ինչպես հաղորդվում է, նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։ «Ռոթերս»-ի փոխանցմամբ՝ գագաթաժողովը, սակայն, բոյկոտել են ամերիկյան տեխնոլոգիական հսկաները, այդ թվում՝ Իլոն Մասկի SpaceX-ը եւ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը: Դրան չեն մասնակցում նաեւ եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Իտալիայի վարչապետ Ջեորջիա Մելոնին: Գերմանիայի դեպքում պատճառը, ըստ երեւույթին, այն է, որ Բեռլինն ու Փարիզը միմյանցից տարբերվող մոտեցումներ ունեն Իլոն Մասկի Starlink-ի ազդեցությանը հակազդելու հարցում:
Բայց դա, մեծ հաշվով, մեզ չվերաբերող խնդիր է, եւ համոզված ենք՝ Եվրամիության այդ առաջատար երկրներն ընդհանուր հայտարարի կգան, կգտնեն երկուստեք ընդունելի լուծում: Ավելի լավ է, որ մենք մեր հոգսերին գանք՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Փարիզ այցի մյուս առիթին, որը պաշտոնապես չի հայտարարվել, բայց ենթադրվում է: Խոսքն այն մասին է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՌԴ նախագահի հետ նախատեսված մոտալուտ ծանր բանակցությունների օրակարգին ընդառաջ ցանկացել է հանդիպել Մակրոնին՝ միգուցե նրա աջակցության կամ խորհրդի կարիքն ակնկալելով: Հնարավոր է՝ կան այլ հարցեր եւս, որոնց շուրջ կուզենար պարզապես զրուցել Մակրոնի հետ, որին սրտակից ընկեր է համարում:
Երեւում է՝ այդպես էլ կա. ՀՀ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Ֆրանսիայի նախագահը եկել էր Երեւան՝ ընտրություններում իր աջակցությունը հայտնելու եւ հաղթանակ մաղթելու Փաշինյանին: Այժմ էլ, երբ վերջինս հարկադրված է մոտակա օրերին մեկնել Մոսկվա, Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ որոշելու Հայաստանի արտաքին կողմնորոշման ճակատագրական հարցը՝ գնալուց առաջ սիրտը Մակրոնին տեսնել ուզեց: Ի՞նչ կարող է անել կամ ասել Մակրոնը, երբ ՌԴ-ն համառորեն պնդում է, որ Հայաստանը չի կարող հայտարարել, թե դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից, բայց գնում է դեպի ԵՄ:
Փորձագիտական որոշ տեսակետների համաձայն՝ Փաշինյանի ընթացիկ այցը Փարիզ կանխարգելիչ քայլ է Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը համոզված է, որ Եվրամիության եւ, մասնավորապես, Ֆրանսիայի շուկան հետաքրքիր առաջարկներ կարող են ունենալ Հայաստանի արտադրողների համար: Ֆրանսիա հասած հայկական ծիրանի առաջին խմբաքանակի օրինակով դեսպանը եզրակացնում է, որ հայ արտադրողների առաջնային անորոշությունները հաղթահարված են, ռիսկերը՝ հաշվարկված: Մակրոն-Փաշինյան հանդիպումները, զրույցները, դեսպանի խոսքով՝ հայկական գյուղարտադրանքի՝ Ֆրանսիա արտահանումների գործընթացին նոր ազդակ կարող են հաղորդել:
Չենք վիճում, կապրենք՝ կտեսնենք:
Հովհաննավանքի շուրջ կրքերը դարձյալ շիկացել են, ինչի մասին շաբաթվա լրահոսում տեղեկատվության պակաս չկա: Կարգալույծ արված, բայց այդպես էլ Հովհաննավանքից պնդաճակատորեն դուրս չեկող նախկին քահանա Տեր Արամը՝ նույն ինքը Ստեփան Ասատրյանը, որի անթաքույց հովանավորն է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, Եկեղեցուն պատկանող տարածքը վերածել է խնջույքների, «փարթիների» եւ նմանօրինակ այլ միջոցառումների հանդիսատեղի: Օհանավանի բնակիչների պնդմամբ՝ տարածքում հնչում է ռուսական «բլատնոյ» եւ «ռաբիզ» երաժշտություն, տեղադրվում են վրաններ, ինչպես նաեւ իրականացվում է առեւտրային գործունեություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղի ունեցող «մտահոգիչ երեւույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգեւոր եւ աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»։ Մայր Աթոռն ընդգծում է, որ «այս իրավիճակն անմիջական հետեւանք է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության եւ թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքներն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները»։
Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պետական պատկան մարմիններին՝ «զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից եւ վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը»։ «Հովհաննավանքի բռնազավթված լինելը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաեւ վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով մոլորության մեջ գցելով այցելուներին»,- ասված է կոչում: Հիշեցնենք, որ քահանային կարգալույծ էին արել Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակիցներին հրապարակավ վարկաբեկելու, պատարագներին Վեհափառ հայրապետի ու թեմակալ առաջնորդի անունները կամայականորեն զեղչելու համար:
Փաստորեն՝ դարեր շարունակ խոկման, ապաշխարության եւ Սուրբ Պատարագի վայր հանդիսացող վանքի տարածքում այժմ կազմակերպվում են «ուտուշ-խմուշներ», հոգեւոր արժեքները խեղաթյուրող հավաքներ, տարածքը անաշխատ եկամտի ու սեփական շահի հետապնդման ծառայություններ: Տեղի ունեցողը, ըստ Սամվել դպիր Գրիգորյանի, այլեւս սոսկ եկեղեցական կանոնների խախտում չէ. «Սա բացահայտ սրբապղծություն է, հոգեւոր վանդալիզմ եւ ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում»,- Facebook-ի իր էջում գրել է դպիրը։ Նրա խոսքով՝ Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ»։
Թիկունքին բարձրաստիճան պետական պաշտոնյա ունեցող եւ դրանից բազմապատիկ անգամ լկտիացած նախկին քահանայի ազատ անկումը շարունակվում է եկեղեցական կարգապահության մերժումից մինչեւ իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու եպիսկոպոսների հանդեպ վիրավորական խոսքեր, դատարանի կողմից Միքայել Սրբազանի դեմ զրպարտիչ ճանաչված հրապարակային մեղադրանքներ ու այլեւայլ բանսարկություններ։ Տեր Սարգիս քահանան՝ լինելով Հովհաննավանքի օրինական հոգեւորական, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, մինչդեռ Փաշինյանի հովանավորյալը տնօրինում է տարածքը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում:
Ստացվում է, որ մենք արդեն գործ ունենք ոչ միայն կանոնական ապստամբության, այլեւ վանական սրբավայրի զավթումից հետո դրա հոգեւոր դիմագծի աղավաղման հետ։ Եվ ամենացավալին այն է, որ այդ ամենը կատարվում է պետության «հոգածության» լույսի ներքո:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Կա պայմանավորվածություն Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման շուրջ՝ «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Առանց այլ մանրամասներ հայտնելու՝ Բադալյանը նշեց, որ աշխատանքները շարունակական են: Սեպտեմբերի 9-ին ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտնել է, որ մոտ ապագայում հանդիպելու է ՀՀ ԱԳ նախարարի՝ Արարատ Միրզոյանի հետ: Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում, որտեղ ամսվա սկզբին անցկացվում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին հավանության արժանացրեց Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն ու այն օրերս վավերացման կուղարկի ԱԺ: «Համաձայնագրի նպատակն է՝ հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջեւ համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը, ըստ որի՝ կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության սկզբունքների հիման վրա»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Փաստաթուղթը սահմանում է նաեւ ռազմատեխնիկական գործակցության ոլորտներն ու ձեւերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգը եւ այլն։ Համաձայնագրի բուն տեքստը հասանելի չէ։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պետական դավաճանության եւ ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարաձգեց երեք ամսով։ «Մայր Հայաստանի» մեկ այլ ներկայացուցիչ, նույն գործով անցնող նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանքն էլ երկարաձգվեց մեկ ամսով։ ԲՀԿ ընտրացուցակի 2-րդ համարը՝ Թեւանյանը, կալանավորվել էր քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածներով: Սակայն հիմա, երբ գործը հասել է դատարան, պարզվում է՝ Քննչականը մեղադրանքից հանել է ամենաառանցքային դրվագները։ Թե ի՞նչ փոխվեց այս ընթացքում, իրավապահները դեռեւս չեն մանրամասնում:
Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն արդեն հայտնի են՝ Հայաստանի ապագա կողմնորոշումը եւ այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Երկու երկրների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը եւ ՀՀ-ի կողմնորոշումը, ինչպես նաեւ համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը»,- ասել է Պեսկովը։ Վերջինս նշել է, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի օրը դեռ համաձայնեցված չէ:
Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու պահվող հայ գերիներին: «Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է… Գաք եւ ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության Ձեր գործընկերուհին էլ հավանաբար Ձեզ կուղեկցի եւ Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասել է Դավիթ Իշխանյանը՝ հիշեցնելով, որ անցած մայիսին հեռակա դիմել էր որոշ հարցերով եւ ստացել զրո պատասխան: Ադրբեջանի ՄԻՊ-ը, ըստ Իշխանյանի, 3 տարվա ընթացքում 3 անգամ այցելել է հայ բանտարկյալներին:

